HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Երաժշտին հասցնում են ստեղծագործական օրգազմի, հետո ասում են`չկա

Արայի լեռան ստորոտ հասնելու համար  մի հին ավտոբուս նստեցի. հիմնականում հիսունն անց կանայք եւ տղամարդիկ  էին. նրանք  յուրովի էին. դիմացիս նստած  վաթսունն անց սպիտակահեր եւ մորուսավոր տղամարդը  կարդում էր, հետեւում նստած  տղամարդիկ  քննարկում խորհրդարանական կյանքը, իսկ հարդարված մազերով եւ մարգարտյա մեծ ականջօղերով  տատիկը  շարունակում էր պնդել, որ ամեն ինչ ուշ է արդեն շտկել:

Ես շտապում էի կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանին տեսության:

Նա  հաճախ է բացակայում Երեւանից`լինելով  Փարիզում, Վենետիկում...Եւ հանկարծ ես տեղեկացա, որ մեկ շաբաթ առաջ, վերդառնալով Փարիզ-Վենետիկ-Լոնդոն ճամփորդությունից, նա Երեւանում է:

Ավելի ուշ, երբ ասացի, որ ուզում եմ զրուցել հետը, նա ինձ հրավիրեց Արայի լեռան ստորոտում գտնվող իր փոքրիկ առանձնատունը:

Ահա եւ ես այստեղ եմ: Ալեքսանդրը  Շոստակովիչի N 5 սիմֆոնիան է լսում.

-Գիտե՞ս` մի տեսակ  ողբերգությունը շատ էնքան ճիշտ, էնքան տեղին է նկարագրված: Լսում ես, հասկանում, որ դեռ ամեն ինչ կարելի է փոխել. մի լուսավոր կետ կա, որ գնում է առաջ էդ մթության մեջ:

Միանձնյա ողբերգություն, որը համամարդկային է:

Մենք արդեն սրճում ենք`դռան առջեւի տաք քարերին նստած, իսկ Ալեքսանդրը  դաշնակահարին հատուկ մատներով վերծանում է երաժշտությունը, ապրում դրանով:

-Ի՞նչ   դաշտ է ստեղծված Հայաստանում քեզ պես ստեղծագործողների համար:

-Դա պարադոքսալ երեույթ է: Հայաստանում ստեղծագործելու համար կա ամեն ինչ, եւ միաժամանակ չկա ոչինչ: Կա մուսա, ներշնչանք, ապրում, դրվագ, մարդիկ, ֆինանսներ, բայց չկա ոչինչ, երբ դու էդ նույն ապրումն ու մարդկանց ուզում ես ներկայացնել արդեն իսկ գրված երաժշտությունը: Այսինքն`այստեղ դու կարող ես հասնել ստեղծագործական օրգազմի, հետո քեզ ասեն չկա էն, ինչի միջոցով պետք է ամենը ներկայացնես:  

Ալեքսանդրի վերջին ստեղծագործությունը N 2 սիմֆոնիան էր, որ  կոչվում է «Վեց պատասխան»: Ալեքսանդրն այն ընկերների եւ հարազատների մեծ ջանքերի շնորհիվ ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին: Նա դարձավ մրցույթի հաղթողը.

- Խաչատրյանի մրցույթը նույն պարադոքսի հետեւանքն էր: Ակնկալիքներս շատ էին: Դա Հայաստանի ամենապատվավոր մրցույթն է. լուրջ ժյուրիի կազմով, ներկայացվում են աշխարհի տարբեր անկյուններից հրաշալի երաժիշտներ: Բայց  ոչ մի ակնկալիքս չարդարացվեց: Ակնկալում էի, որ հաղթանակից հետո ինձ ավելի հեշտ կլինի անել այն, ինչ որ ես ուզում եմ, իսկ դրանք հրաշալի նախագծեր են: Սակայն, ապարդյուն... Երեք ամիս անց ես էլի նույն վիճակում եմ: «Տասը ավտոմեքենաների սիմֆոնիան» այդ նախագծերից մեկն է: Բայց ինչպես ինձ ասաց հայաստանյան պրոդյուսերներից մեկը. «Ես ուզում եմ բացել սենյակի դռներ, որոնք չկան»: Ես էլի փորձում եմ բացել այդ անտեսանելի դռները:

-Այդ դեպքում արժե՞ մնալ, ստեղծագործել այնտեղ, որտեղ դռներ չկան:

-Ստեղծագործելը տեղ եւ ժամանակ չի կարեւորում: Նույնիսկ քաղաքներն ինձ չեն կարող այդչափ ոգեշնչել, որքան վիճակը, որ ես ապրում եմ: Դա հեռու է մարդկային սովորական պատկերացումից, որովհետեւ տեսանելի չի: Ես ամեն տարի փոխում եմ ինչ-որ բան: Չեմ կարող մնալ միեւնույն վայրում`տեսնելով մարդկանց, ովքեր իրական ողբերգությունը չեն զգացել եւ միայն դիմակներ են կրում: Չնայած երբեմն նույնիսկ դա կարող է անասելի վիճակ ստեղծել ներսումդ:

-Քո  երաժշտությունն էլ ի վերջո ստեղծվում է այդ հասարակության համար:

Երբ ես գրում էի Remonstrance (Ընդեմ բռնության) ստեղծագործությունը, իսկ դա երեք տարի առաջ էր, ես ապրում էի մի մարդու ողբերգություն, ինքս իմ ներսում: Եւ հենց այդտեղից էլ սկսվում է երաժշտությունը հոսել, երբ ես բղավում եմ եւ սկսում դուրս հորդել: Հասարակության յուրաքանչյուր մասնիկ ունի իր բողոքը, ցավը եւ իր պրիզմայով է անցկացնում  երաժշտությունը:

-Ի՞նչն է ստիպում քեզ գոռալ եւ դուրս հորդել:

-Ես չեմ ուզում դրա մասին խոսել: Ամենն արդեն ասված է իմ երաժշտության մեջ: Ես ընդամենը խողովակ եմ: Իմ Ալեքսը հեշտ է ապրում, ավելի հավասարակշռված, որովհետեւ հակառակը` երաժշտությունը, ամբողջությամբ անհավասարակշռություն է: Իմ առաջիկա նախագծերում կան բոլոր այն էմոցիաները, այն զգացողությունները, որը ներս է քաշելու ամեն մեկին, նրանց սնուցելու մի բանով... Ես չեմ ասում, որ դա հեղափոխություն կանի հայ հասարկության երաժշտական մտածողության մեջ. դա նոր քայլի հնարավորություն է տալու առաջ գնալու:  Եվրոպան խենթանում է նման  նախագծերի  համար: Բայց ինչու պետք է Հայաստանը զիջի, եթե էստեղ էլ հրաշալի ստեղծագործողներ կան:
-Զիջում է քո նշած  «ոչնչով, ոչինչ  չանելով»:

- Դռների բացակայությունը...Ճիշտ ես:

- Դու գնալու՞ ես եւ հետ գաս:

- Ես անպայման հետ եմ գալու:

- Այսին՞քն գնալու ես:

- Իհարկե: Ես գնալու եմ եւ հետ վերդառնամ որպես Ալեքսանդր Իրադյան: Հայաստանը սիրում է անուններ: Ես էդպիսին կվերդառնամ:

- Բայց դու կգաս, ու նույն վիճակը կլինի: Կհասկանա՞ն քեզ, քո երաժշտությունը:

- Ես կգամ ու ոչ թե ավերակների վրա կսկեմ տարածել արվեստը, այլ կփորձեմ ավերակները ռեստավրացնել  որոշ չափով ու անընդհատ, քանի շնչում եմ, քանի քայլում եմ...Այսինքն`քանի դեռ  ստեղծում եմ երաժշտություն:

Մեկնաբանություններ (4)

Նուբար Ասլանյան
Հարգելի Ալեքսանդր կարծում եք Դուք միա՞կն եք:Վստահ եմ, որ ոչ:Արդ՝«Խաղաղություն ձեզ մեր անբախտ պապեր,Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել»...է՜,էրթամ թրաշս ընեմ.. Իսկ լսածս չորս րոպե երաժշտությունը տպավորիչ էր...
Անուշ
Ավերակներ մենք չենք կարող ստեղծել,որովհետեւ ավերակը կազմաքանդման, փլուզելու եւ ոչինչ չկառուցելու հետեւեանք է...Ալեքսանդր Իրադյանի գործունեության ընթացքում ես միայն կառուցելու միտումն եմ նկատել...Իսկ ավերակների վրա արդեն ստեղծված պատը շատ խարխուլ է:
Ավետ
Ավերակները ստեղծում ենք ինքներս... յուրաքանչյուրս էլ, պատասխանատու ենք, ամեն մեր ստեղծած փոշեհատիկի համար... իսկ ռեստավրացնել մեր իրականությունը, դա մեր բարոյականության պատասխանն է, մեր իսկ խղճի դիմաց....
Անուշ
Նաիրի ջան,ավերակները գոյություն ունեն հազարամյակներով...Ալեքսն`ինքը ծնվել եւ մեծացել է դրանց մեջ:Ակնթարթներ,հստակ գործողություններ...Սրանք կարող են շատ բան փոխել.իսկ հիմա Ալեքսը կարող է միայն կիսախարխուլ պատ կանգնեցնել, որը շատ շուտ կփլվի:Պետք է մարդիկ ավելի հավատան նրան,նրա ուժին,որ միասին մի բան կառուցեն....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter