HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ոչ թե հողերը պիտի հետ տանք, այլ ավելացնենք»,- ասում է 27-ամյա սպան

Արցախի ճանապարհային գլխավոր երակը` Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, հարավային ծայրում ավարտվում է «9-րդ կիլոմետր» կոչվող խաչմերուկով: Այստեղ կանգնեցված դեղին վահանակը ցույց է տալիս դեպի աջ, վրան գրված է` «Արաքս գետի հովիտ»: Խաչմերուկի մյուս երկու ճանապարհներից մեկը տանում է ուղիղ, իսկ մյուսը` ձախ: Դեպի Արաքս գնացող ճանապարհը դուրս է բերում նախկին ադրբեջանական Ջաբրայիլ բնակավայր, որն այժմ կոչվում է Ջրական կամ Մեխակավան:

Խաչմերուկից ուղիղ շարունակվող ճամփան ուղեւորին կհասցնի մինչեւ Հորադիզ կայարան: Գործնականում, սակայն, դա այսօր հնարավոր չէ. ճանապարհը հատված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծով:

Ընդ որում` եթե Հորադիզ կայարանը սահմանից անդին է, ապա նույնանուն գյուղը գտնվում է հայկական ուժերի թիկունքում: «9-րդ կիլոմետր» ճամփաբաժանից դեպի ձախ տանող ճյուղը, որն, ի դեպ, իր հին, բայց որակյալ ասֆալտով հանդերձ բավականին լավ ճանապարհ է, հասնում է մինչեւ Ֆիզուլի, ներկայիս Վարանդա:

Նախկին քաղաքը, որը պատերազմի ժամանակ ու հետո ավերականոց է դարձել, փռված է ցածր բլուրներով եզերված հարթավայրում` Լեռնային Ղարաբաղից դեպի Դաշտային Ղարաբաղ հոսող Իշխանագետի հովտում:

Ահա հենց այս ասֆալտապատ ճանապարհով էլ գնում ենք: Բավականին տաք օր է, կարելի է ասել` իսկական մայիսյան եղանակ:

Բայց հիմա դեռ ապրիլ ամիսն է, պարզապես Դաշտային Ղարաբաղում, ի տարբերություն Լեռնայինի, ջերմաստիճանը մի քանի աստիճանով ավելի բարձր է, իսկ ամառն էլ, բնականաբար, այստեղ ավելի շուտ է գալիս:

Ճանապարհը ձգվում է լքված ու ավերակ բնակավայրերի կողքով, ու դրանցից յուրաքանչյուրին հասնելիս ուշադրությունս գրավում են փշի կանաչ, մարդաբոյ փարթամ թփերը, որոնք արդեն մասամբ ծածկել են ցածրահարկ շինությունների ավերակներն ու ամբողջությամբ լցվել տնամերձ այգիները:

Իսկ որ այստեղ ժամանակին բերրի այգիներ են եղել, վկայում են փշերի մեջ գրեթե ամբողջ բնով թաղված պտղատու ծառերի գլուխները:

Ֆիզուլու մուտքի մոտ` հենց ճանապարհի գլխավերեւում կանգնեցված մետաղե հսկա վահանակն ամբողջությամբ ժանգոտել է անձրեւներից:

Այնուամենայնիվ, թեկուզեւ դժվարությամբ կարելի է կարդալ դրա վրա ռուսերեն գրված տեղանունները: Անկյունում նշված է` «Ֆիզուլի»: Սլաքներից մեկը ցույց է տալիս դեպի Աղդամ ու Եվլախ, մյուսը` Բաքու:

Վահանակի հակառակ կողմում, այսինքն` հանդիպակաց ճանապարհով եկողների համար սլաքները տանում են դեպի Ջաբրայիլ ու Հորադիզ:

Ժամանակին սրանք եղել են բանուկ ճանապարհներ, ու այստեղով ազատ երթեւեկել են երկու «եղբայրական» ժողովուրդները: Իսկ հիմա… Հիմա ճանապարհի եզրին կամ դրան հարակից դաշտի մեջ ոտքդ կարող ես դնել չպայթած ականի վրա ու…

Ֆիզուլիից դուրս ենք գալիս միջպետական մայրուղի, որն այսօր չի ծառայում իր բուն նպատակին: Իրենց դերը փոխել են նաեւ ճանապարհի եզրով կանգնեցված էլեկտրասյուներով ձգվող հոսանքալարերը, որոնք հիմա որպես թառ ծառայում են կաչաղակներին ու վայրի աղավնիներին:

Գնում ենք դեպի արեւելք: Ճանապարհամերձ բնակավայրերի ավերակներ, փշերի գրոհին ենթարկված, խամ ու խոպան դարձած նախկին վարելահողեր ու խաղողի դաշտեր, պատերազմի տարիներից անմարդաբնակ, դարանակալ ականներով հարուստ հարթավայր ու բլուրներ…

Մոտենալով սահմանին` ասֆալտապատ մայրուղուց թեքվում ենք դեպի աջ տանող գրունտային ճանապարհը ու ոչ ավել, ոչ պակաս մխրճվում լայնարձակ փշե կանաչ դաշտի լաբիրինթոսը:

Ճանապարհի ճյուղավորումներն այնքան շատ են, որ տեղանքին անծանոթ մարդը կարող է իսկույն մոլորվել: Բացի այդ` դրանց չորսբոլորը տարածվող փշի թփերը փակել են տեսադաշտը, եւ միայն հմուտ ուղեկցորդին ու ճանապարհի ոլորաններին հետեւելով` կարելի է տեղ հասնել:

Մյուս կողմից` չնայած սահմանագիծը համեմատաբար հեռու է այստեղից, այնուամենայնիվ, մարդաբոյ ու ավելի բարձր թփերը բնական պատնեշի դեր են խաղում` հուսալիորեն քողարկելով այստեղով անցնող մեքենաները:

Անցնում ենք փոքր կամուրջով, որը գցված է գարնանային անձրեւաջրերից հորդահոս դարձած գետի վրայով:

Գնդապետ Սերգեյ Մամունցը նայում է սահմանից այն կողմ անցնող ջրերին ու ասում. «Գիտես, մենք էս ջրերը պիտի պահենք: Սրանք մեզ համար մեծ պաշար են ու երկրի համար ռազմավարական, էներգետիկ հսկայական նշանակություն ունեն»:

Իսկապես, Արցախը հիդրոէներգետիկայի ոլորտում մեծ հնարավորություններ ունի: Թարթառ ու Թրղի գետերի վրա կառուցված ու կառուցվող հանգույցները երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ու էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր են լուծում:

Բայց նման խնդիրներ կարող են լուծել նաեւ Արցախի մյուս գետերը, որոնք չնայած նշվածների պես լեռնային չեն, այսինքն` չունեն բնական էներգաստեղծ հատկություն, բայց ջրամբարների շնորհիվ կարող են զգալիորեն ընդլայնել, մասնավորապես, ոռոգման ցանցը:

Այս առումով Արցախի նախագահը վերջերս ասել է, որ ՀԷԿ-երի ու ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները շարունակվելու են ԼՂՀ-ի ամբողջ տարածքում: Ժամանակը ցույց կտա:

Ի դեպ, քարտեզին նայելիս կարելի է տեսնել, որ հարթավայրային Խաչենագետի ու Վարանդայի վրայի ջրամբարները խորհրդային տարիներին «զարմանալիորեն» կառուցվել են նախկին ԼՂԻՄ-ից հաշված կիլոմետրեր դուրս` Աղդամի ու Ֆիզուլու շրջաններում, բայց այսօր դրանք ԼՂՀ տարածքում են, պարզապես հարցն այն է, թե վերջիններս որքանով են ծառայում իրենց նպատակին…

Պաշտպանության բանակի զորքերի ծառայության բաժնի պետ, գնդապետ Սերգեյ Մամունցին հանձնարարված է ստուգել գնդապետ Արարատ Մելքումյանի գլխավորած զորամասի մարտական դիրքերից մի քանիսը, ավելի կոնկրետ` անձնակազմի մարտական պատրաստվածությունը, կենցաղային պայմանները, ինժեներական կահավորանքի ու կապի վիճակը: Մի խոսքով` այն ամենը, ինչը սահմանը դարձնում է անառիկ:

Տեղանքը, որտեղով անցնում ենք մենք, ամբողջովին կանաչապատ է: Միայն մեքենայի անիվների դեղնաշագանակագույն հետքերն են զերծ խոտից: Իսկ այդ անվահետքերի արանքում կրկին կանաչ է` համարյա կես մետր բարձրությամբ:

Ու այդ կանաչն իր տակամասով սանրելով` մեր մեքենան աստիճանաբար մոտենում է դիրքերին: Հրամանատարական կետում մեզ դիմավորում է գումհրամանատար, փոխգնդապետ Աշոտ Հարությունյանը: Ճանապարհը շարունակում ենք վերջինիս մեքենայով:

«Վիլիսի» մեջ տոթ է, ու գրեթե շնչելու օդ չկա, իսկ ահա ձմեռային բաճկոն հագած զինվոր վարորդը, արագ ու վարպետորեն աջ ու ձախ պտտելով ղեկը, իրար հետեւից հաղթահարում է ցեխաջրով լի մեծ փոսերը:

Փոխգնդապետ Հարությունյանն ասում է, որ վերջին օրերին հակառակորդն ակտիվություն չի ցուցաբերում: Բայց անկախ դրանից` իրենք` գումհրամանատարները, ամեն օր առավոտյան ժամը 7-ին զորամասի հրամանատարին պարտավոր են զեկուցել գրանցված արտակարգ պատահարների, հակառակորդի տեղաշարժերի, հայտնաբերված թերությունների, կապի վիճակի մասին: Այսպիսին է զինվորական կյանքը. վերադասի հրամանը ենթակա է ճիշտ, ժամանակին ու անվերապահ կատարման:

Քիչ անց մեզ է միանում նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Վարդան Սարգսյանը: Հենց նրա ստորաբաժանման դիրքերն էլ պետք է ստուգի գնդապետ Մամունցը:

Վարդանը 27 տարեկան է, արդեն 6 տարի ծառայում է հայկական բանակում: Պատմում է, որ զինծառայության նկատմամբ սերն առաջացել է Շարժման ու պատերազմի տարիներին. «1990-ին, երբ դժվար ժամանակներ էին` պատերազմ, շրջափակում, տնտեսական ճգնաժամ, ես առաջին դասարան էի: Էդ տարիներին երիտասարդության նպատակները մեծ էին` գնալ սովորել բարձրագույն հաստատություններում, բայց դե մարդիկ հաճախ կարողանում էին ընդամենը օրվա մի կտոր հաց ճարել, հնարավորությունները քիչ էին: Երեւի էդպիսի բնակավայր, մարզ չկար, որ մի երկու օրը մեկ մի ջահել տղայի դիակ չբերեին: Նայում, ասում էինք` մենք էլ դեռ պիտի գնանք»:

2000-2004-ին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որից հետո նշանակվել է դասակի հրամանատար Վանաձոր քաղաքում: Երկու տարի անց նույն զորամասում նշանակվել է վաշտի հրամանատար:

Բանակային կորպուսի կազմում վաշտը երեք տարի շարունակ ճանաչվել է լավագույնը, ինչի համար էլ երիտասարդ հրամանատարը պաշտպանության նախարարի կողմից արժանացել է թանկարժեք նվերի:

2009-ի մայիսի 28-ին Վարդան Սարգսյանը տեղափոխվել է Պաշտպանության բանակ, նշանակվել վաշտի հրամանատար: Նույն տարում նրա ստորաբաժանումը մասնակցել է շարային պատրաստության մրցումների ու միավորման կազմում գրավել առաջին տեղը, իսկ հայկական բանակում ճանաչվել է երրորդը:

Ցույց տված բարձր արդյունքների համար Սարգսյանը մի քանի անգամ խրախուսվել է միավորման ու զորամասի հրամանատարների կողմից: Վերջերս էլ ներկայացվել է մեդալով պարգեւատրման ու պաշտոնի բարձրացման (գումարտակի շտաբի պետ):

Նախորդ` բնույթով թիկունքային ու ներկայիս սահմանապահ զորամասերում ծառայության մասին վաշտի հրամանատարն ասում է, որ ոչ մի զինվորական չպիտի զգա դրանց միջեւ տարբերությունը. «Ծառայությունը մնում է ծառայություն, բոլորում էլ նույն կանոնադրությունն է: Անձամբ ես հիմա մեծ հաճույքով ու մարտական տրամադրվածությամբ եմ իրականացնում մարտական հերթապահությունը, ու դրա համար ինձ ավելի լավ ու հպարտ եմ զգում»:

Սարգսյանի հավաստմամբ` իր օրոք վաշտին վստահված սահմանահատվածում արտակարգ դեպքեր տեղի չեն ունեցել, ամեն ինչ կատարվում է կազմակերպված` անվտանգության կանոնները պահպանելով:

Իսկ զորամասի մշտական տեղակայման վայրում վաշտի անձնակազմի դասընթացները անց են կացվում ըստ մարտական պատրաստության պլանի, եւ այստեղ էլ խախտումներ չեն եղել:

Բայց չնայած սահմանում ընդհանուր կայուն վիճակին` պարբերաբար հակառակորդը անկանոն կրակ է բացում մեր դիրքերի ուղղությամբ, որը լռեցվում է հայ սահմանապահների համարժեք պատասխանով:

«Գումհրամանատարի դաստիարակչական գծով տեղակալի, վաշտերի, դասակների հրամանատարների կողմից անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու ու հավանական պատերազմին նախապատրաստելու նպատակով անց են կացվում զրույցներ,- պատմում է կապիտան Սարգսյանը:- Տղաները տրամադրված են մարտական, նրանք պատրաստ են մարտի: Այսօր Պաշտպանության բանակի զինծառայողների կարգախոսն է` «Պատրաստվում ենք պատերազմի»: Անձնակազմի տրամադրվածությունն էնպիսին է, որ պատերազմի վերսկսման դեպքում բոլորն էլ մասնակցելու են դրան, ընդ որում` էն նպատակով, որ ոչ թե հողերը պիտի հետ տանք, այլ ավելացնենք»:

«Հողերը հետ տալու մասին խոսք լինել չի կարող: Միանշանակ դրանք մինչեւ վերջ պիտի պահենք: Մեկը ես` որպես վաշտի հրամանատար ու զինվորական համակարգում ծառայող, գտնում եմ, որ չկա նման հայ, որ պատերազմը վերսկսվելու դեպքում անտարբեր մնա: Եռաբլուր ունենք, էդքան կռիվ, էդքան դժվարություններ ենք տեսել ու հիմա նորից հողերը հե՞տ տանք իրենց: Ոչ մի հայ չպիտի մոռանա, որ Տիգրան Մեծի օրոք մեր երկիրը ծովից ծով Հայաստան է եղել, իսկ հիմա մնացել է մի բուռ հող, ու քանի կարող ենք, պիտի էդ հողը շատացնենք»,- ասում է 27-ամյա սպան:

Մեքենայից դուրս գալով` խրամուղու միջով քայլում ենք դեպի առաջնագիծ: Փոխգնդապետ Հարությունյանը պատմում է, որ հիմա այս կողմերում սահմանապահների համար մեծ վտանգ են ներկայացնում թունավոր օձերը:

Տաքերն ընկնելուն պես վերջիններս զարթնել են ձմեռային նիրհից ու այժմ բավականին ակտիվ են: Կարծես հրամանատարի խոսքերը հաստատելու համար խրամուղու կողքի թփերի միջից դուրս է սողում մի 30 սմ-ոց գյուրզայի ձագ: Հարությունյանն անմիջապես ճզմում է օձի գլուխը:

Տղաները թունավոր հյուրերից պաշտպանվելու համար իրենց մոտ երկար փայտեր են պահում, առանց որոնց չի թույլատրվում բլինդաժի մոտակայքից հեռանալ:

Խրամուղին մեզ դուրս է բերում ավագ լեյտենանտ Սոկրատ Մաթեւոսյանի հենակետի դիրքերից մեկը: Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արսեն Գեւորգյանը փոխում է դիտակետում կանգնած դիտորդների զույգին:

Տղաների ասելով` այստեղից մինչեւ հակառակորդի առաջնային ամրությունները մոտ 1200 մ է: Այս ոչ փոքր հեռավորությունն է երեւի պատճառը, որ հակառակորդի կողմից այս հատվածում կրակոցներ վերջերս չեն եղել:

Բայց, հայ սահմանապահների պատմելով, թշնամու հետախույզները, օգտվելով այստեղով անցնող գետակի ծառուտից, երբեմն այդտեղով հատում են չեզոք գոտին: Գնդապետ Մամունցը ստուգում է կապը. ամեն ինչ կարգին է:

Հետո մի քանի ստուգողական հարց է տալիս դիտակետում հերթապահող տղաներին ու բավարար պատասխան ստանում:

Հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Մաթեւոսյանը մեզ ուղեկցում է հարեւան դիրքը: Սերժանտ Գագիկ Մինասյանը, որը դիրքի ավագն է, ընդառաջ վազելով մեզ, գնդապետին զեկուցում է, որ իր հերթապահության ժամանակ արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել:

Դիրքի անձնակազմը շարված է բլինդաժի առաջ: Տղաների համար այսօր տոնական օր է. իրենցից մեկը` Անդրանիկը, այսօր դարձել է 20 տարեկան: Սակայն ծնունդը մնում է ծնունդ, ծառայությունը` ծառայություն. մանավանդ որ այս պահին Անդրանիկը վերակարգում է` որպես առույգ հերթափոխի զինվոր հսկում է բլինդաժի մերձակայքը:

Բլինդաժի կողքին սահմանապահները իրենց ուժերով մատուռ են սարքել, ավելի ճիշտ` նմանատիպ բան: Ներսում սրբապատկերներ, իրենց ձեռքով պատրաստած խաչեր են դրել: Խրամատների հեռավորությունն իրարից այս կետում մոտ 1000 մ է: Բայց դիպուկահար հրացանի կամ խոշոր տրամաչափի գնդացրի համար սա միանգամայն խոցելի տարածություն է:

Որքան գնում ենք, հակամարտող կողմերի միջեւ չեզոք գոտին ավելի է նեղանում: Հերթական դիրքի դիտակետից մինչեւ հակառակորդի խրամատը, դիրքի ավագ Մերգելոս Ամիրխանյանի հավաստմամբ, հեռավորությունն ուղիղ գծով 150-200 մ է: Մերգելոսը 23 ամսվա զինծառայող է, դրանցից 18-19 ամիսը սահման է պահել: Ու չնայած փոքր հեռավորությանը` ասում է, որ տարուց ավելի այս դիրքում կրակոց չի եղել: Փոխարենը հիշում է, որ մի անգամ իրենց թիկունքում` դաշտի մեջ, ականի վրա շնագայլ էր պայթել: «Իմ խնդիրն էն է, որ եթե դիրքեր ենք բարձրացել յոթ հոգով, յոթովս էլ իջնենք էնտեղից»,- ասում է 23-ամյա կրտսեր սերժանտն ու ջոկի հրամանատարը:

«Տղերքը գիտեն, որ դիրքի ընդհանուր պատասխանատվությունն ինձ վրա է, ու իրենք էլ նույն չափով պարտավորված են լինում, որ ամեն ինչ նորմալ լինի: Էս ամեն ինչը գալիս է փոխադարձ հարգանքից,- պատմում է Մերգելոսը:- Դիրքում բոլորս հավասար ենք, մեկս մյուսի թիկունքն ենք, էստեղ, կարելի է ասել, մենք մի ընտանիք ենք դառնում. յոթ հոգի մի ամբողջ շաբաթ իրար հետ ենք անցկացնում` հաց ուտում, քնում, վեր կենում: Կիսվում, խոսում, պատմում ենք ընենց բաներ, որ կարող է ուրիշին չպատմենք, այսինքն` արդեն ոնց որ հարազատներ լինենք»:

Ճիշտ է` լինում են նաեւ վեճեր, ավելի կոնկրետ` բանավեճեր, բայց դրանք, Ամիրխանյանի ասելով, ընդամենը տարբեր թեմաների շուրջ զրույցների, քննարկումների արդյունք են:

Դիրքի ավագը չի հիշում անձնակազմի մեջ ընդհարման որեւէ դեպք սահմանագծում. «Դիրքը անձնական վեճի տեղ չի: Բոլորիս մոտ էլ 120 հատ փամփուշտ կա, եթե մեկը մի քիչ նեղվի, կարող է իրեն կամ դիմացինին վնաս տա, դրա համար էլ էնպես ենք անում, որ նման բան չլինի, ու էդ պատճառով նաեւ վախենում էլ ենք վիճել. տաքացած վիճակում մարդ ամեն ինչի ընդունակ է»:

«Հիմա թուրքերը բավականին շատ ու նոր զենքեր ունեն, բայց մենք էլ պակաս վատ չենք զինված, ու իրենք վախենում են մեզնից,- քթի տակ ժպտում է Մերգելոսն ու շարունակում,- գիտեն, որ եթե մի բան լինի, ամբողջ մեր ազգը ոտքի է կանգնելու` 15-ից մինչեւ 60 տարեկան: Թշնամին իր էդ հայտարարություններով ուզում է մեզ խուճապի մատնել, վախեցնել կամ էլ էնպես անել, որ մենք ինչ-որ բան ձեռնարկենք, ու հետո ինքն ասի, թե տեսեք` հայերը պատերազմի են պատրաստվում: Չնայած մեկ է` հիմա էլ ենք պատրաստվում ու պատրաստ ենք»:

Արդեն երեկոյանում է: Մեր այցելության վերջնակետը լեյտենանտ Ֆրունզ Հակոբյանի գլխավորած հենակետն է: Վերջինիս դիրքերից մեկն ընդամենը 60-62 մ է հեռու հակառակորդից:

Ավտոմատի համար աննշան հեռավորություն: Գնդապետ Մամունցը ուսումնասիրում է դիրքի ինժեներական կահավորանքը, դիտակետում կանգնած տղաներին մի քանի հարց տալիս հակառակորդի պաշտպանական ամրությունների ու տեղանքի կողմնորոշիչների մասին: Պատասխանները կրկին դժգոհելու տեղ չեն տալիս:

«Մարտական հերթապահությունը կազմակերպված է նորմալ մակարդակով, զինվորները գիտեն իրենց մարտական խնդիրը, ընդհանուր առմամբ մեծ թերություններ չկան,- վերահսկիչ այցի արդյունքներն է ամփոփում գնդապետ Սերգեյ Մամունցը:- Անձնակազմը ապահովված է նորմալ կենցաղային պայմաններով, սննդով: Ամենագլխավորն այն է, որ տղաներն իրենց զգում են որպես հաղթանակած բանակի զինվորներ: Այդ զգացողությունը միշտ պիտի լինի զինվորի մոտ: Իսկ հակառակորդը, որը կրակում է դիմացից, դա անում է վախից. սա մեր զինվորները լավ են գիտակցում: Մեր դիրքում կանգնած զինվորն այսօր պատրաստ է պատերազմի»:

«Ադրբեջանն այսօր շատ է խոսում ռազմական գործողությունների վերսկսման մասին»,- ասում եմ ես:

«Այդ զրույցները միշտ էլ եղել են,- պատասխանում է գնդապետը:- Ե՞րբ է Ադրբեջանը ասել, թե ուզում է հողերը թողնել մեզ: Նման բան չի եղել: Ու հոխորտանքներ միշտ էլ եղել են, ուղղակի դրանք հիմա ավելի շատ են, բայց ասածը դեռ գործ չէ: Գործը ցույց կտա, թե վերջիվերջո ով կարող է այդ հողերը պահել կամ հանձնել: Համոզված եմ, որ մեր սահմանին կանգնած զինվորը հող տվող զինվոր չէ: Բոլոր դիրքապահ տղաներն էլ շատ լավ են գիտակցում, թե ինչի համար են կանգնած առաջնագծում, ու բոլորն են գիտեն, որ եթե անհրաժեշտ լինի, զորացրվելուց հետո էլ հետ են գալու ու իրենց ընկերների հետ կանգնելու թշնամու դեմ»:

Մեկնաբանություններ (1)

Նելլի Շուշի Մարտիրոսյան
Հարգարժան գնդապետ, ես էլ եմ համոզված, որ մեր սահմանին կանգնած զինվորը հող տվող զինվոր չի այլ իր կյանքի գնով ամեն մի թիզ հողը պաշտպանող զինվոր է: Հող, որ Արցախյան գոյամարտի ժամանակ ազատագրվեց արյան գնով: Մենք էլ հայ զինվորի թիկունքում ենք: Դուք մենակ չեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter