HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տիգրան Առաքելյանին տարան դատարանից

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական մեքենայով անհայտ ուղղությամբ տարան Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, ով ձերբակալված է հունիսի 5-ից: Այսօր ոստկանությունը դիմել էր դատարանին` Առաքելյանին կալանելու թույլտվություն ստանալու համար: Դատարանը, փաստորեն,  բավարարել է ոստիկանության խնդրանքը, քանի որ Տիգրան Առաքելյանը ազատ չի արձակվել դատարանի դահլիճից: Նշենք, որ դատարանը որոշումը կայացրել է դռնփակ դահլիճում: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ օրը ՀԱԿ-ի երիտասարդները թռուցիկներ են տարածել հուլիսի 2-ի հանրահավաքի վերաբերյալ: Աբովյան փողոցում երիտասարդները բախվել են ոստիկանների հետ: ՀԱԿ-ը հայտարարել էր, որ ոստիկաններն են ծեծի ենթարկել Տիգրան Առաքելյանին եւ մի քանի այլ ակտիվիստների, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց: Կատարվածի վերաբերյալ ոստիկանները հաղորդագրություն էին տարածել, որտեղ նշված էր, թե Տիգրան Առաքելյանն է ծեծի ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանին: Հուլիսի 5-ին Տիգրանը ձերբակալվել է, նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` «խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող անձին դիմադրություն ցույց տալով»: Նշենք, որ ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը, որին այսօր միացել են եւս մի քանի երիտասարդներ: «Եթե Տիգրան ազատ չարձակեն, մենք կդիմենք Հայաստանում օտարերկրյա դեսպանատներին, նաեւ միջազգային կառույցներին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը: Նա կոչ արեց բոլոր ուսանողական միության նախագահներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել հանուն երիտասարդի ազատության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter