HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու անչափահասներին տեղափոխել են Հունաստան` առանց մոր համաձայնության եւ կեղծ փաստաթղթերով

15_06-marineՕձունցի ամուսիններ Մարինե եւ Սանասար Ղեւոնդյանների` արդեն թշնամանքի եւ ատելության վերածված պայքարի մասին Հետքը մի անգամ արդեն գրել է (Տես հոդվածը` Ամուսինը ծեծում է կնոջը, որդին միանում է հորը): Իրավապահների թողտվությամբ նա ոտնահարել է կնոջ իրավունքները եւ մորից խլել չորս անչափահաս երեխաներից երկուսին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրի դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ 11.09. 2008 թ. սեպտեմբերի 11-ի վճռով 4 որդիներից 2-ի` Գարիկի եւ Արմանի դաստիարակությունն ու խնամքը Սանասար Ղեւոնդյանին հանձնելիս, դատարանն արձանագրել է. «Գույքային եւ բնակարանային տեսանկյունից Սանասար Ղեւոնդյանն ունի առավելություններ, քանի որ ունի առանձնատուն եւ նյութական բավարար միջոցներ»: Սակայն նույն դատարանը 12.05.2009 թ. Սանասար Ղեւոնդյանից ալիմենտի գումար բռնագանձելու վերաբերյալ Մարինե Ղեւոնդյանի հայցը քննելիս, որտեղ Մարինեն իր խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար 30 հազարական դրամ կայուն գումարով ալիմենտ է պահանջել, դատարանը որոշել է Սանասար Ղեւոնդյանից ալիմենտի գումար բռնագանձել 5 հազարական դրամ` պատճառաբանելով, թե Մարինե Ղեւոնդյանը դատարանում չի կարողացել հիմնավորել իր նախկին ամուսնու նյութական ապահովվածությունը, եւ 30 հազար դրամի պահանջն անհիմն է համարել: Մարինե Ղեւոնդյանին դատական այս վճիռները քիչ են մտահոգում: Նրան այսօր մեծ վիշտ է պատճառում այն, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը նախկին ամուսնուն հանձնելուց հետո վերջինս արգելել է երեխաների հանդիպումը մոր հետ: Մարինեն 18.03. 2009 թ. հայցադիմում է ներկայացրել դատարան` տեսակցության կարգ սահմանելու պահանջով: Սակայն, մինչեւ դատաքննությունը` 25.03.2009 թ., Մարինեն միջնորդություն է ներակայացրել եւ տեղեկացրել է դատարանին, որ իր ստացած տեղեկությունների համաձայն` նախկին ամուսինը Անձնագրային եւ վիզաների վարչության Թումանյանի անձնագրային բաժանմունքից իր խնամքին ու դաստիարակությանը հանձնված երեխաների համար ստացել է անձնագրեր եւ պատրաստվում է նրանց տեղափոխել Հունաստան: «2008 թ.-ի հունվարից ես Ալավերդու իրավապահներին ահազանգում եմ, որ ամուսինս ուզում է երկու երեխաներիս տանի Հունաստան: Տեղեկացրել եմ ոստիկանապետին, անձնագրային բաժնի պետին: Դատարանին տեղեկացրել եմ մարտի 25-ին, հենց այդ օրն էլ վճիռ է կայացվել երեխաներին ՀՀ-ից դուրս տանելը արգելելու մասին: Սակայն ամուսինս իր սեփական մեքենայով եկել է Հունաստանից, մարտի 27-ին մտել է Օձուն գյուղ, իմացել է, որ երեխաներին Հունաստան տանելն արգելող դատարանի որոշում կա, ամսի 28-ին մնացել է Օձունում, ամսի 29-ին երեխաներին արդեն անց է կացրել Բագրատաշենի մաքսակետը»,- պատմում է Մարինեն: Մարինեն որոշել է անձամբ դատարանի վճիռը հանձել ԴԱՀԿ ծառայության Թումանյանի բաժանմունքի պետ Գարիկ Անտաշյանին: «Անձամբ մոտեցել եմ նրան, ամուսնուս փաստաբան Ռ. Նիազյանի հետ կանգնած զրուցում էին: Տեսա, որ շատ է երկարում զրույցը, մոտեցա` որոշումն իրեն հանձնելու: Երբ առաջարկեցի դատարանի վճիռը վերցնել, ասաց` հա, հլա գնա սպասի: Արդեն ամուսնուս փաստաբանի միջոցով Գ. Անտաշյանը գիտեր, թե դա ինչ որոշում է: Ընդ որում, մարտի 25-ին ես ստացել եմ այդ որոշումը, մարտի 26-ին ամուսնուս փաստաբան Ռուբիկ Նիազյանը վերաքննիչ բողոք է գրել, որ դատարանի արգելանքի վճիռն անհիմն է: Այսօր Ռ. Նիազյանը հրաժարվում է, որ Սանասար Ղեւոնդյանին այդ որոշման մասին տեղեկացրել է: Մինչդեռ առանց Սանասարի Ռ. Նիազյանը չէր կարող Վերաքննիչ դատարան բողոք ուղարկել: Վերաքննիչը հայցը մերժել էր: ԴԱՀԿ-ն անմիջապես պետք է կիրառեր դատարանի վճիռը, սակայն Գարիկ Անտաշյանը դիտավորյալ ինձնից չընդունեց վճիռը, ասաց` սպասիր, 2-3 ժամ իրենցից մի փոքր հեռու, փոքր տղայիս հետ սպասեցի: Մտածեցի` մարդիկ են, զրուցում են, չխանգարեմ: Հետո ես տարա վճիռը 2-րդ հարկում պատճենահանելու, ասացի` մինչեւ զրույցը վերջացնեն, կգամ, մի քանի րոպե հետո, երբ վերադարձա, Գարիկ Անտաշյանն անհետացել էր, չկար, իր աշխատակցուհուն հարցրի, ասաց` գնացել է Վանաձոր: Խնդրեցի աշխատակցուհուն վերցնել դատարանի վճիռը, նա չընդունեց` պատճառաբանելով, թե` Գարիկ Անտաշյանն իրեն հանձնարարել է առանց իրեն ոչ մի թուղթ չընդունել: Ստիպված վճիռը Գարիկ Անտաշյանին ես հանձնել եմ մարտի 29-ին, իրենք դա գործողության մեջ են դրել մարտի 30-ին, երբ արդեն երեխաները սահմանն անցել էին»,- պատմում է Մարինեն: Մարինեն վստահ է, որ ԴԱՀԿ ծառայության պետ Գարիկ Անտաշյանը եւ փաստաբան Ռուբիկ Նիազյանը աջակցել են իր նախկին ամուսնուն երեխաներին Հունաստան փախցնելու գործում: «Գարիկ Անտաշյանը դիտավորյալ ձգձգեց դատարանի վճիռը վերցնելը, որ Սանասարը կարողանա տղաներիս տանի: Ես չեմ պատկերացնում, որ մարդը 3-4 օր շարունակ ավտո քշի, Հունաստանից գա հասնի Հայաստան ու անմիջապես հաջորդ օրը վերադառնա Հունաստան: Մի բան էլ եմ կասկածում: Տանը նկատեցի, որ իմ անձնագրի քսերոքսի օրինակներ շատ կան, թե ի՞նչ նպատակների համար է Սանասարը դա օգտագործել, դժվարանում եմ ասել, ենթադրում եմ, որ Հունաստան տանելու համար իմ անունով կեղծ համաձայնագիր է պատրաստել: Մեկ էլ` ամուսնուս եղբոր աղջիկն էլ է Ղեւոնդյան Մարինե, ես էլ: Դեմքով միմյանց նմանություն էլ ունենք, եթե հիշում եք` անձնագրերում հայրանուն չի գրվում, կասկածում եմ, որ կարող է նրա մասնակցությամբ է իմ անունով կեղծ համաձայնագիր պատրաստվել»,-իր կասկածները հայտնեց Մարինեն: Մայրն առայժմ Հունաստան տեղափոխված իր երեխաների հետ որեւէ կապ չունի. «Համոզված եմ` Սանասարը չի թողնում, այստեղ էլ` որ օրը երեխաների հետ խոսում էի, հաջորդ օրը նրանց հեռախոսի համարը փոխվում էր, միջնեկ տղաս` Արմանը, ամեն հանդիպելիս լաց էր լինում, հայրը ավտոն էր գցում, զոռով տանում: Ավտո է առել, դրել 14 տարեկան մեծ տղայիս տակը: Երեխաներին այս կարգի բաներով է դեպի իրեն պահում»,- ասաց Մարինեն: Դաժանության ռուբիկոնն անցած Սանասարը, սակայն, սրանով չի բավարարվում: Իմանալով, որ ամուսինը երկու տղաներին փախցրել է Հունաստան, Մարինեն տեղափոխվել է Օձունի իրենց բնակարանը, որտեղ ամուսնության առաջին օրվանից բնակվել է ինքը, որտեղ ծնվել են իր 4 երեխաները, եւ իր խնամքին թողնված 2 անչափահաս երեխաների հետ սկսել է ապրել այնտեղ: Բնակարանի բանալիները նրան հանձնել է ամուսնու եղբայրը, քանի որ նախապես Սանասարը տվել էր իր համաձայնությունը: Սակայն երեխաներին անարգել Հունաստան փախցրած Սանասարը, տեղ հասնելուն պես, իր փաստաբան Ռուբեն Նիազյանի միջոցով մայիսի 26-ին հայց է ներկացրել դատարան` կնոջը եւ զոքանչին իր բնակարանից վտարելու պահանջով: Զավեշտականն այն է, որ բնակարանից վտարման պահանջ ներկայացնելիս Սանասար Ղեւոնդյանը չի հիշել, որ իր նախկին կնոջ հետ ապրում են իր երկու անչափահաս երեխաները: Զոքանչի` Անահիտ Շախկուլյանի դեմ ներկայացրած պահանջն էլ հիմնազուրկ է, քանի որ նա երբեւէ աղջկա մոտ` Օձունում չի բնակվել: Անահիտ Շախկուլյանն այժմ լրիվ ուրիշ հոգս ունի` Ալավերդու սոցիալապես անապահովների ճաշարանից իրենց անունով 2 անձի համար ստացած ճաշն ամեն օր հասցնում է Օձուն` սովի մատնվելու վտանգի առաջ կանգնած աղջկան ու թոռներին կերակրելու համար: «Մեր աշխատած երկու կոպեկը տալիս ենք փաստաբաններին` մի բանի հասնելու համար, տեղներս շատ նեղ է, մեր բնակարանի գազն էլ են անջատել»,- արտասվելով ասաց Անահիտ Շախկուլյանը: «Որ վտարման պահանջ է ներկայացնում` իր երկու անչափահաս երեխաները որտե՞ղ պետք է ապրեն, ինչքան ուզում է մենք միմյանց ատենք, բայց չէ՞ որ երեխաները մեղք չունեն, նրանք այդ տանն են ծնվել եւ տուն ունենալու իրավունք ունեն»,- արտասվելով ասաց Մարինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter