HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սփյուռքահայ Ֆլորան չի հավատում, որ կարող է «մարդուն դատեն երկու հոգու սուտ ցուցմունքով»

13_07-F-Sargsyan«Անաստվածների գործը դրել ամուսնուս վրա սարքել են»,- ասում է սիրիահայ Ֆլորա Սարգսյանը: Նրա ամուսինը` Ավետիս (Բաշշար) Կալայջյանը, մեղադրվում է պետական և քաղաքական գործիչների, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ: Ֆլորա Սարգսյանը և Ավետիս Կալայջյանը 1999 թ. ծանոթացել են Հալեպում, այնուհետև ամուսնացել են, իսկ 2002 թ. հայրենադարձվել Հայաստան: 2004 թ. Ավետիսը, ավելի ուշ նրա հորդորով նաև կինը` Ֆլորան, անդամագրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ): 13_07-A-KalayjyanՍակայն այս տարվա մարտին Ավետիս Կալայջյանը «Հրաժարվում եմ Հանրապետական տաքանքանոցից» վերնագրով դիմում է գրել, որը, իբրև իրեղեն ապացույց, հայտնվել է օրեր անց նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում: Դիմումում «Խաբեբայապետ Սերժը և իր խաբեբաները» ենթավերնագրի ներքով Կալայջյանը գրում է, որ «լինելով Հանրապետական կուսակցության առաջին սփյուռքահայ անդամը», հրաժարվում է կուսակցությունից, քանի որ Արցախը, ամբողջությամբ լինելով պատմական Հայաստանի անքակտելի մասը, նրա թեկուզ մասնակի հանձնումն Ադրբեջանին համարում է ազգային դավաճանական դրսևորում: «Հրաժարվում եմ սույն ապազգային և հակացեղակրոն կուսակցությունից, որը շարունակում է բանտախցերում պահել հայ ազգի պարծանք ֆիդայի-ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին, սփյուռքահայերին և հայաստանցիներին` շարունակելով մնալ աշխարհի ամենաբռնակալ երկրների սանդղակում, խայտառակելով Հայաստանն ու հայ ազգը»: «Կեղծ ազգային միասնականության քողի տակ` շարունակում են խաբել խեղճ սփյուռքահայերին` ասելով, որ Սփյուռքի նախարարությունը լինելու է ձեր տունը, և «նախարարության աշխատողների լավ մասը լինելու են սփյուռքահայեր»,- ինչպես հայտարարում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Երբ անձամբ հարց են ուղղում նախարար Հակոբյանին, թե որքա՞ն սփյուռքահայեր են աշխատում նախարարությունում, ասում է` «կորցերել եմ հաշիվը»` փորձելով ինձ խաբել: Դառնալով ասացի` Սփյուռքի նախարարությունում ունենք ընդամենը մեկ սփյուռքահայ աշխատող, որը պատրաստվում է վերադառնալ Միացյալ Նահանգներ»,- գրում է Կալայջյանը: Նա իր ասելիքը եզրափակում է «միասին ազատագրենք Հայաստանը բռնատերերից, տականքներից, խաբեբաներից, դավաճաններից, հայրենիք հանձնողներից և սփյուռքի նախարարության փոխնախարարի պաշտոնները սփյուռքի փողատերերի վրա վաճառողներից» կոչով և դիմումն ավարտում «ազատություն կամ մահ» բառերով: «Հիմա մարդը կարող է իր նեղության ժամանակ մի երկու բան էլ ավել ասի, բայց իրականության մեջ էդ մարդը ցավ է տանում իր հայրենիքի համար: Կարող է դժգոհել է իշխանությունից, բայց ոչ մի ատեն չի ցանկացել, որ վատ բան լինի կամ ղեկավարին նեղություն տա»,- ասում է Ավետիսի կինը: Նրա խոսքերով` ամուսնու նեղվածության պատճառը ֆինանսական ծանր դրությունը և որոշ պաշտոնյաների կողմից խաբված լինելու հանգամանքն է: Ֆլորայի պատմելով` անցյալ տարվա մայիսին Ա. Կալայջյանը, գրավադրելով պաշտպանության նախարարության (ՊՆ) նախկին շենքի հարևանությամբ գտնվող իրենց հողամասը, տպագրության է հանձնել «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» գիրքը, որից 150 հատ տվել է ՊՆ-ին` 50-ը որպես նվիրատվություն, մնացածը` վաճառքի համար: «Սեյրան Օհանյանն ամուսնուս շատ լավ էր ընդունել: Բայց նախարարության գումարի բաժնի պետը` Մանուկ Մանուկյանը, կերևա` չէր ուզում մեզի փողը տալ. մինչև անգամ զանգեց ասաց` գրքերը կորցրել են, պահեստում չի: Բայց իրականում բաժանել են զորամասերում, իսկ գումարը (600 հազար դրամ) մինչև հիմա չեն տալիս»,- ասում է Ֆ. Սարգսյանը: Այս տարվա մարտի 20-ին հերթական անգամ ՊՆ-ից գումարը ստանալու անհաջող փորձից հետո Ավետիսը հյուրընկալվել է նախարարության հարևանությամբ ապրող իր ընկերոջ` Մարտիկ Բաղդասարյանի բնակարանում: Սակայն ընկերը տանը չի եղել, և նա սրճել է Մարտիկի որդու` Մասիս Բաղդասարյանի հետ: Այդ ընթացքում բնակարան է եկել Մասիսի ընկերը` ազատամարտիկ Ժիրայր Մկրտումյանը: Ըստ քրեական գործի նյութերի` «Կալայջյանը, համոզվելով, որ Ժ. Մկրտումյանը ՀՀ իշխանությունների հանդեպ ունի ընդդիմադիր կեցվածք, ներկայացրել է իր հացավոր ծրագիրը. ապրիլի 12-ին` «Սուրբ Զատիկ» եկեղեցական տոնի ժամանակ, իրականացնել մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մայր տաճար այցելած նախագահ Ս. Սարգսյանի և ՀՀ պետական ու քաղաքական այլ բարձրաստիճան գործիչների սպանությունը»: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչների տվյալներով` Ավետիսը, սպանությունն իրագործելու համար, ազատամարտիկ Մկրտումյանին առաջարկել է հայթայթել 2-3 «Կալաշնիկով» տեսակի կարճեցված ինքնաձիգ` խոստանալով յուրաքանչյուրի համար տրամադրել 500-ական ԱՄՆ դոլար: «Ամբողջ քրեական գործը սարքովի բան ա: Էդ մարդու (Մարտիկ) տանը Ավետիսի հետ այդ տղաները խոսել են դեսից-դենից, բողոքել են ղեկավարությունից, խոսք են տարել, որ պետք է էս իրավիճակից դուրս բերել երկիրը, պետք է ղեկավարին զենքով վերացնել: Իսկ Ավետիսը նույնիսկ 3 անգամ դադարեցրել է խոսակցությունը` մտածելով, որ իրեն ձեռք են առնում: Այդչափ անլուրջ է վերաբերվել խոսակցությանը: Բայց դրանք հետո իրանց ասածներն Ավետիսի վրա են դրել»,- ասում է Ֆլորան: Քրեական գործի համաձայն` ազատամարտիկ Ժիրայրը «գեներալի» (Ավետիս Կալայջյանի) ծրագրերի մասին հայտնել է Հովհաննես Քերտեշյանին` անվտանգության նկատառումներով խորհուրդ տալով վերջինիս «Զատիկի» տոնին Էջմիածնի եկեղեցի չգնալ: Հովհաննեսն էլ այդ ամենը հաղորդել է ԱԱԾ-ին, ինչի արդյունքում Ավետիս Կալայջյանը ձերբակալվել է: «...Ես երբևիցե չեմ պատրաստվել կատարել հանցագործություն, առավել ևս` Ձեր սպանությունը: Նշեմ նաև, որ ես որևէ գործողություն, ուղղված սպանության նախապատրաստմանը, չեմ կատարել: Այդ փաստն ապացուցվում է նաև քրեական գործով ձեռքբերված ցուցմունքներով, որտեղ վկաներ Մասիս Բաղդասարյանը և Ժիրայր Մկրտումյանը հայտնում են, որ չեն դիմել իրավապահ մարմիններին, որովհետև լուրջ չեն ընդունել իմ խոսքերը»,- կալանավայրից Սերժ Սարգսյանին ուղարկած նամակում գրել է Ավետիսը: Ապրիլի 6-ին հարուցված քրեական գործի նկարագրական մասում նշված է, թե «Կալայջյանը, 2002-ին Սիրիայից ժամանելով ՀՀ և փառասիրական ձգտումներից ելնելով` Հայաստանի պետական, հասարակական-քաղաքական կյանքում դերակատարություն ունենալու համար ՀՀ իշխանություններին ներկայացրել է, որ ինքը կարող է սփյուռքի հարցերով ՀՀ-ում բարձր վարչական պաշտոն զբաղեցնել: Սակայն չհասնելով այդ նպատակին և դրա ձախողման մեջ մեղադրելով նախագահ Ս. Սարգսյանին և պետական ու քաղաքական մյուս գործիչներին` վրեժխնդրությունից դրդված ծրագրել է սպանության միջոցով դադարեցնել նրանց գործունեությունը»: «2003 թ. ամուսինս կազմել է Սփյուռքի նախարարություն ստեղծելու ծրագիր: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բոլորն էլ հավանություն էին տվել: Հետո Քոչարյանն աթոռից իջավ, որպես նախագահ Սերժն էր նստելու, էդ ժամանակամիջոցին նրա օգնականը զանգ տվեց ամուսնուս և այնպես եղավ, որ 2-3 անգամ տեսնվեցան իրար հետ ու խոսել են սփյուռքի նախարարության ծրագրի մասին: Նույնիսկ ամուսնուս ասել են, որ ուզում են իրեն պաշտոն տալ` նախարարի պաշտոնը»,- պատմում է Ավետիսի կինը և նշում, թե նախագահի հիշյալ օգնականի անունն ինքը չի իմանում: Ֆլորան մանրամասնում է, որ հետագայում ԱԱԾ-ի աշխատակիցներից` Արմեն Ղազարյանն իրեն ասել է, թե իրականում նախագահ Սարգսյանի օգնականներից որևէ մեկն Ավետիսին չի հանդիպել, ինչին ինքը չի հավատում: «Հետո Սփյուռքի նախարար նշանակեցին Հրանուշ Հակոբյանին: Ամուսինս շատ հարգում է իրեն և ասում էր` ավելի լավ, սփյուռքին մեջ թող երևա, որ հայաստանցին է առաջ տանում իրենց խնդիրները: Այնուհետև Ավետիսին փոխնախարարի պաշտոնը խոստացան, մի ուրիշ անգամ բաժնի վարիչի, բայց վերջում դարձավ ոչ մի բան,- հիշում է Ֆլորան: - Ճիշտն ասած` ամուսինս շատ նեղված էր. մենք գրավատանը տոկոսներ ենք տալիս, վարձով ենք ապրում, ինձ վիրահատելու համար գումար էր պետք: Բայց դա չի նշանակում, որ նա կարող էր այդպիսի բան անել. ուղղակի անհեթեթություն է նման բան մտածել»: Ֆլորան նշում է, որ սկզբում անընդհատ լացում էր, իսկ հիմա ուղղակի ծիծաղում է «ֆիլմ հիշեցնող» այս պատմության վրա, որովհետև չի հավատում, որ կարող է «մարդուն դատեն երկու հոգու սուտ ցուցմունքով»: Գործի հիմքում դրված է Մասիսի և Ժիրայրի ցուցմունքները: Բուն դատաքննությունը դեռ չի սկսվել: Նախորդ` նախապատրաստական նիստերից մեկի ժամանակ դատարան էր եկել Մասիսի հարևանուհին` Գայանե Սահակյանը, իր խոսքերով` «դատարանից արդարություն պահանջելու համար»: Նա նշում է, որ Մասիս Բաղդասարյանը տարօրինակություններ ունի, նախկինում դատապարտված է, սիրում է խմել, և «չի կարելի հիմնվել միայն նման մարդու ասածների վրա»: «Մասիսի ընտանիքը դեպքից հետո գնացել է: Շենքում ոչ մեկս չգիտենք, թե նա ուր է: Դեռ հունվարից նա սրան-նրան խաբելով գումար էր ման գալիս Ռուսաստան գնալու համար: Եվ ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է դատարանը նրան գտնելու կամ առանց նրա դատ անելու»,- ասում է 43-ամյա Գայանեն: Ավետիս Կալայջյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 35-305 հոդվածներով, որի հաստատման դեպքում նրան սպառնում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում: Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 20-ին  կշարունակվի դատավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter