HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի դիահերձարանը զուրկ է բավարար պայմաններից

31_08-morgԱսում է Գորիսի հիվանդանոցի ախտաբանական ախտորոշման ծառայության պետը Գորիսի կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ վերջերս ստիպված է եղել պոլիէթիլենային պարկի մեջ քաղաքի աղբավայր նետել մեռելածին երեխայի դին, քանի որ հարազատները չէին ցանկացել վերցնել այն, իսկ կենտրոնական հիվանդանոցի վերանորոգման պատճառով ստացիոնար բաժինը տեղափոխվել է այլ վայր, որը չունի նպատակին ծառայող համապատասխան տարածք: Սակայն մինչեւ վերանորոգման աշխատանքներն էլ հիվանդանոցը, այսպես կոչված, բժշկական թափոնի արտանետման համար բավարար պայմաններով ապահովված տարածք չի ունեցել: Գորիսի Հ. Յոլյանի անվան բուժմիավորման վիրաբույժ Վիտալիկ Խուրշուդյանի խոսքով` վիրահատական միջամտություններից գոյացած հերձվածքը, եթե չի ուղարկվում մայրաքաղաք` հիստոլոգիական հետազոտության, թաղվում է հիվանդանոցի վարչական շենքից 150 մ հեռավորության վրա գտնվող հորում, որը պարբերաբար ախտահանվում է քլորով: Բուժաշխատողների տեղեկացմամբ` վերջին տասնամյակում այդպիսի երկու փոս արդեն փակվել է, ընթացքի մեջ են երրորդի փորման աշխատանքները: Նույն հորում է թաղվում նաեւ դիահերձումների հերձվածքը, քանի որ քաղաքի եւ ենթամարզի գյուղերից դիահերձում, դիակների պահպանում կատարվում է կենտրոնական հիվանդանոցում (այն հատվածում, որի վերին հարկում ծննդատունն է): 31_08-g_mirzoyanԳորիսի հիվանդանոցի ախտաբանական ախտորոշման ծառայության պետ Գառնիկ Միրզոյանը պատմում է, որ Գորիսի բուժմիավորումում դիակների հերձում կատարվում է հիվանդանոցի նկուղային հարկում, ընդամենը 28 քմ տարածք ունեցող երկու սենյակում, որոնցից մեկը ծառայում է որպես հանդերձարան, աշխատասենյակ, իսկ երկրորդում ե՛ւ դիահերձում է կատարվում, ե՚ւ անհրաժեշտ սարքավորումները, դեղամիջոցներն են գտնվում, ինչպես նաեւ արդեն մշակված դիակներն են պահվում: Դիահերձման բաժանմունքը սառնարան չունի: Գ. Միրզոյանի խոսքով` ժամանակակից սարքավորումներով, սառնարանային տնտեսությամբ, նվազագույնը 7-8 սենյակով ապահովված ախտաբանաանատոմիական ծառայության անհրաժեշտությունն առանձնապես կարեւորվում էր պատերազմական տարիներին, երբ հարկադրաբար դիահերձում կատարվում էր նաեւ հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի հիվանդասենյակներում: Բավարար պայմանների բացակայության պատճառով գյուղական բնակավայրերի մեծ մասում դիահերձում կատարվում է տնային պայմաններում: Վ. Խուրշուդյանի խոսքով` նախկինի համեմատ, մարդիկ ավելի հաճախ են դիմում բուժմիավորման ախտաբանաանատոմիական ծառայությանը, թեպետ դիակների հերձումը ոչ միայն հիգիենայի հետ է կապված, այլեւ պարտադիր է հատկապես այն դեպքերի համար, երբ մահացողը ստացիոնար բուժում է ստացել: Վ. Խուրշուդյանը դիակների հերձումը կարեւոր է համարում նաեւ բժիշկների ուսուցման առումով: Ըստ ախտաբանական ախտորոշման ծառայության պետի` սահմանված չափորոշիչներին համապատասխան դիահերձարանի ստեղծմամբ պետք է մտահոգ լինի ոչ միայն բուժմիավորումը. խնդրի լուծումը համայնքային իշխանության պարտականությունների շրջանակում է, քանի որ այն առնչվում է նաեւ քաղաքի բնապահպանությանը: «Կառույցը կարող է լինել հիվանդանոցին կից, սպասարկումը կարող է իրականացնել հիվանդանոցը, բայց այն համայնքային նշանակություն ունի»,- համոզված է Գ. Միրզոյանը: Գորիս քաղաքի ճարտարապետ Կարո Փարսյանը նշում է, որ ախտաբանաանատոմիական ծառայության 400 քմ տարածք նախատեսող առանձին շենքի կառուցման համար կատարվել են նախագծահաշվարկային աշխատանքներ, որոնց համաձայն` բավարար պայմաններով ապահովված դիահերձարան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ: «Հասկանալի է, որ կառույցի ֆինանսավորման համար կարող են վկայակոչել տնտեսական ճգնաժամը, սակայն խնդիրն այն է, որ այժմ քաղաքի բուժմիավորման բոլոր մասնաշենքերը վերանորոգվում են եւ, ըստ որոշ աղբյուրների, նախատեսվում է դիահերձարանի համար դրանցից մեկում որոշակի տարածք առանձնացնել, ինչը եւս չի համապատասխանում սահմանված չափանիշերին, եւ դրանով խնդրի լիարժեք լուծումը կհետաձգվի անորոշ ժամանակով»,- ասում է Կ. Փարսյանը: 2006 թ. Կառավարության ընդունած որոշմամբ համայնքային իշխանությունը պարտավոր է իրականացնել գերեզմանատների կառավարման, կանոնակարգման, տեղակայման աշխատանքներ` ընդհուպ գերեզմանների քարտավորում: Բացի այդ, օրենքի համաձայն, տեղական իշխանությունը պարտավոր է հետեւել թաղման արարողությունների, հուղարկավորությունների, վերահուղարկավորման, սգո արարողությունների եւ անգամ սգո խանութների գործունեության ապահովմանը: Նույն որոշմամբ, սակայն, չի կարեւորվում գոնե քաղաքային համայնքներում սահմանված չափանիշներին համապատասխան դիահերձարանի անհրաժեշտությունը: Կառավարության վերոնշյալ որոշման շրջանակներում, Գորիսի ավագանու որոշմամբ, գերեզմանների հատկացման համար առանձին պայմաններ են սահմանվել, ըստ որի` գերեզմանի համար մինչեւ 6 քմ տարածքը հատկացվում է անվճար, մյուս բոլոր դեպքերի համար որոշակի գներ են սահմանված: «Համայնքի ավագանու նիստերից մեկում որոշում Է ընդունվել, որով նախատեսվում էր յուրաքանչյուր նոր գերեզմանատեղի հատկացման համար սահմանել 3000 դրամ վճար: Ենթադրվում էր, որ այն կուղղվեր քաղաքի երեք կիսաբաց եւ մեկ բաց գերեզմանատան բարեկարգմանը, սակայն բնակիչները հիվանդագին արձագանքեցին, թեպետ համոզված եմ, որ ժամանակի հետ այն կհաղթահարվի»,- ասում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2007 թ. Գորիսի քաղաքային իշխանության ավագանու որոշմամբ եւս 2 հա հողատարածք է հատկացվել «Թոս-կապ» կոչվող գերեզմանատան ընդլայնման համար: Քաղաքապետը կարծում է, որ ոստիկանության, թաղային լիազորների հետ համագործակցելով` հնարավոր կլինի խստագույնս պահպանել հուղարկավորությունների համար սահմանված կարգը: Հետաքրքրական է, որ համայնքային իշխանությունը, մասնավորապես ավագանու անդամները, նույն ակտիվությունը հանդես չբերեցին (թերեւս այն պատճառով, որ դիակները ընտրական ձայնից զրկված են - Ս.Շ.), երբ ընթացիկ տարվա հունիսի 2-ին կայացած ավագանու նիստում, կարեւորելով դիահերձարանի անհրաժեշտությունը, առաջարկվեց քննարկել հարցը: Կարծիք հայտնվեց, թե քաղաքային բուժմիավորումն այդ ծառայությունն իրականացնում է, սակայն չկարեւորվեց, թե ի՞նչ պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter