HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Որդիներիս կորցրած կհամարեի, եթե կորցնեի նրանց ազատագրած հայրենի բարձունքը»

«Իսկը Փարիզ-Դաքար ավտոռալլին է»,- կատակով ասացի ես գործընկերներիս, երբ մեր սպիտակ «Նիվան», իր ետեւից փոշու հսկայական ամպ բարձրացրած, սլանում էր դեպի ԼՂՀ հարավարեւելյան սահման տանող հողախճապատ ճանապարհով:

Այս ճանապարհը վերջերս է վերանորոգվել, ու պետք է ասել, որ շինարարները բավականին լավ են աշխատել: Ճիշտ է` ժամանակը ցույց կտա, թե ինչ վիճակում կլինի այն, ասենք, մեկ տարի անց, բայց այս պահին սահմանը թիկունքին կապող այս կարեւոր ուղին, թերեւս, քիչ է տարբերվում ասֆալտապատ ճանապարհից:

Եթե մեկ-երկու ամիս առաջ` գարնանային անձրեւների սեզոնին, այս կողմերում ճանապարհից դուրս ամենուր փշի թփերի կանաչ ծով էր, հիմա հունիսյան բարկ արեւի տակ այդ ծովը դարձել է չորացած տատասկի դեղին տափաստան:

Զարմանալիորեն այս անգամ օձերի չհանդիպեցինք. ասում են, որ այստեղով անցնող մեքենաները ամեն անգամ նվազագույնը մի քանի օձ են վրաերթի ենթարկում: Ընդ որում` դրանք քիչ չեն նաեւ հենց առաջնագծում, ինչի համար էլ սահմանապահները իրենց մոտ պահում են երկար փայտեր, առանց որոնց բլինդաժից շատ հեռանալ չի կարելի…

Հրամանատարական կետում մեզ միացավ գումհրամանատար, մայոր Սեւակ Սարգսյանը: Այսօր ոչ սովորական օր է նրա համար. հրամանատարը դարձել է 35 տարեկան: Բայց միանգամայն սովորական է, որ զինծառայողն այս օրը դիմավորում է առաջնագծում:

Մայոր Սարգսյանը Մարտունու շրջանի Հերհեր գյուղից է: Պատմում է, որ 10-րդ դասարանը չավարտած` մտել է կռվի մեջ, Մաճկալաշենի գումարտակի կազմում մասնակցել է Խազազ բարձունքի, Մարզիլուի, Յաղլավենդի, Վեյսալուի, դեպի Ժդանովսկ ընթացած մարտերին:

Պատերազմից հետո եղել է դասակի ու վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, շտաբի պետ: 2010-ի փետրվարին նշանակվել է գումհրամանատարի պաշտոնում:

«Մաճկալաշենի գումարտակում կռվելիս միշտ մտածում էի` կգա՞ մի օր, որ ես էլ լինեմ հրամանատար, բայց հիմա հասկանում եմ, որ շատ դժվար է, պատասխանատվությունը հսկայական է»,- ասում է Սարգսյանը: Պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի ու «Մարտական ծառայության համար» մեդալներով…

Մեր մեքենան կանգ առավ կրտսեր սերժանտ Արթուր Ղազարյանի դիրքի առաջ: Բլինդաժի կողքին մեր ու հակառակորդի պաշտպանական գծերի մանրակերտն է` մակետը: Տղաները պիտի լավ իմանան, թե ով է իրենց դիմաց կանգնածն, ու ինչպիսին են նրա պաշտպանական ամրությունները: Դատելով սահմանապահների պատմածներից, որոնք հիմնված են ստույգ տեղեկությունների վրա` գալիս ես այն մտքին, որ մեր դիրքերի ինժեներական կահավորվածությունն ու հագեցվածությունը գերազանցում են հակառակորդի ամրությունները: Դիրքի ավագի ու հրամանատարի ուղեկցությամբ բարձրացանք դիտակետ: Դիտորդ զինվորներից մեկը հենց այդ պահին արձանագրել էր հակառակորդի շարժը: Ազերիներն իրենց դիրքն այս հատվածում առաջ են տվել ու այս կետում մեզնից հեռու են մոտ 250 մ: Մայոր Սարգսյանի պատմելով` ցերեկային ժամերին թշնամին գրեթե ոչ կրակում է, ոչ էլ երեւում, որովհետեւ մեր պաշտպանական կառույցները հիմնականում գերիշխող դիրք ունեն, ու հակառակորդը զգուշանում է դրանից:

Գիշերային ժամերին դիմացից կրակոցներ երբեմն լինում են: Այդ պարագայում մեր զինվորները դիտարկում են կատարում, պարզում, թե որտեղից են կրակել, այնուհետեւ զեկուցում են վերադասին ու գործում վերջինիս հրամանների համաձայն:

«Մենք քիչ ենք, բայց մեր դիրքերը գերիշխող են, ինչը պաշտպանվելու համար շատ լավ է: Խնդիր չի լինի նաեւ հարձակվելուց,- ասում է մայոր Սարգսյանը:- Մեր տղաները հակառակորդից չեն վախենում, որովհետեւ լավ են պատրաստված ու տիրապետում են իրենց զենքին, գիտեն դրա հնարավորությունները: Կրակայինին մեծ ուշադրություն ենք դարձնում, լավ կրակող զինվորներ շատ ունենք: Զինվորի համար չորս կարեւոր բան կա` մարտավարական, կրակային, ֆիզիկական ու շարային պատրաստություն»:

Գումհրամանատարը պատմում է իր ստորաբաժանմանը վստահված սահմանահատվածում կատարված ինժեներական աշխատանքների մասին` ճանապարհներ, կապ, անվտանգության միջոցներ… Հերթական դիրքի բլինդաժի հարեւանությամբ` փոքր հողաթմբի վրա, զինվորները քարերով գրել են. «Որդիներիս կորցրած կհամարեի, եթե կորցնեի նրանց ազատագրած հայրենի բարձունքը»: Սրանք ժամանակին կողքի դիրքում զոհված երկու եղբայրների մոր խոսքերն են: Հենց նա է առաջարկել զինվորների ոգին մարտական պահելու համար դիրքերում նման խոսքեր գրել:

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Գոգա Վարդումյանը 20 տարեկան է, մեկուկես տարվա զինծառայող: Արդեն մեկ տարի սահման է հսկում: Ասում է, որ տարբերություն չի դնում զորամասային ու սահմանապահ ծառայությունների միջեւ. երկու տեղն էլ լավ է. «Դիրքերում լավ է, ինձ թվում է` մարդ չկա, որ դիրքերի ծառայությունից բողոքի: Էստեղ մեզ համար բոլոր տեսակետներից էլ լավ է. ապահովված ենք ամեն ինչով: Սննդի, մաքրության, անվտանգության հետ կապված խնդիրներ չկան»:

«Զինծառայությունը շատ բան է սովորեցնում կյանքի մասին, ապրելու համար,- իր փորձից պատմում է ջոկի հրամանատարը,- ինձ քաղաքացիական կյանքում շատ էին պատմել բանակի մասին, բայց էստեղի տեսածս դրական իմաստով լրիվ ուրիշ էր լսածիցս: Քեզնից է կախված, թե ոնց կընթանա ծառայությունդ: Ճիշտն ասած` զորակոչվելուց առաջ ծառայելու ցանկություն չի եղել, բայց հետո արդեն վարժվել եմ, ընկել հունի մեջ»:

Դիրքի դիտակետին հարակից բարձունքին ծածանվում է մեր եռագույնը: Այս բարձունքը գերիշխում է շրջապատի նկատմամբ ու, բնականաբար, ազերիները տեսնում են դրոշը: Մայոր Սեւակ Սարգսյանը պատմում է, որ հակառակորդի ստորաբաժանումների բոլոր հրամանատարական կետերի վրա նրանց դրոշն է ամրացված: Ազերիների «ջգրու»` գումհրամանատարն էլ հետախույզներից մեկի հետ մեր գերիշխող բարձունքի վրա օրը ցերեկով կանգնեցրել է հայկական եռագույնը ու հիմա այդ մասին հիշում է ժպիտով ու հպարտությամբ: Դե, կատաղած թշնամին էլ երբեմն կրակում է դրոշի ուղղությամբ, բայց ապարդյուն (այս դիրքից հակառակորդը հեռու է 1800 մ)…

Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter