HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեներալն ազդում է նաեւ դատարանի վրա

Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունի քաղաքի նստավայրում շարունակվեց Պավել Բաղմանյանի «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի հայցն ընդդեմ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի: Պավելը գեներալ Հայկազ Բաղմանյանի որդին է:

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանն իրեն պատկանող հողամասում գազալցակայան կառուցելու նպատակով ստացել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, ձեռք է բերել տեխնիկական պայմանները հիմնավորող բոլոր փաստաթղթերը, փորձագիտական եզրակացությունները: Պավել Բաղմանյանը, օգտվելով պանրագործարանին պատկանող փաստաթղթերից, նրա հողում 6038 քմ հատվածի վրա կառուցել է գազալցակայան եւ շահույթ է ստանում` առանց թույլտվության եւ վարձակալական պայմանագրի: «Հետքը տեղեկացրել է, որ գազալցակայնն աշխատում է առանց ՀԴՄ-ի» (Տես` «Գեներալի որդին զավթել է քաղաքացու սեփականությունը»): Դատական նիստը նախագահող դատավոր Վանիկ Վարդանյանը մեզ թույլ չտվեց դատարանում որեւէ լուսանկար անել: Այդ միջնորդությունը դատարանին ներկայացրեց Բաղմանյանի ներկայացուցիչը` դատավորի այդ որոշման հետ կապելով նրան ինքնաբացարկ հայտնելու կամ չհայտնելու միջնորդությունը: «Տեսնում եմ, որ սեղանին ինչ-որ ապարատ է դրված, խնդրում եմ դատարանին որոշել` պե՞տք է լուսանկարել դատարանի դահլիճում, թե՞ ոչ: Դատարանի այդ որոշումից հետո կասեմ` դատավորին ինքնաբացարկ հայտնու՞մ եմ, թե՞ ոչ»,- ասաց «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Նավոյանը: Դատավորը մի պահ դադար տվեց, ապա ճշտեց` լուսանկարչական ապարատը դատաքննության ընթացքում արդյոք օգտագործե՞լ ենք: Երբ ասացինք, որ չենք օգտագործել, անմիջապես հայտարարեց. «Այդ դեպքում արգելում եմ դատարանում որեւէ լուսանկարչական գործողություն կատարել, թույլ եմ տալիս միայն նիստը ձայնագրել»: «Շնորհակալություն»,- գոհունակությամբ ասաց Արմեն Նավոյանը:

Նիստին որպես երրորդ անձ հրավիրված էին նաեւ Մարտունու քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու Կադաստրի Մարտունու ստորաբաժանման գրանցման բաժնի պետ Ռազմիկ Կարապետյանը: Մինչեւ նիստի սկսվելը Ռ. Կարապետյանը բացահայտ դժգոհեց, որ լիազորագիրն իր անունով է տրված եւ իր վրա է մնացել դատարան գալու եւ բացատրություններ տալու պարտականությունը:

«Այ մարդ, թե էս լիազորագիրն ինձ խի՞ են տվել, ես էլ գլուխ չեմ հանում»,-հայտարարեց Կարապետյանը: Նիստը սկսվելուց րոպեներ անց դատարանը գործի քննությունը կասեցրեց անորոշ ժամկետով, երբ Պավել Բաղմանյանի ներկայացուցիչ Արմեն Նավոյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին փորձաքննություն իրականացնելու մասին: Հայցվոր կողմը նպատակ ունի փորձաքննություն իրականացնելու միջոցով հողը, որի վրա կառուցվել է գազալցակայանը, ճանաչել համայնքային սեփականություն եւ հետագայում տիրանալ դրան: Միջնորդության համաձայն` կադաստրի աշխատակիցները պետք է փորձաքննություն անցկացնեն` պարզելու համար Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող հողի իրական չափը, եւ թե դրա քանի տոկոսն է համայնքային սեփականություն: Պատասխանող Թաթուլ Բաղդասարյանն էլ ներկայացրեց հակընդդեմ հայց` պահանջելով ճանաչել սեփականության իր իրավունքը` այդ թվում ներկայումս «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող եւ ապօրինի կառուցված գազալցակայանը: Թաթուլ Բաղդասարյանն իր հակընդդեմ հայցում ներկայացրել է մի շարք իրավական ակտեր, որոնք կարգավորում են տվյալ հարաբերությունը, սակայն դատարանի ուշադրությունը հրավիրել է Քաղաքացիական օրենսգրքով ամրագրված այն դրույթի վրա, ըստ որի` ինքնակամ կառույցի վրա ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը: Թեեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու ստորաբաժանման կողմից Թաթուլ Բաղդասարյանին տրված սեփականության վկայականում գրված է, որ նրան է պատկանում Աբովյան 1 հասցեում գտնվող 6 հա հողամասը, որից 3.7 հա-ը սեփականության իրավունքով, իսկ 2.3-ը` վարձակալական: Տեղեկացնենք նաեւ, որ այդ հողամասը պանրագործարանին անհատույց է հատկացվել` Կառավարության որոշմամբ, եւ եթե այսօր վիճարկվում է հողամասի սեփականատիրոջ հարցը, նշանակում է, որ դատարանը ոչ բացահայտ վիճարկում է Կառավարության որոշումը: Նշենք, որ գործի քննության ավարտից հետո, երբ զրուցում էինք դատավորի հետ (գործուղման վկայականը կնքելու համար մեր միջեւ տարաձայնություն ծագեց), մեր խոսակցությանը միջամտեց դատարանի դահլիճում գտնվող Արկադի Զաքարյանը: «Հարգելի դատավոր, այս ամենը նրա արդյունքն է, որ իրան (նկատի ուներ ինձ - հեղ.) չհեռացրիք դահլիճից»,- ասաց Ա. Զաքարյանը: Երբ արձագանքեցի, թե դատարանի դահլիճից հեռացնելու պատճառ չկար, Արկադի Զաքարյանը սպառնաց. «Խելոք մնա, թե չէ հենց ստեղ ոտերդ կջարդեմ»: «Փորձիր»,- հնչեց իմ պատասխանը: «Իջի ներքեւ, տես ոնց եմ քեզ ջարդում»,-բարկացավ Զաքարյանը: Երբ իջա ներքեւ, Զաքարյանն արդեն հեռացել էր: Այս խոսակցությունը տեղի ունեցավ նիստերի դահլիճում, դատավարության բոլոր մասնակիցների ու դատավորի ներկայությամբ, սակայն ոչ կարգադրիչները, ոչ էլ դատավորը չսաստեցին Արկադի Զաքարյանին` ցույց տալով, որ նիստին լրագրողի ներկայությունը ձեռնտու չէ նաեւ իրենց: Բացի այդ, նիստի ընթացքում էլ այնպիսի տպավորություն էր, որ դատավոր Վանիկ Վարդանյանը ինչ-որ մեկի հրահանգն է կատարում: Նիստից հետո պատահմամբ լսեցինք նրա հեռախոսային խոսակցությունը, թե ինչպես էր նիստի ամբողջ ընթացքը ներկայացնում հեռախոսալարի մյուս կողմում գտնվողին: Նշենք, որ Արկադի Զաքարյանն իրեն հայտարարում է Հայկազ Բաղմանյանի թիկնապահ: Մարտունիում նրան այդպես են ճանաչում: Տեղեկացնենք նաեւ, որ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կանոնադրության (գրանցման օրը` 04.09.2007թ.) հավելվածում որպես 15 տոկոսի բաժնետեր նշված է նաեւ Ակադի Զաքարյանի անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter