HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատասխան՝ կառավարության պատասխանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան,
Հարկադրված եմ մեկ անգամ ևս ներքոհիշյալ հարցով դիմել Ձեզ և ակնկալել միմիայն Ձեր անմիջական միջամտությունը սույն հարցի լուծման գործընթացում:

Այս տարվա հուլիսի 25-ին բաց նամակով դիմել էի Ձեզ՝ ՀՀ կառավարության 04.05.2006թ. «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» թիվ 583-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ նախագիծ) 17.06.2011թ. անցկացված «հանրային քննարկման» կապակցությամբ պարզաբանումներ և որոշակի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով:

Օգոստոսի 4-ին ստացել եմ ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանի ստորագրությամբ պատասխանը, ըստ որի՝ այդ միջոցառումն անցկացվել է օրենսդրության պահանջների շրջանակներում, և ամենակարևորը՝ ապահովվել է հանրային քննարկման բովանդակային կողմը՝ հասարակական կարծիքի վերհանումը:

Վերը նշված պատասխանի բովանդակությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր կազմակերպության անունից ՀՀ վարչապետին ուղղված գրությունն ըստ էության քննարկման առարկա չի դարձվել ՀՀ կառավարությունում, դրան պատասխանել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը: Ասվածը հիմնավորում եմ հետևյալ պատճառաբանություններով.

Պետք է նշեմ, որ վերը նշված պատասխանում ՀՀ օրենսդրության պահանջները խեղաթյուրված են մեկնաբանվել: Միայն այն, որ այդ հասարակ միջոցառումը կազմակերպիչները հանրային քննարկում են անվանել, իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակիցն էլ առանց ուսումնասիրելու իր ստորագրությամբ այն հաստատել է, արդեն անհանգստանալու տեղիք է տալիս: Ինչ վերաբերում է մեր բարձրացրած հարցերին՝ ըստ էության պատասխան չի տրվել:

Ինչպես հայտնի է արդեն, այդ միջոցառումը կազմակերպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, այդ նախագիծը ներկայացրել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանը: Սակայն, պետք է նշեմ, որ այդ նախագիծը ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքերում տեղադրված չի եղել, ի դեպ մինչև օրս էլ տեղադրված չէ:

Նախորդ գրությամբ տեղեկացրել էի Ձեզ նաև, որ նախագծի հեղինակը շահագրգիռ հասարակայնությունը պատշաճ կարգով և ժամկետում չի տեղեկացրել հիշատակվող նախագծի քննարկման մասին, սակավաթիվ հասարակական կազմակերպությունների է հրավեր ուղարկվել, որից մի քանիսն են ներկա եղել, ինչը թույլ է տալիս նշելու, որ հանրության մասնակցությունը և կարծիքները ստանալու համար շահագրգիռ հասարակայնության լայն շերտերին հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալ նախագծին, դրան կից հիմնավորումներին և այլ փաստաթղթերին:

ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից մեզ ուղարկված փաստաթղթերից մենք լիովին համոզվեցինք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը՝«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ չի իրականացրել հանրային քննարկում, այն կարելի է անվանել ընդամենը սեմինար կամ կլոր սեղան:

Բայց եթե ՀՀ կառավարությունը նույնպես այն կարծիքին է, որ անցկացվել է հանրային քննարկում, ապա հարց է առաջանում, թե ինչու ՀՀ կառավարության աշխատակազմը չի փորձել պարզել, թե ինչու նախագիծը մինչև օրս չի հրապարակվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ինտերնետային կայքում, ինչը պահանջվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդ., 28-րդ հոդ. և ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշմամբ սահմանված կարգով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, չապահովելով սույն նախագծի հանրային քննարկումը՝ շահագրգիռ հասարակայնության մասնակցությամբ, թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ ինքը վարում է ոչ թափանցիկ քաղաքականություն, հրաժարվում է համագործակցել քաղաքացիական հասարակության կառույցների, այդ թվում՝ ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների հետ:

Այս ամենը վկայում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի դրսևորման, ոչ թափանցիկ և գաղտնի աշխատելաոճի մասին, իսկ ՀՀ կառավարությունը ոչ սկզբունքային և ոչ հետևողական մոտեցում է ցուցաբերում նմանատիպ հարցերում՝ խախտելով իր իսկ ընդունած համապատասխան որոշման պահանջները, չվերահսկելով դրանց կատարման գործընթացը:

Այդ կապակցությամբ ավելորդ չեմ համարում հիշատակել ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 14-րդ կետերի պահանջները[1], որոնք պարտադիր են հանրային քննարկումներ անցկանելու գործընթացում: Ինչպես ամրագրված է, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդ. իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Մենք արձանագրում ենք, որ հանրային քննարկման լիարժեք գործընթացը հիշատակված նախագծի հեղինակը և կազմակերպիչները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ապահովել, մինչև օրս շրջանառության մեջ չի դրվել տվյալ նախագիծը (ՀՀ գյուղնախարարության ինտերնետային կայքում մինչև օրս հրապարակված չէ), որպեսզի դրան կարողանան ծանոթանալ շահագրգիռ հասարակայնության ավելի լայն շրջանակները և հնարավորություն ունենան հայտնել իրենց կարծիքը:

Անընդունելի է նման կարևոր խնդրի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոչ թափանցիկ և ոչ մասնակցային աշխատելաոճը: Անհրաժեշտ է, որ նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի իր աշխատելաոճը փոխելու ուղղությամբ՝ հաշվի առնի շահագրգիռ հասարակայնության լայն զանգվածի կարծիքը, այդ նպատակով նրանց և նախարարության համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ իրականացնի հանրային քննարկում, այլ ոչ թե այլ կազմակերպությունների կողմից այն իրականացնի[2]:

Հարկ եմ համարում լրացնել նաև, որ ՀՀ վարչապետի 21.03.2011թ. «ՀՀ վարչապետի 03.11.2010թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 925-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 202-Ա որոշմամբ հաստատված 32-րդ և 33-րդ կետերում նշված են այն միջոցառումների անվանումները, որոնց կատարման պատասխանատու է նշանակված ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որը 2011թ. մայիսի 2-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն պետք է ներկայացներ ՀՀ կառավարության 04.05.2006թ. թիվ 583-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, իսկ 2011թ. մայիսի 3-րդ տասնօրյակում՝ ՀՀ կառավարության 24.05.2007թ. «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» թիվ 806-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սահմանված ժամկետում չի իրականացրել իր վրա դրված պարտավորությունները: Եթե նույնիսկ այդ նախագծերը սահմանված ժամկետում ներկայացրել են ՀՀ կառավարություն, ապա դրանք չպետք է ընդունվեն ՀՀ կառավարության կողմից և հաստատվեն Ձեր կողմից, քանի դեռ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի ապահովել հանրային մասնակցությունն այդ հույժ կարևորություն ունեցող հարցի լուծման գործընթացում:

Հետևաբար, մեկ անգամ ևս դիմելով Ձեզ՝ խնդրում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել սեղմ ժամկետում իր ինտերնետային կայքում հրապարակել ՀՀ կառավարության 04.05.2006թ. «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» թիվ 583-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմնավորումները, բյուջեն և այդ նախագծի վերաբերյալ այլ փաստաթղթերը՝ միևնույն ժամանակ ապահովելով հանրային քննարկումը՝ ՀՀ կառավարության 2503.2010թ. թիվ 296-Ն որոշման պահանջներին խիստ համապատասխան:

Հարգանքով՝
Էդիկ Բաղդասարյան
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ

[1] 7) Նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը: Նախագիծը մշակող մարմինը հանրային քննարկումների հրավերը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվամիջոցներով և ժամանակակից հեռահաղորդակցման այլ միջոցներով:

8) Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմնի ինտերնետային կայքում հրապարակվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր:

9) Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել ինտերնետային կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել նախագիծ մշակող մարմին:

13) Հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության ու դիտողության վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա նախագիծ մշակող մարմինը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:

14) Հանրային քննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված ամփոփաթերթը և նախագծի լրամշակված տարբերակը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և այդ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի, պետք է տեղադրվի նախագիծ մշակող մարմնի ինտերնետային կայքում:

[2] Առաջին անգամ չէ, որ նշվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոչ թափանցիկ և գաղտնի աշխատելաոճի մասին, տես «Հրապարակ» օրաթերթ 20.08.2011թ. Նախարարը տեղյակ է պահել միայն իրեն ցանկալի լրատվամիջոցներին:

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
Edick i am with you 100 % .give it to them thoses bunch of retarded.thank you again.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter