HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Բիզնես ծրագրիր» զոհերը. ի՞նչ է սպասվում Կոզեռնին

Կառավարության որոշմամբ՝ Երեւանի Կոզեռն թաղամասը նույնպես ընդգրկվել է «բացառիկ գերակա հանրային շահի» տարածքում, որի շահառուն այս դեպքում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն է: Ընկերության հիմնադիրները ամուսիններ Սամվել Մայրապետյանը եւ Գոհար Քյալյանն են: Վերջինս Բժշկական համալսարանի նախկին ռեկտորն է, իսկ Մայրապետյանը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր:

Սակայն Սեդրակ Բաղդասարյանի՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահի բնորոշմամբ՝ Մայրապետյանը հայտնի է որպես «բազմաչարչար շինարար», որը Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից է, պետք է իրացնի «Պիոներ» կինոթատրոնի տարածքը, իրականացնի Սախարովի հրապարակի հարակից տարածքի բնակիչների սեփականության օտարումը եւ ինչ-որ շենքեր կառուցի Կոզեռնի թաղամասում:

Իսկ ինչո՞ւ «ինչ-որ»: Որովհետեւ մինչ օրս հայտնի չէ, թե «իրացվող» Կոզեռնում ինչ է կառուցվելու: Ինչպես Կոզեռնի բնակիչները, մասնավորապես Սուրեն Մելքոնյանն է ասում, իրենց այս հարցին որեւէ մեկը պատասխան չի տալիս: Լռում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը՝ չնայած ուղարկված գրավոր հարցմանը:

Կոզեռնի բնակիչները եւ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Ս. Բաղդասարյանն այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին: Վերջինս շեշտեց, որ Կառավարությունը եւ քաղաքապետարանը պարտավոր են ոչ միայն քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ է կառուցվելու իրացվող տարածքում, այլեւ հայտնել, թե ֆինանսական ինչպիսի հնարավորություններ ունի կառուցապատողը:

«Որպեսզի չկրկնվի այն, ինչ կատարվեց Բուզանդի փողոցում, երբ «Վիզկոն» ՍՊԸ-ն 2004թ.-ից փորել է ահռելի փոս ու քաղաքացիների մի մասին դարձրել բոմժ, կամ Ֆիրդուսում «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի արածը: Իսկ Կոնդում կառուցապատողը փոսը փորել է եւ ընկել թունելի վրա, որ ծակի, կընկնի մեջը»,- նշում է Սեդրակ Բաղդասարյանը:

Դեռ 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկեց քաղաքացիների սեփականության օտարման գործընթացը՝ «պետական կարիքներ» անվան տակ: «Իսկ եթե փակագիծը բացենք, դա ուղղակի նշանակում է բիզնես ծրագիր»,- շարունակում է Սեդրակ Բաղդասարյանը:

Գործընթացին նոր թափ հաղորդեց 2006թ. ընդունված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը: Սա թույլ էր տալիս մտածել, որ այսուհետեւ մարդկանց հետ չէր կրնկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների պարագայում, քանի որ այդ ժամանակ նշյալ հարաբերությունները կարգավորող օրենք դեռ չկար:

«Բայց եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ կառուցապատողը եւ լիազոր մարմնը՝ ի դեմս քաղաքապետարանի, ոտնահարում են անգամ այս օրենքը, եւ քաղաքացիներն այսօր էլ պաշտպանված չեն»,- ասում է Բաղդասարյանը:

Կոզեռնում գործընթացը պետ է սկսվեր դեռ 2007թ.-ին: Այնինչ անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին բնակիչները ստացել են նամակ, ըստ որի` իրենց կողմից սեփականության իրավունքով տնօրինվող տարածքն արդեն գնահատված է: «Ո՞վ է գնահատել, ինչո՞ւ է գնահատել, բա 4 տարի որտե՞ղ էիք, պարոն Մայրապետյան,- հարցնում է Բաղդասարյանը եւ ինքն էլ պատասխանում.- երեւի փող էր ման գալիս»:

Ըստ նրա՝ այսօր պետությունը քաղաքացիներին պարտավորեցնում է որոշակի հարաբերությունների մեջ մտնել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հետ, այսինքն՝ իր իրավունքները զիջում է մասնավոր ընկերությանը, որը վաղը կարող է սնանկանալ կամ որը, բնականաբար, ձգտելու է քիչ տալ, բայց ստանալ շատ: Դրա համար, ինչպես բոլոր նորմալ երկրներում, պետությունն ինքը պետք է բնակչից գներ իրացվող տարածքը կամ դրա դիմաց համարժեք փոխհատուցեր. հետո այն ում ուզեր, կվաճառեր:

Պռոշյան փողոցի բնակիչ Սամվել Սարգսյանը նշում է, որ «Լոկալ Դիվելոփըրզի» ներկայացրած գնահատումը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում. այն շատ ցածր է, բացի դրանից՝ չկա գնահատման հաշվետվություն, թե ինչի հիման վրա է կատարվել գնային նման առաջարկությունը:

«Քաղաքացին ունի 67 քմ հողատարածք եւ 49 քմ մակերեսով շինություն: Նրան առաջարկել են 2,9 մլն դրամ: Մեկ ուրիշն էլ Կոզեռն թաղամասում ունի 27 քմ հող եւ բնակարան: Նրան էլ առաջարկել են 1,3 մլն դրամ: Էդ մարդը տուն ունի, ապրում է, այդ գումարով ի՞նչ է անելու»,- հարցնում է Ս. Բաղդասարյանը եւ հավելում, որ «Կոզեռնի բնակիչներին բոմժ դարձնելու» այս ծրագրի ջատագովը հենց ինքը՝ երկրի նախագահն է:

«Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն բնակիչներին քմ-ի դիմաց առաջարկում է 350-400 դոլար: Իսկ ՍՊԸ-ի հիմնադիր Սամվել Մայրապետյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչու է քաղաքացիներին բնակարանների դիմաց շուկայականից ցածր գին առաջարկում, ասել է, որ «դրանք խարխուլ են, հին են, տուն չեն»: Նա զարմացել է, թե ինչու պետք է կոզեռնցիներին վճարի նաեւ իրենց սեփականաշնորհած հողերի համար այն դեպքում, երբ վերջիններս սեփականաշնորհելու համար դրամ չեն ծախսել: «Քստիկներով գնացին նախագահի մոտ, սեփականություն ստացան»,- նշել է Մայրապետյանը:

«Վրդովվեցինք, գնացինք Կառավարություն՝ ասելով, որ մեզ հետ ինչ-որ բան այն չի կատարվում: Անցել է բավականին ժամանակ. ըստ օրենքի՝ եռամսյա ժամկետում մենք պետք է կնքենք պայմանագիր: Եթե ոչ, ձեռք բերողն իրավունք ունի իր առաջարկած գումարը նստեցնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին, իսկ 5-րդ ամսում, ներկայանալով դատարան, պահանջի, որ մենք տարածքն ազատենք՝ համարելով, որ տարածքն արդեն գնել է»,- դժգոհում է կոզեռնցի Սամվել Սարգսյանը:

Նա նշում է, որ օրենքի ընձեռած հնարավորությունն օգտագործելով՝  կատարել են սեփական գնային առաջարկը, քանի որ լիովին իրավունք ունեն արդարացի փոխհատուցման:

«Բայց այսօր նրանք (կառուցապատողները) քաղաքացիներին ասում են՝ եթե չհամաձայնվեք պայմանագրի այսինչ կետերին, կկանգնեք կրախի առաջ. մենք ձեզ դատի կտանք: Ահաբեկում են, ժողովուրդն էլ վախենում է՝ աչքի առաջ ունենալով Հյուսիսային պողոտայի իրադարձությունները: Բայց ես հավաստիացնում եմ, այդպիսի բան չի լինի»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը եւ ընդգծում, որ շատ կարեւոր է, որ քաղաքացիները տեղյակ լինեն իրենց իրավունքներից եւ իմանան, թե ինչպես կարող են պաշտպանվել:

Իսկ կոզեռնցի Սուրեն Մելքոնյանը եզրափակում է, որ իրենց գրած ցանկացած դիմում անտեսվում է. «Դոկումենտ ես ուզում, որ իմանաս՝ կարո՞ղ ես քո հողը վստահել իրենց եւ վաղը դրա դիմաց ստանալ թեկուզ իրենց գնահատած չնչին գումարը: Բայց նույնիսկ դրա հավաստիքը չունենք: Մենք մինչ օրս բարձր ատյաններ, ամեն տեղ էլ գրում ենք, բայց ոչ մի տեղից լուրջ պատասխան չենք ստանում»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter