HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզում աճուրդների 97 %-ն իրականացվել է երկու անձի մասնակցությամբ

23_06-marzxorhurd2008 թ. ընթացքում աճուրդային եղանակով ընդհանուր հաշվով 223,6 հա հողատարածքներ են օտարվել Գեղարքունիքի մարզի 33 համայնքներում: Հունիսի 18-ին տեղի ունեցած Գեղարքունիքի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանը մարզի համայնքներում հողերի օտարման գործընթացի օրինականության պահպանման մասին հարցերը ներկայացնելիս տեղեկացրեց, որ օտարումների գործընթացում առկա են թերություններ, որոնք արձանագրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թ. մարտի 24-ի գրությամբ ուղարկած տեղեկանքում: Տեղեկանքում, մասնավորապես, նշվել է, որ աճուրդի հանված հողերի մեկնարկային գինը կադաստրային արժեքից ցածր է եղել: Գեղարքունիքի մարզում միջինից ցածր մեկնարկային գներ են սահմանվել Մարտունի, Երանոս, Վարդաձոր, Ծովագյուղ, Արփունք, Ծովակ, Փամբակ, Սարուխան համայնքերում: Աճուրդների արդյունքում օտարված հողակտորների միջին գինը մարզում կազմել է կադաստրային արժեքի 76,3 %-ը: Բարձր արժեքով օտարումներ են իրականացվել Սեւան, Գավառ, ճամբարակ քաղաքներում եւ Վարսեր, Լճաշեն, Նորաշեն, Շորժա, Դրախտիկ, Արտանիշ, Ծափաթաղ գյուղական համայնքներում: Միջինից ցածր արժեքով հողակտորներ են օտարվել Մարտունի քաղաքում եւ Սոթք, Երանոս, Վարդաձոր, Ծովագյուղ, Փամբակ, Սարուխան համայնքներում: Այդ կապակցությամբ իր ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը համայնքի ղեկավարներին հորդորեց հոգատարությամբ վերաբերվել սեփական համայնքների ունեցվածքին եւ օտարում իրականացնելիս առաջնորդվել համայնքային բյուջեն մեծացնելու եւ համայնքներում սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ աշխատանքներ իրականացնելու մտահոգությամբ: Անդրադառնալով Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանի այն նկատառմանը, թե հողերի օտարման մասին որոշումները կայացնում է համայնքի ավագանին, հետեւապես ավագանին է որոշում մեկնարկային գները, Գեղարքունիքի մարզպետը նկատեց, որ մեզանում թելադրող են համայնքների ղեկավարները, հետեւապես նման որոշումների կայացումը մեծապես կախված է համայնքապետի դիրքորոշումից: Նա նշեց, որ ավագանու դերակատարության առումով մարզում բացառություն են կազմում մեկ-երկու համայնք: 2008 թ. ընթացքում մարզում օտարված հողատարածքների մեծ մասը գյուղատնտեսական նշանակության հողեր են եղել: Առավել շատ օտարումներ կատարվել են Սեւան քաղաքում` 221 միավոր, 25,6 հա, Մարտունի քաղաքում` 195 միավոր, 7,2 հա եւ Շորժա (30 միավոր, 30,7 հա), Ծափաթաղ (22 միավոր, 3,9 հա), Չկալովկա (21 միավոր, 11,6 հա), Վարսեր (16 միավոր, 5,1 հա), Շովագյուղ (4 միավոր, 38 հա) գյուղերում: Իրականացված աճուրդների արդյունքում համայնքների բյուջե է մուտքագրվել շուրջ 360 մլն դրամ: Առավել շատ գումարներ են մուտքագրվել Սեւան քաղաքում` 156,5 մլն դրամ եւ Մարտունի քաղաքում` 19,8 մլն դրամ: Հողատարածքների օտարման արդյունքում զգալի գումարներ են մուտքագրվել նաեւ գյուղական որոշ համայնքների բյուջեներ: Շորժայի համայնքային բյուջե է մուտքագրվել 21 մլն դրամ, Ծովագյուղի համայնքային բյուջե` 13,9 մլն դրամ, Վարսերի համայնքային բյուջե` 8,2 մլն դրամ, Սոթքի եւ Փամբակի համայնքային բյուջեներ` 10-ական մլն դրամ: Աշխատավարձի եւ սոցվճարների էական պարտքեր կուտակած Փամբակ գյուղում եւս իրականացվել է հողատարածքների օտարում, ինչի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 5,7 մլն դրամ: Ի դեպ, Փամբակ համայնքի բյուջեն կուտակված աշխատավարձերի զգալի պարտքերի պատճառով գտնվում է արգելանքի տակ, իսկ կուտակված աշխատավարձի պարտքերի մեծ մասը համայնքի ղեկավարինն է: Վերջինիս ամսական աշխատավարձը սահմանվել է 158 հազար դրամ: Կաշխատի համայնքի ղեկավարը, թե ոչ` իր աշխատավարձի տերն է, իսկ համայնքը պարտապան է` անկախ ամեն ինչից: Եվ դժվար թե շուրջ 600 բնակիչ ունեցող Փամբակ գյուղում օտարելու համար այնքան սեփականություն ճարվի, որը բավարարի բյուջեի պարտքերը լիարժեք մարելու եւ համայնքը զարգացնելու համար: Մարզխորհրդի նիստում հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մարզում իրականացված աճուրդների 97 %-ի դեպքում մասնակիցները եղել են ընդամենը երկուսը, եւ կատարվել են երկուսից ոչ ավել քայլեր: Իսկ Բերդկունք համայնքում տեղի ունեցած աճուրդին ներկայացել է մեկ գնորդ, որն էլ մեկնարկային գնով ձեռք է բերել օտարվող հողակտորը: «Ճիշտ է, արձանագրված փաստը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքին, սակայն մտածելու տեղիք է տալիս»,- նկատեց Է. Ստեփանյանը: Իրոք, խորհելու պատճառներ կան, քանի որ համայնքային գույքի օտարման գործընթացում հաճախ շահում են ոչ թե համայնքները, այլ համայնքապետերը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ համայնքապետերը շատ հազվադեպ են հետեւողական լինում աճուրդների ու մրցույթների հրապարակայնության ապահովման հարցերում, ինչը վկայում է այդ գործընթացներում ստվերի եւ կոռուպցիայի առկայության մասին: Անդրադառնալով հողերի օտարման աճուրդների եւ օգտագործման տրամադրելու մրցույթների հրապարակայնության ապահովմանը` հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչը նշեց, որ այստեղ կան լուրջ բացթողումներ: Նա տեղեկացրեց, որ իրենց բաժինը բազմիցս համայնքներին մեթոդական եւ գործնական օգնություն ցույց տալու պատրաստակամություն է հայտնել, սակայն առանձին համայնքներ անհասկանալի պատճառներով խուսափում են այդ օգնությունից: Դրա հետեւանքով 2009 թ. ընթացքում հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի կողմից Ախպրաձոր, Ծովակ, Վարդենիկ, Ծովագյուղ, Լճաշեն, Գեղհովիտ, Դարանակ, Դպրաբակ, Փորավանք, Լիճք, Նորակերտ, Շատջրեք, Մեծ Մասրիկ, Ծովինար, Շորժա համայնքներին առաջարկվել է կասեցնել հայտարարված աճուրդները կամ մրցույթները եւ դրանք իրականացնել սահմանված չափորոշիչների պարտադիր հրապարակմամբ: Ծովագյուղ համայնքին նման առաջարկ կատարվել է 2 անգամ: Է. Ստեփանյանն ընդգծեց, որ բնավ պարտադիր չէ, որ մարզպետարանը աճուրդի կամ մրցույթի յուրաքանչյուր հրապարակային ծանուցման մասին արտահայտի իր վերաբերմունքը. պարզապես համայնքապետարանները պետք է աշխատեն օրենսդրության պահանջներին համապատասխան: Նախորդ ամսին անդրադարձել էինք Վանեւանում չկայացած համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության մրցույթին եւ Տրետուք համայնքում չկայացած համայնքի սեփականություն հանդիսացող գյուղմեքենաների, ավտոմեքենաների եւ գյուղգործիքների աճուրդ-վաճառքին: Երկուսի դեպքում էլ պահպանված չէին օրենսդրության նվազագույն պահանջները: Հավանաբար, այս դեպքերը կքննարկվեն մարզխորհրդի մեկ այլ նիստում, քանի որ թերացումների ու բացթողումների մասին ծավալված քննարկման եւ երկխոսության արդյունքում կանխվում են հետագա սխալներն ու թերացումները, որոնք, ասես, պարտադիր են դարձել տեղական ինքնակառավարման մարմինների համար: Քանի որ մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված երեք հարցերի մասին այդպես էլ քննարկում չծավալվեց, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նկատեց, որ համայնքապետերը մարզխորհրդի նիստի են գալիս միայն ներկա գտնվելու համար: Նա կարեւորեց համայնքային բյուջեների կատարումը` նշելով, թե կան համայնքներ, որոնք բյուջե են մուտքագրել ընդամենը 300-400 հազար դրամ գումար: Բյուջեների կատարողականի, դրանք վերանայելու եւ փոփոխությունների միջոցով բյուջեները իրատեսական դարձնելու հարցում համայնքապետարանների հապաղման մասին էլ մարզպետը իրավացիորեն հռետորական հարց տվեց` եթե մարզպետարանը պիտի աշխատի, համայնքապետարաններն ինչի համար ենք պահում: Լուսինե Թոփլաղալցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter