HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդի ձկների քաշը ավելացել է. ինչո՞վ են նրանք սնվում

Դեբեդում ձկներն ու ձկնատեսակներն ավելացել են: Նախորդ տարիների համեմատ ավելացել են նաև ալավերդցի ձկնորսները: Նրանք վկայում են, որ վերջին շրջանում անհամեմատ մեծացել է Դեբեդի ձկների քաշը: Դեռ մեկ ամիս առաջ ալավերդցի Արման Շաքարյանը Դեբեդից իր աելով 6 կգ-անոց չալ ձուկ է բռնել: Այդ չալ ձուկն, ըստ Ալավերդիում շրջառվող լուրերի, Արման Շաքարյանից 40 հազար դրամով գնել է ալավերդցի Արթուր Միկոյանը: Ինչպես վկայում են ձկնորսները, չալի 1 կգ-ը վաճառվում է 15-20 հազար դրամով:

Արմանն իր բռնած ձուկը կես գնով է վաճառել: Դեբեդի ձուկ ուտող ալավերդցիները վկայում են, որ այն բացառիկ համեղ է: Ալավերդիում, սակայն, շատերը Դեբեդի ձուկը էկոլոգիապես վստահելի սնունդ չեն համարում և խուսափում են այն ուտելուց: Իր որսացած ձուկը չի ուտում նաև ձկնորսների մեծ մասը:

Հիշեցնենք, որ գետն են թափվում Դեբեդի ավազանի բոլոր բնակավայրերի, այդ թվում նաև Վանաձոր, Փամբակ, Թումանյան, Ալավերդի, Ախթալա քաղաքների կոյուղու կեղտաջրերն ու կենցաղային աղբը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքները, ինչպես նաև գետամերձ տարածքներում գտնվող քարի արտադրամասերի թափոնները:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը վերջին շրջանում Դեբեդի ձկների քաշի զգալի մեծացումը բացատրում է գետը թափվող հենց այդ օրգանական թափոններով, որոնք սննդի լուրջ պաշարներ են և ձկների պարարտացման աղբյուր:

Այսուհանդերձ, Դեբեդի ձուկը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանի հատկապես հասարակական սննդի օբյեկտներում: Եվ դա այն դեպքում, երբ առայժմ լրջորեն հետազոտված չէ, թե արդյոք կոյուղաջրերով և թունավոր պոչանքներով հագեցած գետի ջրային միջավայրում սնվող հայտնի չալ, կարմրախայտ, բեղլու, կողակ և մյուս ձկնատեսակներն էկոլոգիապես անվտա՞նգ են:

Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ դեռ երեք տարի առաջ իր ղեկավարած էկոլոգանոոսֆերային կենտրոնը հետազոտել է Դեբեդի ձկան նմուշները: Ձկների լյարդում հայտնաբերվել են ծանր մետաղներ: Ա.Սաղաթելյանը վստահ է, որ ուտողները ձկան փորոտիքը հանելիս հեռացնում են նաև նրա լյարդը: Գիտնականը, սակայն, ավելորդ չհամարեց Դեբեդի ձկնատեսակների առավել մանրազնին հետազոտման անհրաժեշտությունը:

Ըստ ձկնորս Ռոբերտ Մնացականյանի՝ Դեբեդի մյուս ձկների 1կգ-ի շուկայակամ գինը 2-3 հազար դրամ է: Ձկնորս Լևոն Ավագյանն ասում է, որ առանձին հաջողված օրերի 2-3 կգ ձուկ է բռնում Դեբեդից:

«Դե, հիմա Դեբեդի չալ տեսակի ձուկը շատ թանկ է: Տարբեր ձկներ կան այստեղ. կողակ կա, բեղլու կա, կարմրախայտ կա: Իմ բռնած ձուկը ընտանիքով ենք ուտում»,- ասաց ձկնորսը: Լևոն Ավագյանը նաև հավաստիացրեց, որ ձկնորսությամբ է զբաղվում ոչ այնքան ընտանիքի համար ձուկ տանելու, որքան հանգստանալու համար:

Նույն է ասում նաև Ռոբերտ Մնացականյանը: «Զբաղվում եմ, էլի, ներվերս հանգստացնում է: Ճնշումս բարձրանում է մինչև 180, երբ սկսում եմ ձուկ որսալ, հանգստանում եմ: Ես ձուկը հետաքրքրության համար եմ բռնում: Ամեն օր գալիս եմ: Միշտ նույն տեղն եմ գալիս: Ես իմ բռնած ձուկը չեմ ուտում: Ձկնորսը ձուկ չի ուտում»,- ասում է ձկնորսը:

Նա պատճառաբանում է, որ գետը մաքուր չէ, այդ պատճառով էլ չի կարողանում ուտել իր բռնած ձուկը: Դրա փոխարեն նա իր բռնած ձուկը տալիս է նրան, ով խնդրում է: «Խնդրողներ շատ են լինում»,- ասաց Ռոբերտ Մնացականյանը:

Ձկնորսները պատմեցին, որ ձուկ որսալը Դեբեդում ավելի հեշտ է օրվա երեկոյան ժամերին: Շուրջ կես ժամվա ընթացքում Ռոբերտ Մնացականյանը որսացել էր 5 բեղլու: Նա վստահ էր, որ մինչև ժամը 21:00-ն մոտ 15 հատ ձուկ կբռնի:

Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամաս տանող մայրուղու հարևանությամբ գտնվող, Դեբեդին հարող հենապատի մոտ կանգնած ձուկ էր որսում Փիրուզյան թաղամասի բնակիչ Ռաֆիկ Առաքելյանը: «Էս մի ժամ կլի ըստի եմ, դեռ մի հատ էլ ա ձուկ չեմ բռնել»,- ասաց անհաջողակ ձկնորսը:

Ռաֆիկը բացատրեց, որ հենապատին չի նստում, որովհետև վախենում է գետի կողմից հենապատի քարերի խոռոչներից դուրս եկող օձերից: «20 սմ հաստություն ունեն, դրանցից վախում եմ»,- ասաց նա:

Պարզվեց՝ այս ձկնորսն էլ, ինչպես ինքն ասաց, «երևի մի 4-5 տարի կլի պրոստո» զբաղվում է ձկնորսությամբ: «Սկի չեմ էլ ուտում ես ձուկը»,- ասաց Ռաֆիկը, ով 63 տարեկան է և սրտի հետ կապված խնդիր ունի: «Մի սուտ ինֆարկտ ա խփել: Բժիշկն ասել ա՝ ջրի ղրաղներումը զբաղվի»,- բացատրեց Ռաֆիկը:

Նրա բռնած ձկները երեխաներն ու թոռներն են ուտում: «Ես վափշե չեմ ուտում: Ցավը գցես վրես, էս ձկնիցը ես չեմ ուտում: Մի բան տեհել եմ էս ջրի մեջ, մարդու էն ոնց են ասում' փորեր մորեր մեշոկի մեջ, դրա հմա էլ չեմ ուտում, անցկենող տարի եմ տեհել: Դիահերձած մարդու փորոտիք էր: Անցկացած տարվա, երևի էս ամսներին կլեր: Ես մի անգամ եմ տեհել, բայց շատ անգամներ շատերն են տեհել: Կարող ա չաստնի տանը դիահերձում են, տանում են գցում»,- ասաց Ռաֆիկ Առաքելյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է թույլատրում, որ իր բռնած ձկներն ուտեն թոռները և ընտանիքի մյուս անդամները՝ պատասխանեց. «Որ ուտում են, ի՞նչ կարաս անես: Լրիվ ուտում են, ինչ ա ըլում որ: Պրոստո ես էս ձկնից զզվում եմ»:

Դեբեդում հաճախ հանդիպող, դիահերձված մարդկանց փորոտիքով լեցուն պարկերի մասին վկայեց նաև ձկնորս Սուրիկ Շախկյանը: «Դե հմի, ես ասեմ, չասեմ, էդ սաղին էլ պարզ ա»,- ասաց նա:

Սուրիկ Շախկյանն ասում է, որ մսի թանկության պայմաններում շատ աղքատ ալավերդցիներ միս ուտելու պահանջը բավարարել են Դեբեդի ձկով: «Լավ է, վատ է' աղքատ մարդիկ կերել են, մսի կարիք էլ չեն զգացել: Շատերն էլ իրենց բռնած ձուկը ծախել են ու իրենց ընտանիքի գոյությունը քարշ տվել»,- ասաց ձկնորսը:

Մեկնաբանություններ (11)

boka
es shat em sirum cuky
Լիլիթ
Հիշեցնենք, որ գետն են թափվում... Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքները, ինչպես նաև գետամերձ տարածքներում գտնվող քարի արտադրամասերի թափոնները..Երբ կկտրվի վերջին ծառը,երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը, այդժամ Դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…
Ararat
Liana jan,shat texin es grel:
Լիաննա
,,Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը…,,Ուինսթոն Չերչիլ: Հարգելի Սուսաննա, եկեք մեծ-մեծ խոսքերի փոխարեն փորձենք ինքներս մեզանից սկսել, ինչու դու որպես այս հասարակության լիիրավ անդամ չես փորձում քո ներդրումն ունենալ? Դու բարձրաձայնիր այդ խնդրի մասին, ինչ որ մեկին մեղադրելու ու մատնացույց անելու փոխարեն, իսկ եթե ցանկություն ունես, բայց չգիտես ինչպես, այցելիր Ալավերդու Օրհուս կենտրոն, այնտեղ քեզ կօգնեն դիմել համապատասխան կառույցներին ու ստանալ քեզ հետաքրքրող հարցի պատասխանը, միգուցե նպաստես քո երկրի կայունացման և ժողովրդավարացման գործընթացների կայացմանը:
A.
Հարգելի Սուսաննա. Անուշը լավ ներկայացեց Օրհուս կենտրոնների դերն ու առաքելությունը և նույնիսկ հարմար չեմ գտնում կրկնվելու: ուղղակի խորհուրդ կտամ, եթե լավ նայում եք ինտերնետում տեղեկատվությունները ցանկացած, մեկ անգամ այցելեք Օրհոսւների կայքը և կտեսնեք անելիքները: Նաև ուզում եմ ասել, որ ոքւնեք արտահայտվելու իրավունք, որը ես կամ մոյւսը չենք կարող արգելել, բայց առաջին հերթին մի հատ իմացեք թե ինչ դչվար համակարգման աշխատանք են տանում համակարհողները մենակ լինելով և ամեն ինչ պարզ կլինի: Հեշտ է քննադատելը համակարգչի առջև նստած, իսկ իրականության մեջ հայտբվելով հաստատ չեիք այսքանը գրառի: Գնացեք Օրհուս կենտրոն, ասեք ձեր առաջարկները, միգուցե ընթացք տրվեն , եթե իրատեսական են:
Անուշ Էվոյան
Հարգելի Սուսաննա ես Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգողն եմ: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել , որ ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնը բնապահպանական տեղեկատվությսն հասարակական կենտրոն է, արդեն երկու տարուց ավելի աշխատանքային գործունեություն ունի: Համագործակցում է լրատվամիջոցների, հկ-ների, բնակչության, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ: Կոչված է Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների` տեղեկատվության մատչելիության, հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիությանն ուղղված գործունեությանը նպաստող խթան հանդիսանալու, ինչպես նաեւ հարթակ է բոլոր խնդիրները քննարկելու, որոշումներ կայացնելուն մասնակից դառնալու ու խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար: Կենտրոնի աշխատանքները մշտապես հետեւողականորեն լուսաբանվում են ,,Հետք,,-ում: Նշեմ դրանցից մի քանիսը.Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի ուսումնասիրության ծրագիրը, որը իրականացվել է ,,Անահիտ կանանց աջակցության կենտրոն,, հկ-ի հետ, տեսակավորված աղբի /պլաստիկի/ համար նախատեսված աղբարկղերի տեղադրման ծրագիրը առաջինն է հանրապետությունում, համայնքի բյուջեի բնապահպանական մասը եւ այլ շատ ու շատ կարեւորագույն արդյունավետ միջոցառումներ: Կենտրոնի կատարած ու չկատարած բոլոր աշխատանքների մասին մանրամասն կարող եք տեղեկանալ Օրհուս կենտրոնում: Շատ ուրախ եմ, որ սրտացավ եք եւ արձագանքում եք մեր քաղաքին վերաբերող հոդվածներին, բայց ավելի լավ կլիներ գոնե մեկ անգամ այցելեիք մեր կենտրոն: Համոզված եմ, որ կստանաք Ձեր բոլոր հարցերի պատասխանները: Եթե իսկապես մտահոգված եք մեր քաղաքի բնապահպանական խնդիրներով ` հոգ չէ համեցեք Օրհուս կենտրոն: Ուրախ եմ, որ նպաստելու եք խնդիրները բարձրաձայնելուն ու լուծման ուղիներ եք առաջարկելու: Հերոսական քայլ չէ, երբ մտածում եք թե` ,,Խոսեք է, խոսեք, հարգելիներս, թե վախենում եք,,: Համեցեք, փոքր բայց հաստատուն քայլերով միասին տեր կանգնենք մեր արժեքներին: ԵԱՀԿ-ն այդ կենտրոնները ստեղծել է հենց դրա համար: Սիրով սպասում ենք:
Լարիսա Փարեմուզյան
Սուսաննա, թույլ տուր քեզ հետ չհամաձայնել: Ալավերդու Օրհուս կենտրոնը բավականին հետևողական է քաղաքի բնապահպանական հիմնախնդիրների հարցում: Ներիր, կարծում եմ դու նրանց աշխատանքի մասին քիչ տեղեկություններ ունես: Այցելիր Ալավերդու Օրհուս կենտրոն, այնտեղ հուսով եմ քեզ կպատմեն իրենց աշխատանքների մասին:
Susanna
ԵԱՀԿ-ն, որ Օրհուս կենտրոններ է ստեղծել, բա դրանք ինչ-որ բան չեն անում։ Բա ԱԼավերդիում Օրհուս կենտրոնը չգիտի, թե ինչ էկոլոգիական խնդիրներ կան, որ չի էլ բարձրաձայնում։ Չեմ հասկանում ում համար են աշխատում։ Խոսեք է, խոսեք, հարգելիներս, թե վախենում եք։
Karen
Տեսնես ՀՀ բնապահպանության ու առողջապահության նախարարություններում ինչքան ձրիակերներ են պետբյուջեից աշխատավարձ ստանում ու իրենց պարտականությունները մոռանում:
Մարի
Հայերս էկոլոգիալկան մաքուր սննդի անհրաժեշտությունը չենք գիտակցում: Դուրս է գալիս մեր առաջ ինչ գցում են, ուտում ենք: Չենք կարևորում մաքուր ջուրն ու օդը: Այս առումով շատ ողորմելի վիճակ է տիրում Ալավերդու մթերային խանութներում, խանութների տերեը իրենց խանութի երշիկեղենից չեն ուտում,բա շուկաններում դրված պոմիդորն ու մյուս բանջարեղենները, այնքան պարարտանյութ է լցված, ով է պետք է ստուգի դրա վտանգները, տեր ու տիրական չկա: Ովքեր են լցնում դիահերձված մարդկանց փորոտիքը գետը, որտեղ է առողջապահության նախարարությունը, բա կարելի է այսքան անտարբեր լինել սեփական ժողովրդի նկատմամբ:Հազար ամոթ մեր կառավարությանը իր ժողովրդի նկատմամբ ցուցաբերած անտարբերության համար: Երկիրը կառավարիչներ չունի:
haykUS
Fish in Debed always were bad. Debed is one of the most poluted rivers in Armenia. At Soviet times no one cared that much. Now that companies make millions they do not care even more. All they care is profit, Armenian nature and ecology is secondary nowdays. Shame on our people.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter