HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Շրջակա միջավայրի մաքրությունը` ինքնավերահսկման հույսին

Կառավարությունն այսօր Ազգային ժողով ներկայացրեց «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցեց, որ օրինագծում ամրագրված է կազմակերպությունների կողմից իրենց արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի եւ օգտագործվող բնական ռեսուրսների նկատմամբ ինքնահսկման նպատակը, խնդիրները, սկզբունքները: Նախատեսվում է մոտ 30 կազմակերպություններում ներդնել ինքնահսկման մեխանիզմներ, որոնց նպատակն է լինելու կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի վրա տվյալ կազմակերպության վնասակար ազդեցությունները եւ բնական ռեսուրսների գերշահագործումը: Կազմակերպությունները, նախագծի՝ օրենքի ուժ ստանալուն պես, 18 ամսվա ընթացքում պետք է կազմեն ինքնահսկման ծրագիր, իսկ 30 ամսվա ընթացքում` ներդնել մեխանիզմը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ օրենքի նախագիծը տպավորություն է ստեղծում, թե այն որեւէ այլ երկրի օրենքից թարգմանություն է «եւ հաշվի առնելով շարադասական, խմբագրական առկա խնդիրները՝ տպավորություն է ստեղծվում, որ բարդ թարգմանության արդյունք է»: Պատգամավորը հարցրեց, թե որ երկրների փորձն են ուսումնասիրել, եւ արդյո՞ք ինքնավերահսկման մեխանիզմը չի նշանակում, որ «ձեռքներս լվանում ու հեռանում ենք»: Նախարարը նախ պատասխանեց, որ նմանօրինակ օրենք գործում է Գերմանիայում, Անգլիայում, հետո էլ հավելեց, որ պատասխանատվության խնդիրներ չեն կարող առաջանալ: Նույն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին էլ հետաքրքրեց, թե ինչպես է նախարարությունն, օրինակ, վերահսկելու օտար սեփականատեր «Պրոմայնինգ» ընկերությանը, ո՞րն է լավատեսության պատճառը: «Այս մեթոդիկան մեզ հնարավորություն է տալու իմանալ, թե արդյո՞ք շարունակական բնույթ է կրել շրջակա միջավայրի աղտոտումը, ի՞նչ է տեղի ունեցել, ե՞րբ է համակարգը տեղեկացրել տնտեսվարողին, մեր հարցերն այս դեպքում դառնում են կոնկրետ, պահանջները` հստակ, իսկ Ձեր թվարկած ընկերություններում բավականին լուրջ նյութեր ենք հայտնաբերել` շուրջ 2-3 հարյուր միլիոնի, եւ ընթացք ենք տվել»,-պատասխանեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter