HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պետոն

«Ես չեմ կռվել: Երբեմն եղել եմ Ղարաբաղում, երբեմն ուղեկցել եմ տղերքին, ոչ միայն Պետոյին: Ես առաջին անգամ Ղարաբաղ գնացի 89-ին, Հադրութի շրջան: Ես մարտական այդպիսի կենսագրական չունեմ: Կարելի է ասել` մարտական գործողություններին չեմ մասնակցել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) եղբայրը` Գագիկ Ղեւոնդյանը:

Պետոյի` զրույցին ներկա ընկերներից մեկը նշեց, թե Արցախի հերոս Պետոն էլ, հավանաբար, նույն կերպ կասեր. «Երեւի չեմ մասնակցել պատերազմին»: Իրականում Գագիկը եւս մասնակցել է պատերազմին: Նա նաեւ պատերազմի ժամանակ նկարահանումներ է արել: Գագիկի որդին` Վարդանը, 14 տարեկանում գնացել է Շուշի եւ քաղաքում է եղել հրետակոծության ժամանակ:

«Ինքնաթիռը խփելուց հետո, երբ Պետոն տուն եկավ (դե, բնական է, մի օր պիտի տուն գար, չէ՞), ողջագուրվելու պահից հետո նստել ենք տանը, եւ գիտի` հիմա պիտի հարցեր լինեն ինքնաթիռից, խփելուց: Ասում է. «Ուզո՞ւմ եք պատմեմ, թե ինքնաթիռը ոնց խփեցի»: Դե, իհարկե, ուզում ենք, որ պատմի: Եվ ինքը պատմեց, թե ինչպես Պավլիկը ականանետով արկը նետում է թուրքերի տեխնիկայի վրա: Ինքը սա պատմեց»,- ասաց Գագիկ Ղեւոնդյանը:

Պետոն երբեք չի խոսել իր արածների մասին: Ավելին, նա ընտանիքի անդամներին խնդրում էր ոչ ոքի չասել, թե ուր է գնում: Գագիկ Ղեւոնդյանի խոսքերով` իր շրջապատի տղաներից ոչ ոք չի թմբկահարել ազատամարտիկ լինելը, ու պատերազմի ժամանակ այստեղ ոչ ոք նրանց ձեռքին զենք չի տեսել` չնայած միշտ էլ ունեցել են զենք:

Պետոյի քույրը` Անահիտը, ով Գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության սպա է, նշեց. «Մայրս նույնիսկ համազգեստով չի տեսել տղաներին: Դրա համար երբ մեզ արդեն պարտադրում էին համազգեստ հագնել, ասում էի. «Աստված, այս եղբայրներիս կողքին ես ո՞նց համազգեստ կրեմ»:

Անահիտը կրթությամբ զինվորական չէ, սկզբում աշխատել է Կադրերի վարչությունում եւ դժվարությամբ է հարմարվել Զինված ուժերում աշխատելու մտքին: «Իհարկե, պիտի գնաս»,- Անահիտին ասել է Պետոն:

Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964 թ. Պռոշյան գյուղում: Գագիկը նշեց, որ Պռոշյանից շատերն են կամավոր եղել: «Եվ ովքե՞ր հաղթեցին Ղարաբաղի պատերազմը. երիտասարդները, գրեթե պատանիներ: Անչափահաս երեխաները Պռոշյանից փախչում, գնում էին Ղարաբաղ պատերազմի: Ես աղոթում էի, որ որեւէ բան չպատահի:

Երբ մեր տղաները մարզվում էին, նրանք, ովքեր համեմատաբար ավագ տարիքի էին (բայց դարձյալ երիտասարդներ էին` 20-25 տարեկան տղերք` Պետոն, Կարոտը), այն փոքրերը գալիս էին, նախանձով էին նայում այդ ամենին, եւ իրենք էլ սկսեցին մասնակցել: Կային երեխաներ, օրինակ Արտակը: Փոքր էր, անչափահաս տղա էր եւ ուզում էր, հնարավոր չէր այդ տղային բռնել: Եվ խեղճ տղան զոհվեց»,- ասաց Գագիկ Ղեւոնդյանը:

Պետրոս Ղեւոնդյանը 1989 թ.-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը եւ ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում: 1993 թ. հունվարին Սրխավենդում խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին:

1994 թ. հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ` Օմարի լեռնանցք` տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում եւ իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը: 1992-ից Պետրոսը Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր:


Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակին` Պետոյի եղբայրը նշեց. «Անձնակազմի քանակի, ազատագրված տարածքների եւ կորուստների առումով մեր գումարտակը իր հավասարը չի ունեցել:

Հրամանատարական կազմը` Ժիրայր Սեֆիլյան, Պետրոս Ղեւոնդյան, Ռոմիկ Մարգարյան, արել են ամեն ինչ, որ քիչ զոհեր ունենանք: Յուրաքանչյուր զոհը մեզ համար սարսափելի կորուստ է եղել: Դրա համար հետախուզություններին մասնակցում էին հենց այդ տղաները, Հարմիկի մասին ասենք, Բորիսի մասին ասենք, հրաշք տղաներ, հրաշք հրամանատարական կազմ է ունեցել: Եվ տեսեք` հիմնականում ավելի շատ մենք կորուստներ ունեցանք հենց հրամանատարներից, Ագնեւոյի Հրաչը»:

Գագիկը միաժամանակ նշեց, որ անշնորհակալ գործ է հարցազրույցների ժամանակ անուններ տալը, քանի որ հերոս ազատամարտիկները շատ-շատ են:

Պետոյի հայրը` 82-ամյա Արշալույս Ղեւոնդյանը, ասաց, որ Պետոն չէր ուզում տանը մնալ, անգամ երբ վիրավորվել էր:

«Ոչ մի անգամ չեմ ասել` մի գնա: Իհարկե, ծնողը ինչքան էլ դեմ լինի, եթե ինքը ձգտում է գնալու, պիտի գնա: Ու գնաց»,- ասաց Արշալույս Ղեւոնդյանը: Իսկ Անահիտը նշեց. «Ոչ մի մայր իր որդուն պատերազմ սիրով չի ուղարկում: Մայրս ընդդիմացավ, բայց ամբողջ գիշեր 2 զույգ ձեռնոց գործեց, մեկը Գագոյի համար, մեկը` Պետոյի: Ու այդպես ճամփեց»:

Պետոյի մարտական ընկերներից Արթուր Մուրադյանը նշեց, որ Պետոն միշտ ինքն էր կատարում ամենավտանգավոր հետախուզությունները, որից հետո առաջնորդում մյուս ազատամարտիկներին:

«Ինքը առաջինն էր գնում, նոր իր ետեւից` մեր մարտական ընկերները: Էնտեղ սպա-զինվոր հարաբերություն չկար, կար մարդկայնություն»,- ասաց Արթուրը:

Նա ռազմադաշտ է գնացել կամավոր, երբ դեռ 17 տարեկան էր, 93 թ.-ից մինչեւ զինադադար կռվել է Շուշիի առանձնակի գումարտակում: Արթուրը Պռոշյանում է ապրում, էլեկտրամոնտյոր է աշխատում: Նա երկու դպրոցական երեխա ունի:

Գագիկ Ղեւոնդյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ազատամարտիկները չէին պատկերացնում, որ Հայաստանը հետագայում այսպիսին կլինի: Պատերազմի ժամանակ իրենք ակնկալում էին, որ Հայաստանը կլինի «աշխարհի զարգացվածության իմաստով համապատասխան մակարդակի երկիր»: Մինչդեռ այսօր, նրա խոսքերով, Հայաստանում արտագաղթի համար նպաստավոր վիճակ է:

«Ո՞վ է դուրս գալիս իր տնից: Ով ինչ-որ բան է փնտրում: Եթե այստեղ լիներ, կվերցներ կբերեր տուն: Բայց այստեղ չկա: Դրա համար ինքը մի քիչ ավելի հեռու է գնում: Հետո` երբեմն գնալով մոռանում են, թե ինչի համար եկան: Մնում են, մնում են, մնում են, խնդիրներ, պրոբլեմներ, թաղում, թաղում, թաղում են, տարիքն էլ անցնում է, ծերանում են:

Ցավոք, մենք որակ ու քանակ ենք կորցնում ամբողջ աշխարհով: Գալիս են այստեղ, Արագած լեռն են բարձրանում. «Օ, խաշանոցը տեսանք, շատ համով էր»: Բայց եթե իրենց ասես, որ Յոսեմիթի ազգային պարկի հսկա լեռան վրա մի հատ խաշանոց սարքենք, կասեն. «Խե՞նթ ես, ի՞նչ ես»: Իսկ այստեղ ընդունվում է, չգիտես ինչու: Ամբերդի կողքին սրճարանը շատ «լավ» օբյեկտ է: Բայց ամոթ է, Արագած լեռան վրայի խաշանոցը խայտառակություն է, ոչ թե հիացմունք: Ես չեմ տրտնջում, չեմ լացում, բայց այսպես է. պատերազմը շատ լավ տարանք, հետեւանքը մի քիչ մշուշոտ է»,- ասաց նա:

Լուս.` Հակբերի

Պատերազմից հետո Գագիկ Ղեւոնդյանը տեղափոխվել է Արցախ եւ այնտեղ ապրել մինչեւ 1998 թ.: Այժմ նա ժամանակավորապես աշխատում է Միացյալ Նահանգներում: Միաժամանակ Գագիկ Ղեւոնդյանը նշեց, որ լավատես է, հակառակ դեպքում ամեն ինչ վերջացած կլիներ, «ամեն եղած-չեղածը կլցնեինք մի պարկի մեջ, կտանեինք»:

«Այնպես չէ, որ շատ ուրախ էի, հիմա հիասթափվեցի, կամ ուրիշ ակնկալիք ունեի, հիմա հիասթափվեցի: Հիասթափությունս ողբ ու լացուկոծ չէ. հիմա այսպես է: Բայց յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ձեւերը կան: Եթե որոշ բաներ կան, ընդհանրապես եկեք մերժենք այդ ամենը: Ես հիասթափվող ու նստողը չեմ. պիտի աշխատենք»,- ասաց նա:

Պետոն զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրավոր զինվորին: Պետոն զոհվում է ականի պայթյունից:

«Քանի որ ձյուն էր, վիճակն էլ` սոսկալի, ոտքը հետո են գտնում տղերքը: Այդ ոտքը կամ պիտի բերեինք նորից իր գերեզմանի մեջ ամփոփեինք, կամ ոչ: Դա իմ որոշումը եղավ, իհարկե, ասացի. «Ինքը իր ոտքը թողեց Ղարաբաղում, թող Ղարաբաղում էլ մնա»: Եվ ոտքը բերեցինք Շուշի: Հետո երբ գումարտակը կազմավորվեց, արդեն տեղափոխվեց Սրխավենդ, ոտքը պատվով, արարողակարգով տեղափոխեցինք Սրխավենդ, հուղարկավորեցինք զորամասի տարածքում: Մինչեւ հիմա զորամասի տարածքում է, եւ ոտքի վրա էլ կանգնեցված են խաչքար եւ կիսանդրի»,- ասաց Գագիկ Ղեւոնդյանը:

Պետոյի անունն են կրում Եղեգնուտի եւ հարազատ Պռոշյանի դպրոցները: 2007 թ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացվել: 1994 թ. լույս է տեսել Համլետ Գեւորգյանի «Պետոն» գիրքը:

2001 թ. Պետրոս Ղեւոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Պետոյի եղբոր համոզմամբ` այդ կոչումը վերաբերում է նաեւ այն գումարտակին, որի կազմում կռվում էին Պետրոսն ու մյուս տղաները:

Իսկ Պետրոսի քույրը հիշեց, թե ինչպես Արցախի նախագահն իրեն հանձնեց Ազգային հերոսի վկայականը:

«Վարդանն ինձ հետ էր, եւ շատ ուզում էի, որ այր մարդու տրվեր այդ վկայականը, բայց չտվեցին Վարդանին: Նախագահը ասաց, որ «չէ, անպայման քրոջը պիտի հանձնեմ»»,- ասաց Անահիտը:

10 ամիս առաջ ծնվեց Գագիկի թոռնիկը, որը նույնպես Պետրոս Ղեւոնդյան է: Պետոյի անունն են իրենց տղաներին տվել նաեւ նրա մարտական ընկերներից շատերը:

Անահիտն ասաց. «Երբ մեր տան Պետոն ծնվեց, զանգեցինք տղաներից մեկին` Հովսեփին, որ տեղեկացնենք, թե ինչ լավ լուր ունենք մենք. արդեն Ղեւոնդյան Պետրոսը ծնվել է: Ինքը շատ ուրախացավ, ասում է. «Մեր տանն էլ ծնունդ է. իմ Պետոն էլ է այսօր ծնվել»: Նրա տղան արդեն մեծ է, բայց նույն օրն են ծնվել: Ժիրոյի տղան էլ է Պետո, Արտաշինն էլ է Պետո, Հովսեփինը Պետո է, եւս շատ ուրիշները կան: Որքան ես գիտեմ` բոլոր Պետոները շատ աշխույժ տղաներ են»:

Լուս.` Հակոբ Պողոսյանի

2010թ. մարտի 22

Մեկնաբանություններ (7)

Արթուր Եղիազարյան
Երբ Պետոն զոհվեց՝ ինձնից մեծ էր 9 տարով: Այսօր ես 10 տարով մեծ եմ իր անմահանալու վայրկյանից ... Պետոն բացառիկ անձնավորություն էր: Երջանիկ եմ, որ պատիվ եմ ունեցել անձնապես ճանաչել, շփվել և ընկերություն անել: Պետոն այսօր էլ է ողջ: Նա 1994-ից հետո էլ շարունակեց ապրել: Իմ մեջ, մարտական և գաղափարական շատ ընկերների մեջ: Այսօր ինչպիսին կամ՝ մասամբ Պետոին եմ պարտական: Նա չի դադարում ինձ համար օրինակ հանդիսանալ: Չգիտեմ, շատ բան կարելի է գրել, բայց կարծում եմ, որ Պետոյի պես քչախոս պետք է լինել: Ուղղակի շարունակեմ ապրել Պետոյով ... Հիշատակդ անմար, սիրելի ավագ ընկեր ...
Zabelle
Թէև նոր գրուած յօդուած չէ... Չի յիշուիր ընկեր Հրաչ Մուրադյանի անունը: Կայ Արթուր Մուրադյանէն մէջբերում: Հրաչի կենդանութեան ոչինչ, սպանութենէն ետք, այս պահիս այս յօդուածի վերահրատարակութիւնը առանց վերախմբագրութեան, կը ծառայէ միայն ընտրական քարոզչութեան:
Vahagn
Heros mardA peton u ira nman hzaravor mer zohvats yexpayrnera. Irants hishataka misth paytzar lini. Irank stex chen bayts tesnum en vor irants gotsa menk chenk toxni vor apardyun antsni irank amen meka mer azgy herosnernen.
ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պետոի վերջին նամակը Հրանտ Մարգարյանին Բարև հարգելի ընկեր Հրանտ։ Երևանից ստացված լուրերը տղերքը պայթուցիկի զորությամբ եմ ընդունում։ Այդ քաղաքական ինտրիգաններին ու «վայ» հայրենափրկիչներին մի կերպ համոզիր, ուղարկիր այստեղ։ Մի քիչ քրիստոնիա, մի քիչ հայ դարձնենք։ Կդարձնենք, գիտես։ Տղերքը այստեղ արյուն ու քրտինք են թափում ու ուզւմ են համոզված լինեն, որ իզուր չէ այս ամենը։ Որոշները վհատվում են, բայց հին տղերքը կանգնած են։ Մխիթարվում եմ, որ Ասկոլկայի նման լուսավոր մարդ կա աշխարհում։ Արթուրն ւ Էրիկը, Մարտակերտի Նորիկն ու Ռադիկը, որպես պահապան սյուն պահում են տղերքին։ Իրարով մխիթարվում ենք։ Ասկոլկայի մոտ ււնենք 56 հոգի, 42 հոգի Հադրութւմ, էս վերջին մեկ ամսում բավականին կորուստներ ունեցանք։ Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհվածների և վիրավորների ցուցակներին։ Այդտեղ կամ թե ևվրոպաներում ինչ շահարկումներ են տեղի ունենում՝ մեր գործը չէ, մենք, գիտես, ընկեր Հրանտ, միչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնա խարամ։ Խմբերին ուղարկեք իրենց հանդերձանքով։ Հոկտեմբերյանից, խնդրում եմ, ուղարկեք Մնացին, Չարենցավանից՝ Կառլենին, կապը՝ եղբորս, Գագիկի միջոցով։ Էհ՜, ի՞նչ ասեմ, ցտեսություն ընկեր…
ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պետոյին ճանաչողները նրանից որբացան:Նրան ճանաչողները դառնության մեջ չքիտեն ու՛մ մեղադրեն,որ երկրի վաղվա սյունները՝ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԸ,ԲԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԸ,ՇԱՀԵՆ ՄԵՇՐՅԱՆԸ լքեցին ապագա տանող մեր երթը իրենց բաժին բեռը թողնելով կարող և արժանի ուրիշ ուսերի վրա:Շատ ու շատ բաներ կարելի է ասել ,և որքան շատ,այնքան զգացվելու է,որ գլխաորը,ամբոշջացնողը չի ասված և անհնարին է ասել: Պարզապես ասենք շնորհակալություն տղերք,որ մեզ ապացուցեցիք թե ի՛նչ է և ո՛վ է հայը,ինչպիսին է նա իր անաղարտությանշիր քաջության,իր նվիրվածության,հավատարմության ու հերոսականության մեջ; ԴՈՒՔ ԱՐԴԱՐԱՑՐԻՔ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ և ԻՄԱՍՏԱՎՈՐԵՑԻՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ..,,,,, ԱՆԻ ՊԵՐՏՐՈՍՅԱՆ ՊՌՈՇՅԱՆԻՑ
ANI GARNIKI PETROSYAN
ՊԵՏՈ Մեծ Մռավից մինչ Հորադիզ Փառքի ճամփա ես անցել, ՈՒ այդ ճամփին քո համբավից Մեր ձորերն էն թնդացել: կրկներգ. Հրամանատար անպարտ ընկեր, Դաշնակցական քաջ զինվոր Քո քաջ բազկի հուժկու զարկից Թուրքն եր մեռնում ամեն օր: Դեպ Օմար սար,դեպ մէծ Ջանբազ, Դեպի ԿԱՐՈՏ,ՍՈՒՐԲ երդում, ՈՒ Օմարում՝ հաշթած վայրում՝ Լուսեխաչն Է իր կերտում: կրկներգ. Հրամանատար անպարտ ընկեր, Դաշնակցական քաջ զինվոր Քո քաջ բազկի հուժկու զարկից Թուրքն եր մեռնում ամեն օր Զինորն ընկավ՝քաջ ֆիդային, Մեծ Մռավը սարսռազ, ՈՒ երկնքից ձմռան կեսին Անձրև տեղաց որպես լաց: կրկներգ. Հրամանատար անպարտ ընկեր, Դաշնակցական քաջ զինվոր Քո քաջ բազկի հուժկու զարկից Թուրքն եր մեռնում ամեն Գնաց ՊԷՏՈՆ,մեծ երամին Մի նոր արծիվ միացավ Փառք քեզ,ՊԵՏՈ,փառք-երանի, Հայոց սրտեր դառնացան: կրկներգ. Հրամանատար անպարտ ընկեր, Դաշնակցական քաջ զինվոր Քո քաջ բազկի հուժկու զարկից Թուրքն եր մեռնում ամեն օր: ԱՆԻ ԳԱՌՆԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ Պռոշյանից
ANI PETROSYAN
Հաթղանակը քեզ համար ա՜յնքան իրական էր,որովհետև պայքարդ ազնիվ էր ու վճռական...... Մեկենդմիշտ ընտրած այս ճշմարտությունն ապացուցելու համար դու ունեիր նվիրում ու ամենաթանկը,,,,,,,94թ, փետրվարի 14-ին վիրավոր ընկըրոջդ մարտի դաշտից դուրս բերելիս նահատակվեցիր ականի պայթյունից՝ թիկունքդ հէնէլով արյունոդ քո օրրանին Մեր ՊԷՏՈՆ դէպի վէրելք է գնում,,,,,,,,,,,,, ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՓԱ՜ՌՔ ՔԵԶ,,,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter