HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամլուղի բաց հանքավայրը շահագործվում է. բնակիչները դժգոհում են պայթեցումներից

 «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ եւ սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը անօրինական, գաղտնի եւ «անաղմուկ», Շամլուղ քաղաքի գերեզմանոցի հարեւանությամբ արդեն մեկ տարուց ավելի իրականացնում է պղնձի բաց հանքավայրի շինարարական աշխատանքներ:

«Մեթըլ Փրինս» ընկերությունը կատարում է հանքավայրի պայթեցման աշխատանքներ, որից դժգոհում են Շամլուղի բնակիչները: Պայթեցումներն առավել վախեցնում են բազմաբնակարան շենքերի բնակիչներին: Պայթեցումներից ընկնում են նաեւ հանքավայրի հարեւանությամբ գտնվող գերեզմանոցի գերեզմանաքարերը, որոնք անմիջապես կարգի է բերում պահակը: «Լսել եմ, որ Շամլուղ քաղաքի բնակելի տներն ամբողջությամբ պետք է հանեն»,- ասաց շամլուղցի տիկին Ջուլիետան: Փախստական, 20 տարի առաջ Շամլուղում հաստատված Իվան Սարգսյանն էլ տեղեկացրեց. «Կամաց-կամաց եկել են, հասել են արդեն մեր տանից 27 մ հեռավորության վրա: Պայթեցումներից տան պատերը դիփ փլվել ա: Մենք 2-րդ հարկում ենք, որ ուժեղ պայթեցնում են, կարծես երկրաշարժ լինի, թող ու փախի: Ամեն օր պայթեցնում են: Սկզբում պայթեցումների ժամանակ զգուշացնում էին, հիմի` չէ: Հիմա մեկ-մեկ էլ լույսերը հանգցնում են: Էն օրը գնացել եմ մորս գերեզմանը, մեկ էլ էնպես պայթեցրին, ասի` ասկոլկեքը գալիս են, ա, բա մոտիկ մարդ կլինի, կտա կսպանի: Չգիտեմ, գնամ ես ու՞մ ասեմ»: Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը տեղեկացրեց, որ ծրագրի վերջնական արդյունքով հանքավայրը զբաղեցնելու է շուրջ 50 հա տարածք: Բաց հանքավայրի շինարական աշխատանքները, բնականաբար, Սերոբ Տեր-Պողոսյանը չէր կարող իրականացնել առանց Կառավարության գիտության, սակայն խնդիրն այն է, որ մեկ տարուց ավելի կառուցվող հանքավայրի համար նա առայսօր չունի Շամլուղի քաղաքապետարանի համաձայնությունը: Հանքավայրի շահագործման թույլտվության առնչությամբ Շամլուղի քաղաքապետն ասաց. «Իրենք լիցենզիա ունեն: Որպես քաղաքապետ անցած մեկ տարվա ընթացքում ես թույլտվություն չեմ տվել: Այդ հանքավայրի հետ կապված Սերոբ Տեր-Պողոսյանը համայնքի բյուջեին առ այսօր հողի հարկ չի վճարել: Փաստաթղթերն էլ կիսատ են, էս րոպեիս իրենք էլ են աշխատում, մենք էլ ենք աշխատում: Իրենք այդ տարածքում հանքախորշեր ունեին, որոնք մաքրել են, հիմա մեծացնում են իրենց մասշտաբը, բնակչությանը փոխհատուցում տալու են: Տարածքում, եթե ուշադիր նայել եք, հողային ճեղքվածքներ կան: Խորհրդային տարիներին այստեղ բաց հանք չի եղել, բայց հանքախորշերի տարածքը իրենցն էր: Շատ տարածքներ հանքավայրի պատճառով արգելված գոտիներ էին, իրենք հիմա աշխատում են այդ արգելված գոտիներում: Շամլուղի մուտքից հանքավայր գնացող ճանապարհը լայնացվել է վերջերս»: Լենդրուշ Բեժանյանը հայտնեց նաեւ, որ Շամլուղում 15-20 հանքախորշեր կան, որոնցից շահագործվում են ընդամենը 3-ը: «Մինչեւ 2007 թ.-ը 300 հազար դրամ հարկ էին վճարում համայնքի բյուջեին, երբ օրենքը փոխվեց, հողի հարկը սկսվեց վճարվել կադաստրային արժեքով, իրենք հանքերի համար հիմա մեզ հարկ չեն տալիս, վճարում են պետբյուջեն, չեմ կարող ասել` որքան, իսկ տարածքում իրենց զբաղեցրած գույքի համար վճարում են ընդամենը 56 հազար դրամ»,- ավելացրեց նա: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը բաց հանքավայրի համար դեռեւս հարկ չի վճարում նաեւ պետբյուջե, թեեւ հանքավայրի տարածք դատարկ մտնող նոր «Կամազ»-ները փաստում են, որ հանքավայրից արդեն հանքանյութ է տեղափոխվում: Քաղաքապետը փաստեց, որ համայնքին պետբյուջեից բնապահպանական մասհանումներ չեն կատարվում: 28_09-shamlugh-1

«Հանքավայրի զբաղեցրած տարածքը լրիվ Շամլուղի քաղաքապետարանի տարածքն է, մեր քարտեզում դա որպես անտառային տարածք գոյություն չունի»,- ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվար» անտառտնտեսության գլխավոր անտառապետ Արամ Ռամազյանը: Թե ինչպե՞ս կարող է անտառի գրկում մխրճված 50 հա տարածք զբաղեցնող հանքավայրը չառնչվել Շամլուղը պարսպող անտառների հետ, պարզ չէ: Մեր այցելության պահին հանքավայրին հարող բացատում 24-ից ավելի ծառ էր հատված: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի բաժնետեր եւ գործադիր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը, փաստորեն, խուսափել է բաց հանքավայրի կառուցման հետեւանքով բնությանը հասցված վնասների փոխհատուցման իր պարտավորություններից: Թե ի՞նչ տարողություն ունի հանքավայրը, եւ բնապահպանական ի՞նչ վտանգներ է ներկայացնում Շամլուղի եւ շրջակա բնակավայրերի բնակչության համար, առ այսօր հայտնի չէ անգամ հանքավայրի շրջակա համայնքների ղեկավարներին ու բնակչությանը: Մինչդեռ, ինչպես փաստում են հետազոտությունները (տես` «Գեո-Ալավերդի նախագիծ», Դեբեդի գետավազանի տարածքի ջրային ռեսուրսների բնութագիր, էջ 28, 29), Ախթալա գետում, որն աղտոտվում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից, ցինկի միջին տարեկան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 261,9 անգամ, մանգանի սահմանային նորման գերազանցել է 58,9 անգամ, պղնձի աղտոտվածությունը սահմանված թույլատրելի նորման գերազանցել է 30,8 անգամ: 28_09-shamlugh-2

Սերոբ Տեր-Պողոսյանը, անտեսելով իրավիճակը, շարունակում է անլուրջ վերաբերվել լեռնահարստացման կոմբինատի բնապահպանական պարտավորություններին: Դրա վկայություններից է նաեւ լեռնահարստացման կոմինատի Ախթալայի «Սվինեց» թաղամաս տանող ճանապարհաեզրին տեղավորված պոչամբարի անխնամ վիճակը, որի անվտանգության համար հողածածկման աշխատանքներ առ այսօր չեն կատարվել: Սերոբ Տեր-Պողոսյանը մեկ տարի առաջ հավաստիացնում էր, թե պոչանքներով բերնեբերան լցված այս պոչամբարն այլեւս չի օգտագործվելու, մինչդեռ պահակը մեզ սեպտեմբերի 22-ին հայտնեց. «Երբ Մեծ Այրումի պոչամբարի խողովակները տրաքում են, ֆաբրիկայի պոչանքները դեռ թափվում են այստեղ»: Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը տեղեկացրեց նաեւ, որ Շամլուղի մանկապարտեզի, հիվանդանոցի, մշակույթի պալատի տիպային շենքերը Սերոբ Տեր-Պողոսյանի մասնավոր սեփականությունն են, չեն ծառայում բնակչությանը եւ չօգտագործվելուց քայքայվում են: Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունն են դարձել Ախթալայի Արամյանցի հանգստյան տան շինությունները, Ախթալա քաղաքի մշակույթի երկու պալատները եւ այլ շինություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter