HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՀՅԴ-ից «գողացվա՞ծ», թե՞ ՀՅԴ-ի նվիրած ձայներ

«Այս վիճակին որ հասել ենք, ինչ-որ տեղ նաեւ մեր անտարբերության պատճառով է: Ճիշտ է, ճնշումներ լինում են, բայց վախենալ պետք չէ: Փետրվարի 19-ի վճռականությունը ձեզ կարող է ազատել, իսկ անվճռականությունը` դարձնել ստրուկ կամ զոհ»:

Այս տողերը Վահան Հովհաննեսյանի նախընտրական մի ելույթից են: Վահան Հովհաննեսյանն ամենուր հայտարարում էր, որ ինքը տեր է կանգնելու իր ձայներին: Օրինակ բերենք միայն մի դեպք, որը բացարձակապես չի հուզում ՀՅԴ-ին, եւ որը ցույց է տալիս, որ այս կուսակցությունն աշխատել է ոչ իր թեկնածուի հաղթանակի համար: Իսկ տասնյակ հազարավոր դաշնակցականներ պայքարի էին դուրս եկել հենց դրա համար: 


Մամուլում արդեն հրապարակվել է Երեւանի թիվ 9/31 տեղամասում ընտրության արդյունքների խեղաթյուրման մասին: Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի շտաբի բողոքի հիման վրա այդ տեղամասում կատարվեց վերահաշվարկ: Եւ պարզվել է, որ բոլոր թեկնածուների ձայներից տրվել են Սերժ Սարգսյանին:

Ս. Սարգսյանը ստացել էր 709 ձայն, վերահաշվարկից հետո պարզվել է, որ նրա ձայների թիվը 395 է: Վահան Հովհաննեսյանը ստացել էր 3 ձայն: Վերահաշվարկից հետո պարզվել է, որ նրա ձայների թիվը 120 է:  Եւ ահա այդ 120 ձայներից 117-ը տրվել է Ս. Սարգսյանին, իսկ Վահան Հովհաննեսյանին մնացել է 3-ը: Փաստորեն, ՀՅԴ-ի ներկայացուցիչներն ինչպես տեղամասում ձայն չեն հանել, այնպես էլ այս փաստերը հրապարակելուց հետո որեւէ մեկնաբանություն չեն տվել:

Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ ընտրությունները նման ձեւով չեն անցել բոլոր տեղամասերում, եւ Դաշնակցության ձայները տրվել են Ս. Սարգսյանին: Ինչու՞ ՀՅԴ-ն գոնե ձեւի համար չի բողոքում, թե՞ կուսակցության անդամները ի սկզբանէ գիտեին` հանուն ինչի են մտել պայքարի մեջ: Բոլոր դեպքերում, մտահոգիչ է, որ ՀՅԴ-ն այդքան հանգիստ ընդունեց բազում ընտրախախտումները եւ առանց պայքարի հանձնեց դիրքերը: Այստեղ խոսքը Լ. Տեր-Պետրոսյանին պաշտպանելու կամ չպաշտպանելու մասին չէ, այլ սեփական կուսակցության վարկը պահելու մասին:

Այդ նույն տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել էր 376 ձայն, վերահաշվարկից հետո պարզվեց, որ իրականում նա ունի 392 ձայն:

Արթուր Բաղդասարյանը ստացել էր 134 ձայն, վերահաշվարկից հետո դարձավ 184:

Վազգեն Մանուկյանը ձայն չուներ, սակայն պարզվեց, որ նա ունի 57 ձայն: 

Արման Մելիքյանի օգտին ոչ մի ձայն չէր գրանցվել, իրականում 6 քվե էլ նա էր ստացել:

Տիգրան Կարապետյանը ստացել էր 11 ձայն, վերահաշվարկից հետո պարզվեց, որ ձայների թիվը 22 է: 
Արտաշես Գեղամյանը ստացել էր 6 ձայն, վերահաշվարկից հետո այն դարձավ 7:

Արամ Հարությունյանը ձայն չէր ստացել, պարզվեց, որ նա ունի մեկ ձայն:

Երեկ դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` 9/31 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:

Իսկ թե ինչպե՞ս է անցել քվեաթերթիկների հաշվարկը մնացած տեղամասերում, այս հարցի պատասխանը տալիս են Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր ընտրողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter