HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի սահմանն, իսկապե՞ս, Կապանում է ավարտվում

21_09-meghri-1Մեղրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի են ունեցել 2008 թ. հոկտեմբերին: Համայնքային իշխանության ղեկավարի թեկնածու, այժմ արդեն փոխքաղաքապետ Աշոտ Քալաշյանը, ում ընտրությունների ընթացքում աջակցում էր «Իմպիչմենթ» դաշինքը, նշում է, որ Մեղրիում ընտրություններն անցկացվել են թափանցիկ, արդար եւ լիովին արտահայտել են ընտրողների կամքը: Նրա խոսքով նաեւ այս պատճառով տեղական իշխանությունն ավելի պարտավորված է պաշտպանելու ընտրողների շահերը, ապահովել թափանցիկ ու հրապարակային գործունեություն: Եվ, թեպետ այժմյան իշխանությունը, մեղմ ասած, լավ ժառանգություն չի ստացել, այնուամենայնիվ, ըստ Ա. Քալաշյանի, ձգտում է նվազագույնի հասցնել առկա խնդիրները: Խոսքը հիմնականում վերաբերում է նրան, որ նախկին իշխանություններից 28,5 մլն դրամ պարտք է ժառանգություն ստացել, որի կեսից ավելին կազմում է համայնքային ենթակայության 6 հիմնարկների 120 աշխատակիցների աշխատավարձի պարտքը: 21_09-s_hayrapetyan«Հիմնական պատճառն այն է, որ նախկինում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաեւ Մեղրիի տարածքում գործող ոսկու արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը տարեկան մինչեւ 30 մլն դրամ ներդրում էին կատարում համայնքի բյուջեում: Տնտեսական ճգնաժամից հետո ներդրումներ չկան, ուստի բյուջեում նկատելի դեֆիցիտ է առաջացել»,- ասում է Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը: Նրա կարծիքով նախկին իշխանությունները նման պայմաններում պարտավոր էին վերանայել բյուջեն, ծախսային հոդվածներում կրճատումներ կատարել, մինչդեռ որեւէ քայլ չձեռնարկելու արդյունքում աշխատավարձի պարտքերին գումարվել են նաեւ չվճարված աշխատավարձերից գոյացած հարկային տուգանքները: Ստեղծված վիճակից դուրս գալու համար համայնքային իշխանությունը ստիպված է եղել փոփոխություններ կատարել համայնքային ենթակայության մի շարք հիմնարկների հաստիքացուցակներում, ինչպես նաեւ կրճատել քաղաքապետարանի աշխատակիցների դրույքաչափերը, սակայն նախկին պարտքը դեռեւս չի կիսվել: «Բյուջեի եկամուտներն այնքան փոքր են, որ անհնար է սեփական եկամուտների հաշվին դեֆիցիտը վերացնել»,- ասում է քաղաքապետը: Ակնկալվող համեմատաբար մեծ գումարը հողի հարկն է, որը տարեկան կազմում է ընդամենը 1 մլն 400 հազար դրամ: Եվ, եթե անգամ 100% հավաքագրվի հողի հարկը, եւ այն ուղղվի միայն պարտքի վճարմանը, տարիներ կանցնեն: Մեր միակ հույսը կրկին մնում է այն, որ տնտեսական ճգնաժամը կնահանջի, եւ կոմբինատը ներդրումներ կկատարի: Մեղրիի նախկին իշխանությունների տխրահռչակ ժառանգությունն այսքանով սակայն չի ավարտվում: Ինչպես վկայում են նաեւ ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները, նախորդ տարիներին տեղական իշխանությունը Մեղրիում 200-ից ավելի տարածք է սեփականաշնորհել, որի մեջ զավեշտալին քաղաքապետարանի 1 89,2 քմ տարածք ունեցող նիստերի դահլիճն է, որն օտարվել է ընդամենը 567 հազար դրամով: Նույն սկզբունքով սեփականաշնորհվել է նաեւ քաղապետարանի շենքի մի հատվածը` համայնքային իշխանության նստավայրի մուտքի հարեւանությամբ դեղատուն է գործում: «Այն, որ օտարման գործընթացները կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով, կարող են հաստատել կամ համապատասխան որոշում կայացնել այլ կառույցներ,- ասում է փոխքաղաքապետը,- սակայն խնդիրն այն է, որ արդյունքում տուժել է քաղաքաշինությունը, եւ, քանի որ Մեղրին անգամ ճարտարապետ չունի, քաղաքն այդ առումով անմխիթար վիճակում է: Մեղրիում, սակայն միայն խնդիրները թվարկելով չեն սահմանափակվում: Արդեն լուծվել է քաղաքի Արաքսաշեն թաղամասի խմելու ջրի խնդիրը, որը համարվում էր համայնքի գորդյան հանգույցը: Տեղական իշխանությունը հույս ունի, որ միջոցներ կգտնվեն քաղաքի փողոցների բարեկարգման, առուների մաքրման համար: Իսկ մինչ այդ, քաղաքային իշխանությունը ձգտում է հրապարակային գործունեություն ապահովել, համայնքի կառավարմանը ներգրավել նաեւ բնակիչներին: Այդ նպատակով համայնքի ավագանիների հերթական նիստերի արձանագրությունները տեղ են գտնում քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված վահանակի վրա, որտեղ, ի դեպ, հրապարակվում է նաեւ համայնքի սոցիալական անապահովության նպաստառուների ցուցակը: Եվ, քանի որ Մեղրիի տարածաշրջանը որեւէ լրատվամիջոց չունի, համայնքային կյանքի հրապարակայնությունն ապահովելու համար քաղաքային իշխանությունը մտադիր է լրատվամիջոց հիմնադրել: Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ այս տարվա ապրիլին հրավիրվել է բնակիչների ընդհանուր ժողով, որտեղ հաշվետվությամբ հանդես են եկել իշխանության տարբեր բաժինների ղեկավարներ: Նման հանդիպում նախատեսվում է հրավիրել նաեւ դեկտեմբերին, որտեղ հանրությանը կներկայացվի տեղական իշխանության մեկ տարվա կատարած աշխատանքը: Առավել ակտիվ քննարկումներ կազմակերպվել են 2009 թ. բյուջեի հաստատումից առաջ ինչպես նաեւ լայն քննարկման առարկա է դարձել Մեղրիի զարգացման քառամյա ծրագիրը: «Մենք չենք ուզում, որ այս փաստաթուղթը եւս նախորդ տարիներին հանրապետական իշխանությունների ընդունած թիվ 714 որոշման ճակատագիրն ունենա, որտեղ ամրագրված էին Մեղրիի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Կազմել ենք մի ծրագիր, որն իրատեսական է, սակայն տեղական բյուջեի միջոցներով դրանք հնարավոր չէ լուծել: Այդ առումով ավելի շատ ակնկալում ենք միջազգային կառույցների աջակցությունը, սակայն, եթե հանրապետության իշխանությունները հետաքրքրված չլինեն, միեւնույն է, որեւէ մեկն այս տարածաշրջանում ներդրում չի կատարի: Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանի սահմանն ավարտվում է Կապանում»,- ասում է փոխքաղաքապետը: Նա նաեւ նշում է, որ համայնքի ավագանու տասնմեկ անդամներն ակտիվ մասնակցում են ավագանու նիստերին, տարբեր խնդիրների քննարկման ընթացքում ներկայացնում իրենց դիրքորոշումները. «Տարաձայնություններ հիմնականում լինում են, երբ քննարկվում են առանձին անձերի վերաբերող խնդիրներ»,- ասում է նա: Մեղրիի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ Սիրուն Սարգսյանը նշում է, որ ինչպես այլ համայնքներում, Մեղրիում եւս շարունակում է մտահոգել կրթական ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծված ավագ դպրոցների նորամուծությունը: Թեպետ Մեղրին այս ուսումնական տարում դուրս մնաց այդ գործընթացից, այնուամենայնիվ, առաջիկայում այն կկիրառվի նաեւ այստեղ, եւ բաժնի վարիչի կարծիքով այդ խնդիրներից հնարավոր չէ խուսափել: Սիրուն Սարգսյանն ափսոսում է, որ մայրաքաղաքյան մշակութային համույթները, անհատ կատարողները երբեւէ հյուրախաղերով չեն հյուրընկալվում Մեղրիում, թեպետ քաղաքի մշակույթի տունը բավարար պայմաններ կարող է ապահովել: Այն, որ մարզերում մի քանի կոպեկ աշխատելու մարմաջով տառապող որոշ վայ երգիչներ չգիտեն, որ Հայաստանում նաեւ Մեղրիի տարածաշրջան կա, ոչինչ, բայց, որ ՀՀ նախարարություններից մեկի (անունը չենք նշում հաշվի առնելով լրագրողական համերաշխության սկզբունքը) մամուլի խոսնակը զարմացած հարցնում է, վա~յ, Մեղրին Սյունիքու՞մ է, մեզ էլ ոչինչ չի մնում, քան կասկածել, թե գուցե իսկապե՞ս Հայաստանի սահմանը Կապանում է ավարտվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter