HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞վ է պատասխան տալու Ողջի գետի աղտոտման համար

Այսօր Վարչական դատարանում մեկնարկեց ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի քննությունը: Կազմակերպությունը նախարարությանը մեղադրում է անգործության մեջ, ինչի հետեւանքով Կապան քաղաքով հոսող Ողջի գետն ուղղակի վերածվել է կոյուղատարի:

Գնահատականը ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանինն է: Նա մանրամասնում է, որ մի կողմից «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերը, մյուս կողմից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կեղտաջրերն ամբողջությամբ լցվում են Ողջի գետը, ընդ որում` «Հայջրմուղկոյուղու» միջոցով գետն են լցվում ոչ միայն Կապանի, այլեւ տասնյակից ավել հարակից բնակավայրերի կոյուղաջրերը:

Բնապահպանության նախարարությունից ՀԿ-ի պահանջը հստակ է` օրենքի ողջ խստությամբ պատժել այն ընկերություններին, որոնք աղտոտում են Ողջի գետը եւ օրենքով սահմանված կարգով իրականացնել համապատասխան բնապահպանական գործողություններ: Իսկ մինչ դատարան դիմելը կազմակերպությունը մոտ երկու տարի նամակագրական կապի մեջ է եղել նախարարության պատասխանատուների հետ:

«Իրենք գրության մեջ նշել են, որ, այո, խնդիրը կա, իրականացնում են գործողություններ` կանխելու համար, բայց մինչ օրս նման գործողություններ չտեսանք»,- ասում է Արթուր Ղազարյանը:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դատի է տվել նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում արդեն մի քանի ամիս է` ընթանում է դատաքննություն:

Կոյուղաջրերը Ողջի գետն են թափվում Հայաստանի անկախացումից ի վեր: Ղազարյանը նշում է, որ եթե պետությունն ինքը կառավարեր «Հայջրմուղկոյուղին», իրենք դատարան չէին դիմի` հաշվի առնելով պետբյուջեի դրությունը: Բայց եթե կառավարումը ստանձնել է ֆրանսիական մասնավոր ընկերությունը, շատ լավ իմանալով առկա խնդիրները` պարտավորվել է լուծել դրանք, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ պարտավորություններն իրագործվեն:

ՀԿ-ն հայցին կցել է նաեւ Ողջիին հասցված էկոլոգիական վնասի մոնիտորինգի արդյունքները, որն իրականացրել է հենց բնապահպանության նախարարության «Շրջակա միջվարի պահպանության» ՊՈԱԿ-ը: Ըստ Ղազարյանի` այսօր կեղտաջրերի թափման ծավալները մի քանի անգամ գերեզանցում են թույլատրելի չափաբաժինը: Եվ եթե նույնիսկ վաղը կառուցվի կեղտաջրերի մաքրման կայան, գետի ավազանը մաքրելու համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ:

Այսօրվա նիստում դատավոր Արման Թովմասյանը որոշեց, որ ապացուցման բեռը կրելու է պետական կառույցը, այսինքն` բնապահպանության նախարարությունն ինքը պետք է ապացուցի, որ անգործություն չի դրսեւորել:

«Հայջրմուղկոյուղին» գործում ներգրավվել է իբրեւ երրորդ կողմ: Ընկերության ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010թ. մայիսի 25-ի որոշումը` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին:

ՓԲԸ ներկայացուցիչը նշեց, որ այս որոշմամբ կոյուղաջրերի մաքրման համար որեւէ գումար սակագնի մեջ ներառված չէ, հետեւաբար անհիմն է այդպիսի պահանջ ներկայացնելը:

Այնինչ, հիշյալ որոշման երրորդ կետում նշված է` «սպառողներին կողտաջրերի մաքրման ծառայության սակագինը», որը հանձնաժողովը սահմանել է 14,480 դրամ` ներառված ավելացված արժեքի հարկը:

Արթուր Ղազարյանը նկատում է, որ եթե նույնիսկ հանձնաժողովը ջրի վարձավճարների սակագնում չհաշվարկեր կեղտաջրերը մաքրելու ծախսը, միեւնույն է, ֆրանսիական «Սաուր» ընկերությունը, ստանձնելով «Հայջրմուղկոյուղու» կառավարումը, ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրով պարտավորվել է կեղտաջրերը մաքրել եւ հեռացնել (ՀՀ Կառավարության 2004թ. N 130 որոշման 2-րդ հավելված):

«Կարող ես գումար չվերցնել, բայց պարտավորություն կրել այդ գործողությունը կատարելու համար: Այսինքն` այդ ընկերությունը միտումնավոր կառավարումը ստանձնել է` իմանալով, թե ինչ է կատարվում Հայաստանի տվյալ ոլորտում,- ասում է Արթուր Ղազարյանը եւ հավելում,- շատ հետեւողական պետք է լինենք, մենակ հո փող կորզելով չի՞»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 14-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter