HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիները մեծարեցին Վլադիմիր Մսրյանին

Msryan_20.07.09 Հուլիսի 19-ին Ալավերդի քաղաքի եւ մետալուրգի ու հանքափորի օրվա տոնական միջոցառումների շրջանակուն Ալավերդու մշակույթի պալատում  տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ  Վլադիմիր Մսրյանի մեծարման երեկոն: Մեծանուն դերասանն իր ծնողների` Հովհաննես և Արաքս Մսրյանների կողմից  Ալավերդիում ծավալած թատերական գործունեությամբ է առնչվում Ալավերդի քաղաքի հետ: Հովհաննես և Արաքս Մսրյանների ակտիվ մասնակցությամբ 1934թ.-ին Ալավերդիում բացվել է Պետական բանվորական թատրոն, որտեղ էլ նրանք երկար տարիներ աշխատել են: Այդ տարիներին  Վլադիմիր Մսրյանը ապրել է Ալավերդիում: «Երբ Քարե կամրջի մոտ  տուրիստներ էին լինում, ես ասում էի` ձյաձա,  ձյաձա  20 կոպեկ տվեք, ես էստեղից ինձ գցեմ: Եվ ես փողն ստանալուց հետո  Քարե կամրջից նետվում էի գետը»,- պատմեց Վլադիմիր Մսրյանը: Մեծարման երեկոյի սկզբում ալավերդցիները դիտեցին հատվածներ  հանրահայտ  «Նիկոլո Պագանինի» կինոնկարից և Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմականացված Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» և այլ ներկայացումերում Վլ. Մսրյանի  դերակատարումներից: Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը  համայնքի ավագանու որոշմամբ քաղաքապետարանի պատվոգրով պարգևատրեց Վլադիմիր Մսրյանին: «Արմենիա Քափըր Փրոգրամ»  ընկերության  տնօրեն Գագիկ Արզումանյանը բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասաց  և դերասանին հեռուստացույց նվիրեց: «Ես Ձեզ նվիրում եմ մի հեռուստացույց, որ դուք հիշեք `Ձեր մեջ կա մետալուրգի արյուն»,- ասաց  Գ. Արզումանյանը: Դերասանին ողջույնի  խոսքեր ասացին Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցի աշակերտները:  Աշխատանքի և պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Սուրեն Իսրայելյանը փայլուն հաղթանակներ մաղթեց դերասանին: Ալավերդու մշակույթի պալատի թատրոնը Հրաչյա Պապինյանի ռեժիսորական իմպրովիզացիաներով ներկայացրեց հատված Բոմարշեի«Ֆիգարոյի ամուսնությունը»  ներկայացումից, որտեղ դերասանները հաճոյախոսություններով դիմում էին մեծ դերասանին: Ալավերդու ազատամարտիկների անունից արտասանած իր  խոսքում   Ռաֆիկ Ղազինյանը ասաց. «Ես բախտ եմ ունեցել Վլադիմիր Մսրյանից լսելու հպարտորեն ասված խոսքեր` Ես ալավերդցի եմ, ես շնաձորիկցի եմ (Շնաձորիկը ներկայումս Ալավերդու Ջրավազան թաղամասն է), ես լոռեցի եմ»: Վլադիմիր Մսրյանի թատրոնում և կինոյում անցած ճանապարհն ալավերդցիներին ներկայացրեց թատերագետ Լևոն Մութաֆյանը, որն էլ իր խոսքում հիշատակեց, որ Մսրյանի առաջին բեմելը եղել է Ալավերդիում, 2 տարեկանում նա Ալավերդու պետական թատրոնի բեմադրություններից մեկում դերասանուհիներից մեկին մայրիկ կոչելով բեմ է վազել, իսկ տարիներ անց, նա  այդ  դերասանուհուն պարտադրված կրկին կոչել է մայրիկ, որովհետև նա իր զոքանչն է դարձել: «Մսրյանը հեռու է հայ ազգային թատրոնից, նա բերեց ինտելեկտուալ դերասանի տեսակը: Մսրյանը իր Համլետով փշրեց բոլոր կարծրատիպերը, նա բերեց նոր Համլետ: Մսրյանի Հուլիոս Կեսարը ռազմատենչ էր, որը աշխարհի հետ խոսում էր դու-ով: Մսրյանը իր հոգեկան ծանր պահերին հավատարիմ է մնացել թատրոնին»-  այս այլ բնութագրումներով մեծ արվետագետին ներկայացնում էր թատերագետը: «Չեք պատկերացնի թե ինչքան հուզված եմ, կլինի շուրջ 20 տարի ես չեմ եղել Ալավերդիում: Եվ այսօր ներկա եմ լինում մի հրաշք տոնի, ուզում եմ շնորհավորել ալավերդցիներին գեղեցիկ տոնի առթիվ, որովհետև այս քաղաքն ունի իր տեսակը: Յուրաքանչյուր մարդ պետք է ուրախանա իր ծննդավայրում, ես հպարտանում եմ, որ լոռեցի եմ, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, բայց միշտ այդպես է եղել իմ կյանքում: Անցյալ տարի հոբելյանական տարի էր ինձ համար, ես ասեմ, որ այսօր կարծես թե հոբելյանը շարունակվում է, մանավանդ, որ այս քաղաքը տոնում է և այդ տոնի մեջ ընդգրկված եմ ես: Ես հպարտ եմ նաև նրանով, որ իմ ծնողները ծառայել են այս գեղեցիկ ժողովրդին, մեր լոռեցիներին: Հիշում եմ, իմ ծնողները հաճախ հրավերքներ էին ստանում մայրաքաղաք վերադառնալու, նրանք ասում էին` ոչ, Լոռին էլ դա վայր է և ունի հանդիսատես, պետք է ծառայեն մեր Լոռվա հանդիսատեսին: Փառք այդ մարդկանց»,- ասաց Վլադիմիր Մսրյանը: Վլադիմիր Մսրյանը հանդիսատեսին պատմեց իր մանկության հիշողություններից. «Ես փոքր երեխա էի, հիշում եմ, հինգ տարեկան, ինձ մենակ էին թողնում տանը, ծնողներս գյուղեր էին գնում հյուրախաղերի և ուշ գիշերով, երբ վերադառնում էին, ես այնքան փոքր էի, որ չէի կարողանում դուռը բացել, տաբուրետկայի վրա էի կանգնում, դուռը բացում էի, տեսնում էի իմ ծնողների հոգնած դեմքերը, բայց խանդավառված, որովետև ծառայել էին լոռեցիներին, ես երբեք չեմ մոռանա այդ օրը, այդ գեղեցիկ պահը, իմ կյանքում դա միշտ ինձ հետ է: Ես չեմ մոռանում նաև քրոջս Ժասմենային, որ նույնպես հայ բեմում մեծ դիապազոնի դերասանուհի էր: Ես հպարտ եմ նաև, որ ունեցել եմ նման քույր, մեծ արտիստ»: Վլադիմիր Մսրյանը շնորհակալություն հայտնեց երեկոյի բոլոր կազմակերպիչներին: «Ես այս տարի նաև ավագանի եմ ընտրվել, բա: Դերասանը մի բան պետք է թողնի էս աշխարհին: Ես գոհ եմ իմ կյանքից, բեմից : Արվեստում ինչ որ մի բան թողել եմ: Թողնելու եմ, բայց ես ուզում եմ, որ մեր քաղաք Երևանին նույնպես օգտակար լինել: ԻՆչքան հնարավորությունս ների ես պատրաստ եմ ծառայելու նաև իմ շատ սիրած Ալավերդի քաղաքին:Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, իմ հայ ժողովրդին, եւ ուզում եմ ասել չարենցյան խոսքերով. Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ.- Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter