HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողներին դատարան են բերում «Մեթըլ Փրինս» ընկերության անվտանգության աշխատակիցները

Այսօր` ժամը 12:30-ին, մեկամսյա ընդմիջումից հետո Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում՝ փակ դռների հետևում, շարունակվեց մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Դատական նիստից րոպեներ առաջ «Հույս և օգնություն» ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի անդամները դատարանի շենքի առաջ ակցիա էին կազմակերպել «Պիղծ ձեռքերը հեռու մեր երեխաներից» և «Արժանի է խիստ պատժի» կարգախոսներով:

«Սերոբ Տեր-Պողոսյանի գործի հետ կապված այս ակցիան անում ենք, որովհետև ենթադրում ենք, որ գուցե գործը այնպես չավարտվի, ինչպես որ հարկն է: Մտահոգվում ենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը ունի գումարային որոշակի տարբերակներ, որոնցով կկարողանա մարդկանց բերանները փակել: Մենք ուզում ենք՝ ժողովուրդն ուղղակի իմանա, թե ինչու ենք մենք այստեղ»,- ասաց ՀԿ–ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Հայարփի Էդիլյանը: 

Ի տարբերություն նախորդ դատական նիստերի` այս նիստին դատարանի շենքի առաջ և սպասասրահում առանձնակի ակտիվություն էին դրսևորում Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ Փրինս» ընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր Ախթալայից «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով Վանաձոր էին բերել այն տուժողներին, ովքեր այս դատական նիստին պետք է հարցաքննվեին: Լրագրողների աչքից չէր վրիպում տուժողների և ընկերության անվտանգության աշխատակիցների մտերմությունը:

Անվտանգության աշխատողներից մեկը՝ ոմն Արսեն, նույնիսկ փորձեց  խոչընդոտել լրագրողներից մեկի աշխատանքը, երբ նա նկարահանում էր տուժողներին բերող մեքենան:

Դատական նիստի ավարտին մեղադրող Արամ Ամիրզադյանը լրագրողներին հայտնեց, որ այս դատկան նիստն ընթացավ նախորդ նիստերի տարբերակով: «Այսինքն՝ կարգի մեջ մենք փոփոխություն չենք կատարել` տուժող, տեսանյութերի դիտարկումներ, տուժողների քննություն. սրանով ավարտել ենք»,- ասաց մեղադրողը:

Դատական նիստին հարցաքննվել է մեկ տուժող, ով հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից: «Բայց դրա հետ միասին ես կարող եմ ասել, որ անտրամաբանական պատճառաբանություններ էին արվում: Հրաժարման հետ կապված՝ հրապարակվում են նախաքննական ցուցմունքները, ըստ էության հարցեր են տրվում, և դրա վերջնական գնահատականը ես հիմա չեմ կարող տալ, ես կտամ դրա գնահատականները ճառում»,- ասաց Արամ Ամիրզադյանը: 

Դատարանի սպասասրահում Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության աշխատողների ագրեսիվ գործողությունների և տուժողներին հատուկ մեքենաներով դատարան բերելու մասին «Հետքի» հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց.

«Ես, ճիշտն ասած, դրան գնահատականներ չեմ կարող տալ, որովհետև նախ, ես իրենց դեմքով չեմ ճանաչում, և, եթե այդպիսի բան կա, դա, իհարկե, քննարկման հարց կդառնա, երևի թե դատարանում տուժողներին հարց կտրվի այդ կապակցությամբ»,- պատասխանեց մեղադրողը:

«Արդյոք Սերոբ Տեր-Պողոսյանի ավտանգության աշխատակիցները չե՞ն ստիպում տուժողներին դատարանում հրաժարվել իրենց ցուցմունքներից» հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց, որ դա կպարզվի դատարանում. «Այդպիսի հարցեր կտրվեն, և եթե դուք դա նկատել եք դատարանի դահլիճից դուրս, միգուցե պարզենք տուժողների այդ դիրքորոշումները, կեցվածքը: Ես չեմ կարող դա հիմա ասել, դա պետք է պարզել դատաքննության ընթացքում»:

Հարցաքննված տուժողի ցուցմունքներից իր տպավորությունների մասին մեղադրողն ասաց. «Հիմնականում տուժողները ճնշվածություն են ունենում, երբ հարցեր է տալիս ամբաստանյալը: Ըստ էության, նրանք ժամանակին ինչ-որ կախվածություն են ունեցել Սերոբ Տեր-Պողոսյանից և հիմա դժվարանում են հրապարակայնորեն այդ ամենը բառացիորեն կրկնել: Նրանց ցուցմունքների մեջ կան էական հակասություններ, էդ հակասությունները փորձում ենք վեր հանել»:

Արամ Ամիրզադյանն ասաց, որ այսօր դատարանի հարցաքննած տուժողը դիտել է տեսանյութը և չի հրաժարվել այնտեղ պատկերված իր գործողություններից: Սերոբ Տեր-Պողոսյանը նույնպես չի հրաժարվում իր գործողություններից, նա դատարանին փորձում է համոզել, որ իր զուգընկերների նկատմամբ ինքը բռնություններ չի կիրառել, գործողությունները կատարվել են կամավոր, և յուրաքանչյուր տուժող իր կամքով է իր հետ մտել սեռական հարաբերությունների մեջ:

«Գնահատական պետք է տրվի այդ գծին, որ նա փորձում է տանել: Մենք ներկայացրել ենք ապացույցները, ապացույցներ կան քրեական գործում, և դրանք բոլորը պետք է գնահատվեն: Ես կարծում եմ, որ նախաքննությունը ձեռք է բերել բավարար ապացույցներ, և բավականին լավ քննություն է կատարվել գործով, և այդ ապացույցները բավարար են այն մեղադրանքին, որը մենք առաջադրել ենք»,- ասաց Ա. Ամիրզադյանը:

Իր խոսքի վերջում մեղադրող Արամ Ամիրզադյանը մտահոգիչ համարեց «Հետքի»` ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության աշխատակիցների այսօր ցուցաբերած ակտիվության մասին հարցը:

Օրվա վերջում դահլիճի անբավարար լուսավորվածության պատճառով հնարավոր չի եղել շարունակել դահլիճի պատի վրա տեսանյութերի դիտումը: Այդ պատճառով ժամը 17:00-ին դատական նիստը դադարեցվեց: Այն կշարունակվի վաղը` ժամը 12:00-ին:

Մեկնաբանություններ (3)

yerevan escorts
www.yerevan-escorts.com
Ar
u da handurjvum e?? vonc vor nman lini nran, erb mer xaytarak yntrutyunnerin yntroxnerin berum en yntratexamaser ajs kam ajn teknatsui avtomeqenanery.........ka tarberutyun 2 erevuytneri mijev:?? tesnum eq, te inchpes e kirarvum nman metody...........
Edit
Hazar amotayn mardkants,voronq kpordzen kotskel ayd anarak mardu ararq@. Ardyoq ayd mi qani hazar dramn aveli karevor e qan dzer erekhaneri khegatyurvats kyanq@? VOROSHUM KAYATSNELUTS ARAJ LAV MTATSEQ TE INCH EQ ANUM...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter