HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզային բնակչությունը դարձել է արտադրական խոտան սպառող

Օրերս Գորիսի խանութներից մեկից հեռախոս գնեցի, որն ընդամենը 20 րոպե հետո ստիպված եղա ետ վերադարձնել: Սակայն խանութի սեփականատերը հրաժարվեց գումարը վերադարձնել` պատճառաբանելով, որ վաճառողուհին նախկինում այն փորձարկել էր: Ապարդյուն անցան սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենքների մեջբերումները: «Մենք էլ Երեւանից ենք բերում, էնտեղ էլ հետ չեն վերցնում եւ հետո` ի՞նչ էիր ուզում, ընդամենը 3800 դրամ արժե: Էդ գնի հեռախոսն ի՞նչ պիտի լինի»,- ասաց խանութի տերը: Եվ քանի որ ոչ արտադրության պիտակին էի հասցրել ծանոթանալ եւ ոչ էլ դրամարկղի կտրոն էին տվել, որպեսզի փորձեի որպես սպառող շահերս պաշտպանելու համար քայլեր ձեռնարկել, ստիպված էի լուռ հեռանալ: Այն, որ մայրաքաղաքի մեծածախ առեւտրի տարբեր կետերից ներկրվող ապրանքները մարզերում իրացնում են ավելի բարձր գներով, եւ շուկայական հարաբերությունների պայմաններում վաճառողն ինքն է որոշում արժեքը` տեղյակ էի, բայց չէի կարծում, որ դա արվում է ի հաշիվ որակի: Երբ այս մասին պատմեցի ծանոթներիցս մեկին, նա հավելեց նաեւ, որ արդյունաբերական խանութներում հաճախ կարելի է տեսնել «գնված ապրանքը ետ չի ընդունվում» մակագրությունը, որը սպառողի շահերի կոպիտ խախտում է: Պարզվում է` դա դեռ ամենը չէ: Զրուցակիցս, ով նաեւ սննդամթերքի առեւտրով է զբաղվում, պատմեց, որ հաճախ, մասնավորապես կաթնամթերքի մատակարարները, ապրանքը խանութին են հանձնում գնանշման մեջ զավեշտալի նշումներով: Օրինակ` սեպտեմբերի 24-ին խանութին հանձնված թթվասերի գնապիտակի վրա նշվում է` արտադրվել է սեպտեմբերի 28-ին: Այս փաստին նաեւ ինքս էի ականատես եղել, երբ օգոստոսի 1-ին Գորիսից գնված «Աշտարակ կաթի» արտադրած թթվասերի գնապիտակի վրա կարդացի` արտադրված է օգոստոսի 3-ին: Սննդամթերքի պիտանելիության ժամկետների ոչ ճիշտ մակնշումների փաստը հաստատեց նաեւ «Սննդի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի» տնօրեն Էդգար Թոխսանցը: Ըստ նրա` մինչեւ ընթացիկ տարվա մայիս ամիսը կենտրոնը բազմաթիվ ստուգումներ է անցկացրել Սյունիքի մարզի առեւտրի, սպասարկման տարբեր օբյեկտներում եւ արձանագրել սպառողի շահերի պաշտպանության հարյուրավոր թերություններ, որոնցից ամենակարեւորը սննդամթերքի պիտանելիության ժամկետների սխալ մակնշումն է: Պրն Թոխսանցը սխալ է համարում նաեւ միայն արտադրության օրը նշելը: Վերջին երեք տարում կենտրոնի ստուգումների արդյունքում 2 մլն 300 հազար դրամ տուգանք է վճարվել պետական բյուջե: 2009 թվականի մայիսից, սակայն, ստուգումները կառավարության որոշմամբ դադարեցվել են, եւ կենտրոնի տնօրենի կարծիքով` իրավիճակը կարող է ավելի ցավալի լինել: Այն հարցին, թե վերջին շաբաթներում հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացրած Սիսիանի մանկապարտեզի երեխաների թունավորումները որքանո՞վ են կապված քննարկվող խնդրի հետ, Էդգար Թոխսանցը պատասխանեց, որ իր կարծիքով` մարզի տարածքում մսամթերքի վաճառքն իրականացվում է ավելի բավարար պայմաններում եւ զարմանալի է, որ կասկածներ չեն հայտնվել նախակրթարանի խմելու ջրի որակի առթիվ: Սննդի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրենի կարծիքով` սպառողի շահերի ոտնահարման, բնակչության առողջության համար լուրջ վտանգ է այն, որ սպասարկող կազմակերպությունները ջրամատակարարներից ջրի որակի մասին փաստաթուղթ չեն պահանջում: Այս փաստը կենտրոնն արձանագրել է նաեւ Գորիսի նախակրթարաններում վերջերս կատարած շրջայցերի ժամանակ: Ինչ վերաբերում է խմելու ջրի որակը հավաստող փաստաթղթերին, ապա այդ առումով պատասխանատուները հազիվ կարողանան հաստատել, թե ինչ-որ բան արվում է, քանի որ Գորիս քաղաքը մասամբ, իսկ Վերիշենն ամբողջությամբ խմելու ջուր ստանում են ծովի մակերեւույթից 2100մ բարձրության վրա գտնվող Ակների բնական աղբյուրներից, որի ակունքում գտնվող ջրհավան կետը բաց է, եւ չկան խմելու ջրի մեխանիկական չաղտոտման երաշխիքներ: Եվ մինչ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործման Հարավային տարածքային մասնաճյուղը խմելու ջրի պարտքի համար տասնյակ դատական հայցեր է ներկայացնում, բաժանորդ-սպառողներից եւ ոչ մեկը չի հարցնում` արդյո՞ք մաքուր ջուր է ստանում: Անարձագանք են մնում նաեւ ջրամատակարարման ընդհատումներին վերաբերող բողոքները, այն դեպքում, երբ մայրաքաղաքում լրատվամիջոցներով սպառողներն իրազեկվում են վթարների կամ անհրաժեշտ անջատումների մասին: Նույն կերպ մարզային բնակչությունն ապահովագրված չէ նաեւ հանրային ծառայության մեկ այլ ոլորտի` էներգամատակարարման սպասարկման թերացումներից: Արդեն ամիսներ անարձագանք են մնում Գորիս քաղաքի Խորենացի, Դավիթ Բեկ փողոցի բնակիչների դիմումները Հայէլցանցի «Գորիս» մասնաճյուղին` հոսանքի լարման տատանումների պատճառով, որի արդյունքում, ինչպես նշում են մարդիկ, «շարքից դուրս են եկել» էլեկտրական բազմաթիվ սարքավորումներ: Սպառողին չեն աջակցում նաեւ համայնքային իշխանությունները, որոնք «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջով պարտավոր են կազմակերպել եւ կառավարել ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, ոռոգման եւ այլ կառուցվածքների շահագործումը: Հանրային ծառայությունների մատուցման կամ առեւտրի, սպասարկման ոլորտում համայնքի բնակիչների` որպես սպառողներ շահերի պաշտպանության համար որեւէ քայլ նրանք չեն ձեռնարկում, բացի համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն տալուց: Այլապես Գորիսի կենտրոնական շուկան իր տարածքից դուրս չէր գա ու լիովին ծածկեր քաղաքի կենտրոնական փողոցը, երբ բացօթյա շուկայի տարածքում այդ նպատակի համար տասնյակ տեղեր են նախատեսված: Սննդամթերքի վաճառքի կազմակերպման պատճառով այլեւս երթեւեկելի չեն քաղաքի կենտրոնական փողոցները, իսկ հետիոտները չեն կարող քայլել մայթերով, որքան էլ ճանապարհային ոստիկանները դրա համար տուգանքներ սահմանեն: Սա, թերեւս, այլ քննարկման խնդիր է: Փաստն այն է, որ մարզերում սպառողների իրավունքների խախտման համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter