HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Իրանցի ուսանողները համոզված են, որ կունենան ժողովրդավարական երկիր

22_06-Iran-akciaՀունիսի 12-ի Իրանի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակը հանգեցրեց պարսիկ ժողովրդի բողոքի ցույցերին եւ հանրահավաքներին: Արդեն 10 օր է, ինչ հանրահավաքները շարունակվում են ոչ միայն Թեհրանում, այլ ամբողջ երկրով մեկ` Ուրումիա, Իսպահան, Շիրազ եւ այլ համայնքներում: Բողոքի ակցիաներ են կազմակերպվում նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում` Վաշինգտոն, Նյու Ջերսի, Նյու Յորք, Լոս Անջելես, Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Մալազիա, Դուբայ, Հռոմ եւ այլն:

22_06-akcia-IranԵրեւանում եւս, հունիսի 13-ից մի խումբ պարսիկ ուսանողներ հավաքվում են Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ «Ուր են մեր քվեները» լոզունգներով իրենց բողոքն արտահայտելու կեղծված ընտրությունների դեմ: Նրանք աջակցում են նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիին, ով էլ Ահմադինեժադի ամենաուժեղ մրցակիցն էր ընտրությունների ընթացքում: Վերջին օրերին Իրանի իշխանությունները փորձում են ցրել բողոքի ցույցերը բռնության, ծեծի եւ սպանությունների միջոցով: Ըստ «Ռոյթերս» գործակալության վերջին տվյալների` կիրակի օրը Իրանի պետական հեռուստաընկերության հայտարարությամբ շաբաթ օրը ոստիկանության հետ բախումների ժամանակ կենտրոնական Թեհրանում զոհվել է 10 մարդ: 457 մարդ ձերբակալվել է, իսկ 40-ը` վիրավոր են: Այսօր Երեւանում ապրող պարսիկ ուսանողների բողոքի ակցիան Իրանի դեսպանատան մոտից տեղափոխվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: 22_06-stop«Այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ ՄԱԿ-ը մարդու իրավունքները պաշտպանող մարմին է, իսկ Իրանում մարդկանց են սպանում զուտ սեփական ազատությունը պահանջելու համար»,-նշում է ակցիայի մասնակիցներից մեկը: Ուսանողները խնդրեցին չնշել իրենց անունները` ելնելով ապահովության հանգամանքից: Նրանք կրում էին պաստառներ Նեդա Սոլթանի անունով, իրանցի աղջկա նկարով, ով սպանվել է շաբաթ օրը Թեհրանի կենտրոնական փողոցներից մեկում` Իրանի կառավարական ոստիկանության կողմից: «Նեդայի վրա նախ կրակել են, այնուհետեւ ոստիկանության մոտոցիկլետներից մեկն անցել է նրա վրայով, ինչն էլ պատճառ է դարձել աղջկա վայրկենական մահվանը: Նեդայի հայրը նկարահանել է աղջկա մահը…»,- հայտնում է www.nydailynews.com-ը: Նրա սպանության տեսագրությունը տեղադրված է www.youtube.com, www.facebook.com կայքերում: 22_06-Neda«Նա մեզ համար սիմվոլն է բոլոր սպանվածների եւ մենք պայքարում ենք Նեդաների համար»,-ասում են պարսիկ ուսանողները: Պարսկաստանում եւս այսօր ժողովուրդը սգո օր է հայտարարել: Ակցիայի կազմակերպիչները հայտնեցին, որ վաղվանից կրկին կսկսվեն բողոքի ցույցերը. «Վաղը ժողովուրդն ավելի շատ կլինի, քանի որ ամեն սպանվածի համար 10 հոգի կա, որ կպայքարի»: Պարսիկ ուսանողները նաեւ չեն կարող կապ հաստատել ծնողների հետ. «Պարսկաստանում այժմ շատ վատ վիճակ է տիրում: Մենք տուն զանգել չենք կարող, քանի որ հեռախոսներն անջատված են…, տներից հավաքում են ալեհավաքները, որպեսզի չկարողանան CNN կամ BBC նայել, փոխարենը ցուցադրում են ֆիլմեր եւ սերիալներ: Նույնիսկ ինտերնետն է փակ, շատ դժվար է որեւէ ինֆորմացիա փոխանցել կամ ստանալ»,-ասում է պարսիկ ուսանողուհին: «Այստեղ միջազգային հեռուստաալիքների շնորհիվ ավելի շատ տեղեկություններ կարող ենք ստանալ Պարսկաստանի իրավիճակի մասին, քան հենց Իրանում: Այնտեղ ձերբակալվել են նույնիսկ արտերկրից մեկնած լրագրողներ` News Week-ից, BBC-ից»,- այս մասին հայտնում է նաեւ CNN-ը: Հայաստանում ակցիայի մասնակիցների թիվը նվազել էր, ի տարբերություն հունիսի 13-ի, երբ հավաքվածների թիվը գերազանցում էր 30-ը: Մասնակիցները դա բացատրում են հետեւյալ կերպ. «Հենց առաջին օրը, երբ բողոքում էինք, դեսպանատնից մեզ զգուշացրին, որ եթե շարունակեք ձեր բողոքները, չեք ստանա ավարտական դիպլոմներ եւ էլի այլ սպառնալիքներ: Սա պատճառ դարձավ, որ մասնակիցներից շատերը վախենային, քանի որ Պարսկաստանը ոչ միայն վախեցնում է, այլ նաեւ գործում»: Իրանցի ուսանողները համոզված են, որ կկարողանան ազատվել սահմանափակումներից եւ կապրեն ժողովրդավարական երկրում. «Մենք հնարավորինս շուտ ենք ուզում մեր երկրում փոփոխություններ տեսնել, բայց նաեւ գիտակցում ենք, որ դա միանգամից չի արվում: Այս ամենը հող է նախապատրաստում նոր երկիր կառուցելու, նոր ձեւով ապրելու»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter