HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի ջրամատակարար կազմակերպությանը 30-ից ավելի դատական հայց է ներկայացրել քաղաքացիների դեմ

Թոշակառու Ասյա Սիմոնյանը Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղից հիշեցման թերթիկ է ստացել, որով նախազգուշացվում է, որ խմելու ջրի նրա պարտքը 2004-06 թթ.-ի համար կազմում է 180 հազար դրամ: Նման հիշեցման թերթիկներ Գորիսում ստացել են հարյուրավոր ընտանիքներ: Ըստ այդ թերթիկների` Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման մասնաճյուղի Գորիսի տեղամասի առանձին բաժանորդների խմելու ջրի պարտքերը հասնում են մի քանի հարյուր հազար դրամի: «Սեւ թղթի» հասցեատերերի գերակշիռ մասը վաղուց ջրաչափեր է տեղադրել, կնքվել են պայմանագրեր, ըստ հաշվիչի ցուցմունքի պարբերաբար վճարումներ է կատարում, ուստի շատերի համար անհասկանալի է երեւույթը: «Այս մասին որեւէ մեկը բացատրություն չի տալիս, արդյունքում քաղաքացիների մեծ մասը, ովքեր այդօրինակ հիշեցման թերթիկներ են ստացել, դիմում են քաղաքապետարան»,- ասում է Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանը: Նա, ինչպես նաեւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ եւս նման հիշեցումներ են ստացել: Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի պետ Վրույր Հովհաննիսյանին հանդիպել այդպես էլ չհաջողվեց, սակայն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` նախկինում բաժանորդների գերակշիռ մասը տեղեկացված է եղել կուտակված պարտքերի մասին: Ժամանակի ընթացքում նրանցից շատերին առաջարկվել է որոշակի գումար վճարելու պայմանով զրոյացնել պարտքը: Թե ինչ սկզբունքով` որեւէ մեկնաբանություն չի տրվել: Այսօր էլ հիշեցման թերթիկներ ստացած բաժանորդների նկատմամբ տարբեր քաղաքականություն է տարվում. ոմանց առաջարկում են մի մասը վճարել, ոմանց հետ պարտքերի մարման ժամանակացույց է կազմվում, երրորդների դեմ դատական հայց է հարուցվում: Ինչպես տեղեկացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գործավար Մերի Աղաբեկյանը, դատարանը մասնաճյուղից ջրամատակարարման, ջրահեռացման պարտքի գանձման պահանջով արդեն 30 հայցադիմում է ընդունել: Մասնաճյուղի Գորիսի տեղամասի իրավաբան Արթուր Քյարունցը հրաժարվեց այս մասին որեւէ տեղեկություն տրամադրել` պատասխանելով, որ իրավասու չէ եւ «ինքը վերադաս ունի»: Փոխարենը հուլիսի 17-ին կայացած դատական հինգ նիստերի ընթացքում ջրամատակարարների շահերը ներկայացնող իրավաբանը պնդում էր, թե գումարը պիտի բռնագանձվի: Համլետ Թադեւոսյանը, ով ջրի պարտքի համար առաջինը կանգնեց դատարանի առաջ, իր խոսքով` իրեղեն ապացույցներ ուներ, որով փորձում էր համոզել դատարանին, որ հայցը, որով պահանջում էին 207 հազար դրամ բռնագանձել խմելու ջրի համար, անհիմն է` ասելով, որ հայցի մեջ ջրամատակարարները օգտագործված ջրի պարքը հաշվարկել են` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի որոշումը, ըստ որի օգտագործված ջրի հաշվարկը կատարվում է միասնական սկզբունքով` հաշվի առնելով խողովակի տրամագիծը, այն դեպքում, երբ մինչ այդ բաժանորդը բազմիցս դիմել է տեղամաս` ասելով, որ ջուր չեն ստանում: Հ. Թադեւոսյանը դատարան էր ներկայացրել նաեւ լուսանկար, որտեղ պատկերված էր իր բնակելի տնից հեռու գտնվող ջրատարը, որտեղից մինչեւ ջրաչափ տեղադրելն իր ընտանիքը դույլերով ջուր էր տեղափոխում: Ա. Քյարունցը չառարկելով, որ Հ. Թադեւոսյանն, իսկապես, խմելու ջրի խնդրով մի քանի անգամ դիմել է տեղամաս, այնուամենայնիվ պնդեց, որ օգտագործված ջրի հաշվարկն ինքը չի կատարում, եւ հայցը, ըստ նրա, հիմնավոր է, բավարար ապացույցներ կան գումարը գանձելու համար: Դատարանին, այնուամենայնիվ, հետաքրքրեց, թե 2004 թվականի պարտքերի մասին ջրամատակարար կազմակերպությունն ինչու՞ է հիշել այսքան տարի անց, եւ ի՞նչ մեխանիզմով է կատարվում խմելու ջրի վճարումների հաշվառումը, ինչու՞ են բաժանորդները փորձում ապացուցել, որ իրենք, այնուամենայնիվ, վճարումներ կատարել են հսկիչներին, սակայն դրանց մասին հաստատող անդորրագրեր կամ չեն ստացել, կամ` չեն պահպանվել: Այս առթիվ Ա. Քյարունցը տեղեկացրեց, որ մինչեւ վերջին տարիները ջրամատակարարման, ջրահեռացման համար վճարումների մասին գրանցումներ կատարվում էին մատյաններում: Այնուհետեւ դրանք տեղափոխվել են համակարգչային բազա, ուստի հնարավոր է, որ թույլ տրված լինեին աննշան թյուրիմացություններ, ինչը, իրավաբանի կարծիքով, չի կարող էական նշանակություն ունենալ: Ըստ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղի` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի` Գագիկ Աղաջանյանից դատարանի միջոցով պետք է բռնագանձվի 286 հազար դրամ: «1979 թվականից մշտական գրանցում ունեմ Երեւան քաղաքում, որտեղ եւ այժմ ապրում եմ: Կինս մահացել է տարիներ առաջ: Օգտագործված ջրի պարտքը հաշվարկվել է ինը անձի համար, որոնց մեջ ընդգրկված ենք ես, կինս եւ երեխաներս, ովքեր վաղուց առանձին բնակարանում են ապրում: Անգամ բոլորս միասին ինը հոգի չենք, չեմ հասկանում հաշվարկի մեխանիզմը»,- դատարանում հայտարարեց Գ. Աղաջանյանը` խնդրելով հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը հնարավորություն ունենա անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Վանյա Խաչատրյանին Գորիս քաղաքում բոլորն են ճանաչում, տեղյակ են, որ եղբոր սեփականությունը համարվող առանձնատանը միայնակ է ապրում: Նրա անվամբ ջրամատակարարող կազմակերպությունը 270 հազար դրամի դատական հայց է ներկայացրել: Դատավոր Մ. Հովակիմյանի կարծիքով` հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ դատարան ներկայանալն արդեն իսկ մեղքի ընդունում է եւ հաճախ այս պատճառով քաղաքացիները, որոնց դեմ մատակարարող որեւէ կազմակերպություն, այս դեպքում ջրամատակարարները դատական հայց են ներկայացնում, խուսափում են` չգիտակցելով, որ «դատարանում նրանց հնարավորություն է տրվում պաշտպանել իրենց շահերը»: Իրենք` բաժանորդները, փաստաբան չունեն: Համլետ Թադեւոսյանն այս խնդրով դիմել է մի փաստաբանի` խնդրելով դատարանում պաշտպանել իր շահերը, մերժում է ստացել, որի հիմնավորումը մեկնաբանվել է, թե «դա դատարկ գործ է, անհրաժեշտություն չկա»: «Ոչ որեւէ փաստաբան է հանձն առնում, ոչ էլ քննություն է կատարվում քննիչի կողմից: Հայցը հարուցում են, հաջորդ քայլը դատական նիստի ծանուցումն է: Դատավորը, որքան էլ որ օրենքի շրջանակներում դատական նիստ է անցկացնում, միեւնույն է, չի կարող նիստի ընթացքում վճռել, թե ով է իրավացի, երբ պատասխանող կողմն իր շահերը պաշտպանող չունի»,- ասում է Հ. Թադեւոսյանը: Հուլիսի 17-ին տեղի ունեցած առաջին դատական նիստերի վճիռները կհրապարակվեն հուլիսի 30-ին: Թե ում օգտին կլուծվի խնդիրը, դժվար է կանխագուշակել: Փաստ է այն, որ Գորիս քաղաքում շրջանառվող ամենակարեւոր թեման այսօր ջրի պարտքի մասին հիշեցման թերթիկներն են եւ ջրամատակարարման տեղամասի հսկիչների «սպառնալիքները»` պարտքի մի մասը վճարեք, որ դատարանի դուռը չհասցնենք»: Այն հարցից բացի, թե ինչպես է կատարվել ջրամատակարարման, ջրահեռացման պարտքերի հաշվարկը, բաժանորդներին հետաքրքրում է նաեւ, թե ինչպես եղավ, որ ՀՀ նախագահական ընտրություններից առաջ իրենց հորդորում էին վճարել խմելու ջրի վճարների նվազագույն չափը` ասելով, թե մյուս մասը փոխհատուցելու է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս մշուշոտ պատմության մեջ անպաշտպան մնացած քաղաքացիներից շատերի միակ հույսը մնում է այն, որ գուցե մինչեւ դատարան գնալու հերթն իրենց հասնի, նախագահական նոր ընտրություններ սկսվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter