HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ես թշնամի չեմ

Ես մի երկրից եմ, որը խաղաղության կարիք ունի: Ես ծնվեցի 1989-ին, երբ սկսվեց պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայրենի տունս Սիսիանում է, որը գտնվում է Հայաստանի հարավում` 90 կմ մարտադաշտից հեռու: Ծնողներս պատմում էին, որ կյանքիս առաջին տարին եղել եմ տատիկիս խնամակալության տակ, քանի որ հորս ոտքը վիրահատել էին, իսկ մայրս նրան էր խնամում:

Մայրս միշտ պատմում է եւ աչքերը լցնում. «Երբ հիվանդանոցից վերադարձանք, մեզ չճանաչեցիր»: Վիրահատության պատճառով հայրս չգնաց կռիվ: Արդեն 4 տարեկան էի, երբ փողոցում իմ հասակակիցները հպարտանում էին, որ իրենց հայրերը պատերազմում էին: Իսկ ես շատ էի հպարտանում այն փաստով, որ հայրս չի կռվում որեւէ մեկի հետ եւ չի սպանում մարդկանց: Նա զբաղվում էր իմ դաստիարակությամբ, քանի որ մայրս աշխատում էր գյուղի դպրոցում: Ամեն առավոտ հայրս միացնում էր ռադիոընդունիչը` ասելով. «Տեսնենք` ինչ կա կռվից»: Ես էլ հարցնում էի. «Ախր, այդ ի՞նչ կռիվ է, պապ, բոլորդ այդ մասին եք խոսում»: Նա բացատրում էր. «Ղարաբաղյան կռիվն է ադրբեջանցիների հետ, մեր հողերը պիտի ազատագրենք»:

Ես այդպես էլ չէի հասկանում, թե ի՞նչ հողեր էին դրանք, ի՞նչ էր աճում դրանց մեջ... Ընկալում էի «պատերազմ» ասվածի միայն այն հատվածը, որն ընդգրկված էր մեր փողոցային «կռիվ-կռիվ» կոչվող խաղերում: Բայց մեր խաղերում ոչ-ոք չէր մահանում, այնինչ մեր գյուղ երբեմն բերում էին պատերազմի դաշտում ընկածներին: Այդպիսի մի ամառային օր էր, խաղում էինք բակում, հանկարծ մեր բակի չարաճճի տղաներից մեկը վազեց դեպի մեզ եւ հայտարարեց. «Վուրգին են սպանել...»:

Լուրը ցնցեց մեր խաղը, եւ մենք քարացանք,  քանի որ բոլորս էլ գիտեինք, թե ով է Վուրգը: Մեզ ասել էին, որ Վուրգը Սիսիանի ամենալավ կռվողն է եւ նրա շնորհիվ է, որ կռիվը Սիսիան չի հասել: Եւ ահա, սպանվել էր մեր հույսը, ուրեմն այժմ մենք անպաշտպան էինք: Ես վազեցի տուն` ծնողներիս ասելու այն, ինչ զգում էի այդ պահին: Լալով ներս ընկա եւ ասացի. «Վուրգն էլ չկա, հիմա մեզ էլ կսպանեն...բայց ինչու՞...դե մի բան ասա, մամ...»: Մայրս գրկեց ինձ, շոյեց գլուխս ու ասաց. «Տեր, թող խաղաղություն լինի»:

Մորս հնչեցրած «խաղաղություն» բառից տարօրինակ հանգստություն զգացի: Մանկության տարիներին առաջին անգամ զգացի խաղաղություն ասվածը. միայն մի բան գիտեի, որ դրա կարիքը շատ եմ զգում: 1994-ին կնքվեց զինադադարի պայմանագիրը:

Պատերազմի եւ վերակառուցման հետեւանքով մեր երկիրը ծանր վիճակում էր: Ստիպված էինք հացի հերթերում սպասել: Եւ եթե հաց չճարվեր, կարտոֆիլ, գարի կամ բրինձ էինք ուտում: Միշտ տատիս խնդրում էի` ինձ իր հետ չտանի հացի հերթերում սպասելու, քանի որ նախընտրում էի գարի ուտել, բայց ներկա չլինել այնտեղ ծավալվող կռիվներին, չտեսնել մարդկանց լարված աչքերը, չլսել կանանց զրնգուն ու միմյանցից բարձր հնչող գոռգոռոցները մի կտոր հացի համար:

Ուտելիքի սղության պատճառով ամենուր էր լարված մթնոլորտը, նույնիսկ տանը: Ամեն փոքր առիթ կարող էր ծնողներիս վիճաբանության պատճառ դառնալ: Անտանելի ցավ էի զգում, երբ լսում էի կողքի սենյակից եկող նրանց ձայները: Ամեն ինչ կտայի, որ գոնե ծնողներս չմիանային այդ համընդհանուր կռվին: Երազում էի մորս դեմքին ժպիտ տեսնել` լարված ու թախծոտ արտահայտության փոխարեն: Ամեն տեղ կռիվ էր, գոռգոռոց...

Միակ տեղը, որտեղից ոչ մի ձայն չէի լսում, իմ փոքրիկ տնակն էր, որ մեր փողոցի խանութներից մեկի hետեւում էր: Այդ տնակն անվանել էի «խաղաղություն», քանի որ այդ բառն ինձ շատ էր դուր գալիս եւ համոզված էի, որ մի օր բոլորը կսիրեն այս բառն, ու ամբողջ աշխարհը կլինի իմ տնակի պես:

Դպրոցական տարիներին արդեն ավելի հստակ պատկերացում ունեի պատերազմի պատճառների եւ հետեւանքների մասին: Այդ ժամանակ բոլորը խոսում էին այն մասին, որ ադրբեջանցիները մեր թշնամիներն են: «Թշնամի» ասվածը կարծես օտար մարմին լիներ, որ մտցնում էին ուղեղս: Չէի կարողանում համակերպվել այդ բառի հետ, ի տարբերություն իմ շատ հասակակիցների, այն երբեք չէի գործածում, արտասանել չէի կարողանում: Նույնիսկ այդ բառը լսելիս ինձ վատ էի զգում, այդ բառի ասոցիացիաները չէին համապատասխանում ներաշխարհիս ու աշխարհայացքիս հետ:

Ուզում էի հասկանալ` ի՞նչ տեսք ունի «թշնամի-ադրբեջանցին», նա կարողանու՞մ է, արդյոք, սիրել, ծիծաղել... Հիշում եմ, երբ հեռուստացույցով ադրբեջանցու էին ցույց տալիս, վազում էի, նայում եւ փորձում հասկանալ` ինչպիսի՞ն է նա, ի՞նչ է զգում: Իմ գլխավոր նպատակը դարձավ մի օր հանդիպել ադրբեջանցու, խոսել նրա հետ, շոշափել նրան:

Հորս հարցրի` ի՞նչ պետք է անեմ, որ կարողանամ ադրբեջանցիներին հանդիպել: Նա պատասխանեց, որ դա հեշտ չէ, միայն քաղաքական գործիչներն ու լրագրողներն են կարողանում շփվել նրանց հետ: Եւ քանի որ քաղաքական գործիչ չէի ուզում դառնալ, որոշեցի որպես 2-րդ մասնագիտություն լրագրությունն ընտրել: Առաջին մասնագիտությունս երաժշտությունը պիտի լիներ, քանի որ հայրս երաժիշտ է, նրանից եմ ժառանգել: Դպրոցն ավարտելուց հետո այնպես ստացվեց, որ լրագրությունն առաջ ընկավ երաժշտությունից:

2006-ին ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Սկսեցի հետաքրքրվել հայ-ադրբեջանական հարաբերություններով, գրել տարբեր նյութեր Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ: Մի քանի ամիս առաջ ինձ բախտ վիճակվեց իրականացնել երազանքս: Ինձ հրավիրեցին մասնակցելու մի ծրագրի, որի միջոցով Թբիլիսիում հանդիպեցի իմ տարեկից ադրբեջանցի լրագրողների:

Մենք հյուրանոցում էինք, երբ հայտնեցին, որ հիմա պետք է ժամանեն ադրբեջանցիները եւ նրանց հետ պիտի ուղեւորվենք դեպի Բակուրիանի` մի քանի հարյուր կիլոմետր Թբիլիսիից հեռու: Փաստորեն, մենք պետք է մոտ 3 ժամ նույն ավտոբուսի մեջ լինեինք նրանց հետ: Շատ անհանգիստ էի, սպասում էի այն պահին, երբ կլսեի նրանց ավտոբուսի ձայնը: Դա չուշացավ. իջնում էի հյուրանոցի աստիճաններով եւ մտածում. «Ինչպե՞ս պետք է բարեւեմ նրանց... ինչպիսի՞ն կլինեն նրանք...»:

Բարձրացա ավտոբուս եւ ժպիտով բարեւեցի նրանց: Նրանք պատասխանեցին բարեւիս, եւ զգացի, որ 12 զննող աչքեր ինձ են նայում: Այդպիսի զննող հայացքներ ես դեռ չէի տեսել...այդպես կարող էր միայն ադրբեջանցին նայել հային: Երեւի նույն կերպ էլ ես էի նայում նրանց,  քանի որ ուզում էի հնարավորինս շատ բան իմանալ նրանց մասին առաջին հայացքից: Ամբողջ ճանապարհին նրանք չխոսեցին մեզ հետ, ինչն էլ ինձ ամենաշատն էր մտահոգում: Մարդկանց հետ շփումներում այդքան անհարմարավետություն չէի զգացել:

Երբ հասանք Բակուրիանի, երեկոյան հավաքվեցինք եւ կազմակերպիչների խնդրանքով սկսեցինք ծանոթանալ միմյանց հետ: Յուրաքանչյուրս ուներ իր ադրբեջանցի զույգը: Հայ եւ ադրբեջանցի զույգերը պետք է բացահայտեին միմյանց: Իմ զույգն Էլշանն էր. մենք խոսեցինք մեր աշխատանքի բնույթի եւ նախասիրությունների մասին: Պարզվեց, որ ես էլ, Էլշանն էլ աշխատում ենք ռադիոյում, եւ մեր նախասիրությունները համընկնում են: Ես սկսեցի Էլին (Էլշանին կարճ այսպես էինք դիմում) նայել ոչ միայն որպես ադրբեջանցու, այլեւ որպես կոլեգայի եւ երաժշտի: Ես մի թղթի վրա գրել էի Էլշանի նախասիրությունները, իսկ նա էլ իմ մասին էր գրել իր նոթատետրում:

Սեմինարի ընթացքում, կարծես թե, սառույցը հալվել էր, բայց դրանից դուրս նրանք մեզ հետ չէին շփվում: Մեր վերադառնալու նախորդ օրը հրավիրեցի Էլին գարեջուր խմելու: Նա մեծ դժվարությամբ, բայց ընդունեց հրավերը: Այդ գիշեր խոսեցինք ամեն ինչից: Սկսեցինք քաղաքականությունից եւ հայ-ադրբեջանական հակամարտությունից, որի վերաբերյալ կարծիքներն, իհարկե, իրարամերժ էին: Այնուհետեւ փորձեցինք անկեղծանալ եւ ասել` ի՞նչ ենք մտածում միմյանց մասին: Այդ ժամանակ Էլն ասաց. «Որքան էլ փորձում եմ, բայց չեմ կարողանում քո մեջ չտեսնել թշնամու: Ինձ դեռ փոքրուց են ասել, որ հայերը մեր թշնամիներն են: Ճիշտ է, ես այդ մտքի հետ դժվար էի հաշտվում եւ չէի հասկանում թշնամի ասվածը, բայց դա, կամա թե ակամա, մտցրել են մեջս...»:

Ես էլ զգում էի այն, ինչ ասում էր Էլը...կարծես թե պատերազմի հետեւանքով մենք երկուսս էլ նույն մարդիկ մեծացած լինեինք: Երեկոյան, երբ արդեն իմ սենյակում էի եւ ի մի էի բերում օրս, չէի մոռանում այն միտքը, որ թշնամի եմ ընկալվում նրանց կողմից:

Չէ՞ որ անկախ նրանից, թե ինչ եմ մտածում ես, ի ծնե թշնամի եմ ինչ-որ մարդկանց համար եւ ինքս էլ ունեմ թշնամիներ: Չէ՞ որ կարելի էր ավելի խաղաղ ապրել: Չէ՞ որ ես չեմ ընտրել այն, ինչ ունեմ: Իսկ ես առանց թշնամիների կյանք էի երազում, այն ինչ` ինձ են թշնամի համարում: Զայրացա այդ մտքից, նայեցի նոթատետրիս թղթին, որտեղ գրված էր Էլշանի մասին, պոկեցի այն եւ սկսեցի մանր կտորների վերածել` ասելով. «Ես թշնամի չեմ»: Հաջորդ օրը ավտոբուսում նկատեցի, որ Էլն էլ իր բլոկնոտից էր պոկել իմ մասին գրված թուղթը:

Մեկնաբանություններ (5)

Սրբուհի
Հիանալի շարադրված հոդված է: Շատ լավ կլիներ, եթե շատերը, առավել ևս բոլորն այսպես մտածեին, բայց...տեղյակ եմ Թբիլիսիում հայ ու ադրբեջանցի երիտասարդների հանիպումներ կազմակերպող ծրագրերից ու մասնակցում են հենց այդ նպատակով ու նախապես դրան պատրաստված ազերիներ, իսկ ինքս մասնակցել եմ մի քանի այլ թեմայով թրեյնինգների, որոնց մասնակցում էին ուղղակի ազերիներ, ոչ հայերի հետ հանդիպման եկած ու նախապատրաստված: Բոլորովին այլ պատկեր էր ու մի դեպքում էլ հենց սենյակակիցս էր ազերի ու որքան էլ ջանացինք, չստացվեց պուպուշ հարաբերություններ հաստատել: Ուստի կարծում եմ` շատ հեռու ենք խաղաղ աշխարհ ունենալուց, մանավանդ, երբ միայն մենք ենք դա ուզում, իսկ աշխարհը` ոչ: Ցավոք...
Սյուզաննա
Կային տողեր, որ կարծես սրտիցս էր, հատկապես՝ վերջին տողերը... Ես էլ այնքան սրտնեղում եմ՝ իմանալով , որ ինչ-որ մեկի կողմից թշնամի եմ ընկալվում((( Ցավալի է, բայց հույս չունեմ, որ մի օր կվերանա այս ամենը: Բայց այնքա՜ն շատ եմ ուզում ))
Լուսինե
Ձեր հոդվածի ամեն մի բառը հասկանալի է ու թերևս ճշմարիտ: Բայց. «Արդեն 4 տարեկան էի, երբ փողոցում իմ հասակակիցները հպարտանում էին, որ իրենց հայրերը պատերազմում էին: Իսկ ես շատ էի հպարտանում այն փաստով, որ հայրս չի կռվում որեւէ մեկի հետ եւ չի սպանում մարդկանց»: Ճիշտ է արդյո՞ք նման նախադասությամբ վարկաբեկել կամ թերագնահատել էն ազատամարտիկների կատարած գործը, որոնք չէին մտածում իրենց երեխաների կամ ընտանիքների մասին ու գնացել էին պաշտպանելու մարդկանց հերթական կոտորածից(այդ դեպքում պատճառները կարևոր չէին լինի ` ոչ ատելության սերմանումը, համակարգերը և մնացածը):
Shahnaz
Thanks for such a peaceful post, Ani. Wish there are a lot of people experience same way like you from both side.
Ishkhan
well down Anni, it was really very interesting for me as i read about your tale and personal idea so I am with you,that peace is our last hope for our country to live a green pathway of life....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter