HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ն. Երիցյան. «Պետք է «քառակուսուց դուրս մտածել» եւ տեսնել իրական մեծ պատկերը»

ԱՅՍԵԿ միջազգային երիտասարդական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը քսան տարեկան է (AIESEC-ը ֆրանսերենից թարգմանվում է որպես «Տնտեսագիտության եւ կոմերցիայի ոլորտի ուսանողների միջազգային ասոցիացիա»): Այս առիթով սեպտեմբերի 4-5-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ կազմակերպության համագումարը:

Համաժողովի մասնակից բարձրաստիճան պաշտոնյաները,  ԱՅՍԵԿ  Հայաստանի հիմնադիրները, շրջանավարտները, գործընկերները, միջազգային հյուրերն ու երիտասարդ անդամները ամփոփեցին քսանամյա գործունեությունը եւ քննարկեցին հետագա անելիքները: Համաժողովի նպատակներից մեկն էլ ԱՅՍԵԿ Հայաստանի տարբեր սերունդների ասոցիացիա ստեղծելն է, որը կանդրադառնա Հայաստանում երիտասարդությանը և ձեռնարկատիրությանը վերաբերող հիմնախնդիրներին և կնախաձեռնի ծրագրեր այդ ուղղություններով: ԱՅՍԵԿ Հայաստանի հիմնադիրներից է եղել նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով կարեւորում է կազմակերպության դերը երիտասարդ առաջնորդների պատրաստման գործում: «ԱՅՍԵԿ-ն ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռող կառույց է: Կազմակերպության առաքելությունը երիտասարդության մեջ առաջնորդելու ունակության բացահայտումն է: Այսօր մեր ազգը դրական մտածելակերպով առաջնորդների կարիք ունի, քանի որ հենց նրանք են, որ աշխարհում փոփոխություններ են մտցնում»,- ասաց Ն.Երիցյանը: Նախարարի խոսքերով առաջնորդ ասվածի չափանիշներն արդեն փոխվել են. «Իրական առաջնորդն իր կամքն ու գիտելիքները թելադրողը չէ. նա պետք է օրինակ ծառայի: Առաջին հերթին նրան դրական մտածելակերպ է անհրաժեշտ եւ ստեղծարարություն: Այսօր եթե չկարողանաս գաղափար, միտք ստեղծել, ոչնչի չես հասնի»: Ներսես Երիցյանը համարում է, որ ինքն էլ հաջողությունների է հասել ԱՅՍԵԿ-ից ստացած փորձի եւ գիտելիքների շնորհիվ. «ԱՅՍԵԿ-ը շատ բան է տվել ինձ. ես սովորել եմ մտածել այլ կերպ: Եւ երբ այլ կերպ ես մտածում, դա, իրականում, առավելություն է եւ ոչ թե թերություն: Մնում է միայն գիտակցել դա եւ գործել: Պետք է «քառակուսուց դուրս մտածել» եւ տեսնել իրական մեծ պատկերը, ի վիճակի լինել երկարաժամկետ հաջողությունները տարանջատելու կարճաժամկետ վնասներից»: Կազմակերպության հիմնադիրներից, ՄԱԿ-ի Աֆրիկա 1 սեկտորի խաղաղապաշտպանների ղեկավարի տեղակալ Արմեն Վահրադյանը նշում է, որ ԱՅՍԵԿ-ը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ եւ զերծ է մնում քաղաքական գաղափարախոսություններից: «Մեր կազմակերպությունը զերծ է բոլոր տեսակի կուսակցական շփումներից: Դա չի նշանակում, որ մեր շարքերը չենք ընդունում որեւէ կուսակցական երիտասարդի, սակայն ԱՅՍԵԿ-ում նա չի կարող տարածել իր կուսակցական գաղափարները»,- ասաց Արմեն Վահրադյանը: ԱՅՍԵԿ-ի հայաստանյան գրասենյակի այժմյան նախագահ 22-ամյա  Զառա Հարությունյանը համարում է, որ իր ձեռքբերումների մեծ մասն ԱՅՍԵԿ-ի շնորհիվ է ունեցել: «2006-ին անընդհատ էլեկտրոնային նամակներ էի ստանում ԱՅՍԵԿ-ից: Որոշեցի գնալ եւ մասնակցել կազմակերպության գործունեությանը: Գնացի եւ հենց այդ մասնակցությունը մեծ ձեռքբերումների առիթ դարձավ ինձ համար: Սկսեցի տարբեր ծրագրերի մասնակցել, միջազգային փորձ ձեռք բերել եւ առավել լայն աշխարհայացքով մոտենալ տարբեր հարցերին: Բացի ծրագրերին մասնակցությունը, ԱՅՍԵԿ-ն ունի նաեւ ուսուցման համակարգ, որը շատ կարեւոր է երիտասարդության շրջանում մեծ եւ դրական փոփոխությունների հասնելու համար: Մենք շատ բաներ սովորում ենք նաեւ մեր գործընկեր խոշոր միջազգային ֆիրմաներից, ինչպիսիք են Coca Cola-ն, DHL-ը,  BMW-ն եւ այլն: Նրանց փորձից սովորում ենք հաջողության հասնելու եւ նորարարական լուծումներ գտնելու հմտություններ»,- նշեց Զառա Հարությունյանը: ԱՅՍԵԿ-ի անդամ, ինչպես իրենք են ասում այսեկեր Սուսաննան էլ իր մեծ պոտենցիալը հայտնաբերել է կազմակերպությունում. «Զառան իմ համակուրսեցին էր. ես տեսնում էի, թե նա ինչքան զբաղված է, մեկնում է տարբեր երկրներ: Երբեք չէի պատկերացնի, որ ես էլ կարող եմ մասնակցել որեւէ կոնֆերանսի կամ խոսել որեւէ հարցի շուրջ: Զառան ինձ առաջարկեց գալ ԱՅՍԵԿ: Համաձայնեցի եւ շատ ուրախ եմ, քանի որ առանց ԱՅՍԵԿԻ երբեք չէի բացահայտի այն մեծ պոտենցիալը, որ կա իմ մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter