HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական տեղեկագրում Գեղարքունիքի մարզի ՏԻՄ-ի նորմատիվ իրավական ակտերի քանակը կտրուկ աճել է

Լուսինե Թոփլաղացյան

Գեղարքունիքի մարզպետարանի իրավաբան Նորիկ Ղազարյանի տեղեկացմամբ` մարզպետարանը 2009 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկել մարզի ՏԻՄ-երի ընդունած 150 նորմատիվ իրավական ակտ: Նախարարությունը դրանցից երկու-երեքի վերաբերյալ ուղարկել է փորձագիտական եզրակացություններ` համապատաuխան փոփոխություններ կատարելու առաջարկով:

Սակայն մարզի ՏԻՄ-երի ուղարկած նորմատիվ իրավական ակտերի թիվն ավելի մեծ է, քանի որ որոշ համայնքներ, պահպանելով օրենքի պահանջը, հենց իրենք են իրենց ընդունած ակտերն ուղարկում փորձաքննության: Հիմնականում ուղարկում են մարզի քաղաքային համայնքների եւ Մարտունու վարչատարածքի մի քանի համայնքներ: Քանի որ համայնքները դժվարանում են օրենքի պահանջներին համապատասխան ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկել իրենց ընդունած նորմատիվ իրավական ակտերը, մարզպետարանն այդ հարցում աջակցում է ՏԻՄ-երին: «Շատ համայնքապետեր նախարարության տեղն անգամ չգիտեն»,- հավելում է Ն. Ղազարյանը: Գեղարքունիքի մարզպետարանի իրավաբանը նշում է նաեւ, որ որոշ համայնքների ղեկավարներ դիմում են իրենց` մասնագիտական աջակցության համար: Երբեմն մարզպետարան են բերում ավագանու անդամների ստորագրած որոշումներ, մինչդեռ որոշումը չպետք է ստորագրվի: Նորմատիվ իրավական ակտերը համայնքներում հաճախ չեն թելակարում, չեն կնքում, հետեւապես իրենք համապատասխան շտկումներ են կատարում` իրավական ակտերը պատշաճ տեսքով Արդարադատության նախարարություն ներկայացնելու համար: Նորմատիվ իրավական ակտերը Արդարադատության նախարարություն են ուղարկվում երկու oրինակից, կից նամակով: Իրավական ակտերի oրինակներից յուրաքանչյուրը կնքվում է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով եւ թելակարվում է: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՏԻՄ-երի նորմատիվ իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մաuին տեղեկանքը, ինչպեu նաեւ այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է: Ն. Ղազարյանի տեղեկացմամբ` երբ մարզպետարան առաքված ավագանու որոշումները չեն համապատասխանում կամ հակասում են oրենuդրությանը, ապա որոշումները փոփոխելու համար համայնքի ղեկավարին առաջարկվում է այդ հարցով եռoրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիuտ: Որոշումները շտկելու հարցով իրենց կողմից դատարան դիմելու դեպքեր չեն եղել: Նկատենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5-րդ հոդվածը սահմանում է. «Մարզպետի պահանջով հրավիրվող նիuտում որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիuտը չկայանալու դեպքում մարզպետն իրավունք ունի որոշումը բողոքարկելու դատական կարգով»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջով` ՏԻՄ-երի նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման: ՀՀ արդարադատության նախարարությունը յուրաքանչյուր եռամuյակի համար հրատարակում է «Քաղաքային եւ գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու»: Այդ ժողովածուների հրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Թերթելով 2007, 2008 եւ 2009 թվականների մի քանի` պատահականորեն ընտրված ժողովածուները` կարելի է նկատել, որ 2009 թ. ընթացքում Գեղարքունիքի մարզի ՏԻՄ-երի հրատարակած նորմատիվ իրավական ակտերի քանակը կտրուկ աճել է: Այսպես` 2007 թ. գ 5 ժողովածուի մեջ տեղ է գտել միայն մեկ նորմատիվ իրավական ակտ` ընդունված Մարտունու ՏԻՄ-ի կողմից: 2008 թ. գ 1 ժողովածուում տեղ են գտել չորս նորմատիվ իրավական ակտեր` ընդունված Մարտունու քաղաքային եւ Գեղարքունիք, Դդմաշեն, Լանջաղբյուր համայնքների կողմից: Նույն տարվա հաջորդ` գ 2 ժողովածուում տեղ են գտել երկու նորմատիվ իրավական ակտեր` ընդունված Սեւանի եւ Զովաբերի ՏԻՄ-երի կողմից: Իսկ արդեն 2009 թ. գ 1 ժողովածուում տեղ են գտել յոթ նորմատիվ իրավական ակտեր` ընդունված Աղբերք, Արծվանիստ, Գեղարքունիք, Զովաբեր, Լանջաղբյուր, Հայրավանք, Շորժա համայնքների ՏԻՄ-երի կողմից: Ավագանու 6 որոշումներով հաստատվել են ավագանու կանոնակարգեր, 1 որոշմամբ` տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափեր: 2009 թ. գ 2 ժողովածուն Գեղարքունիքի մարզի կտրվածքով պարզապես ռեկորդային է. դրանում տեղ են գտել 37 նորմատիվ իրավական ակտեր` ընդունված Ճամբարակի եւ 36 համայնքների ՏԻՄ-երի կողմից: Գեղարքունիքի մարզպետարանի իրավաբան Նորիկ Ղազարյանի հավաստմամբ` վերջին շրջանում կատարված աշխատանքների շնորհիվ ներկայումս մարզի բոլոր համայնքներն ունեն ավագանու կանոնակարգեր: Թեպետ ասվածի առնչությամբ առաջընթացը նկատելի է եւ ուրախալի, սակայն սրանով չեն լուծվում ՏԻՄ-երի ընդունած որոշումների հրապարակայնության ու թափանցիկության հարցերը: Քաղաքային եւ գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուները հրատարակվում են սահմանափակ տպաքանակով եւ հասու են միայն ոլորտի ներկայացուցիչներին, իսկ չհրատարակված իրավական ակտերը դառնում են պարզապես գաղտնի փաստաթղթեր: Համայնքների մեծ մասում փակցված տեղեկատվական ցուցատախտակները չեն ծառայում իրենց նպատակին: Հաճախ տեղադրված նյութերն ամիսներով, անգամ տարիներով չեն փոխվում: Իհարկե, կան օրենսդրությամբ պահանջված տեղեկություններ, որոնք պետք է փակցված մնան ամբողջ տարվա ընթացքում: Տեղական ինքնակառավարման ոլորտի համար այդ տեղեկությունների թվին են պատկանում համայնքի տվյալ տարվա բյուջեն, հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մաuնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոuային համարները, էլեկտրոնային փոuտի հաuցեները, մատուցվող ծառայությունների գները, տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, դրանց վճարման կարգի եւ ժամկետների վերաբերյալ տեղեկությունները եւ այլն: Սակայն ամենաթափանցիկ աշխատաոճ ունեցող համայնքապետարանում անգամ հնարավոր չէ տեսնել պահանջվող բոլոր տեղեկությունները: Մի քանի տեղեկությունների առկայությունն արդեն տպավորվելու առիթ է, սակայն տպավորվում ես ոչ թե լիարժեք, այլ կիսատ աշխատանքով: Ամեն ինչ համեմատության մեջ է` փորձում է մեզ համոզել հայկական գովազդը: Սակայն համեմատությունների արդյունքով գոհանալը չի կարող տանել դեպի զարգացում: Համեմատություններով առաջնորդվելու դեպքում այսքան արագ զարգացող աշխարհում մեր տեղական ինքնակառավարման համակարգի կայացման համար դեռ մի քանի դար կպահանջվի: Երբ 10-20 տարի պաշտոնավարող համայնքի ղեկավարը բյուջետային մեծ պարտքեր է կուտակում, սակայն նրան անվստահություն չեն հայտնում իր կուսակցական պատկանելության պատճառով, եթե մեր կուսակցությունները սատարում են իրենց կուսակցականին միայն իրենց մարդը լինելու պատճառով, կարո՞ղ ենք մտածել զարգացման մասին: Եթե բնակչությունը լուռ հանդուրժում է, որ իրենց ղեկավարեն մարդիկ, ովքեր գոնե տարին մեկ անգամ հաշվետու չեն լինում, սակայն փառաբանվել են ուզում, կարո՞ղ ենք զարգանալ: Եթե համայնքի ղեկավարը «բողոքող տղա» չլինելու համար չի ուզում բողոքի ձայն բարձրացնել իր համայնքի շահը պաշտպանելու համար, կարո՞ղ ենք գնալ դեպի զարգացում: Եթե փոքր գյուղում, բացի համայնքապետից, ուրիշ ոչ մեկի ֆինանսական վիճակը չի լավանում, առհասարակ, կարո՞ղ ենք հուսալ զարգացման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter