HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆրանսիացի զբոսաշրջիկը զարմացել է` տեսնելով երթուղային տաքսիներում իրար գիրկ նստած մարդկանց

Օգոստոսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրել էր, որ նախորդ տարվա համեմատ այս տարի զբոսաշրջության ոլորտն անկում չի գրանցել, բայց չի գրանցվել նաև զգալի աճ` ընդամենը 0.1 տոկոս: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան է այցելել 207. 729 զբոսաշրջիկ: Նշենք, որ պաշտոնական տվյալներով` մինչեւ 2008 թվականը հանրապետությունում զբոսաշրջիկների թվի տարեկան 20-25 տոկոս աճ է գրանցվել: Իսկ այս տարվա թվի նվազումը պատասխանատուները կապում են հիմնականում տնտեսական ճգնաժամի հետ: Օրերս Սեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սեւան-Գրենոբլ համագործակցության տանը» (զբոսաշրջիկների համար խորհրդատվական կենտրոն է - հեղ.) հանդիպեցի ազգությամբ ֆրանսիացի Լյուդովիկ Լը Գոֆին: Ֆրանսիացու վրա տնտեսական ճգնաժամը չէր ազդել եւ որոշել էր ցանկացած պարագայում շրջել ամբողջ աշխարհում: Պարոն Լը Գոֆը Հայաստան է եկել առաջին անգամ եւ բարձր կարծիք ունի հայերի մասին: Հայկական մշակույթին նա ծանոթացավ, երբ 2007-ին Ֆրանսիայում անցկացվեց Հայաստանի տարին: Լյուդովիկին Հայաստան են բերել ինքնատիպ հուշակոթողներն ու խաչքարերը, որոնցով հիացած է: Ֆրանսիացի զբոսաշրջիկը դասախոս է եւ իր վաստակած գումարները տնտեսելով` եղել է ավելի քան 40 երկրում: Հայաստանից հետո նա պատրաստվում է այցելել Նորվեգիա: Հայաստանում նրան դուր է եկել հատկապես հայերի հյուրասիրությունն ու ջերմությունը: Այս ամենով հանդերձ` նա չի պատրաստվում երկրորդ անգամ այցելել Հայաստան: «Աշխարհը բավականին մեծ է, ու ես հազիվ հասցնեմ լինել բոլոր երկրներում: Իհարկե, ընդհանրապես չեմ բացառում, որ երկրորդ անգամ Հայաստան կգամ, բայց դա իմ պլանների մեջ առայժմ չկա»,- ասաց ֆրանսիացի զբոսաշրջիկը: Լյուդովիկ Լը Գոֆը նախընտրում է միայնակ ճամփորդել: Սիրում է հատկապես արեւելյան երկրները: 31_08-goff«Ինձ միայն ուկրաինացիները դուր չեն եկել: Շատ սառը ժողովուրդ էին, եւ օրերն էի հաշվում, թե երբ էի վերադառնալու Փարիզ: Այնպիսի տպավորություն ունեի, որ այդ ազգը, բացի իրենից, ուրիշ ոչ մի ազգի չի սիրում: Նրանց հետ շփումը չէր ստացվում: Հայաստանում նման զգացողություն չունեմ»: Ֆրանսիացի զբոսաշրջիկից հետաքրքրվեցինք, թե Հայաստանում ի±նչը չի հավանել: Պարոն Լը Գոֆն առաջին հերթին նշեց սպասարկումը, սակայն եվրոպականին զիջող հայաստանյան սպասարկումը կապեց արեւելյան երկրների առանձնահատկությունների հետ` ասելով, որ Արեւելքին բնորոշ է նման սպասարկումը: «Գալով Հայաստան` արդեն գիտեի, որ սպասարկման ոլորտը զիջելու է եվրոպականին, ու այստեղ ժամանելով` ինձ համար դա անակնկալ չէր: Ասեմ, որ ձեր երկրում ինձ համար խոչընդոտ է հատկապես շփումը, քանի որ Հայաստանում ֆրանսախոսները շատ քիչ են: Դժբախտաբար, ուշ իմացա, որ նման կենտրոն կա (նկատի ունի «Սեւան-Գրենոբլ համագործակցության տունը» - հեղ.), որտեղ ինձ հարազատ լեզվով խորհուրդներ կտան, թե ուր եւ ինչպես հանգիստս անցկացնեմ»,- նշեց Լյուդովիկ Լը Գոֆը: Ֆրանսիացի հյուրը Հայաստան է ժամանել 12 օրով ու հասցրել է լինել Էջմիածնում, Երեւանում ու Սեւանում: Նրան շատ էր դուր եկել հատկապես Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն ու աշխատակազմի ջերմ վերաբերմունքը: Եղել է նաեւ Պատմության թանգարանում, մի շարք պատկերասրահներում: «Հայաստանում ինձ ավելի շատ զարմացրեց երթուղային տաքսիների գոյությունը: Զարմանալին այն է, որ երթուղային տաքսում նույնիսկ մեկ մարդու համար նստելու տեղ չկա, բայց վարորդները վերցնում են այնքան ուղեւոր, ինչքան իրենց ճանապարհին է հանդիպում: Հետաքրքիր բան եմ նկատել` քաղաքացիներն իրար վրա բարձրանալով` երթուղային տաքսիներում իրար գիրկ են նստում, սակայն ավտոբուսից չեն օգտվում»: Շարունակելով զարմանքի ու դժգոհությունների թեման` Լյուդովիկ Լը Գոֆը առանձնացրեց տրանսպորտային միջոցների վրա նշագրված երթուղու ուղղությունը միայն հայերենով գրելու հանգամանքը. «Տրանսպորտային միջոցների վրա երթուղին գրված է միայն հայերեն լեզվով, ու հայերեն չհասկացողներիս համար դա լուրջ դժվարություն է: Ինձանից ուղիղ 3 օր պահանջվեց, որպեսզի հասկանամ, թե իմ հյուրանոցից Երեւանի կենտրոն հասնելու համար որ երթուղայինը պետք է նստեմ»: Լյուդովիկ Լը Գոֆի ասելով` Հայաստանում զբոսաշրջիկները տեղեկատվության պակաս ունեն, թե ինչ տեսարժան վայրեր կարող են այցելել: Այստեղ էլ զբոսաշրջիկն առանձնացրեց տրանսպորտի հարցը, քանի որ մի քաղաքից մյուսը գնալու համար մեծ դժվարությունների է հանդիպել: «Մի վայրից մյուսն անցնելու համար չկա համապատասխան տրանսպորտ, եւ ժամերով ես փողոցներում կանգնել եմ, որ մի մեքենա պատահի, նստեմ ու տեղ հասնեմ, քանի որ չեմ կարողացել հասկանալ, թե որտեղից ու որ ժամին է ավտոբուսը գնում»,- նշեց ֆրանսիացին: Լյուդովիկ Լը Գոֆին հարցրինք` «բավարարվա±ծ եք Հայաստանի ապրանքների եւ սպասարկման ոլորտի գնային քաղաքականույունից»: «Չէի ասի, որ Հայաստանը թանկ երկիր է: Օրինակ` Ֆրանսիայում մեկ աստղանի հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելն արժե 60 եվրո, Հայաստանում այդ գինը կիսով չափ պակաս է: Ապրանքների գներից ու սպասարկումից չեմ դժգոհում»,- ասաց Լ. Լը Գոֆը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter