HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավոր Հովակիմյանը սրբագրումներ է կատարում

«Հետքը» օգոտոսի 19-ին հրապարակել էր «Գորիսի դատավորը լրագրողին արգելեց ներկա գտնվել դռնբաց դատական նիստին» վերնագրով հոդվածը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նիստն սկսելուն պես հայցվոր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահրամ Սահակյանը նիստը դռնփակ անցկացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարանին: Դատավոր Մուրադ Հովակիմյանը միջնորդությունը չէր քննարկել եւ արված միջնորդության վերաբերյալ որոշում չէր կայացրել, սակայն նիստին մասնակցող «Հետքի» թղթակից Սուսաննա Շահնազարյանին հրահանգել էր դուրս գալ դատարանի դահլիճից:

Նույն օրը datalex.am կայքում տեղադրվել է դատարանի կայացրած վճիռը, որում նշված էր. «… դռնբաց դատական նիստում 2011 թ. օգոստոսի 17-ին քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրկոլ բանկ» ընդդեմ  Տիգրանուհի Գյուլխասյանի, Գրենա Գուրգենի Հարությունյանի …. 40909 (քառասուն հազար ինը հարյուր ինը) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին…»:

Հրապարակումը, ինչպես երեւում է, խիստ մտահոգել է դատավոր Մուրադ Հովակիմյանին եւ նա սկսել է սրբագրումներ կատարել դատական գործում` դեռեւս չկողմնորոշվելով` ինքը դատական նիստը դռնփակ է անցկացրել, թե` դռնբաց:       

Հրապարակումից հետո, օգոսոտսի 22-ին, երբ կրկին այցելեցինք datalex.am կայք,  որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ նկատեցինք, որ դատավորը փոփոխել է իր կայացրած վճիռը՝ դռնբաց բառը փոխելով դռնփակի, կարծելով, որ բառը փոփոխելով դռնբաց դատական նիստը կարող է դառնալ դռնփակ: Դրանով դատավորն էլ ավելի ծանր վիճակում է դրել իրեն, մեղմ ասած, ավելացնելով դատավարական սխալների թիվը:

Ստացվում է, որ դատավոր Հովակիմյանը մինչ օրս տեղյակ չէ, որ եթե որոշում է կայացնում (որը նա չի արել) դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին, ապա հետագայում չի կարող այդ գործով կայացված ամբողջական վճիռը տեղադրել datalex.am կայքում, այսինքն` հրապարակել բանկային գաղտնիքը:

«Դատական օրենսգրքի» 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գործն ըuտ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մաuը հրապարակվում է դատարանի դռնբաց նիuտում»:

Նշված հոդվածից հետևում է, որ եթե նիստը դռնփակ է, ապա վճիռը ամբողջությամբ չի կարող հրապարակվել, քանի որ դրանում հնարավոր է առկա լինեն որոշակի գաղտնիքներ: Իսկ դատավոր Հովակիմյանը հայտնել է, որ դատական նիստը դռնփակ է, քանի որ շոշափվում են բանկային գաղտնիքներ, բայց իր վերջնական դատական ակտը ամբողջությամբ տեղադրել է կայքում: Ստացվում է, որ նա բանկային գաղտնիք է հրապարակել:

Մեկնաբանություններ (2)

David
Սխալ տեղեկատվություն անհիմն հոդված!!!
Vahagn
Մալադեց Հետք: Քեֆս բերիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter