HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանի քաղաքապետի և քաղաքապետարանի բարի համբավի համար «Հետաքննող լրագրողները» պետք է վճարի 450 հազար դրամ

«Հետաքննող լրագրողները» կդիմի Եվրադատարան

Այսօր «Հետաքննող լրագրողները» ստացել է Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը: Այսպիսով, ուժի մեջ է մնում Վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն պետք է հերքի Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցի վնասը` 450 հազար դրամ փաստաբանական ծախսը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Նախշուն Տավարացյանի, մասնակի բավարարել «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը. դատարանը վճռել էր, որ «Հետաքննող լրագրողները» պետք է հերքեն Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցեն վնասը` 450 հազար դրամ փաստաբանական ծախսը: Վերաքննիչը, փաստորեն, միայն նվազեցրել էր առաջին ատյանի` 930 հազար որպես փաստաբանական ծախս բռնագանձելու պահանջը:

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթում` 2008 թ. մայիսի 5-ի համարում, տպագրվել է թերթի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի հոդվածը` «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը»: Նույն հոդվածը տպագրվել է նաև «Ազգ» օրաթերթի 2008 թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում էր քաղաքապետի անունը: Հաջորդել էր նաև «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով հոդվածը, որից քաղաքապետը ևս վիրավորվել էր:

Որ ավազի ապօրինի արդյունահանում է կատարվում նշված վայրում, և այն բավականաչափ գրավիչ բիզնես է որոշ անձանց համար` նկատի ունենալով տարածքում աշխատող տեխնիկայի քանակությունն ու արդյունահանվող ավազի ծավալները, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը այդ փաստը հավաստող լիարժեք ապացույցներ ներկայացրել է դատարանին` լուսանկարներ, ավազ արդյունահանելու վերաբերյալ տեսանյութի կրիչը, որում երևում են նաև վարորդներն ու ավազը տեղափոխող մեքենայի համարանիշները և այլն: Եվ հիշյալ երկու հոդվածների հեղինակը հրապարակումները կատարել է լրագրողական մանրակրկիտ աշխատանքի արդյունքում` հանդիպել է մարդկանց, հետազոտել է տարածքը, օգտվել է փաստաթղթերից, պատկան մարմիններին հղած գրությունների պատասխաններից, լրատվության սեփական աղբյուրներից:

Լրագրող Ոսկան Սարգսյանը բացատրություն ստանալու համար նաև քաղաքապետին է դիմել, սակայն վեջինս հարկ չի համարել բացատրություն տալ նրան կամ ծանոթացնել դատարան ներկայացված գրություններին, որով ցանկանում է հավաստել, որ ինքը նույնպես պայքարել է, որպեսզի դադարեցվի ավազի ապօրինի արդյունահանումը: Հավաքած փաստերը լրագրողին հնարավորություն են տվել որոշակի եզրահանգում անելու, և նա օգտվել է իր իրավունքից` միաժամանակ գաղտնի պահելով լրատվության աղբյուրները:

Այդպիսով, քաղաքապետը հայց էր ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին նույն զանգվածային լրատվամիջոցներով, որով տարածվել էր հոդվածը, «հերքել Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներ»-ից, որպես վնասի փոխհատուցում` բռնագանձել փաստաբանական ծախսերը` 930. 000 դրամ գումարի չափով:

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter