HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամի թոշակով ապրում են հինգ հոգի. նրանց զրկել են նաեւ նպաստից

14_09-suren18-ամյա Սուրեն Աթյանը մանկուց տառապում է պրոգրեսիվ միոդիստրոֆիա հիվանդությամբ: Նա անդամալույծ է: Ճակատագրի դառը հեգնանքով, Լոռու մարզի Դսեղ գյուղում ապրող այս անդամալույծ հաշմանդամը իր 11 հազար 200 դրամ թոշակով կերակրում է 5 հոգանոց ընտանիքին, քանի որ ընտանիքի առողջ եւ աշխատունակ անդամներից ոչ մեկը չի աշխատում: Սուրենի մոր` Թամար Սարգսյանի տեղեկացմամբ` մեկ ամիս առաջ դադարեցվել է նաեւ Սուրենի հաշմանդամության թոշակի վճարումը, քանի որ հաշմանդամը օգոստոսի 8-ից առ այսօր չի կարողացել ներկայանալ Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նշանակած փորձաքննությանը:

«Էս պահին Սուրենի հաշմանդամության թոշակը դադարեցված է, Սուրենին փորձաքննության չենք կարողացել տանել ոչ միայն տրանսպորտային ծախսերի պատճառով, էդ էլ ոչինչ, երեխին չենք կարող դնել մեքենա, ի վիճակի չի: Հնարավոր չի: Բացեմ ցույց տամ, տեղափոխելու չի, նույն դիրքում չի կարողանում մնալ, մի հատ շրջում եմ, մի հատ պառկացնում եմ, անհանգիստ վիճակ է: Դրա լուծումն այն է, որ կամիսիայի բժիշկը` Արծրուն Դաղբաշյանը, ինքը իրա ոտովը նեվրոպատոլոգի հետ գա նայի: Շատ եմ դիմել նրան, որ գան նայեն, մինչեւ օրս չեն եկել: Սակայն ասել է, որ պետք է անպայման տղայիս տեսնի, նոր թույլատրի թոշակի վճարումը: Շատ ենք ասել, ինքը չի գալիս տանը նայելու: «Բերեք,- ասում է,- երեխին մի կերպ բերեք»»,-ասաց Սուրենի մայրը: 14_09-suren-1Թամար Սարգսյանը տղային Ալավերդի փորձաքննության ներկայացնելու համար դիմել է Դսեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սուրիկ Աբգարյանին. «Նա խոստացել է օգնել մեզ, տեսնենք` երբ կարող ենք տեղափոխել»: Մինչ անդամալույծ հաշմանդամն արդեն մեկ ամսից ավելի է զրկված է հաշմանդամության իր թոշակից, իսկ անօգնական ծնողներն էլ ելք են որոնում նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու նպատակով Ալավերդի տեղափոխելու համար, ՀՀ կառավարությունը 2006 թ.-ի մարտի 2-ի 276-Ն «Բժշկասոցիալական փորձաքննության կարգը հաստատելու մասին» որոշմամբ գտել է լուծումը: Որոշման հավելվածի 3-րդ գլխի 11-րդ կետը սահմանում է, որ եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր եւ դրա մասին տեղեկացրել է հանձնաժողովին, ապա հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի բնակության վայրում, որն էլ մեկ ամսից ավելի զլացել է իրականացնել Արծրուն Դաղբաշյանի ղեկավարած Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը: Սակայն սա ամենը չէ: Արամայիս Աթյանի 5 անձից կազմված ընտանիքը 2008 թ. հունիսից զրկվել է նաեւ սոցիալական նպաստից: «Այս պահին ընտանիքի անապահովության միավորը 27,83 է, որը ցածր է 2009 թ. նպաստի մեծության սահմանված 30,00 միավորից: Ա. Աթյանի ընտանիքի վերահաշվարկը կատարվել է 2009 թ. հուլիսի 26-ին, որի արդյունքով վերագրանցում չի կատարվել, ընտանիքը ընդամենը գրանցվել է հրատապ օգնություն ստացողների եռամսյա ցուցակում: Այժմ ընտանիքի համար նորից վերահաշվարկի տեղեկատվության փաստագրում պետք է կատարվի»,- ասաց Ալավերդու սոցիալական «Փարոս» ծառայության պետ Արմեն Գեւորգյանը: Նա տեղեկացրեց, որ Աթյանների ընտանիքն ունի մեկ մոզի, 2040 դրամ անհատական եկամուտ եւ 5718 դրամ հողի եկամուտ` սեփականության իրավունքով: Անելանելի վիճակում հայտնված Թամար Սարգսյանը պատմեց իր ընտանիքի տխուր պատմությունը: Նրա առաջնեկը` Անդրանիկը, նույնպես մանկուց հաշմանդամ է եղել եւ տառապել է նույն` պրոգրեսիվ միոդիստրոֆիայով, մահացել է 2002-ին` 18 տարեկան հասակում: Այս նույն հիվանդությամբ տառապել եւ 18 տարեկանում մահացել են նաեւ Թամար Սարգսյանի երկու եղբայրները: Թամարը մեծ տղայի` Անդրանիկի ծնվելուց հետո է հասկացել, որ տղայի հիվանդությունը ժառանգական է: Անդրանիկի հոգսերով տարված` Սուրենով հղիությունը ուշ է զգացել: Սուրենը ծնվել է, երբ Անդրանիկը 10 տարեկան էր: Թամարը ունի նաեւ երկու աղջիկ, որոնք առողջ են եւ օգնում են մորը Սուրենին խնամելու գործում: Մեր այցելության պահին տեղում անշարժ պառկած Սուրենին երեխայի պես գրկեց ու բազմոցին մի կերպ նստեցրեց փոքր քույրը` Զարինեն: «Ի՞նչ ասեմ, ու նման ընտանիքին բացարձակ ոչ մի աջակցություն չի կատարվում: Շատ եմ դիմել նաեւ Դսեղի գյուղապետարանին, ոչ մի օգնություն չեմ ստացել: Իսկ երեխիս ցավերը օրեցօր ուժեղանում են, մի կողքի վրա չի կարողանում պառկել»,- արտասվելով պատմեց տիկին Թամարը: Սուրենի գիտակցությունը նորմալ է: Իրավիճակը հասկանում է: Այս տարվա օգոստոսի 8-ին լրացել է նրա 18-ամյակը: Անցած տարիներին Դսեղի միջն. դպրոցի տնօրենը հրաժարվել է կազմակերպել Սուրենի ուսուցման խնդիրը` պատճառաբանելով նրա հաշմանդամությունը: Մայրը նաեւ տեղեկացրեց, որ Սուրենը հավատքով է լցված դեպի Աստված, ինչը հաստատեց նաեւ Սուրենը: Տիկին Թամարի ասելով` մեծ տղան` Անդրանիկը, կարդում էր «Աստվածաշունչ», իսկ Սուրենը չի կարողանում կարդալ: Նա սիրում է հեռուստացույցով կինոնկարներ նայել: Գիտակցում է, որ ընտանիքի կերակրողն ինքն է: «Միշտ խոսում է, թե լույսը քիչ ծախսեք, ուզում է խնայողաբար օգտագործենք թոշակը»,- տեղեկացրեց մայրը: Ընտանիքի հայրը` Արամայիս Աթյանը, հոգեկան ծանր ապրումների մեջ է որդու վիճակի պատճառով: «Հիվանդ պառկած էր, էսօր կովը հանդը տանող չկար, մի կերպ տեղաշորից դուրս է եկել, որ գնա էդ գործը կարգավորի: Մեր ընտանեկան եկամուտը միայն Սուրենի թոշակն է, ոչ մեկս չենք աշխատում»,- ամուսնու բացակայությունը պարզաբանեց կինը: 14_09-suren-2Թամար Սարգսյանի դուստրերից մեծը` Աննան, ավարտել է Վանաձորի Մխիթար Գոշի անվան համալսարանի «Կառավարում» բաժինը: Մայրն ասաց, որ աղջիկը տիրապետում է անգլերեն լեզվին եւ համակարգչին: Սակայն աշխատանք չի կարողանում գտնել: «Եթե մի գործ գտնվի, մեծ աղջիկս կարող է ընտանիքի հոգսը թեթեւացնել»,- հույս փայփայեց տիկին Թամարը: Աննան էլ ավելացրեց. «Աշխատելու համար դիմել եմ գյուղապետարան, ասել են` հնարավոր չէ աշխատանք տալ, դպրոցում էլ մանկավարժի դիպլոմ են պահանջում: Մի քայլ անելու համար փող է պետք, կուզենայի Վանաձորում աշխատել, սակայն այնտեղ հասնելու եւ բնակարան վարձելու համար փող է հարկավոր, մինչեւ աշխատանք գտնելը»: Աննան սեփական մաշկի վրա զգում է, որ կյանքը դժվար է, բայց գտնում է, որ պետք է պայքարել ընտանիքի հոգսերը թեթեւացնելու համար: Նա ասաց, որ այլ ելք չունի, պիտի պայքարի հաջողության հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter