HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամլուղի համայնքային շինությունները բնակչությանը չեն ծառայում

Դրանք Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի սեփականությունն են մնացել

Շամլուղ քաղաքը Լոռու մարզի հանքարդյունահանող բնակավայրերից մեկն է: Համայնքի վարչական տարածքում են գտնվում Վերին Ախթալա, Շամլուղ գյուղերը, Բենդիկ եւ Բուղաքար բնակավայրերը: Խորհրդային վերջին տարիներին Շամլուղի բնակչության թիվը 4000-ի էր հասնում, այստեղ մեծ թիվ էին կազմում նաեւ ադրբեջանցիները:

Ներկայումս Շամլուղում հազիվ 800 մարդ է ապրում: Թեեւ շուրջ 20 պղնձահանքերի առկայությանը, Շամլուղ համայնքի բյուջեն տարածքի հանքարդյունահանումից էական համալրում չի ստանում: Ինչպես հայտնեց համայնքապետ Լենդրուշ Բոշյանը, ընդամենը 56 հազար դրամ գույքահարկ է մուտք արվում բյուջե: Համայնքապետի ասելով` այսօր համայնքի տարածքում գործող 3 հանքավայրերում 80-100 շամլուղցիներ են աշխատում: Մինչդեռ շամլուղցիների համար կենսականը աշխատատեղերի խնդիրն է. ետխորհրդային տարիներին բնակչության կենսապայմանները զգալիորեն վատացել են: Այստեղ մարդիկ իրենց գոյությունը հիմնականում պահպանում են Շամլուղի հարուստ անտառների բարիքներով: Ակնհայտորեն վերանում է նաեւ Շամլուղ քաղաքը:

«Շամլուղ քաղաքում նախկինում հիմնականում մի քանի հայ ընտանիք կար: Այդ հայ ընտանիքները հիմա էլ են ապրում: Բնակչության մնացած մասը եղել են հույներ եւ ադրբեջանցիներ: Ադրբեջանցիներն այդտեղից հայտնի պատճառներով հեռացան, հույներն էլ սոցիալական պատճառներով մեկնեցին Հունաստան: Դրանից հետո Թիֆլիսից, Երեւանից եւ այլ բնակավայրերից մարդիկ եկան, տներ առան, դռները փակեցին ու գնացին: Նրանց երեսը մենք չենք տեսել, դրանք ամառանոցներ են»:

Ըստ քաղաքապետի` ներկայիս հանքարդյունաբերողները, ի տարբերություն խորհրդային տարիների, Շամլուղի կառուցապատման եւ բնակչության սոցիալական կյանքի բարելավման համար ներդրումներ չեն կատարում: Շամլուղը չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, հիվանդանոց: Խորհրդային տարիներից ժառանգած այդ շինությունները պահպանվում են, սակայն չեն ծառայում բնակչությանը:

«Ժամանակին մեզ չեն տվել, բալանսով պետք է հանձնեին, չեն հանձնել: Մանկապարտեզի, մշակույթի պալատի ու հիվանդանոցի շենքերը Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի սեփականությունն են: Մանկապարտեզի ու մշակույթի պալատի շենքերը չեն ծառայում բնակչությանը, իսկ հիվանդանոցի երկհարկանի շենքում տեղավորված է ընդամենը քաղաքի բժշկական ամբուլատորիան»,- ասաց քաղաքապետը:

Թե ինչու քաղաքապետն առ այսօր չի պահանջել, որ այդ շենքերը հանձնեն քաղաքապետարանին, Լ. Բեժանյանը պատասխանեց. «ՀՀ կառավարության 1997 թ. թիվ 451 որոշումով ոչ միայն դրանք, այլեւ ամբողջ հիմնարկ-ձեռնարկություններին պատկանող գույքը պետք է հանձնվեր համայնքներին, սակայն չգիտեմ ում կամքով ու ցանկությամբ` չի հանձնվել, քաղաքապետարանի ենթակայության որեւէ շինություն չունենք, ո՞նց կարող եմ մանկապարտեզի ու մշակույթի պալատի շենքերը ստանալ»:

Ետխորհրդային տարիներին միակ նշանակալից աշխատանքը, որ կատարվել է Շամլուղում, Ախթալա-Շամլուղ 9,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ վերանորոգումն էր: Քաղաքապետն ասաց, որ ճանապարհը վերանորոգվել է պետբյուջեի միջոցներով, իսկ թե որքան գումար է ծախսվել` տեղյակ չէր: Ճանապարհը վերանորոգել էր Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Սամվել Տիտանյանը տեղեկացրեց. «Ախթալա-Շամլուղ 9,5 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները սկսվել են 2006 թ. եւ պետբյուջեից այդ նպատակի համար հատկացվել է 538,4 մլն դրամ: 2006 թ. կապիտալ վերանորոգման է ենթարկվել ճանապարհի 2,3 կմ հատվածը եւ ծախսվել է 72,1 մլն դրամ: Մնացած աշխատանքները կատարվել են 2008 եւ 2009 թթ.-ին»:

Համայնքի բյուջեում 2008 թ. պլանավորվել է 17,9 մլն դրամ եկամուտ, սակայն տարեվերջի մուտքերը կազմել են 24,6 մլն դրամ: Պլանավորված եկամուտների մուտքերի գերակատարումը պայմանավորված է հողի օտարմամբ, որից շուրջ 15 մլն դրամ մուտք է ապահովվել: Քաղաքապետը 2008 թ. 8,5 մլն դրամ է պլանավորել ապարատի ծախսերի համար, որը սուղ բյուջեի պարագայում նշանակալից գումար է: Լենդրուշ Բեժանյանը բյուջեի 1,7 մլն դրամով աղբի ավտոմեքենա է գնել քաղաքի աղբահանության համար: 2008 թ. բյուջեի տարեվերջի մնացորդը կազմել է 12 մլն դրամ: 2009 թ. բյուջեում եկամուտները պլանավորվել են 12 մլն դրամ, որից փաստացի մուտքերը օգոստոսի 1-ի դրությամբ կազմում են 9,5 մլն դրամ: Քաղաքապետն այս տարի էլ բյուջեից 7,5 մլն դրամ տրամադրել է ապարատի պահպանման ծախսերին: Լենդրուշ Բեժանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բյուջեի 7 մլն դրամ հատկացումով նախատեսել է այս տարի վերանորոգել համայնքի ջրամատակարարման ներքին ցանցը:

«Շամլուղը խմելու ջրի խնդիր չունի, հուսով եմ` ներքին ցանցի վերանորոգումից հետո քաղաքի ջրամատակարարումն ավելի կլավանա»,- կանխատեսեց նա: Այս տարի բյուջեի եկամուտներում պլանավորվել է 8 մլն դրամ դոտացիա, բյուջեի սեփական եկամուտները կազմում են 6-7 մլն դրամ, ապառքները 5 մլն դրամից ավել են, հողի հարկը 200 հազար դրամ է, որի մուտքերն այս տարի են պլանավորվել` Սանահին գյուղի հողատարածքներից Շամլուղին հատկացված հողերի հաշվին, գյուղատնտեսական նշանակության հողերից էլ հարկային եկամուտները կազմել են շուրջ 110 հազար դրամ: «Միայն հողի հարկի ապառքը տուգանքով հանդերձ 2 մլն դրամ է կազմում: Սա բյուջեին այն շամլուղցիների պարտքերն են, ովքեր հեռացել են Շամլուղից եւ այլ բնակավայրերում ապրելով` չեն վճարել իրենց հողի հարկը»,- ասաց Բեժանյանը:

Ակնհայտ է, որ համայնքի խղճուկ բյուջեն չի կարող շամլուղցիների «մատից փուշ հանել»: Քաղաքի ոչ մի թաղամաս լուսավորվում: Բնակիչները հայտնեցին, որ Շամլուղը նաեւ գազիֆիկացված չէ: Մեր այցելության պահին, ինչպես ասացին քաղաքի բնակիչները, Բենդիկ թաղամասում արդեն 3 օր կայծակի պատճառով տներում լույս չկար: Քաղաքապետը հավաստիացրեց, որ մեր զրույցի պահին էլեկտրիկները վերացնում են վթարը: Իր ղեկավարած համայնքի ամենահրատապ խնդիրը Լենդրուշ Բեժանյանը համարեց բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը. «Ունենք 13 բազմաբնակարան շենքեր, որոնց տանիքները ետխորհրդային տարիներին երբեւէ կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել, այս գործում խնդրելու ենք ՀՀ կառավարության աջակցությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter