HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գայլից գայլամորը չեն բողոքում»

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո Լոռու մարզում սկսվեցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետապնդումները:

Մարզի իրավապահ մարմինները Երեւանում կայացած հանրահավաքների մասնակիցների, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց հետ սկսեցին «անհատական» աշխատանք տանել: 

Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի (մականունը` Ալաբաշ Մելո) հատուկ ջանքերի շնորհիվ քաղաքական հետապնդումներից առավել տուժել են օձունցիները: Օձունցի Ալբերտ Նալբանդյանի (8 անձ) եւ Դավիթ Մակիչյանի (4 անձ) ընտանիքները հանրահավաքներին մասնակցելու համար զրկվել են բնական գազից:

«Հայռուսգազարդի» Թումանյանի ծառայության պետն էլ Ալաբաշ Մելոյի «Քոլի Սաքո» մականունով եղբայրն է` Սարգիս Այվազյանը:

Հանրահավաքների ակտիվիստ Սերյոժա Բարսեղյանը չի արձագանքել ոստիկանություն ներկայանալու` Թումանյանի ՆԳ բաժնի բանավոր կանչերին: Ինչպես բացատրեցին գյուղում, ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վախից թաքնվել է, ոստիկանությունը մարտի 10-ին խուզարկել եւ նրա անասնագոմում «հայտնաբերել է» ավտոմատի 30 փամփուշտ: Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի պահանջով եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հանձնարարությամբ մարտի 13-ին Օձունի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուրիկ Ալավերդյանը դադարեցրել է դպրոցի ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցչուհի Ալվարդ Շերմազանյանի` ուսմասվարի պարտականությունների կատարումը: Վերջինս եղել է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Ի նշան բողոքի` դպրոցի մանկավարժները նույն օրը դադարեցրել են ուսումնական պարապմունքները: Հաջորդ օրը` մարտի 14-ին, ժամը 13:30-ին ուսուցիչները հրավիրել են կոլեկտիվի ժողով եւ պահանջել, որ գյուղապետ Մելիք Այվազյանը նույնպես ներկայանա, սակայն վերջինս չի ներկայացել, իսկ դպրոցի տնօրեն Սուրիկ Ալավերդյանը ձախողել է կոլեկտիվի ժողովը: Չորս ուսուցիչներ գյուղապետարանում գյուղապետից պահանջել են դադարեցնել անօրինական հետապնդումները ուսմասվարի նկատմամբ: «Մելիքը խոստացել է չհանել, սակայն հաջորդ օրը դպրոցի տնօրեն Սուրիկ Ալավերդյանն ինձ հրավիրեց իր մոտ եւ ասաց. «Դիմում գրիր դուրս արի, երկու ամիս հետո նորից կընդունեմ»: Ես պատասխանել եմ. «Ես չեմ կարող դիմում գրել, դուք ազատեք եւ հրամանը դրեք ձեռքս, հետո կտեսնենք»»,- պատմեց Ալվարդ Շերմազանյանը: Նա նաեւ ասաց, որ դպրոցի ողջ կոլեկտիվը եւ ամբողջ գյուղն իր կողքին են:

Մարտի 8-ի լույս 9-ի կեսգիշերին Լոռու մարզի Օձուն գյուղում հրդեհվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, անկուսակցական Լորիս Աղվանյանին եւ նրա եղբորը` ՀԺԿ-ական Եզեկ Աղվանյանին պատկանող ալրաղացը: Ըստ Աղվանյան եղբայրների` հրդեհի պատճառած վնասը կազմում է շուրջ 1մլն դրամ: «Համոզված ենք, որ սա իշխանությունների կողմից մեր նկատմամբ քաղաքական հաշվեհադար է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ լինելու եւ Երեւանում մի քանի հանրահավաքների մասնակցելու համար»,- ասացին Եզեկ եւ Լորիս Աղվանյանները:

Աղվանյանների` ժամում 500 կգ արտադրողականությամբ շուրջ 15 տարի աշխատող ալրաղացը սպասարկում է ոչ միայն Օձունի 5 հազար բնակչությանը, այլեւ ենթաշրջանի 7 եւ Ստեփանավանի Կողես, Լեջան, Ագարակ գյուղերի գյուղացիներին: «Մեր սեփական ձեռքերով ենք կառուցել ալրաղացը, մասնագետներ չենք կանչել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման էն ծանր, ինչպես ասում են` «ցուրտ ու մութ տարիներին» էլ մեզ երկաթգծից լույս են տվել, որ ջաղացը գյուղացիներին սպասարկի»,- ասաց Եզեկ Աղվանյանը: Ընդդիմադիր տնտեսվարողների նկատմամբ մեր երկրի պետական տնտեսական քաղաքականության սիմվոլիկ պատկերն է ներկայացնում այրված ալրաղացը: Այն ամբողջությամբ շրջապատված է Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի ու նրա եղբայրների սեփականությունը հանդիսացող օբյեկտներով: Ալրաղացի մուտքի դիմաց` 40-50 մետրի վրա, գտնվում է Մելիք Այվազյանի` բարձր պարիսպներով շրջափակված հսկա դղյակը: Աջ կողմում` հազիվ 5 մետրի վրա, գտնվում է գյուղապետի «Գրուրա» կաթի արտադրամասը, նրա հարեւանությամբ` գյուղապետի ալրաղացը, կովաբուծական ու խոզաբուծական ֆերմաները, հարակից դաշտերն էլ հիմնականում Մելիք Այվազյանի անծայրածիր վարելահողերն են: Ալրաղացից ձախ` կառուցվում է Մելիքի եղբոր` Սարգիս Այվազյանի գազի լցակայանը, որտեղ ամեն օր քափ ու քրտինքի մեջ աշխատում են նրա ղեկավարած ծառայության տեխնիկան ու աշխատողները:

Այրված ալրաղացի կողքին գյուղապետի սեփական ձեռնարկությունները կանգնած են անառիկ ու անխոցելի: Աղվանյանների ալրաղացը հրդեհվել էր վարելահողերի կողմից, հրդեհի երկու օջախով, գյուղապետի հիմնարկներին հարող կից պատից ու վերջինից 15 մ հեռու գտնվող ետնամասի պատուհանից, որից կարելի է եթադրել, որ հրդեհը միտումնավոր է: Այս կապակցությամբ արտակարգ իրավիճակների Լոռու մարզային տեսչության առաջատար մասնագետ Գարիկ Հախինյանն ասաց. «Հետաքննություն պետք է գնա, տեղազննություն կկատարենք, մի կողմում տոկեր կան, սակայն մյուս կողմից էլ են վառել, տեղազննությունից հետո կարող ենք կոնկրետ ասել»:

Գյուղացիները պատմեցին, որ գյուղապետն իր սեփականությունը հսկելու համար եւ պահակներ ունի, եւ մի երեք-չորս ալաբաշ շներ, որոնք մնացած օրերին էստեղ մարդ են ուտում: Հրդեհից հետո շները չկային: Հրդեհի գիշերվա պահակ Արտակ Նալբանդյանն էլ ասաց. «Հա, ըտի պահակ եմ եղել, դե գոմի մեջին եմ եղել, կով կար հիվանդ, ապրանքի ջնջլի (շղթա) չխկոց-թխկոցից բան չեմ լսել»: Թե կովի վրա ջնջիլն ի՞նչ է անում, Արտակը չբացատրեց, սակայն շարունակեց. «Շներն էլ բաց թողած են եղել, ամեն գիշեր էլ հաչում են, ես կարա՞մ ամեն հաչոցի վրա դուրս գամ»:

«Չի բացառվում, որ շները հրդեհողին օտար չեն եղել, այլապես պատառ-պատառ կանեին»,- բացատրում էին ալրաղացի մոտ հավաքված գյուղացիները:

«Մելիքի տերիտորիայում մենք ենք աշխատում` ես ու հերս: Համ տվարած ենք, համ էլ գիշերները պահակություն ենք անում: Գոմի մեջից ես ի՞նչ տէի իմանալ: Գոմից երբ դուրս եկա, արդեն հանգցրել էին»,- ասաց պահակ Արտակը:

«Գայլից գայլամորը չեն բողոքում»,- ասաց ալրաղացի մոտ կանգնած միջահասակ օձունցի մի տղամարդ, ով խնդրեց չհարցնել իր ազգանունը: «Տղատեր եմ, կտանեն ջեբը բան-ման կգցեն, հետո ինչի՞ տեր եմ»,- ասաց նա:

Լորիս եւ Եզեկ Աղվանյաններն իրենց քրտինքով ու ձեռքերով կառուցած ալրաղացը հրդեհելու համար ոստիկանություն չեն դիմել, այդ մասին ոստիկաններին տեղեկացրել են հրշեջները: Նրանց տառապանքը փորձ ունի: Ամիսներ առաջ իրենց կուսակցական ընդդիմադիր ընկերոջ բնակարանը նույն ձեռագրով հրդեհելուց հետո առ այսօր ոստիկանությունը մատը մատին չի տվել` պատճառաբանելով, թե նման հրդեհները, որպես կանոն, կամ չեն բացահայտվում, կամ էլ դժվար են բացահայտվում: Աղվանյանները երկրում տիրող իրավիճակը հասկացել են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter