HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Մարգարյան. «Արդար չէ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա»

22_04-h_margaryan2«70 տարի սփյուռքում մարդիկ արյուն են խմել, մինչև կարողացել են Ցեղասպանության հարցը դարձնել հարց, որ այսօր Հայաստանը կարողանա դա օգտագործել: Ու այս ամենից հետո թեթև ձեռքով հանգիստ դա զիջե՞լ: Մարդ պետք է նաև արժանապատվություն ունենա: Համակերպվել սրա հետ, հարցն արժեզրկել` հանուն ինչի՞: Ի՞նչ ենք դիմացը ստանում»,- «Հայացք» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին: Նրա բնորոշմամբ` այսօր կարևոր իրադարձության շեմին ենք, և հարցը շատ ավելի խորն է, քան պարզ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: «Մենք չենք կարող մեր մատի ետևում թաքնվենք ու իրերը չկոչենք իրենց անուններով»: Նախաստորագրված արձանագրություններով մենք հրաժարվում ենք մեր սերունդներին պատկանող իրավունքից, խնդրո առարկա ենք դարձնում Ցեղասպանության հարցը, որ, Հ. Մարգարյանի խոսքով, Հայաստանի համար անվտանգության հարց է, արժանապատվության և հայ դատի պայքարի կարևոր բաղկացուցիչ մասն է: «Այդ ձևով ազգի պառակտման սկիզբ ենք դնում, ինչն ավելի մեծ վտանգ է, որը մենք բոլորս պետք է փորձենք կանխել: Մենք նաև մտահոգված ենք, թե կա՞, արդյոք, մեխանիզմ, որ մեր քննարկումները տան իրենց արդյունքը, կարողանանք փոփոխություններ մտցնել փաստաթղթում: Այս հարցի պատասխանը պետք է տա իշխանությունը, որպեսզի քննարկումները ոչ թե խաղի նմանվեն, այլ իրականության: Բացի այդ` մենք միայն պետք է «այո», «ոչ» ասե՞նք այս փաստաթղթին: Եթե միայն դա է, պետք է մեր ազգը բարձրաձայն իր «ոչ»-ն ասի»,- ասաց նա: ՀՅԴ-ն պահանջում է արտգործնախարարի հրաժարականը, մինչևդեռ վերջինը միայն կատարում է նախագահի հրահանգները: Այս դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն նախագահի հրաժարականը չի պահանջում: Հ. Մարգարյանի խոսքերով` ճիշտ է, որ քաղաքականության պատասխանատուն նախագահ Սերժ Սարգսյանն է, բայց այդ պարագայում այլ մարմիններ չպետք է լինեին: «Նախագահը աշխատում է պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, եթե նախագահն արտաքին գործերի հարցերում լիներ բանիմաց ու ամբողջովին տիրապետեր դրանց, էլ արտգործնախարար չէր պահի, չէ՞: Արտգործնախարարը նրա խորհրդատուն է, ուղղություն տվողը, չի կարելի նսեմացնել արտգործնախարարի դերակատարությունը: Անշուշտ, նախագահը պատասխանատու է, և մենք նախարարի հրաժարականը պահանջելով` նաև կեցվածք ենք ցույց տալիս նախագահի նկատմամբ: Սակայն նախագահի հրաժարականի պահանջը լրիվ ուրիշ խնդիր է, որն, իհարկե, նույնպես բացառված չի»,- ասաց նա: Այնուամենայնիվ, եթե անգամ արձանագրությունները ստորագրվեն, Հ. Մարգարյանի կարծիքով` մեր ժողովուրդն իր կամքը կցուցաբերի ամբողջ աշխարհին, ու աշխարհը կհասկանա, որ իշխանությունները ստորագրել են մի բան, որ ժողովուրդը չի ընդունում: «Մենք մեր փոփոխությունների փաթեթը պատրաստել ենք: Դաշնակցությունը ոչ թե հակաթուրք կուսակցություն է, դրա համար է դեմ, այլ հստակ ինչ-որ կետերի վերաբերյալ վերապահություն ունի: Եթե պատահի, որ չկարողանանք տեքստի մեջ փոփոխություններ մտցնել, զորավոր «ոչ»-ի նկատմամբ չի կարող իշխանությունն անտարբեր գտնվել: Եթե ժողովրդի կամքին դեմ գնա, ինքնասպանության կգնա»,- ասաց նա: Հրանտ Մարգարյանը սխալ է համարում հանրաքվե անցկացնելը: Նրա կարծիքով` հանրաքվեն նաև վտանգավոր է այն առումով, որ մեր երկրում դեռ ամբողջությամբ ճիշտ ընտրությունների ավանդություն չկա: «Նախագահը հանրաքվեի փոխարեն պետք է փորձի քաղաքական ուժերի հետ խորհրդակցաբար աշխատել: Սա վեր է միջկուսակցական պայքարներից ու խնդիրներից: Ընդհանուր քննարկումներ պետք է լինեն: Մենք իրավունք չունենք այս սոցիալական իրականության մեջ, ընտրությունների այն ավանդությամբ, որ մենք արդեն ունենք, հարցը դնել հանրաքվեի, արդար չի պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա»,- ասաց նա: Եթե խորհրդարանը հաստատի փաստաթուղթը, արդյոք Դաշնակցությունը մանդատները կհանձնի՞: Հարցին ի պատասխան` Հ. Մարգարյանը նշեց, որ իրենք խորհրդարան են գնացել ժողովրդի քվեով, դա իրենց պայքարի դաշտն է: «Մենք փորձ ենք անում այնտեղ ազգի խնդիրների առումով մեր մասնակցությունը բերել: Լքել այդ դիրքը, տեղը, որտեղ կարող ես աշխատանք տանել, ճշմարտություն անել, ինչո՞ւ լքես: Դա տրված նվեր չի, որ հրաժարվես, մի տեղ է, ուր գնացել ես ժողովրդի քվեով ու կարող ես քո ներդրումն ունենալ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter