HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյանի հայտարարությունը

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպված հանրահավաքը: Այն ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող է բախտորոշ նշանակություն ունենա հայ ժողովրդի եւ պետության համար: Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցոր ցուցադրում է իր տարրական անկարողությունը եւ ոչ-կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում: Սպասարկելով մի շարք օլիգարխների գերշահույթները` երկրի իշխանությունների վարած ֆինանսավարկային, հարկային, մաքսային, բյուջետային քաղաքականությունը ծառայացվում է բացառապես խոշոր մենաշնորհյալ ներկրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, մինչդեռ խեղդվում է ազատ մրցակցությունը եւ արտահանումը: Սկսվել է կապիտալի հսկայական արտահոսք: Կառավարությունը նորից պատասխանում է կենտրոնական բանկի պահուստների մսխումով, արհեստականորեն պահպանելով ազգային դրամի դիրքերը՝ կրկին ղեկավարվելով միայն օլիգարխների շահերով: Ըստ էության պետական մեքենան այսօր առեւանգված է մի քանի հանցագործների կողմից, եւ օգտագործվում է նրանց կողմից սեփական հարստացման նպատակով: Նույնքան անմխիթար վիճակ է տիրում նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում: Վերջերս հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները բացահայտեցին այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման մասին հավաստիացումները այդ արձանագրություններում արժեզրկվում են Թուրքիայի կողմից պարտադրված անընդունելի դրույթների ընդգրկումով, ինչն ապացուցում է, որ Հայաստանը ընդունել է Թուրքիայի նախապայմանները: Ակնհայտ է, թե ինչ է շահում Թուրքիան պատմական հարցերի միջկառավարական հանձնաժողովի հաստատումով: Պատմական փաստերի շուրջ հայ-թուրքական երկխոսության հաստատման պատճառաբանությամբ այսուհետեւ կդադարեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թուրք-ամերիկյան հարաբերություններում հարթվում է լարվածություն առաջացնող կնճիռը: Հայաստանը, սակայն, Հայոց ցեղասպանության ուրացման անընդունելի գնով անգամ, ստանում է միայն թղթի վրա խոստումներ սահմանը բացելու մասին: Ավելին, եթե առաջ Թուրքիան կարող էր բացել սահմանը կառավարության որոշումով, արձանագրությունների ընդունման հետեւանքով դա հնարավոր կլինի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման դեպքում: Սա թույլ է տալիս Թուրքիայի կառավարությանը ձեւականորեն ցուցադրել իր կառուցողականությունը հայ-թուրքական կարգավորման գործում, այն Ղարաբաղի խնդրի լուծումով պայմանավորելու առաքելությունը դնելով խորհրդարանի վրա: Ռեժիմը տեղի է տվել նաեւ Թուրքիայի կողմից ներկայացված մեկ այլ նախապայմանի կատարման պահանջին. աննախադեպ երկկողմանի հատուկ պայմանագրով սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը, մինչդեռ մի կողմից՝ Հայաստանը նման հավելյալ քայլի դիմելու կարիք չուներ, քանի որ անդամակցելով ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին ընդունել է միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքները, եւ, մյուս կողմից, չգիտես ինչու, արձանագրություններում հիշատակված չէ միջազգային իրավունքի մեկ այլ հիմնարար սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Այսպիսով ռեժիմի պնդումները այն մասին, թե իբր նրան հաջողվել է առանց նախապայմանների համաձայնության հասնել Թուրքիայի հետ, եւ մասնավորապես՝ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումից, ակնհայտ կեղծիք են: Իրականում, Հայաստանի վարչախումբը ցուցադրեց, որ, չունենալով ներքին լեգիտիմություն, այն պատրաստ է անընդունելի եւ անհարկի զիջումների գնալ արտաքին քաղաքականության բնագավառում՝ սեփական իշխանությունը ամրապնդելու եւ արտաքին լեգիտիմություն ստանալու նպատակով: Նման փաստերը խորացնում են կասկածները, որ ռեժիմը պատրաստ է նույնքան անընդունելի գործարքների գնալ նաեւ Ղարաբաղի հարցում: Ռեժիմի կառավարման կործանարար հետեւանքերը եւ ձախողումները օրեցոր ակնառու են դառնում հայ հասարակության համար: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 18-ի մեր հանրահավաքին, որում կքննարկվեն այս վտանգավոր զարգացումները կանխելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու ուղիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter