HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ըստ Սուրեն Զոլյանի` ԼՂՀ-ի հիմնախնդիրը մնում է չլուծված, որովհետև կողմերը շահագրգռված չեն

«Առաջին հեռանկարը ԼՂՀ-ի բնականոն զարգացումն է, ինչն այսօր տեղի է ունենում, կան բազմաթիվ հարցեր, բայց տնտեսությունը զարգանում է», - այսօր ասուլիսին ասաց Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

Նա նշեց, որ ԼՂՀ-ն այժմ կայացած պետություն է, որովհետև իրականացնում է պետական բոլոր գործառույթները, սակայն խնդիրներ կան` կապված երկրի բնակչության և տարածքի հետ:

«Ղարաբաղի անվտագությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն այն հզոր պաշտպանական գծով, որն այսօր կա և ամենալուրջ երաշխիքն է կայունության և անվտագության, այլև բնակչության քանակն է», - հավելեց նա:

Ըստ Զոլյանի` ԼՂՀ-ի հիմնախնդիրը մնում է չլուծված, որովհետև կողմերը շահագրգռված չեն լուծել այն: Անգամ միջնորդ երկրները, որոնք պարբերաբար լավատեսական հայտարարություններ են անում, նույնպես շահագրգռված չեն հարցի լուծման մեջ: Իսկ ԼՂՀ-ն կարող է լինել հզոր միայն Հայաստանի հզոր լինելու դեպքում: Ս. Զոլյանի կարծիքով, չպետք է սպասել միջազգային հանրության առաջարկներին, այլ պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը, որը հետ է մնում, օգտագործել ներքին ռեսուրսները և վարել ճկուն քաղաքականություն:

Սուրեն Զոլյանը կարծիք հայտնեց, որ գուցե հետագայում Ադրբեջանը բարձրացնի նաև Զանգեզուրի հարցը, որի ակնարկները հնչել են Իլհամ Ալիևի ելույթներում:

Բանախոսի կարծիքով` Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է նաև ժողովրդագրական խնդիրը, որովհետև Հայաստանում լավագույն դեպքում բնակչությունը չի նվազում, իսկ Ադրբեջանում թեև աճի տեմպերը մեծ չեն, բայց, այնուամենայնիվ, կայուն աճ կա: Այդ պատճառով էլ 2020 թ.-ին Հարավային Կովկասի ժողովրդագրական պատկերը կարող է ենթարկվել լուրջ փոփոխությունների:  

Խոսելով ԼՂՀ ճանաչման գործընթացի մասին` Ս. Զոլյանն ասաց, թե լավ է, որ համացանցում հայտնվում են այնպիսի լուրերը, ըստ որոնց` որոշ երկրներ պատրաստվում են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Դա կարող է օգտագործվել Ադրբեջանին ճնշելու համար, չնայած բանախոսը կարծում է, որ այդ երկրներն այժմ չեն ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Իսկ Հայաստանը պետք է այդ հարցի շուրջ աշխատի ոչ միայն քաղաքական, այլ իրավական տեսանկյունից ևս:

«ԼՂՀ-ի ճանաչման հարցը միշտ պետք է լինի օրակարգում, այդ թվում և Հայաստանի: Այդ գործընթացը պետք է սկսվի Հայաստանից», - հավելեց Ս. Զոլյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter