Կիրակի, 23 սեպտեմբերի

Համայնքապետի ավագանին



 Հունիսի 9-ին Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում մարզխորհրդի նիստ էր հրավիրված: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը համայնքների ղեկավարներին տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է մարզի 2009-12 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը` 210 էջանոց մի փաստաթուղթ, որում ներառվել են մարզի բոլոր համայնքների հիմնախնդիրները:

«Առավել հրատապ խնդիրներն ենք մտցրել ծրագրում, սա ճգնաժամից դուրս գալու ծրագիր է: Գյուղական համայնքներից գոնե մեկական ծրագիր ներառվել է փաստաթղթում»,- ներկաներին ծանուցեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը:

Այդ ժամանակ մի տարեց մարդ, որը ներկայացավ Կապանի տարածաշրջանի Կաղնուտ գյուղի ավագանու անդամ` Արմենակ Գեւորգյան անունով, շնորհակալություն հայտնեց մարզպետին, որ թույլ է տվել ներկա գտնվելու մարզխորհրդի նիստին եւ հայտնեց, որ իրենց գյուղում 5 ամիս է ավագանու նիստ տեղի չի ունենում:

Ինքը չի կարողանում հարկադրել համայնքի ղեկավարին, որպեսզի ավագանու նիստ հրավիրի` գյուղի համար մի կարեւոր հարց քննարկելու համար եւ իրեն հայտնի չէ` Կաղնուտ գյուղի համար ինչ է նախատեսվել այդ ծրագրում: Ավագանու այս հայտարարությունը ոչ զարմացրեց, ոչ էլ զայրացրեց ներկաներին, սակայն այդ պահին ամբիոնի առջեւ կանգնած մարզպետ Սուրիկ Խաչատրյանին փոքր-ինչ անակնկալի բերեց: Նա համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանից բացատրություն ստանալու համար առաջարկեց նիստի ավարտից հետո մնալ եւ միասին քննարկել այդ հարցը: Միաժամանակ մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Կ. Կոզմանովը մարզպետին տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարն ավագանու որոշումները ժամանակին ներկայացնում է մարզպետարան: Մարզխորհրդի նիստի ավարտից հետո ավագանու անդամ Արմենակ Գեւորգյանն ընդունելության էր սպասում մարզպետի ընդունարանում, սակայն որոշ ժամանակ անց դուրս գալով այնտեղից` մեզ տեղեկացրեց, որ Կաղնուտի համայնքապետը մի մարդու հետ մտավ մարզպետի մոտ, սակայն իրեն չընդունեցին:

Ա. Գեւորգյանը մեզ պատմեց, որ Կապան քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Կաղնուտ գյուղը Արցախյան պատերազմի օրերին 40 զինվոր է տվել, սակայն ներկայումս գյուղի 100 ընտանիքներից 30-ն են մնացել: Գյուղը լքելու մտահոգությունը ավագանու անդամին հանգիստ չի տալիս: Նա իրեն պարտավորված է զգում ինչ-որ լուծում գտնելու այդ հարցին, սակայն, նրա ասելով, ավագանու նիստ հրավիրելու եւ գյուղի համար կենսական անհրաժեշտության հարցեր քննարկելու իր բոլոր պահանջներին համայնքապետը պատասխանում է, թե դա իր ու մարզպետի գործն է: Ժողովրդավարական երկրներում ավագանու այս հայտարարությունը քննության նյութ կդառնար իրավապահների համար` կեղծ փաստաթղթեր են ստեղծվում այլոց անունից, սակայն, հայաստանյան իրականությունում այն սովորական, օրինաչափ գործընթաց է, չկարեւորվող հանգամանք, որովհետեւ ավագանի ասվածը դերակատարություն չունի համայնքի կառավարման գործում: Այդ պատճառով էլ Կաղնուտ գյուղի ավագանու անդամը տեղյակ չէր, որ մարզի զարգացման ծրագրում իրենց գյուղի համար թիվ մեկ հիմնախնդիր էր համարվել գյուղի արտաքին ջրագծի հիմնանորոգումը: Իհարկե, այն չափազանց կարեւոր խնդիր է, բայց եթե համայնքի բնակչությանն ընտրելու հնարավորություն տրվեր, ինչպես Ա. Գեւորգյանն էր ասում, գուցե դպրոց կառուցելն ավելի առաջնային համարեին: «Գյուղում դպրոց չկա, բուժկետ չկա, բա մի բուժքույր չլինի, որ ճնշում չափի»,- ասաց Ա. Գեւորգյանը: Նույն մարզի զարգացման ծրագրում նշվում է, որ Սյունիքի մարզը հանրապետության երկու ամենախոցելի մարզերից մեկն է Գեղարքունիքից հետո: Սակայն, եթե վերջինս սոցիալապես խոցելի է համարվում շնորհիվ բազմազավակ ընտանիքների, ապա Սյունիքի մարզը խոցելի է դարձել բնակչության ծերացման ցուցանիշով: Երիտասարդները լքում են գյուղերը, եւ դա միայն Կաղնուտին չէ բնորոշ: 16_06-Bardzravan Կապանի տարածաշրջանի Բարձրավան գյուղում, որի չքնաղ բնությունը Շվեյցարիան է հիշեցնում, ամենուր լքված տներ են: Գյուղի դպրոցում 12 աշակերտ է սովորում:

Սակայն, ինչպես մի տարեց կին շեշտեց` «5 հոգի ենք, 5 նաչալնիկ ունենք մեր գլխին` համայնքապետ, տեղակալ, հաշվապահ, գանձապահ…»: Չհեռացածների բողոքն էլ նպաստից զրկվելուն էր վերաբերում: Մեծ հնարավորություններ ունեցող Բարձրավան գյուղում դեռեւս մնացած մի քանի ընտանիքը ինչու պետք է նպաստը դարձնի իր գոյության նախապայմանը, երբ բնությունն այդքան շռայլ է գտնվել նրանց նկատմամբ: Մարդիկ լքում են գյուղը համայնքային ենթակառուցվածքների բացակայության պատճառով:

«Հողի վրա մարդ չի ապրում, հողը վերցնում ես` ինչ անես»,- իրավամբ հարց է տալիս Ա. Գեւորգյանը: Այս փաստը չէր վրիպել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի աչքից, ով վերջերս Սյունիքում իր աշխատանքային եռօրյա այցը լրագրողների համար ամփոփելիս հայտնել էր, որ «հայերն ունեն հիանալի երկիր, սակայն վատ կառավարիչներ»: Ավագանու ինստիտուտի նկատմամբ միայն մարզպետարանները չէ, որ անտարբեր են: Այն չի կարեւորել նաեւ Կառավարությունը` ի դեմս համայնքի ղեկավարի չեն ստեղծվել այնպիսի հակակշիռներ, որոնք կարող էին խթանել ավագանու գործունեությունը եւ կարեւորել նրա դերակատարությունը համայնքային կառավարման գործում:

ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումները տարբեր մարզերում, այդ թվում նաեւ Սյունիքի մարզում, արձանագրել են, որ ավագանու կայացրած որոշումները` նորմատիվ իրավավական ակտերը, չեն ուղարկվում արդարադատության նախարարություն` փորձաքննության, եւ նախարարությունը մինչ օրս չի ահազանգել այդ մասին: Արդարադատության նախարարության իրավական փորձաքննության վարչության պետ Կարեն Խտրյանը մեր հարցմանն ի պատասխան` հայտնել է, որ համայնքների ավագանիներն իրենց նորմատիվ իրավական ակտերը ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացնում մի շարք խախտումներով: Վարչության պետը նշում է, որ տեխնիկական բացթողումներից բացի, «ավագանու որոշմամբ հաստատված համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը շատ հաճախ չեն համապատասխանում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղական տուրքերի դրույքաչափերին: Օրենքի պահանջով, սահմանված ժամկետներում պետական իրավական փորձաքննության համար ՀՀ արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ իրավական ակտերը համարվում են անվավեր:

Ավելին, փորձաքննության ուղարկելուց հետո անգամ ավագանու որոշումները չեն համարվում ուժի մեջ մտած, քանի դեռ դրանք չեն հրապարակվել: Իսկ այդ ակտերը, հայտնի բան է, որ չեն հրապարակվում: Չնայած իրենց անօրինական լինելուն` այդ որոշումներով պարտականություններ են նախատեսվում բնակչության համար եւ այդպես էլ կիրառվում են: Դրանք անվավեր չեն համարվում այն պարզ պատճառով, որ ոչ մի իրավասու մարմին հետեւողականություն չի ցուցաբերել դրանց առկայությունը ստուգելու եւ անվավեր ճանաչելու հարցում: Ներկայացնենք նման արտառոց դեպքերից մեկը. Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը բացատրում էր, որ բնակիչներին վարչական տուգանքների են ենթարկում խոտանված ավտոմեքենաները փողոցներում կայանելու համար, սակայն մինչեւ տուգանելը բնակչությանը չեն իրազեկել, թե որ օրվանից չի թույլատրվում դրանք թողնել փողոցում: Չեն իրազեկել, որովհետեւ այդ մասին ավագանու կամ քաղաքապետի որոշում չկա, բայց բնակչության նկատմամբ սանկցիաներ են կիրառվում առանց իրավական հիմքի: Միայն այն, որ այդպիսի որոշման առկայության մասին քաղաքապետարանը մարդկանց չի իրազեկել` օրենքի պահանջով հրապարակելով տեղական լրատվամիջոցներով եւ ցուցատախտակներին փակցնելով, արդեն իսկ իրավաբանական ուժ չունի, եւ դա բնակիչներին լիիրավ իրավունք է տալիս չենթարկվելու վարչական տույժերին:

Չնայած մարզխորհրդի օրակարգերում ընդգրկված մի քանի հարցերին, ակներեւ է, որ միայն մեկ հարց է կարեւորվում մարզպետների համար` հարկերի հավաքագրումը, որը, չնայած մարզպետների ամենախիստ պահանջներին, դեռեւս դրական տեղաշարժ չի արձանագրում: Երբ երիտասարդությունը լքում է իր բնօրրանը, ով պետք է մշակի հողը ու հարկեր վճարի` տարեցները: Երեւի ավելի հեշտ է նրանց թոշակից ու նպաստից հարկեր գանձելը, քան հողը մշակելու վրա հույս դնելը: Այդպես էլ վարվում են համայնքապետերը: Մարզերին վերաբերող Կառավարության բոլոր որոշումներում ու փաստաթղթերում առաջանային տեղ է հատկացվում հանրության մասնակցությամբ որոշումների կայացմանը: Այդ իմաստով բացառություն չէ նաեւ Սյունիքի մարզի 2009-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որում փորձ է արվել տեղայնացնել օրենսդրության եւ Կառավարության որոշումների պահանջները: Սյունիքի մարզի 2009-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով խնդիր է դրվում. 1. «Համայնքի բոլոր բնակիչների շրջանում իրավունքների և պարտականությունների մասին իրազեկության բարձրացումը, որը հնարավորություն կտա իրականացնել, երաշխավորել և պաշտպանել տեղական կառավարման որոշումներ ընդունելու և այդ գործընթացին մասնակցելու իրավունքները (արդարադատության հասանելիության, տեղեկատվության և կրթության, առողջապահության և լիարժեք կյանքով ապրելու համար նմանատիպ այլ ասպեկտներ): 2. Հասարակական կազմակերպությունների և համայնքի ակտիվ հասարակական խմբերի ներկայացուցիչներին հրավիրել համայնքի ավագանու նիստերին (այս պահանջն ամրագրված է նաեւ ՀՀ Կառավարության ընդունած հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրում): 3. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու որոշումների մեկական օրինակ տեղադրել համայնքի ղեկավարի նստավայրի հանրության համար մատչելի վայրերում: Անհասկանալի է, թե «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 63-ի 2-րդ մասի պահանջն ինչու չի ճիշտ արտացոլվել փաստաթղթում, ըստ որի` «Ցուցատախտակները տեղադրվում են` ելնելով համայնքի բնակչության թվից` երեք հարյուր բնակչին ոչ պակաu, քան մեկ ցուցատախտակ»:

Սա վրիպակ չէ. մարզի որոշ համայնքապետարաններում ցուցատախտակներ հանդիպում էին, սակայն դրանք դատարկ էին կամ փակցված էին այն որոշումներն ու հրահանգները, որոնք հիմնականում պարտավորություններ էին սահմանում քաղաքացիների համար: Ավագանու որոշումները հրապարակելու օրենսդրական պահանջը կիրարկելու մտքին համայնքապետերը դեռեւս չեն ընտելացել, եւ այս մոտեցումն օրինաչափ է ամբողջ հանրապետության համայնքների համար: Ստեղծվում են կայքեր, որտեղ ամեն ինչ կարող է լինել, բացի ավագանու որոշումներից:

Համայնքների ղեկավարները մեր դիտողություններին մեկ պատասխան ունեն` ավագանու որոշումները փակցնում ենք, բայց պատռում են: Շատ զարմանալի է, որ հանրապետության տարածքով մեկ մարդիկ պատռում են միայն ավագանու որոշումները, կամ` համայնքների ու մարզպետարանների կայքերի տեխնիկական կառուցվածքը, ինչպես պատճառաբանում են, հնարավորություն չի տալիս տեղադրելու հենց ավագանու որոշումները: Այդ իմաստով բացառություն է Ալավերդի քաղաքի նորաստեղծ կայքը` www.alaverdi.am, որը կարող է օրինակելի լինել մյուս քաղաքների համար: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարությունը չհրապարակի իր կայացրած որոշումները, իսկ խոհրդարանը` իր ընդունած օրենքները:

Ավագանու դերակատարությունը բնութագրող եւս մեկ ուշագրավ փաստ. «Թափանցիկ տեղական ինքնակառավարում» ծրագրում ներառված 6 մարզի 94 համայնքների ղեկավարներին ուղարկել էինք հարցում` «արդյոք 2007 եւ 2008 թթ.-ին համայնքի ավագանու կատարած աշխատանքների դիմաց դրամական փոխհատուցում տրվել է: Եթե այո, ապա խնդրում ենք տեղեկացնել, թե նրանց կատարած որ աշխատանքներն են փոխհատուցվել»: Եվ միայն Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետն է դրական ու լիարժեք պատասխան տվել: Վերջինիս տեղեկացմամբ` 2008 թ. փոխհատուցել են ավագանու իրականացրած որոշ կազմակերպչական աշխատանքների դիմաց` տրանսպորտի եւ հեռախոսակապի համար վճարվել է 144 հազար դրամ:

Ավելի փոքր գումարով փոխհատուցվել են 2007 թ.-ին նրանց կատարած աշխատանքները: Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետը տեղեկացրել է, որ 2008 թ. ավագանու աշխատանքները փոխհատուցվել են 36 հազար դրամի չափով, սակայն չի մասնավորեցրել, թե որ աշխատանքի դիմաց է տրվել փոխհատուցումը: Միայն այն հանգամանքը, որ փոքրաթիվ քաղաքապետարաններում են ավագանու համար աշխատասենյակներ նախատեսված` արդեն իսկ փաստ է, թե ինչ դերակատարություն ունի ավագանին տվյալ համայնքի որոշումների կայացման գործընթացում:

Եթե սրան էլ հավելենք այն, որ այս ինստիտուտը ձեւավորվում է միայն նրա համար, որ օրենսդրական պահանջ է, այդ իսկ պատճառով ձեւավորվում է համախոհներից, հաճախ նաեւ ընտանիքի անդամներից, որպեսզի համայնքապետն անվարան վավերացնի իր բոլոր ցանկությունները, հետեւաբար չի կարող ավագանու առկայությունը հանրության ներկայացվածություն համարվել: Որպեսզի բնակչության ավելի լայն զանգվածները կարողանան ներազդել համայնքային որոշումների կայացման վրա` նրանք պետք է իրազեկվեն այդ որոշումների մասին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ