HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Խաղատուն` բաց երկնքի տակ

Խաղատները և գիտության զարգացումը «Երբեմն օրենքները ընդունվում են շատ արագ, և հասարակությունը տեղյակ չի լինում, թե ինչ է սպասվում իրեն: Եթե հասարակությունը տեղյակ չլինի, և իսկապես մենք չպնդենք, չխնդրենք, չպահանջենք կառավարությունից, որ այս օրինագիծը ետ վերցնի Ազգային ժողովից, և քննարկումներով և անկախ մասնագետներ ընդգրկելով` մշակի այն ճիշտ ուղին, որն անհրաժեշտ է, և որի մեջ կներառվի խաղատների դերը մեր երկրի զարգացման մեջ, ապա իսկապես դա մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բարեփոխում» հ/կ-ի նախագահ, վերլուծաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը` անդրադառնալով ԱԺ ներկայացված «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին: Նա պարզաբանեց, որ ըստ օրինագծի` խաղատները պետք է Երևանից տեղափոխվեն Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան, ինչպես նաև խաղատուն կարող է բացվել Հայաստանում ցանկացած տեղ, որտեղ կլինի ներդրում: Այսինքն` խաղատուն կարող է լինել բոլոր մեծ հյուրանոցներում, օդակայանում, Երևանին կից ազատ գոտիներում: «Սա կարելի է բնորոշել որպես խաղատների անսահմանափակ և անվերահսկելի զարգացման օրինագիծ: Հայաստանը դարձնել խաղատուն` բաց երկնքի տակ»,- ասաց Կարինե Հակոբյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ-վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, նշեց, որ Իրանում ու Թուրքիայում խաղամոլությունը և խաղատները արգելված են, և օրինագծի ընդունվելու դեպքում մեծաթիվ թուրքեր, իրանցիներ և քրդեր կգան Հայաստան` միայն խաղամոլության համար, ինչը տուրիզմի սխալ տեսակ է: Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ` Հայաստանը պետք է նպատակ ունենա դառնալ տարածաշրջանում բանկային, ֆինանսական ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ոչ թե խաղամոլության կենտրոն: «Խաղամոլությունը մի ոլորտ է, որն առնչվում է կոռուպցիայի և հանցագործությունների հետ: Դա նաև կավելացնի ոստիկանության և անվտանգության ծառայությունների աշխատանքը և նոր սպառնալիք կներկայացնի Հայաստանի ազգային անվտանգության համար: Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունի: Մենք չպետք է առաջնությունը տանք խաղատներին: Մենք պետք է առաջնությունը տանք դպրոցներին, կրթությանը և գիտությանը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա համոզմամբ` Երևանից խաղատները Ծաղկաձոր, Դիլիջան, այսինքն` մաքուր տարածքներ տեղափոխելը բացասաբար կազդի նաև շրջակա միջավայրի վրա, և կփոխվի այդ տարածքների լանդշաֆտը: Նոր օրինագծով թույլատրվում է նաև խաղատներ կառուցել օդանավակայանում: Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը չի նպաստի, երբ Հայաստան այցելած օտարերկրացին, ինքնաթիռից դուրս գալով, առաջինը խաղատուն տեսնի: «Ազգային անվտանգության տեսանկյունից ամենակարևորն այն է, որ այսպիսի որոշումը թուլացնում է Հայաստանը ներսից, ընդ որում` հենց այն ժամանակ, երբ մենք պետք է ներսից ավելի ուժեղ երկիր կառուցենք, որպեսզի ավելի ուժեղ դառնանք արտաքին աշխարհում: Այսօր շատ ներքին հիմնահարցեր անմիջական ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության վրա»,- ասաց քաղաքագետ-վերլուծաբանը: Նա համոզմունք հայտնեց, որ շատ ավելի կարևոր է Հայաստանի տնտեսության առջև ծառացած ռազմավարական խնդիրները լուծելը, սոցիալ-տնտեսական անհավասարության և խորացող աղքատության դեմ պայքարելը, մարզերը զարգացնելը, քան խաղատներ կառուցելը: Մի նախարարության օրինագիծն ու մյուսի հայեցակարգը «Բարեփոխում» հ/կ-ի նախագահը նշեց, որ օրինագծի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է: Միևնույն ժամանակ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը, որը «180 աստիճանով» հակասում է Ֆինանսների նախարարության օրինագծին: «Ինչպե՞ս է հնարավոր` նույն կառավարությունում երկու նախարարություններ իրար բացարձակապես հակասող քաղաքականություններ մշակեն: Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը շատ լավ մշակված հայեցակարգ է: Դա Հայաստանում զարգացնում է այն տուրիզմը, որն այսօր աշխարհում մեծ պահանջարկ ունի: Տուրզիմի զարգացումը նշանակում է մշակութային տուրիզմ, էկոտուրիզմ, սպորտային տուրիզմ, առողջարանային տուրիզմ, որը Ջերմուկն է: Դու պետք է դա զարգացնես, որպեսզի կարողանաս աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ ներգրավել: Եթե մենք այսօր իրականացնենք այդ նույն հայեցակարգը մեր մյուս քաղաքներում, մենք իսկապես կկարողանանք զաարգացնել այն տուրիզմը, որի պահանջն այսօր աշխարհն ունի»,- նշեց Կարինե Հակոբյանը: Բադեն-Բադեն ու Լաս Վեգաս, Դիլիջան ու Սևան Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նշեց, որ Լաս Վեգասում և Բադեն-Բադենում խաղատների բիզնեսն արդարացրեց իրեն: Ինչու՞ նույնը չի կարող լինել նաև Կովկասյան տարածաշրջանում` Հայաստանում: Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց, որ ինքը ոչ թե դեմ է ազարտային խաղերին, այլ խոսում է սխալ ընդունված որոշման հետևանքների մասին: «ԱՄՆ-ում Լաս Վեգասի զարգացումը ռազմավարական որոշում էր: Այն կառուցվեց անապատում, չազդեց շրջակա միջավայրի վրա և չէր նախագծվել նրա համար, որ դառնա կենտրոն` հանցավորության համար: Անվտանգության տեսանկյունից` դա հազարավոր մեքսիկացիների գրավելու ծրագիր չէր»,- ասաց նա` նորից վկայակոչելով հայկական օրինագծի ռիսկերը: Կարինե Հակոբյանը նշեց, որ Բադեն-Բադենի և նմանատիպ քաղաքների խաղատները ունեն իրենց տասնամյակների պատմությունն ու ավանդույթները և պահպանվում են որպես մշակութային կենտրոններ: Բացի դրանից` Բադեն-Բադենում զբոսաշրջիկների համար այնքան շատ մշակութային կենտրոններ կան, որ այդ «մեկ կազինոն կորում է այդ ամենի մեջ»: «Իսկ այս ծրագրով, հակառակը, նոր է կառուցվում անհասկանալի մի նպատակով` ավերելով այն ավանդույթները, որոնք արդեն կան Ծաղկաձորում, որը սպորտային տուրիզմի կենտրոն է, Ջերմուկում, որը առողջարանային տուրիզմի կենտրոն է, և Սևանում, որը նույնպես ընտանեկան և սպորտային տուրիզմի կենտրոն է: Այսինքն` կտրականապես մերժել ավանդույթ դարձած սովորույթը, փչացնել, քանդել, ավերել, փոխել շատ արժեքավոր բաներ և դրանց փոխարեն ստեղծել մի բան, որն անընդունելի է: Մենք այսպիսի փորձ ունեցանք նաև Երևանում` կապված քաղաքաշինական ծրագրերի իրականացման հետ. շատ արժեքավոր կառույցներ քանդվեցին, փոխարենը կառուցվեցին ճարտարապետության տեսակետից անընդունելի կառույցներ»,- ասաց Կարինե Հակոբյանը: Աշխատատեղ, պարզապես` սպասարկման ոլորոտում Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նշեց, որ խաղատների կառուցումը աշխատատեղերի հարց է լուծում: Կարինե Հակոբյանը պատասխանեց, որ լուծում է, եթե աշխատատեղ ասելով` հասկանում ենք միայն սպասարկման ոլորտը և ոչ թե գիտությունը, մշակույթը, արտադրությունը, գյուղատնտեսությունը: «Կարծում եմ` դա չէ Հայաստանի ապագան, որը մենք կուզեինք ունենալ»,- նշեց նա: Ռիչարդ Կիրակոսյանն էլ հավելեց, որ մենք սխալ տիպի աշխատատեղեր ենք ստեղծում: «Ռազմավարական տեսանկյունից ճիշտ չէ աշխատատեղեր ստեղծել խաղատներում: Եկեք այդ նույն ռեսուրսներն օգտագործենք գործարաններ և ոչ թե խաղատներ բացելու համար, քանի որ գործարանները արտադրանք են տանում: Շատ քիչ բան է Հայաստանը արտահանում: Ավելի լավ է ունենալ մեկ գործարան, որն աշխատանքով կապահովեր հազարավոր մարդկանց, արտադրանք կտար, քան հարյուր խաղատուն, որոնք ոչինչ չեն արտադրում, այլ միայն ստիպում են մարդկանց ազարտային խաղերում ծախսել իրենց փողը: Մենք բավականաչափ հարուստ չենք և ոչ էլ «բարգավաճ» ենք»,- ասաց նա: Ինչու՞ Սերժ Սարգսյանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի շախմատին Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի է որպես շախմատի աջակից` ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը նախընտրում էր ձմեռային սպորտաձևեր: «Նախագահ Սարգսյանն ավելի հակված է ինտելեկտուալ խաղերի, ինչպիսին է շախմատը: Այդ պատճառով մենք պետք է Սերժ Սարգսյանին կոչ անենք զարգացնել, օրինակ, շախմատը, մի բան, որը դրականորեն կանդրադառնա Հայաստանի վրա: Շախմատ խաղալը ավելի առողջարար է, քան խաղամոլությունը: Քանի որ վերջին մի քանի տարիներին չափազանց շատ հայ պաշտոնյաներ խաղացել են Հայաստանի ապագայի, պետական բյուջեի հետ, հավանաբար, Սերժ Սարգսյանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի շախմատին և ոչ թե լսի նրանց, ովքեր զարկ են տալիս խաղամոլությանը»,- ասաց վերլուծաբանը: Խաղատների տերերը` Ռիչարդ Կիրակոսյանի թիկունքի՞ն Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նաև նշեց, որ Երևանում գտնվող խաղատների տերերը դեմ են, որ իրենց խաղատները Երևանից դուրս տեղափոխվեն: «Հնարավո՞ր է, որ Ձեր թիկունքին կանգնել են խաղատների որոշակի տերեր, որ Դուք լոբբինգ անեք այդ որոշման չընդունման համար: Եթե այդպես չէ, ապա ինչու՞ Դուք, լինելով ազգային անվտանգության ոլորտում մասնագետ, որոշեցիք հենց խաղատներով զբաղվել»,- հարցրին լրագրողները Ռիչարդ Կիրակոսյանին: Վերջինս պատասխանեց, որ սա միայն խաղատների և ազարտային խաղերի հիմնախնդիր չէ: Շատ ավելի վտանգավոր է հարևան երկրներից խաղամոլներին գրավելու ծրագիրը: «Այո, կառավարությունում կա այդ հարցի շուրջ դեբատ: Սա շատ լավ և դրական է: Յուրաքանչյուր հարց պետք է քննարկվի կառավարության ներսում: Նորմալ և առողջ ժողովրդավարության մեջ որոշումները չպետք է միաձայն լինեն. քննարկումները պետք է լինեն նաև կառավարությունից դուրս»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով` պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել որոշումների հետևանքներին: «Երկրորդ ասպեկտը տնտեսությանն է վերաբերում: Կառավարությունը ներկայումս շատ մեծ դժվարություն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու, հարկեր հավաքելու և նույնիսկ օլիգարխների դեմ պայքարելու հարցում: Այս որոշումը միայն վնասում է կառավարությանը: Խաղամոլությունը և խաղատները պետությանը հզորություն կամ փող չեն բերում: Պետությունը պետք է լավացնի հարկերի հավաքումը, զբաղվի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև խորացող աղքատության խնդիրներով»,- ասաց քաղաքագետը: Նա նշեց, որ պարզ չէ, թե ում գրպանն է գնալու խաղատների փողը. այն չի գնալու պետբյուջե: Կարինե Հակոբյանն էլ ասաց, որ ներկայումս ընդունվող օրենքներն այնքան վատն են, որ «հետո խնդիրը չենք կարող լուծել» անգամ իշխանություն փոխելու դեպքում: «Երկրի քայքայման ծրագիրը ինչպե՞ս է լինում: Օրենսդրությամբ, չէ՞: 18-րդ դարի վերջի մի շատ հայտնի փիլիսոփա ասել է, որ «Բռնապետություններից վատթարագույնը վատ օրենսդրությունն է»: Մենք այսօր այդ ճանապարհին ենք: Ահա մի օրինագիծ, որը մի օղակն է այդ գործընթացի»,- նշեց «Բարեփոխում» հ/կ-ի նախագահը: Նա հիշեցրեց, որ երբ վարչապետը նոր էր նշանակվել, ասաց, որ կարևորում է հասարակական քննարկումները և բանավեճերը: «Հիմա ի՞նչ է ստացվում. հասարակական քննարկումները իրենք իրենց պիտի գոյություն ունենան, իսկ կառավարությունը, այդ քննարկումներից անկախ, որոշումնե՞ր կայացնի: Հասարակական քննարկում նշանակում է, որ կառավարությունը պիտի հաշվի առնի հասարակության, մասնագետների կարծիքը` խուսափելու համար այն ռիսկերից, որ, հնարավոր է, մեզ սպասվում են»,- նշեց նա: Ռիչարդ Կիրակոսյանն էլ ասաց, որ ինքը չի գնում խաղատներ, սակայն իրավունք չունի որևէ մեկին ասելու, որ չպետք է այդտեղ գնալ: «Բայց ես իրավունք ունեմ բարձրաձայնել խաղատներից եկող վնասի մասին: Մեր նպատակն այսօր խնդրի մասին բարձրաձայնելն է, որպեսզի կարողանանք քննարկում առաջացնել: Թող կառավարությունը պաշտպանի իր ծրագիրը: Թող եկեղեցին իր խոսքն ասի այս հիմնախնդրի վերաբերյալ, քանի որ սա նաև բարոյականության և մշակույթի հարց է»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը: Կարինե Հակոբյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են առաջիկայում քննարկում կազմակերպել Մշակույթի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բնապահպանության, Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ և նրանց ներկայացնել վերոնշյալ բոլոր խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter