HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Եռաբլուրում

Եռաբլուր տանող ճանապարհին մտածում էի՝ հանկարծ շատ մարդ չլինի այնտեղ: Տանել չեմ կարողանում, երբ հայտնվում են մարդիկ ու սկսում ինչ-որ սուտ պատմություններ հորինել, իսկ ես վաղուց չեմ կարողանում, ինչպես ընկերս է խորհուրդ տալիս, «թեթեւ տանել» նման բաները: Ճանապարհին այդ մասին էի մտածում ու որոշում՝ եթե նման մարդիկ լինեն, ետ կգամ, երեկոյան կգնամ:

Այսօր Մոնթեի հուղարկավորության օրն է: Նա մահացել էր հունիսի 12-ին, հուղարկավորությունը տեղի էր ունեցել հունիսի 19-ին. նրա հարազատները Ամերիկայից պիտի գային: Ընկերներով այդ երկու օրերին այցելում ենք Եռաբլուր: Հասա տեղ՝ լավ է, շատ մարդ չկա, ընդամենը յոթ հոգի ենք: Ուրախացա, որ այնտեղ էր նաեւ Լավրենտը: Մարտունու շրջանի Յեմիշճան գյուղից է նա, այժմ Շուշիում է ապրում: Մոնթեն Լավրենտ Շումանյանին շատ էր սիրում, նա լավ զինվոր էր: Նրա հետ առաջին անգամ ծանոթացա 1992-ի փետրվարին՝ իրենց գյուղում, նոր էր եկել խորհրդային բանակից: Մեր մեքենան խրվել էր ցեխի մեջ, պարզվեց՝ այդ մասում Լավրենտենց տունն է: Մեքենայի աղմուկը լսելով՝ դուրս եկավ հաղթանդամ մի երիտասարդ, Լավրենտն էր՝ 90 կգ քաշով: Լավրենտը՝ գյուղացի այդ տղան, զարմացնում էր ինձ իր պարզությամբ, մաքրությամբ: Ինչ մտածում՝ ասում էր, երբեք «հետին» միտք չուներ, մինչեւ հիմա էլ մնացել է այդպես, երեխայի նման: Մի քանի անգամ վիրավորվել է: Գլխից վիրավորվելուց հետո հիշողության կորուստ ունի, նախկին դեպքերից բաներ կան, որ ընդհանրապես չի հիշում, բայց դեպքեր էլ կան՝ շատ մանրամասն է հիշում: Լավրենտը զինվոր էր Բերդաշենի գումարտակում, նրան ավելի շատ հիշում եմ իր գնդացրով ու զինամթերքի ուսապարկով: 45 կգ էր կազմում այդ ամենը: 90 կգ ինքն էր, 45 կգ՝ զենքն ու զինամթերքը: Այսօր Լավրենտը 130 կգ է: Ընկերս՝ Հրայրը, կատակով ասում է՝ Լավրենտ, փաստորեն քաշդ չի փոխվել: Լավրենտը երազում էր տանկիստ դառնալ ու բոլորին ասում էր այդ մասին: Ըստ երեւույթին, Մոնթեն էլ լսել էր Լավրենտի այդ ցանկության մասին:

Մի օր էլ Բերդաշենի գումարտակի հրամանատարը՝ Նելսոն Սողոմոնյանը, կանչում է Լավրենտին ու ասում՝ զենքերդ հանձնիր, գնա Մարտունի՝ Մոնթեի մոտ: Լավրենտը եկավ Մոնթեի մոտ: Մոնթեն ասում է՝ դուն պետք է տանկիստ դառնաս: Լավրենտն ուրախանում է եւ ասում՝ մեկ շաբաթ ժամանակ տուր: Մոնթեն զարմացած ասում է՝ Ծո, ինչ կըսես, երեք ժամ ունիս: Լավրենտը պատասխանում է՝ լավ: Երկու ժամ անց Լավրենտն արդեն տանկիստ էր եւ վարում էր իր տանկը: Նա դարձավ Մարտունու ինքնապաշտպանակա ուժերի լավագույն մարտիկներից մեկը: Եւ հիմա Լավրենտին հանդիպեցի Եռաբլուրում: Նա արդարության մասին է խոսում, արդարության վերականգնման մասին ու ասում է՝ գիտես, զարմանում եմ՝ էս ինչու՞ են մեր տղերքը էսքան վախկոտ, էս անարդարությունների դեմ ինչու՞ չեն պայքարում:

Լավրենտը  պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է, թոշակ է ստանում՝ 60 հազար դրամ: Երկու երեխա ունի: Ես մտածում եմ՝ 60 հազար դրամ է տալիս պետությունը պատերազմի իր հերոսին, իսկ Լավրենտը իսկապես հերոս է: 4 հոգով 60 հազար դրամով ապրում են Շուշիում: Ու միայն Լավրենտը չէ այդ վիճակում, պետությունն այդպես էլ չկարողացավ գնահատել պատերազմի մասնակիցներին, հասարակությունն առայսօր պետությունից չի պահանջել, որ իր հերոսները պետք է ապրեն արժանապատիվ կյանքով: Հենց նրանք՝ այդ պարզ զինվորները, ոչ թե գեներալները, այլ այդ զինվորներն են իրական հերոսները: Հրաժեշտից առաջ Լավրենտն ասում է՝ եթե պետք լինեմ, ասա՝ տանկովս կգամ: Ես հասկացա, որ նա կատակով չի ասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter