HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդային քսանմեկ կնիք է մնացել, էն էլ` Գորիսի թաղայինների մոտ

06_07-gorisԴեռեւս խորհրդային ժամանակներից Գորիս քաղաքի 3000-ից ավելի սեփական տնատիրությունները բաժանված են 21 թաղերի, որոնք ունեն թաղային լիազորներ, յուրաքանչյուրը` «ՀԽՍՀ Գորիսի քաղաքային սովետի թաղային» դրոշմով մի կնիք, որով վավերացնում են տարբեր փաստաթղթեր: Յուրաքանչյուր տեղեկանքի համար թաղայինը, իր հայեցողությամբ, գանձում է 100-ից մինչեւ 1000 դրամ: «Գումարը գանձվում է տեղեկանքների ձեւաթղթերը բազմացնելու, թղթեր գնելու համար»,- ասում է թիվ 15 տարածքի թաղային Միհրան Միրումյանը: Նա նաեւ տեղեկացնում է, որ ինքը եւ մյուս գործընկերները միաժամանակ կանոնակարգում են թաղամասերի ջրամատակարարման, փողոցների բարեկարգման խնդիրները, ինչպես նաեւ քաղաքապետարանին «իրազեկում են բնակչությանը հուզող հարցերի մասին»: Միհրան Միրումյանը նաեւ հավելում է, որ բացի տեղեկանքներ տրամադրելուց, քաղաքապետարանի հանձնարարությամբ յուրաքանչյուր խոշոր եղջերավոր անասունի համար տարեկան 800 դրամ հարկ են գանձում, գումարը հանձնում քաղաքապետարանի գյուղբաժնին: «Պատահում է` չեն տալիս, բայց հատկապես թոշակի օրերին տնից-տուն եմ մտնում: Ստացական չեմ վերցնում, ոչ էլ քաղաքապետարանի գյուղբաժնում են տալիս, վստահության խնդիր է»: Մեկ այլ թաղային լիազորի կարծիքով` իրենք ավելի քիչ գումար են վերցնում տեղեկանքների դիմաց, քան բազմաբնակարան շենքերի բնակիչներից` «Գորիս ՏՆՏ» ձեռնարկությունը (նախկին ԲՇՏ): Նրա կարծիքով` իրենց նկատմամբ հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ կարողանում են քաղաքացիներին հետաքրքրող հարցերով միջնորդել տեղական իշխանությանը: Այն, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքն իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել բյուջետային հիմնարկներ, առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություններ, փաստ է, սակայն զարմանալի է, որ այս պարագայում ոչ միայն ավագանու համապատասխան որոշում չկա, այլեւ փաստաթղթերի վավերացման համար գործածվում են իրավական ուժ չունեցող կնիքներ: «Մի քանի տարի առաջ այս մասին մեզ հարցում են կատարել նաեւ ոստիկանությունից,- ասում է Գորիսի համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանը,- գուցե պիտի ժամանակի հետ փոխվե՞ն նրանց կնիքները, կամ համատիրություննե՞ր ստեղծվեն, սակայն դա միջոցների հետ է կապված»: Միջանկյալ նշենք, որ քաղաքում գործում է միայն մեկ համատիրություն, որը օրենքով նախատեսված լիազորություններ է իրականացնում փախստականներով բնակեցված թաղամասում: Տարիներ առաջ ստեղծվել է եւս մեկ համատիրություն, որը պիտի կանոնակարգեր Գետափնյա թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանության, շահագործման հետ կապված աշխատանքները, սակայն գործունեությունը սահմանափակվել է միայն կնիք ձեռք բերելով: Թաղային լիազորների տրամադրած տեղեկանքներից առաջինը հրաժարվել են բանկային ծառայությունները` պնդելով, որ համապատասխան տեղեկանքներն օրինական են, եթե տրամադրում է քաղաքապետարանը, թեպետ «Արդշինինվեստբանկի» Գորիսի մասնաճյուղում հերքեցին նման դրոշմով կնիքների հնարավորությունը: Գորիսի նոտար Լենա Գյուլնազյանի տեղեկացմամբ` արդեն երկրորդ տարին է, ինչ խորհրդային կնիքով տեղեկանքները պիտանի չեն նաեւ նոտարական ձեւակերպումների ժամանակ: Լսելով թաղային լիազորների տրամադրած տեղեկանքների իրավական ուժ ունենալու մասին` Գորիսի զբաղվածության կենտրոնի տնօրեն Վարուժան Գալստյանը զարմացավ` խոստովանելով, որ միչեւ այժմ ինքն ուշադրություն չի դարձրել այդ խնդրին, սակայն գործազուրկներն ըստ անհրաժեշտության համապատասխան տեղեկանքներ, թաղային լիազորների հաստատմամբ, ներկայացնում են: Սոցիալական ծառայության Գորիսի տարածքային գործակալության պետ Արա Միքայելյանը նշեց, որ այդ առթիվ դիմել է քաղաքային իշխանություններին, որտեղ պատասխանել են, որ նոր կնիքների ձեքբերումը կապված է միջոցների հետ, ուստի մասնավոր տների բնակիչներին ընտանեկան նպաստներ տրամադրելու համար որպես հիմք ընդունվում են թաղային լիազորների տրամադրած տեղեկանքները: Թե այդօրինակ տեղեկանքները որքանո՞վ իրավական ուժ ունեն, դժվարանում են պատասխանել նաեւ համայնքային իշխանությունում: Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի խոսքով` իրենք դիմել են նաեւ Տարածքային կառավարման նախարարություն, որտեղից որոշակի պատասխան չեն ստացել եւ, իր կարծիքով, տարօրինակ ոչինչ չկա, որ մարդկանց բնակության, ունեցվածքի, ընտանեկան դրության մասին փաստաթղթերը վավերացնում են, մեղմ ասած, ոչ պաշտոնական կառույցները` միանձնյա թաղայինները: Իրենք` թաղային լիազորները, խոստովանում են, որ իրենց գործունեությունն առավել կարեւորվում եւ ակտիվանում է հատկապես ընտրությունների ժամանակ` սկսած ցուցակների ճշտումից մինչեւ «ընտրողների կողմնորոշում»: Եթե հավատանք նրանց, խորհրդային դրոշմով եւ իրավական ուժ չունեցող թաղայինների գործունեությունը պիտի շարունակվի մինչեւ գարուն, քանի որ հենց այդ ժամանակ սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter