HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Աննա Մայիլյան. «Ասում են` հերիք չէ՞ Կոմիտաս երգենք»

08_08-Mayilyan-PetrosyanԵրգի եւ երաժշտության ասպարեզի անորակության եւ ցածրաճաշակության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին երգչուհիներ Աննա Մայիլյանը եւ Էմմա Պետրոսյանը: Արդեն ճաշակ թելադրող եւ մարդկանց ուղեղները լվացող փոփ երաժշտությունը խստորեն մտահոգում է երգչուհիներին: Էմմա Պետրոսյանը խոսեց երգերի բառերի, դրանց պարզունակության մասին. «Ասում են, որ երգը լինի ընկալվող, պիտի ունենա պարզ բառեր, օրինակ` ես սիրում եմ քեզ, դու սիրում ես ինձ, ես ու դու, դու, ես…սեր, սեր, սեր տանք իրար եւ այլն: Դա, իհարկե, ծիծաղելի է: Երգի մեջ ինչպես երաժշտությունը պետք է լինի գեղեցիկ, այնպես էլ պոեզիան, որովհետեւ այն երգի մեջ իր առանձնահատուկ դերն ունի»: 08_08-A-MayilyanԱննա Մայիլյանին մտահոգում են հատկապես հայոց լեզուն աղավաղող երգերը. «Ես չափազանց տխրում եմ, երբ մեր նորաթուխ երգիչ-երգչուհիներից լսում եմ նման արտահայտություններ, թե ի՞նչ կապ ունի հայկական շեշտադրությունը, առոգանությունը: Այդ աղջկա ծնողները այդ պահին պետք է վատ զգային, որ այդքան սխալ են դաստիարակել իրենց զավակին: Այլ բան, որ արտաքին ուժեր կան, ում ձեռնտու չի, որ Հայաստանն ունենա իր առանձին լեզուն, մշակույթը, իր ոչ մի տեղ չկրկնվող արժեքները եւ գեղեցկությունները: Թաթան ասում է` հերիք չի՞ Կոմիտաս երգեք: Ինչպե՞ս թե` հերիք է: Այսօր Կոմիտասի գործը միակն է, որ փրկեց մեր ազգի մշակույթը: Եւ ես միշտ ասում եմ, որ մենք այսքան դարեր ի վեր անընդհատ կորցրել ենք մեր մշակույթը, եւ այսօր մեր գերխնդիրը պետք է լինի ամեն կերպ պաշտպանել, պահել, պահպանել եւ թույլ չտալ այն տրորել»: Հաճախ կարելի է լսել նման արդարացումներ, թե հեռուստատեսությամբ ցուցադրվում է այն, ինչ պահանջում է հանդիսատեսը: Երգչուհիները այս կարծիքի հետ համաձայն չեն: Աննա Մայիլյանը չի հասկանում, թե այդ ով է իրեն այդ դերը վերապահում, որոշում, թե հասարակությունը ինչ է ուզում լսել կամ ինչ պետք է լսի: Այնուամենայնիվ, երգչուհին կարծում է, որ այսօրվա տխուր իրականության պատճառը հասարակության կրթվածության աստիճանն է: «Մեր հիմնական խնդիրը այսօր անգրագիտությունն է: Այսօրվա երիտասարդությունը գիրք չի կարդում, ամբողջ օրը ինտերնետով ինչ-որ հիմար կայքեր է մտնում: Պարզ է, որ նրա ինտելեկտի ցածրությունը կպահանջի ցածրորակ երաժշտություն: Այդ ցածրորակության միտումներն ակնհայտ են այսօր նույնիսկ դասական երաժշտության մեջ»: 08_08-E-PetrosyanԷմմա Պետրոսյանը զայրանում է, երբ լսում է, թե ինչպես են իրենց արվեստագետ կոչում անարժան մարդիկ: «Ես ուղղակի խելագարվում եմ, երբ այդ չգիտես որտեղից ծագած աստղիկները իրենց մասին ասում են` մենք` արվեստագետներս, կամ մենք` տաղանդներս: Ախր ո՞նց կարելի է: Տաղանդավորը Արամ Խաչատրյանն է: Ես այսօր չգիտեմ, թե ես ինչ ժանրում եմ երգում, թե ես ընդհանրապես ով եմ: Ես ինչպե՞ս ինձ էստրադայի երգչուհի համարեմ, եթե էստրադայի մեջ են մտնում այդ նույն մարդիկ, ում տեսահոլովակները ամբողջ օրը պտտվում են հեռուստատեսությամբ: Այսօր ահավոր դժվար է լինել մեկը, ով չի վազում այս անորակության ետեւից, անորակություն, որն, ի դեպ, շատ լավ է վաճառվում: Շատ դժվար է ինձ համար այսօր ձայնասկավառակ թողարկել, երգ երգել: Որովհետեւ այսօր հովանավորվում է միայն անորակությունը: Եվ, ցավոք սրտի, հաճախ պետության կողմից են արվում այդ հովանավորությունները»: Սակայն երկու երգչուհիներն էլ տեսնում են փոքրիկ առաջընթաց, որը հնարավոր է, ի վերջո, ինչ-որ լուսավոր կետի հասցնի: «Այս վերջին երկու տարիների ընթացքում բավականին առաջընթաց կա: Միայն մի քանի երաժշտական փառատոներ կազմակերպվեցին, որոնք, իրոք, իրենցից մեծ արժեք են ներկայացնում: Այնպես որ, հուսալու տեղ դեռ մնում է»,- ասաց Էմմա Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter