HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բազմազավակ ընտանիքի երկու երեխաներն այս տարի դպրոց չեն հաճախի. նրանք հագուստ չունեն (վիդեո)

Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի հանրակրթական դպրոցում սովորում է 22 աշակերտ: Նրանցից երկուսը, հագուստ չունենալու պատճառով, այս տարի դպրոց չի հաճախի: 4-րդ դասարանի աշակերտ Ալեքս և 9-րդ դասարանի աշակերտուհի Ժենյա Տեր-Գրիգորյանները հարազատ քույր ու եղբայր են:

Նրանց մայրը՝ Աիդան, պատմում է, որ երեխաները նույնիսկ առօրյա հագուստ չունեն, ուր մնաց դպրոց գնալու հագուստ ունենան: Երեխաների համար վերջին անգամ անցյալ տարի են հագուստ գնել, սակայն հագուստը, անընդհատ հագնվելու և լվացվելու պատճառով, ամբողջությամբ մաշվել է, ու հիմա երեխաները հագնելու բան չունեն:

Ժենյան ցանկանում է դպրոց գնալ, սակայն ամաչում է սեպտեմբերի 1-ին պատռված հագուստով հայտնվել համադասարանցիների առաջ:

Մինչ ընտանիքի ավագները պատմում էին իրենց դժվարությունների մասին, 5-ամյա Նարեկը թախտին նստած խաղում էր ծակ գուլպաների արանքից դուրս եկած ոտքի մատների հետ: Դրսում բավականին ցուրտ էր, իսկ տղան ձեռքի ափով էր տաքացնում գուլպայից դուրս մնացած մատները:

Տեր-Գրիգորյանների ընտանիքում ապրում է 8 հոգի՝ ամուսինները, 3 անչափահաս երեխաները, չափահաս աղջիկն ու նրա մանկահասակ երեխան: Ավագ որդին էլ ադեն 3 ամիս է, ծառայում է բանակում:

Աիդա Տեր-Գրիգորյանի ասելով՝ արդեն 6 ամիս է, կտրվել է իրենց եկամուտի միակ աղբյուրը՝ աղքատության նպաստը: Սոցիալական բաժնից ասել են, թե իբր բնակության վայրում գրանցման հետ կապված խնդիրներ կան, այդ իսկ պատճառով՝ նպաստ չեն տալիս:

Ջաղացաձորի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մարտոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Տեր-Գրիգորյանների ընտանիքը մոտ 10 տարի է, ժամանակավոր հաշվառված է գյուղում, բայց արդեն մեկ ամիս է, ամբողջությամբ գյուղի գրանցում է ստացել, ուստի սոցիալական ծառայությունները հանգիստ կարող են վերականգնել նպաստը:

Վարդենիսի սոցիալական ծառայությունից Աիդային խոստացել են, որ առաջիկա ամիսներին կվերականգնեն նպաստը: Բայց թե ինչու են տեսուչները նոր «հիշել» ժամանակավոր գրանցման մասին և կտրել աղքատ ընտանիքի նպաստը, անհասկանալի է, քանի որ նախկինում Տեր-Գրիգորյանները նույն կարգավիճակով մոտ 45.000 դրամ նպաստ են ստացել, և այս ընթացքում ոչինչ չի փոխվել նրանց ընտանիքում:

Այդ ժամանակ նպաստի գումարը հազիվ բավականացրել է, որ երեխաները ցամաք հաց ունենան: Այժմ, երբ նպաստ չկա, օրերով ուտելու հաց չեն ունենում և երեխաներին միայն խաշած կարտոֆիլով են կերակրում: Աիդայի խոսքերով՝ շատ է եղել, որ երբ հարևանները տեսել են՝ երեխաները ուտելու բան չունեն, իրենք են ալյուր տվել: Մեկ-մեկ էլ գյուղապետարանն է ալյուր գնել Տեր-Գրիգորյանների համար:

Ընտանիքը օգնություն ստանալու հարցով երբեք չի դիմել Գեղարքունիքի մարզպետարանին: «Մենք էդման բաներ չէնենք, կվախենանք էդման բաներուց: Կարող ա մեկին վնաս տան, մի բան էղի, մեզի բան ըսեն»,- ասում է Աիդան: Հարցին, թե ո՞վ պիտի իրենց բան ասի, եթե մարզպետարան դիմեն՝ ընտանիքի մայրը ուսերը թոթվեց:

Տիկին Աիդան ասում է, որ ամուսինը՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Թոքի վրա 2 ճաք կա, լեղապարկը լավ չի գործում, իսկ սիրտը ջրի մեջ է: Քանի որ ծանր ֆիզիկական աշխատանք չի կարող անել, հարևան գյուղերից մոտ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հավաքել ու սարերում պահելով՝ գումար է աշխատում: Նրան մեկ անասունի համար ամսական վճարում են 5000 դրամ:

Գրիգորը անասունները պետք է պահի մոտ 3 ամիս: Գումարն արդեն նախապես վերցրել են, երեխաների համար սնունդ են գնել ու հիմա չգիտեն, թե ձմռանն ինչպես են «յոլա գնալու», քանի որ գումարի ակնկալիք այլևս չկա:

Կիսախարխուլ տան բակում աթարից «ամրոց» է կանգնած: Աիդան ասում է, որ ձմռանը միայն աթար են վառելու, քանի որ վառելափայտ գնելու հնարավորություն չունեն: Այդ աթարն էլ սարքել են ամուսնու պահած անասունների գոմաղբից: Թեև գոմ ունեն, սակայն անասուն չունեն: Աիդան այս տարի 15 հատ հավի ճուտ է գնել: Նա ասում է, որ իրենց գյուղում հնարավոր է անասուն պահել, ինքն էլ կարող է անասուն պահել ու ստացված կաթ ու մածունով երեխաներին կերակրել, միայն թե կթու կովը բավականին թանկ է, և հնարավորություն չունեն ձեռք բերել:

Անցյալ տարի վառարանից այրվել է ընտանիքի տան տանիքը: Բարեգործական կազմակերպությունները գյուղապետարանի հետ միասին վերանորոգել են տանիքը, փոխել են տան պատուհանները, սակայն ներսից դեռ կախված մնում են այրված փայտի կտորները: Միջանցքի դեր տանող սենյակներից մեկի առաստաղը ամեն պահի կարող է փուլ գալ, քանի որ այրվելուց հետո այն կախվել է:

Մեկնաբանություններ (7)

Loussine
Հետաքրքիր է, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ընտանիքի կյանքում օգոստոս ամսից ի վեր. Հնարավո`ր է իմանալ: Կարծես շատերն էին պատրաստ նրանց օգնել, տանիքը վերանորոգվե`ց, բազմազավակ մայրերի կազմակերպությունը ինչ որ բանով աջակցե`ց նրանց: Սա շատ կարևոր է, քանի որ ինքս ապրում եմ Ֆրանսիայում, և եթե վստահ լինեմ, որ նման բարեգործական ընկերություններն իրոք օգնում են նման ընտանիքներին, անշուշտ կմիանամ նրանց:
Suso
Hazar amot Hayastani harustnerin,vor irenc milionneric chen yzum mi kani hazar tan; ba el um? en baregorcutyun anum; Amot, hazar amot Hayastani karavarutyan@ vor milion mardu chi karog pahel; Xaytarakutyun;
Մարինե
ես էլ անշուշտ ցանկություն ունեմ և պատրաստակամ եմ օգնել այս ընտանիքին
Armen
Hargeli grisha hnaravor e andarajeq Hayastani tamojnyayum mucumner 4anen,uxarkveluya hagustner Bulxariayic.
Հայ
Հոդվածում կար ընտանիքի անունը և հասցեն, ուշադրություն չէի դարձրել: Դա բավական է: Կարիք չկա ոչինչ գրելու:
Հայ
Հարգելի Գրիշա: Խնդրեմ գրեք այս ընտանիքի անուն/հասցեն նրանց օգնելու համար:
Marine
ջրափոսից ջրափոս Հայաստանը չեն կարող կերակրել, ծովից ծով Հայաստան են երազում, նայում եմ ու շոկի մեջ եմ, որը ասես, բա ես մեկը http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=4P1i6AggU-I#!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter