HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրային իրազեկման միջոցներ ունեն ոչ բոլոր համայնքները

Տարածքային կառավարման նախարարությունը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն հանրապետության 914 համայնքներում առկա հանրային իրազեկման միջոցների վերաբերյալ:

Արարատի մարզի 97 համայնքներից ֆիքսված կապ չունեն 17 համայնքներ: Բջջային կապ ունեն բոլոր համայնքները: Ինտերնետային կապ ունեն 32 համայնքների համայնքապետարանները: Նախարարության փոխանցմամբ` ինտերնետային կայքէջ ունեն Արտաշատ (www.artashat.am), Արարատ (www.ararat.am), Մասիս (www.masis.am), Վեդի (www.vedi.am) քաղաքները: Դրանք ունեն զուտ ճանաչողական բնույթ: Այդ կայքէջերի մեծ մասը, սակայն, բովանդակազուրկ են եւ տեղեկություններ չեն պարունակում իրենց քաղաքների մասին: Հեռուստաընկերություն ունի միայն Արտաշատ քաղաքը («Արտաշատ TV»): Տեղական ռադիոցանց չունի եւ ոչ մի համայնք: Մարզի 97 համայնքներից երկու թերթ ունի միայն Արտաշատը` «Արարատ» եւ «Արտաշատ»: Տեղեկատվական ցուցատախտակներ ունեն մարզի 58 համայնքներ: Արագածոտնի մարզում կա 114 համայնք, որտեղ լարային եւ բջջային հեռախոսակապ ունեն բոլոր համայնքները: Ինտերնետային կապով ապահովված են 34 համայնքներ, որից 29-ը` դպրոցներում, իսկ 5-ը` համայնքապետարաններում: Ճանաչողական ինտերնետային կայքէջ ունի միայն Աշտարակը (www.ashtarak.am), սակայն այն ավելի շատ հիշեցնում է գովազդ տարածող, քան Աշտարակի մասին տեղեկատվություն պարունակող կայքէջ: Այս մարզում էլ հեռուստաընկերություն ունի միայն Ապարան քաղաքը` «Նիգ»: Տեղական ռադիոկապ չունի մարզի եւ ոչ մի համայնք: Թերթ ունեն 3 համայնքներ` Աշտարակը («Կանթեղն Արագածի» մարզային թերթ), Թալինը («Թալին աշխարհ») եւ Ծաղկահովիտը («Արագած աշխարհ» մարզային թերթ): Տեղեկատվական ցուցատախտակներ ունեն Աշտարակ, Արագած, Օշական համայնքները: Ավագանու եւ համայնքապետի որոշումները փակցված չեն միայն Աշտարակում, որտեղ համայնքապետ Գագիկ Թամազյանն աշխատում է քիչ իրազեկել համայնքի բնակչությանը եւ հնարավորինս սահմանափակել նրանց հետ շփումները: Մյուս 2 համայնքներում որոշումները հրապարակվում են: Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի 97 համայնքներին, ապա այստեղ էլ, ըստ Տարածքային կառավարման նախարարության հրապարակած տեղեկատվության, ֆիքսված կապ չունեն 56 համայնքներ, իսկ բջջային կապ` 4 համայնքներ:  Ինտերնետային կապ ունեն 4 համայնքների համայնքապետարաններում, իսկ սահմանամերձ Մարգարա գյուղը կապի ոչ մի միջոց չունի: Հեռուստաընկերություն ունեն 2 համայնքներ` Արմավիրը («Նոր Հայաստան», ԱԼՏ) եւ Մեծամորը` կաբելային: 3 համայնքներ ունեն տեղական ռադիոցանց` Արմավիրը, Մեծամորը, Վաղարշապատը, իսկ տեղական թերթեր ունեն 2 համայնքներ` Արմավիրը եւ Մեծամորը: Գեղարքունիքի մարզն ունի 92 համայնք, որոնցից քաղաքային հեռախոս չունեն 19 համայնքներ, իսկ բջջային կապ չունի միայն Ազատը: Ինտերնետային կապ ունեն բոլոր համայնքների դպրոցները, իսկ 5 համայնք ինտերնետ ունի նաեւ համայնքապետարանում: Ինտերնետային կայք ունեն Մարտունի (www.martuni.am), Սեւան (www.sevan.region.am), Վարդենիկ (www.vardenik.am),  Ճամբարակ (www.chambarak.am) համայնքները, սակայն այստեղ էլ կայքէջ ասելով` պետք է հասկանանք բովանդակազուրկ սայթեր, որոնք կամ խաղերի համար են նախատեսված, կամ էլ` ծանոթությունների ու «չաթերի»: Հեռուստաընկերություն ունեն Գավառ, Մարտունի, Սեւան համայնքները, իսկ թերթ` Գավառը եւ Սեւանը: Տեղեկատվական ցուցատախտակներ չունեն 19 համայնքներ: Քաղաքային եւ բջջային հեռախոսակապ ունեն Կոտայքի մարզի բոլոր 67 համայնքները, իսկ ինտերնետ կապով ապահովված է դրանցից միայն 32-ը: Ինտերնետային կայքէջ ունեն Հրազդան (www.hrazdan.am/mayor), Աբովյան (www.abovyan.am), Չարենցավան (www.charencavan.am), Եղվարդ (www.eghvard.am), Ծաղկաձոր (www.tsahkadzor.am) համայնքները: Վերջին երեքը զուտ ճանաչողական են: 4 համայնք էլ ունի հեռուստաընկերություն` Հրազդան, Աբովյան, Չարենցավան եւ Նոր Հաճըն: Ոչ մի համայնք չունի տեղական ռադիոցանց, իսկ թերթ ունեն Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր համայնքները: 67 համայնքից տեղեկատվական ցուցատախտակներ ունեն ընդամենը 8-ը, այսինքն` մնացած 59 համայնքների բնակիչները ակամայից զրկված են իրենց համայնքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: 119 համայնք ունեցող Շիրակի մարզն ապահովված է ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային հեռախոսակապով, իսկ ինտերնետ կապ ունեն միայն Գյումրին, Արթիկն ու Ախուրյանը: Ինտերնետային կայք ունի միայն Գյումրին (www.gyumri.am, www.gyumricity.am, shirak.region.am): Տեղական ռադիոցանց եւ հեռուստաընկերություն ունի դարձյալ միայն Գյումրին («Շանթ», «Ցայգ», «Շիրակ», «Գալա»): Վայոց Ձորի 44 համայնքներից լարային հեռախոսակապ չունեն 5 համայնքներ, իսկ ինտերնետային կապով ապահովված են 11 համայնքներ, որից 2-ը` քաղաքապետարանում, 9-ը` դպրոցում: Ինտերնետային կայք, հեռուստաընկերություն, տեղական ռադիոցանց չունի եւ ոչ մի համայնք: Թերթ ունի միայն Եղեգնաձոր համայնքը: 20 համայնք ապահովված չէ տեղեկատվական ցուցանակով: Լոռու մարզի 113 համայնքներից ֆիքսված հեռախոսակապ չունի 40, իսկ բջջային կապ` 1 համայնք: Ինտերնետային կապ ունեն 6 համայնքներ, որից 2-ը` դպրոցում, 4-ը` համայնքապետարանում: Հեռուստաընկերություն ունեն 5 համայնքներ` Վանաձորը, Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը, Տաշիրը: Տեղական ռադիոցանց ունի 1, իսկ թերթ` 3 համայնք: Ֆիքսված հեռախոսակապ չունեն Տավուշի մարզի 62 համայնքներից 17-ը, իսկ ինտերնետ չունի 24 համայնք: Հեռուստաընկերություն ունեն միայն Նոյեմբերյանն ու Իջեւանը, իսկ թերթ` Իջեւանը, Բերդը եւ Նոյեմբերյանը: Տեղեկատվական ցուցանակ չունեն մարզի 9 համայնքներ: Տարածքային կառավարման նախարարությունն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Սյունիքի մարզի 109 համայնքներից ինտերնետային կապ ունեն ընդամենը 6 համայնքներ, իսկ հեռուստաընկերություն եւ թերթ` 3 համայնքներ (Կապան, Սիսիան, Գորիս): Տեղեկատվական ցուցատախտակ չունեն 12 համայնքներ: Ամփոփելով ներկայացված տվյալները` նշենք, որ հանրապետությունում ֆիքսված հեռախոսակապ չունի 154 համայնք, բջջային կապ` 6, ինտերնետային կապ առկա է 131 համայնքապետարաններում: Կայքէջ ունեն 20 համայնք, հեռուստաընկերություն եւ թերթ` 22, տեղական ռադիոցանց` 6, ցուցատախտակ` 645 համայնքներ: Արմավիրի, Լոռու եւ Շիրակի բոլոր համայնքներն ունեն տեղեկատվական ցուցատախտակներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter