HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Այսօր Մատենադարանի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքն արդեն մեկնարկել է: Այն վարում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Մասնակիցների շարքերը բավականին խիտ են, և մարդկանց հոսքը դեպի Մատենադարան դեռ շարունակվում է:

Արամ Մանուկյանի առաջարկով հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բնական աղետի հետևանքով զոհված ճապոնացիների և Լիբիայում «գժի և խելառի» պատճառով զոհվածների հիշատակը:

Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԱԿ համակիր Երվանդ Մանարյանը:

«Տարոսը Սասունին, Սարգիսին, մյուս քաղբանտարկյալներին»

Այսօր ազատ է արձակվել մարտի 1-ի դեպքերի առթիվ ձերբակալված Հարություն Ուռուտյանը: Մատենադարանի մոտ մեկնարկած հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը աչքալուսանք տվեց ժողովրդին, որ «Շիրակի մարզի պինդ տղերքից մեկն» ազատ է արձակվել: Արամ Մանուկյանը նշեց, որ նախկին քաղբանտարկյալն արդեն շտապում է Մատենադարան և կհասցնի մասնակցել հանրահավաքից հետո նախատեսված երթին:

«Տարոսը Սասունին, Սարգիսին, մյուս քաղբանտարկյալներին»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա հանրահավաքի անունից զորակցություն հայտնեց օրերս կալանավորված ՀԱԿ համակիր, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին և ասաց, որ Սամսոնի ձերբակալությունը «իշխանությունների կոպիտ սխալն էր»:

Կարինե Խոդիկյան. «Գուցե այս վարչակազմը ուզում է թագավորել ավերակների վրա՞»

Մատենադարանի մոտ մեկնարկած ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Նրա ելույթը նվիրված էր Հայաստանը համակած արտագաղթի ահագնացող չափերին, «թշնամու բարեհաճությանը թողնված, ամայացող գյուղերին»:

Կարինե Խոդիկյանը նշեց, որ եթե ստալինյան ժամանակաշրջանում մարդկանց բռնությամբ էին աքսորում, ապա ներկայիս վարչակազմը ժողովրդի համար այնպիսի պայմաններ է ստեղծել, որ մարդիկ իրենք են իրենց աքսորում:

«Գուցե այս վարչակազմը ուզում է թագավորել ավերակների վրա՞»,- հռետորական հարց տվեց Կարինե Խոդիկյանը և ինքն էլ պատասխանեց, որ հանրահավաքի բազմամարդությունը, անցած 3 տարում ժողովրդի ցուցաբերած վճռականությունը և քաղբանտարկյալների տոկունությունն ապացուցում են, որ ոչ, ժողովուրդը չի համակերպվել, մինչև վերջ ընդվզելու է իրեն պարտադրված միայն մեկ ընտրության` արտագաղթի դեմ և հասնելու է այս վարչակազմի հեռացմանը:

«Թե ինչ է լինում, երբ բումերանգը վերադառնում է»

Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկող հանրահավաքում այժմ ելույթ է ունենում ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց մինչ այս պահը մարդկանց հոսքը շարունակվում է: ՀՀշ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նույնիսկ նկատեց, որ «մի երկու թիզ է մնացել  մինչև կհասնենք կինո «Նաիրիին»:

«Այս կամքով հասնելու ենք այն սպիտակ թղթին, որի վրա հրաժարական է լինելու»,- ասաց Արամ Մանուկյանը և նկատեց, որ այլևս այս շարժումը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական է, «այս տարածքում բնակիչը դարձել է քաղաքացի, իսկ նրանց համար բնակեցման տարածքը` հայրենիք»,- ասաց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ Կոնգրեսի մեջ մտնող կուսակցությունները պարզապես այդ շարժման մի մասն են կազմում:

«Ուրեմն` հալալ է մեզ»,- շարունակեց ՀՀՇ վարչության նախագահը և նկատեց, որ սպասվելիք իրադարձությունները կկատարվեն ճիշտ պահին և ճիշտ ժամանակին:

«Ժամանակի մասին ես էլ եմ շատ մտածել», – իր ելույթում նշեց Հանարապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` ասելով, թե գիտի, որ ժողովուրդը մտածում է, որ ժամանակն անցնում է, եթե չի էլ մտածում, ուրեմն հաստատ բնազդով զգում է: «Բայց ամենամեծ վտանգն այն է, որ միշտ չէ, որ «ժամանակը» ժամանակին է գալիս»,- ասաց Արամ Սարգսյանը և ավելացրեց, որ այդ դեպքում սկսում է գործել բումերանգի օրենքը, այսինքն` ինչ արել ես, դրան էլ կարժանանաս:

Այս համատեքստում նա խորհուրդ տվեց պատկերացնել, թե ինչ է լինելու իշխանությունների վիճակը` աչքի առաջ ունենալով Թունիսից մինչև Սաուդյան Արաբիա տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հստակ ցույց են տալիս, «թե ինչ է լինում, երբ բումերանգը վերադառնում է»: «Իսկ որ ժամանակը եկել է, գիտենք բոլորս»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter