HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզպետարանը ՏԻՄ-երում հայտնաբերած կոռուպցիոն բնույթի իրավախախտումները կուղարկի մարզի դատախազություն

Օգոստոսի 21-ի մարզխորհրդի նիստում «Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումների մասին» հարցը ներկայացնելիս Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանը նշել է, որ 2009 թ. առաջին 7 ամիսների ընթացքում քննվել է 14 քրեական գործ, որոնցում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, դրանք առկա են նաեւ տեղական ինքնակառավարման համակարգում: Մարզի դատախազի ներկայացմամբ` նման երեւույթներ հայտնաբերվել են մարզի Գավառ, Նորաբակ, Սարուխան, Սոթք, Կախակն, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Մաքենիս, Ծովագյուղ համայնքներում: Բացահայտված խախտումները հիմնականում իրականացրել են նախկին համայնքապետերը, նշված համայնքներից միայն երկու-երեքում են դրանք իրականացվել գործող համայնքապետերի կողմից: ՀՀ Գեղարքունիքի մարզխորհուրդը այդ օրվա նիստում որոշում է ընդունել 2009 թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի 16 գյուղական համայնքներում 2007-2008 թթ. եւ 2009 թ. մինչ ուսումնասիրության օրն ընկած ժամանակահատվածի համար իրականացրած ֆինանսական հսկողության արդյունքում կոռուպցիոն բնույթի իրավախախտումների վերաբերյալ կազմված ակտերն ուղարկել մարզի դատախազություն: Այս բնագավառներում խախտումները, թերացումներն ու բացթողումներն այնքան առատ են, որ ակամա հիշում ես Ավգյան ախոռները մաքրելու հերկուլեսյան փորձը` հուսալով, որ մի օր էլ մեր ՏԻՄ-երի աշխատանքը կսկսվի մաքուր էջից: Ստորեւ ներկայացնում ենք մարզպետարանի արձանագրած խախտումները ըստ բնագավառների: «Հետք»-ի խմբագրություն Հողօգտագործման բնագավառ Ծաղկունք համայնքում 122,21 հա խոտհարքներ վարձակալության են տրվել առանց մրցույթի եւ պայմանագրերի: 2007 թ. ընթացքում չեն գանձվել եւ չեն մուտքագրվել խոտհարքների, վարելահողերի եւ արոտների վարձավճարներ, որոնք կազմում են 8 մլն 660 հազար դրամ: Կարմիրգյուղ համայնքում 2009 թ. ապրիլի 29-ին կայացած հողամասերի վաձակալության մրցույթի ընթացքում խախտվել են ինչպես ՀՀ Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածների, այնպես էլ «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. 1 հա-ի համար համայնքի ավագանին սահմանել է 25 հազար դրամ մեկնարկային գին, մինչդեռ մրցույթի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տրված հայտարարության մեջ 4-րդ կարգի 1 հա վարելահողի համար սահմանվել է 39 հազար դրամ վարձավճար, 5-րդ կարգի 1 հա վարելահողի համար` 19 հազար դրամ: Բացի այդ, ավագանին որոշում չի կայացրել մուտքավճարի, նախավճարի, սակարկությունների քայլի չափերի մասին: Նախավճար է գանձվել միայն հաղթող հայտատուներից: Մրցույթի արձանագրությունների ուսումնասիությունից չի պարզվել, թե ովքեր են իրական հաղթողները: Նկարագրվածը մեկ անգամ եւս փաստում է այն, որ ՏԻՄ-երի հայտարարած վարձակալության մրցույթներն ու աճուրդները հիմնականում ունեն ձեւական բնույթ: ՀՀ Հողային օրենսգրքի պահանջները խախտվել են նաեւ Ներքին Գետաշեն, Աղբերք, Փոքր Մասրիկ, Ծակքար, Դդմաշեն, Լճավան, Դարանակ համայնքներում` հողատեսքերն առանց վարձակալության մրցույթների կամ առանց վարձակալության պայմանագրերի օգտագործման տրամադրելով: Ակունքում երբեւէ հայտարարություն չի արվել համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության մրցույթի մասին: 127,9 հա պահուստային վարելահողերից վարձավճարներ են գանձվել առանց վարձակալության պայմանագրերի` 1 հա հաշվով 10 հազար դրամ: Թեգ վարելահողերի եւ թեգ արոտավայրերի վարձավճարների չափերը համայնքի ավագանին չի հաստատել: Ի դեպ, Ակունք համայնքը տարիների ընթացքում արոտավայրերի վարձավճարի ոչ մի դրամի մուտք չի ունեցել, մինչդեռ ունի 2585,98 հա համայնքային նշանակության արոտավայր եւ 2055 գլուխ պայմանական եղջերավոր անասուն: Արոտավայրերի օգտագործման վարձավճարները չեն նախատեսվել նաեւ Լճավանի 3 տարվա համայնքային բյուջեներում: Ֆինանսատնտեսական գործունեություն Ակունքի ՏԻՄ-ի գործունեությունը հաճախ նմանվում է բարեգործական կազմակերպության գործունեությանը: Թեեւ համայնքում տարիներ շարունակ թերակատարվել է համայնքի տարեկան բյուջեով սահմանված եկամուտների կատարումը, սակայն համայնքի ավագանին հետեւողական է դպրոցի ֆինանսական խնդիրներին արձագանքելու հարցերում: Տարբեր տարիներին կայացրած որոշումներով գումարներ են փոխանցվել համայնքի դպրոցի անվճարունակ երեխաների դասագրքերի վարձերի վճարման, 16 տարին լրացած դպրոցականների անձնագրերի եւ լուսանկարների համար կատարվող վճարումների, դպրոցի նոր գույքի ձեռքբերման նպատակներով: 2009 թ. ուսումնասիրված 5 ամիսների ընթացքում կատարվել են 676400 դրամի «մարդասիրական» ծախսեր. դարձյալ գումար է փոխանցվել դպրոցականների անձնագրերի եւ լուսանկարների համար կատարվող վճարումների համար, հուղարկավորության նպաստ է տրվել 330 հազար դրամի չափով, դրամական օգնություններ են հատկացվել 3 ընտանիքների: 2009 թ. կատարված ծախսերի մեծ մասը, ուսումնասիրող հանձնաժողովի գնահատմամբ, եղել է անհարկի: Իր առատաձեռնությամբ Ակունքին չի զիջում նաեւ Կարմիրգյուղի ՏԻՄ-ը: 2007-2009 թթ. ավագանու որոշումներով սակավ ապահովված ընտանիքներին տրվել է ընդհանուր հաշվով 3 մլն 337 հազար դրամական օգնություն, թեեւ համայնքի տարեկան բյուջեներով սահմանված եկամուտները լիարժեք չեն հավաքագրվել: Ֆինանսական օգնություններ հատկացնելը, անկախ սեփական եկամուտների հավաքագրման չափից, կուտակված ապառքներից, բնորոշ է գրեթե բոլոր ՏԻՄ-երին, եւ դա ունի իր բացատրությունը: Ֆինանսական օգնությունները համայնքապետի վերընտրվելու հարցում էական դեր են խաղում, այլապես այդքան համատարած ու կիրառվող չէին լինի: Ներքին Գետաշեն համայնքում եւս ուսումնասիրված 2007-2009 թթ. ժամանակահատվածում բավական գումարներ են հատկացվել սակավ ապահովված ընտանիքներին, Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին: 2008 թ. 252 հազար դրամ փոխանցվել է «Կարոտ» հաղորդաշարին` համայնքին նվիրված հաղորդման համար (պարզվում է` բարի ու ռոմանտիկ հովվերգությունները գին ունեն-Լ.Թ.): Ելնելով կատարած ուսումնասիությունից` հանձնաժողովը նշել է, որ 2007 եւ 2008 թվականների Ներքին Գետաշենի համայնքային բյուջեների ֆոնդային մասերում եղել են մեծ գումարներ, սակայն գյուղի հիմնախնդիրների լուծմանն ուղղվել է դրա փոքր մասը: Եկամուտների համեմատ մեծաքանակ բարձր դրույքաչափերով հաստիքային միավորներ են պահվել Լճավան համայնքում: Հաշվարկված աշխատավարձերի ու սոցվճարների գումարները մշտապես գերազանցել են կատարված ծախսերը: Բնականաբար, եկամուտների թերակատարման պատճառով շարունակաբար չեն ձեւավորվել ֆոնդային բյուջեներ, եւ գյուղում չեն լուծվել համայնքային նշանակության հիմնախնդիրներ: Ասել է թե` համայնքը կա, գոյություն ունի, որ համայնքապետարան պահի: Դդմաշեն համայնքի 2007 թ. բյուջեի ծախսերում «Աշխատավարձի վճարումներ» հոդվածով նպատակային պարգեւատրումներ նախատեսված չեն եղել, սակայն առանց լուրջ հիմնավորման համայնքի ղեկավարի 13.12.2007 թ. թիվ 29 կարգադրությամբ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատողները պարգեւատրվել են 1 ամսվա աշխատավարձի չափով` թվով 13 աշխատողների վճարվել է 705 հազար դրամ պարգեւատրում` իրենց դրույքաչափերով: Նույն մոտեցումով 28.12.2008 թ. թիվ 28 որոշումով «նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ ապահովելու եւ Ամանորի կապակցությամբ» համայնքի ղեկավարի 13 անձից բաղկացած աշխատակազմը պարգեւատրվել է 1 ամսվա աշխատավարձի չափով, իրենց դրույքաչափերով` 880 հազար դրամ ընդհանուր գումարով: Ուսումնասիրող հանձնաժողովը վերջին պարգեւատրման առնչությամբ նշում է, որ 2007 թ. Դդմաշենի համայնքային բյուջե է հավաքագրվել 5 մլն 127 հազար 600 դրամ, իսկ 2008 թ. 4 մլն 899 հազար 100 դրամ սեփական եկամուտներ, այսինքն` գումարային արտահայտությամբ աճ տեղի չի ունեցել: Թեեւ արձանագրվել է տոկոսային աճ` 28,9 %-ի դիմաց 33,8 %, սակայն դա տեղի է ունեցել սեփական եկամուտների պլանի նվազեցման շնորհիվ: Փոքր Մասրիկ համայնքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատանքային խումբը 2009 թ. մարտ ամսին կատարած ուսումնասիրությունից պարզել է, որ 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերը համայնքապետարանում կազմում են 33 մլն 388 հազար 600 դրամ, սոցվճարների գծով պարտքերը` 9 մլն 720 հազար 300 դրամ: Մարզպետարանի հսկողություն իրականացնող հանձնաժողովը նշում է, որ համայնքային բյուջեում մուտքերի թերակատարման պատճառով մշտապես առաջացել է ֆինանսական միջոցների դեֆիցիտ, ֆոնդային բյուջեին միջոցներ չեն հատկացվել, չի լուծվել համայնքային նշանակության որեւէ հիմնախնդիր: Բյուջեների աշխատավարձի եւ սոցվճարների հոդվածներով նախատեսված տարեկան գումարները մշտապես գերազանցել են փաստացի մուտքերը: Ջաղացաձոր համայնքում եւս տարիների ընթացքում գոյացել է գրեթե 16 մլն դրամ աշխատավարձի պարտք, որի արժանահավատությունը ուսումնասիրող հանձնաժողովը հաշվապահական գրանցամատյաններով ստուգելու հնարավորություն չի ունեցել: Հանձնաժողովը նշում է, որ համայնքի ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարները չեն ապահովել կատարված ծախսերի եւ համայնքի համար դրա օգտակարության միջեւ պատշաճ հարաբերակցությունը արդյունավետության իմաստով: Չունենալով սեփական միջոցներ` համայնքի ղեկավարը չի իրականացնում իր պարտադիր լիազորությունները: Ծակքար համայնքում 2007-2009 թթ. տարիներին համայնքային բյուջեի ֆոնդային մասում գումարներ չեն նախատեսվել, այսինքն` համայնքային բյուջեի միջոցների հաշվին տարիներ շարունակ չի նախատեսվել եւ չի լուծվել համայնքային նշանակության որեւէ հիմնախնդիր: 2007-08 թթ. ֆոնդային բյուջեներ չի կազմել նաեւ Փամբակի համայնքի ղեկավարը, որով խախտվել է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը` համայնքի բյուջեն կառուցված է երկու` վարչական եւ ֆոնդային մասերից: Վերոհիշյալ օրենքի պահանջները բազմիցս կոպտորեն խախտվել են Դարանակ համայնքում, համայնքային բյուջեները կրել են ձեւական բնույթ: Չեն քննարկվել տարբեր տարիների համայնքային բյուջեի եռամսյակային, տարեկան կատարողական հաշվետվությունները: Համայնքի 2007 թ. եւ 2008 թ. բյուջեներում կատարված փոփոխությունների մասին ավագանու որոշումները մարզպետարան չեն ներկայացվել: Դարանակում արձանագրված բազմաթիվ խախտումներից նշենք նաեւ, որ 2007 թ. եւ 2008 թ. ֆոնդային բյուջեներով կատարված կապիտալ ծախսերը իրականացվել են ՀՀ մի շարք օրենքների խախտումներով, իսկ այդ տարիներին ձեռք բերված գույքը եւ տրանսպորտային միջոցները համայնքապետարանից բացակայել են, կապիտալ վերանորոգման աշխատանքները հիմնականում չեն կատարվել, համայնքապետարանում բացակայել են այդ աշխատանքների կատարողական ակտերը: Փամբակի համայնքապետարանը 2007 թ. երկու անգամ Վարդենիսի գանձապետարան է ներկայացրել համայնքի փոփոխված բյուջե, որոնցից մեկը թվագրված է եղել 18.08.2007 թ. ավագանու թիվ 64 որոշումով: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ համայնքի ավագանու նշված որոշում գոյություն չի ունեցել: 2008 թ. սեպտեմբերին դարձյալ Վարդենիսի գանձապետարան է ներկայացվել համայնքի փոփոխված բյուջե, սակայն համայնքի ավագանու նիստերի մատյանում նման քննարկումներ արձանագրված չեն եղել, եւ ֆոնդային բյուջեի փոփոխություններով նոր բյուջե չի հաստատվել: Փամբակ համայնքում չեն քննարկվել եւ չեն հաստատվել 2007-2008 թթ. համայնքային բյուջեների տարեկան կատարողական հաշվետվությունները: Փամբակն աչքի է ընկնում նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների բազմակի խախտումներով: Ստորեւ նշենք դրանցից երկուսը. - 2007 թ. փետրվարի 2-ին 2 մլն դրամ է փոխանցվել «Ավետ-Սաբրինա» ՍՊԸ-ին` դաշտամիջյան ճանապարհների վերանորոգման նպատակով: Գնումն իրականացվել է ուղղակի պայմանագիր կնքելով, առկա է եղել ոչ մասնագիտական կազմակերպության կողմից կազմված նախահաշիվ, պատշաճ ձեւով կատարողական ակտ չի կազմվել: - 2007 թ. փետրվարի 12-ին 1 մլն դրամ է փոխանցվել «Վարդան Երանոսյան» անհատ ձեռնարկատիրոջը գրասենյակային եւ տնտեսական գույք գնելու նպատակով: Դարձյալ գնման գործընթաց չի իրականացվել, եւ գնումն իրականացվել է ուղղակի պայմանագիր կնքելու միջոցով: Հսկողության ընթացքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումներ են արձանագրվել նաեւ Արտանիշ, Դդմաշեն, Դարանակ, Մարտունի գյուղական համայնքներում: Դրանց մի մասը նման է վերը նկարագրվածներին: Սեփականության օտարման գործընթացը համայնքներում Ծաղկունք համայնքում 2007 թ. ընթացքում 6 մլն 270 հազար դրամով օտարվել են ակումբի շենքը 936 քմ մակերեսով եւ նրան կից հողատարածքը` 1454 քմ մակերեսով: Ակումբի շենքի օտարման համար սահմանված մեկնարկային գինը որոշվել է առանց պահանջվող փորձագիտական եզրակացության: Նույն կերպ էլ վաճառվել է բաղնիքի շենքը` 89 հազար դրամով: Աղբերքում 2006-2009 թթ. կատարվել են 11 մլն 375 հազար դրամի հողի օտարումներ: Այն ներառել է 6,5 մլն դրամով օտարված 5 հա հասարակական կառուցապատման հողատարածք` գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, Սեւան-Վարդենիս ճանապարհահատվածի ձախակողմյան մասում, ինչպես նաեւ նույն տարածքում գտնվող 2,5 հա արոտավայր, որոնք վաճառվել են նախկին համայնքապետ Վլադիմիր Մաթեւոսյանին 2007 թ. հուլիսին` համայնքի ղեկավարի ընտրությունից մի քանի օր առաջ: Նախկին համայնքապետը չի հանձնել աճուրդների անցկացման փաստաթղթերը` հանձնաժողովի որոշումները, սակարկությունների արձանագրությունները եւ այլն: Շորժայում 2008 թ. հունվարի 28-ին կայացած վարելահողի օտարման աճուրդում հանձնաժողովն արձանագրել է ՀՀ Կառավարության 30.09.2004 թ. 1572-Ն թիվ որոշման խախտում, սակայն խախտման բնույթը չի նշվել ուսումնասիրության մասին կազմված տեղեկանքում: Գրեթե բոլոր համայնքներում խախտվել են ՀՀ կառավարության 29.05.2003 թ. թիվ 750-Ն որոշման բազմաթիվ պահանջներ, որոնք վերաբերում են ՏԻՄ-երի եւ հարկային մարմինների միջեւ տեղեկությունների փոխանակմանը: Մինչ հարկային տեսչությունների կողմից համայնքներին հողի հարկի եւ գույքահարկի բազաների հանձնումը` հարկային տեսչությունները ՏԻՄ-երին չեն տրամադրել տեղեկություններ ֆիզիկական անձանց, նրանց հարկվող օբյեկտների, հարկային պարտավորությունների մասին, ՏԻՄ-երից չեն պահանջել հողի հարկի եւ գույքահարկի գծով կատարված վճարումների վերաբերյալ համապատասխան ամփոփագրեր, ՏԻՄ-երն էլ իրենց հերթին ֆիզիկական անձանց չեն ներկայացրել ծանուցագրեր պարտքերի վերաբերյալ, հարկային տեսչություններին չեն ներկայացրել տեղեկություններ հարկային վճարումները գրանցելու եւ հաշվառելու համար եւ այլն: Օրինակ, Լճավանում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հողի հարկի գծով ֆիզիկական անձանցից կատարված գանձումները հարկային տեսչությունում գրանցման չեն ենթարկվել 1997 թ. սկսած: Նման բարձիթողի իրավիճակ կարելի է հանդիպել նաեւ այլ համայնքներում, ինչն անպատճառ ունի իր կոռուպցիոն շարժառիթները: Ուսումնասիրող հանձնաժողովները գրեթե բոլոր համայնքներում արձանագրել են «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Դրամարկղային հաշվառման մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ: Օրինակ` Մարտունի գյուղական համայնքում 8 ամիսների համար համայնքապետարանի գանձապետական հաշվից մուտքագրվել եւ ելքագրվել է ընդհանուր թվով շուրջ 6 մլն 777 հազար դրամ գումար, սակայն նշված աշխատավարձերի վճարման հավաստի փաստաթղթեր համայնքապետարանում գոյություն չեն ունեցել: Զարմանալի է, թե համայնքապետերը որքան համարձակ են սխալվում կամ օրենքը խախտում: Այդպես վարվում են երկու դեպքում` երբ անգիտության մեջ են կամ առաջնորդվում են շահադիտական նկատառումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter