HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Որպես փաստաբան ես պաշտոնապես հայտարարում եմ` չունենք արդարադատություն»

Փաստաբան Հովիկ Արսենյանն այսօր պաշտպանում է միանգամից մի քանի ընդդիմադիր քաղաքացիների շահերը, որոնք հետապնդվում են իշխանությունների կողմից:

-Պրն Արսենյան, քանի՞ պաշտպանյալ ունեք այսօր:

-15 հոգի: Նրանցից 5-ը հունվարի 27-ի Թալինի դեպքերի գործով ներգրավված անձինք են: Այդ դեպքերն իրավապահները խուլիգանություն որակեցին, ինչն այդպես չէր: Միանշանակ էր, որ դա այլ նպատակ էր հետապնդում: Հենց այդ ժամանակ իմ պաշտպանյալները հայտարարեցին, որ իրենց նկատմամբ քաղաքական, մտացածին հետապնդում է իրականացվում, եւ իրենք քաղաքական բանտարկյալներ են:

Թալինի հանրահավաքի կազմակերպիչը Մկրտիչ Սափեյանն էր: Օրենքով կազմակերպիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հասարակական կարգի եւ օրինականության պահպանման համար: Բնականաբար, եթե այնտեղ որեւէ այլախոհ արտահայտվել կամ վիրավորական արտահայտություններ է արել, պատասխանատու էր Մկրտիչ Սափեյանը, որը պետք է համապատասխան միջոցներ ձեռք առներ: Դժբախտաբար, տեղի ունեցածը խուլիգանություն որակվեց: Քրեաիրավական առումով հոդվածը պետք է որոշվեր ըստ կատարվածի հետեւանքի: Ըստ էության, ՀՀ Քր.օր.-ի 118-րդ հոդվածն էին նախատեսել` կապված ծեծի, մարմնական վնասվածքների հետ: Սակայն 118-րդը ազատազրկում չէր նախատեսում, եւ արհեստականորեն 258-րդի 3-րդ մասը դրվեց, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի շտաբի անդամներին կալանավորեին: 

Բացի ազատամարտիկ Մկրտիչ Սափեյանից` կալանավորվեցին նրա պես հայրենիքի համար կռված Ժորա Սափեյանը, Տիգրան Բաղդասարյանը, ինչպես նաեւ` ուսանող Հայկ Գեւորգյանը եւ Մկրտիչի անչափահաս որդին` Անդրանիկը:

- Այս հինգից քանի՞սն են առ այսօր կալանավորված:

- Բացի Տիգրան Բաղդասարյանից եւ Անդրանիկ Սափեյանից, որոնք ազատ են արձակվել ստորագրությամբ, մյուսները կալանքի տակ են: Դատավարությունը նշանակված է մարտի 25-ին Արագածոտնի դատարանում:

Թալինի դեպքերի գործը իշխանությունների ոտնձգությունների, սադրանքների առաջին էտապն էր: Նմանատիպ բան տեղի ունեցավ Արտաշատում, բայց այն խուլիգանություն չորակվեց, որովհետեւ իշխանական թեւն էր իր ամբարտավան վարքագիծը դրսեւորել: Իսկ գլխավոր դատախազն էլ ասում էր, թե տեսաերիզով չի երեւում քարեր նետելը, այն դեպքում, երբ մարմնական վնասվածք ստացած մարդ կար այնտեղ:

- Մյուս փուլը տեղի ունեցավ ընտություններից հետո՞:

- Երկրորդ էտապն, ըստ էության, հենց ընտրությունների օրն էր: Իմ պաշտպանյալ Մարզպետունի Այվազյանին` Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին, հենց քվեարկության օրը` փետրվարի 19-ին, ընտրատեղամասից բերման էին ենթարկել ոստիկանատուն եւ ձերբակալել: Բայց ձերբակալողը, փաստորեն, Հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչն էր: Բանն այն է, որ փետրվարի 14-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով հարկայինի կողմից իբր ստուգում էր անցկացվել, քննիչն էլ գրություն էր ուղարկել ոստիկանություն, որ Այվազյանին ծանուցեն ներկայանալու մասին: Բայց երբեւիցե չէր ենթադրվի, որ ներկայանալու նշված օրը քննիչը Այվազյանին ձերբակալելու արձանագրություն կկազմի: Խնդիրն այն էր, որ Մարզպետունի Այվազյանն այլախոհ էր, սկզբունքային անձ. քվեարկության օրը նրան փորձել են շահագրգռել դուրս գալ ընտրատեղամասից, սակայն չի ստացվել, ինչից հետո էլ գնացել են ծայրահեղ քայլի` հաշվի չառնելով մարդու իրավունքներն ու ազատությունները: Ապօրինի ձեռնարկատիրության կասկածի դեպքում մարդուն չեն կալանավորում: Եվ ահա առաջին ատյանի դատարանը մերժեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` Այվազյանի դեմ կալանք կիրառելու վերաբերյալ: Սակայն ընդամենը 48 ժամում Գլխավոր դատախազությունը բողոք բերեց վերաքննիչ դատարան, որը բավարարեց կալանավորման միջնորդությունը: Եվ սա այն դեպքում, երբ Այվազյանն ուներ կայուն սոցիալական կեցություն, մշտական բնակության վայր, ընտանիքի միակ կերակրողն էր, խնամքի տակ անչափահաս երեխաներ եւ ուսանողներ կային: Բացի այդ` Այվազյանն Արցախի ազատագրմանը մասնակցած եւ վիրավորված անձնավորություն է, պարգեւատրվել է մեդալներով եւ շքանշաններով: Այս ամենը` դեռ մի կողմ: Պատկերացրեք, որ մարտի 14-ին քննիչը որոշում է կայացրել նոր ստուգում նշանակելու մասին: Այսինքն` դեռ հիմնովին որոշակիացված չէ, թե Այվազյանն ի՞նչ չափով ի՞նչ հանցանք է կատարել:

Ընտրությունների հետ է կապված նաեւ Շոթա Սաղաթելյանի գործը: Իբր թե նա 34/06 ընտրատեղամասում խոչընդոտել է հանձնաժողովի նորմալ աշխատանքները: Քրգործ հարուցելու որոշման մեջ գրված է, թե Սաղաթելյանը ներխուժել է տեղամաս, շուրջ տասը րոպե խոչընդոտել է աշխատանքներըգ Այն դեպքում, որ մարդը գրանցված վստահված անձ է եղել այնտեղ: Իրեն նախորդած վստահված անձն ահազանգել է, որ լցոնում է կատարվել, նա էլ գնացել է ճշտելու: Քարտուղարից պահանջել է գրանցել իր դիտողությունները, բայց չեն գրանցել: Ստացվեց, որ խոչընդոտել էգ Այժմ Սաղաթելյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

- Իսկ Ձեր մյուս պաշտպանյալնե՞րըգ

- Հաջորդը Սմբատ Այվազյանն էր: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ ջոկատը փետրվարի 24-ին կանգնեցրել էր Ս. Այվազյանի մեքենան եւ բռնի ուժով նրան բերման էր ենթարկել 6-րդ վարչություն: Արձանագրության մեջ նշված էր, թե կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Այվազյանին ստուգել են: Պարզվել է, որ նրա մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը անվանական է, եւ Այվազյանը ոստիկանության կողմից տրված անժամկետ օգտագործման թույլտվություն ունի: Փաստորեն, կասկածանքը հերքվեց, բայց Հանրային հեռուստատեսությամբ շարունակում էին ցույց տալ այդ ատրճանակը: Նպատակը ո՞րն էր. վախի մթնոլորտ ստեղծելը, շարժումը, նաեւ Այվազյանին վարկաբեկելը:

Անհասկանալի էր նաեւ այն, որ ամսի 24-ի առավոտյան 11:15-ին Այվազյանին բերման են ենթարկել, իսկ երեկոյան 23-ի սահմաններում անհասկանալի պատճառներով տեղափոխել են Կենտրոնի ոստիկանատուն: Այդ ընթացքում Այվազյանը, փաստորեն, ապօրինի անազատության մեջ է եղել ոստիկանության անօրինական գործողությունների պատճառով: Իսկ ոստիկանատանը տեղի է ունեցել մարդուն ստորացնող, արժանապատվությունը նվաստացնող երեւույթ: Երեք աշխատողներ Այվազյանին շղթայակապ տեղափոխել են, այսպես կոչված, Փորձաքննությունների ազգային բյուրո` նմուշներ վերցնելու, իբր Այվազյանը, հնարավոր է, թմրանյութ օգտագործած լիներ: Հետո ձեւակերպել են, թե վերադառնալու ճանապարհին` մեքենայում եւ ոստիկանատան բակում, նա դիմադրել եւ սպառնացել է ոստիկաններին: Մարդուն 12 ժամ անօրինական պահել են, բայց ասում են, թե դիմադրել է, իրենց օրինական պահանջին չի ենթարկվել: Այսպիսի աբսուրդ հիմքով քրգործ է հարուցվել, եւ Այվազյանն առ այսօր կալանված է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Սմբատ Այվազյանի գործը վարում էր Կենտրոնի ոստիկանության քննչական բաժինը: Սակայն երբ հերթական անգամ այցելեցի «Վարդաշեն» ՔԿՀ` նրան տեսակցելու, ինձ փաստաթուղթ ցույց տվեցին, որով Գլխավոր դատախազության քննչական հատուկ ծառայությունը մարտի 12-ին որոշել էր արգելել տեսակցություններն ու հեռախոսազրույցները: Բայց ի՞նչ կապ ուներ քննչական հատուկ ծառայությունը, որը քննում է մարտի 1-2-ի դեպքերի գործերը: Չէ՞ որ Այվազյանը անազատության մեջ էր դեռ փետրվարի 24-ից: Փաստորեն, գործերի ապօրինի միացում է տեղի ունեցել: Պատահական չէ իմ մտավախությունը, որ հերթական մի զավեշտ տեղի կունենա, եւ այս պայմաններում, երբ օրենքը չի գործում, երբ ընդամենը քաղաքական թեւի կամքն ու ցանկությունն է առաջնայինը, չի բացառվում, որ Սմբատ Այվազյանին եւս ՀՀ Քր.օր.-ի 300-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվի, ինչպես Սուրեն Սուրենյանցին:

Վերջինիս, որը ձերբակալվել էր փետրվարի 26-ին, մեղադրում էին փետրվարի 24-ին եւ 25-ին իբր անօրինական հանրահավաք կազմակերպելու եւ վարելու, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կոչեր անելու մեջ: Սրանց համար Քր.օր.-ի 225-ի պրիմ հոդվածով մեղադրանք առաջադրվեց, դատարանն էլ զարմանալիորեն բավարարեց կալանքի միջնորդությունը, այն դեպքում, երբ այդ հոդվածը չի նախատեսում ազատազրկում: Կալանքի 20 օրը լրանալուն պես հատուկ քննչական ծառայությունը Սուրենյանցի գործը մարտի 13-14-ին մտցրել է մարտի 1-2-ի քրգործերի շրջանակի մեջ եւ մեղադրանք առաջադրել 300-րդ եւ 225-րդ հոդվածների 1-ին մասերով: Փաստորեն, ստացվում է, որ Սուրենյանցը, լինելով անազատության մեջ, յուրացրել է պետական իշխանությունը, կազմակերպել է հանրահավաքներ, հրահրել է անկարգություններ: Այսպիսի զավեշտալի պատմություն: Ներկա պահին Սուրեն Սուրենյանցն արդեն երկամսյա ժամկետով կալանված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

- Մարտի 1-ից հետո էլ ձերբակալություններ եղան:

- Այս պահին պաշտպանում եմ նաեւ Կարապետ Ռուբինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Նորայր Նորիկյանին, Խաչատուր Սիմոնյանին` անձինք, որոնք մեղադրվում են Քր.օր.-ի 300-րդ հոդվածի 1-ին, 225-ի 2-րդ, 3-րդ մասերով: Ասել է թե` նրանք յուրացրել են պետական իշխանությունը, հրահրել, կազմակերպել են մասսայական անկարգությունները: Սա այն դեպքում, երբ նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել, եւ ոչինչ չի հայտնաբերվել, որեւէ տեսաերիզ կամ փաստական տվյալ գոյություն չունի նրանց վերագրվող հանցանքների մասին: Մարտի 20-ի դրությամբ պաշտպանական կողմին փաստական որեւէ տվյալ չի ներկայացվել, որ ասեն, թե ահա այս կասկածանքով է մարդը ձերբակալվել, էլ չեմ ասում մեղադրանքի մասին, որի համար ապացույցներ են պետք: Նույնիսկ ձերբակալման հիմքեր եւ առիթներ գոյություն չունեն:

Հաշվի է առնվել, թե ում են ձերբակալում, ում են մեղադրում: Դրանք եղել են այն անձինք, ովքեր ունեն սկզբունքներ, քաղաքական հստակ դիրքորոշում, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամներ են կամ վստահված անձինք: Սրանք են քաղաքական հետապնդման պատճառները: Այս մարդիկ մտացածին կերպով բերվել են քրեական հարթություն, իբր թե քրեորեն հետապնդելի հանցանքներ են կատարել, երբ բոլորն էլ ընդամենը իրենց քաղաքական դիրքորոշումն են արտահայտել: Նրանք օրինական կերպով օգտվել են իրենց սահմանադրական իրավունքներից: Եվ պատահական չէ, որ իմ բոլոր պաշտպանյալները միանշանակ հրաժարվել են որեւէ ցուցմունք տալուց` հայտարարելով, որ իրենց նկատմամբ մտացածին քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական հայացքների պատճառով, եւ իրենք քաղաքական բանտարկյալներ են:

Այս ամբողջ զավեշտի հետ կապված մի յուրահատուկ երեւույթ էլ պետք է նշեմ Արարատ գյուղի բնակիչ Ալեքսան Վարդանյանի մասին: Վերջինս Վազգեն Սարգսյանի 50 տարվա շատ մոտիկ հարեւանն է եղել, այժմ էլ շատ մոտ է Արամ Սարգսյանի հետ: Նրան Արարատի մարզի ոստիկանատուն են տեղափոխել մարտի 2-ին, մեկ ամբողջ օր պահել բաժնում եւ 3-ի երեկոյան բերել են ԱԱԾ-ի քննչական վարչություն, ձերբակալել են 300-րդ հոդվածով, հետո էլ մեղադրանք են առաջադրել 225-ի 2-րդ մասով: Վարդանյանն այժմ կալանված է եւ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Հարցն այն է, որ այս անձը փետրվարի 29-ի, լույս 1-ի գիշերը տանն է եղել, 1-ի, լույս 2-ի գիշերը տանն է եղել, մարտի 1-ին տանից դուրս չի եկել: Նա որպես վկա ցուցմունք է տվել` ներկայացնելով իր ալիբին` այլուրեքությունը, որ ընդհանրապես Երեւանում չի եղել, Արարատ գյուղում է եղել: Ապացույցներն էլ կան, բայց մինչեւ օրս չեն քննում: Վարդանյանը հիվանդ է շաքարախտով, ինֆարկտից հետո նոր է դուրս գրվելգ

Իմ պաշտպանյալներից է նաեւ Գագիկ Հովհաննիսյանը` «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը: Պատկերացրեք, որ անցյալ սեպտեմբերին հիմնարկում իբր երեք պաշտոնատար անձանց, այդ թվում` Հովհաննիսյանի կողմից ինչ-որ բռնություն է տեղի ունեցել դատապարտյալի նկատմամբ, եւ հանկարծ փետրվարին կալանավորում են Հովհաննիսյանին: Պայման էին դրել վերջինիս ծնողի` հատուկ գնդի գումարտակի հրամանատար, ոստիկանությունում վարչության պետ, ներքին զորքերում պետի տեղակալ աշխատած, գնդապետ Համլետ Հովհաննիսյանի առաջ: Պայմանը սա է եղել. «Քարոզչություն կտանեք «Առաջ, Հայաստան»-ի համար, եւ Ձեր որդին քրեական պատասխանատվության չի ենթարկվի, ազատության մեջ կլինի»: Բայց Հովհաննիսյանն իր սկզբունքն է պահել, չի համաձայնել առաջարկին, արդյունքում որդուն ձերբակալել են: Այժմ Գագիկ Հովհաննիսյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մյուս երկու աշխատակիցները ներկա պահին էլ իրենց պաշտոնում են:

Այսպիսի ստանդարտներ ու երեւույթներ: Որպես փաստաբան ես պաշտոնապես հայտարարում եմ` չունենք դատարաններ, չունենք արդարադատություն, հետեւաբար չկա փաստաբանական ինստիտուտ: Փաստաբանությունը կաշխատի, եթե կա դատարան: Բայց դատարան չկա... Սա մի ամբողջ դժբախտություն է մեր ազգի գլխին: Ինչպե՞ս պետք է այս ամենը բերվի օրինականության դաշտգ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը պետք է կյանքի կոչելգ

- Փաստորեն, Ձեր 13 կալանված պաշտպանյալները գտնվում են Երեւանի երեք քրեակատարողական հիմնարկներում:

- Այո: 1-ը` «Վարդաշենում», 7-ը` «Նուբարաշենում», 5-ը` «Երեւան-Կենտրոնում»:

- Միանգամից 15 պաշտպանյալ ունենալը շատ չէ՞:

- Շատ է, չափազանց շատ էգ Դե, այդպես ստացվեց, որովհետեւ սկզբում փաստաբաններ չկային, հաճախ նաեւ հրաժարվում էինգ

- Ինչպե՞ս են տրամադրված կալանված քաղաքական գործիչներն ու քաղաքացիները:

- Մարտական: Ես պետք է ասեմ, որ տղաներն ընդհանրապես չեն ընկրկել եւ հավատով են լցված: Այնուամենայնիվ, իրենց ազատ լինելուց ավելի շատ նրանք կուզեն տեսնել ազատ Հայաստան: Բոլորի մոտ այս հոգեբանությունն է:

- Իսկ ինչպիսի՞ն է նրանց նկատմամբ վերաբերմունքը մեկուսարաններում:


- Այնպես, ինչպես նախատեսված է կանոնակարգով: Մեկուսարաններում որեւէ խոչընդոտ, պրոբլեմ, բռնություն գոյություն չունի:

- Իսկ թույլատրու՞մ են շփվել հարազատների հետ:

- Ոչ: Նրանք, ովքեր մեղադրվում են ՀՀ Քր.Օր.-ի 300-րդ հոդվածով հարազատներին, լրագրողներին տեսնելու կամ զանգահարելու իրավունք չունեն: Նման հնարավորություն չունի նաեւ Սմբատ Այվազյանը, ում նկատմամբ, սակայն, ինչպես ասացի, 300-րդ հոդվածը չեն կիրառել: Այդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալներից 5-ին` Սուրեն Սուրենյանցին, Կարապետ Ռուբինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Նորայր Նորիկյանին, Խաչատուր Սիմոնյանին:

- Այս պարագայում, երբ զանգվածային կերպով քաղաքացիներ են բերման ենթարկվում, ձերբակալվում եւ կալանավորվում, ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում:


- Միանշանակ մեկը. կատարել Եվրամիության պահանջները, առաջին հերթին` անկախ հետաքննություն իրականացնել:

- Իսկ այս իշխանություններն այդքան քաղաքական կամք կունենա՞ն:

- Բայց ընդամենը դրանց քաղաքական կամքի արդյունքն է, որ այս մարդիկ այնտեղ են: Վերջիններիս արհեստականորեն բերել են քրեական դաշտ, բայց չէ՞ որ եւ ժողովուրդը, եւ ամբողջ աշխարհը տեսնում է, լավատեղյակ էգ Ինչպե՞ս կարելի է մախաթը բարձի մեջ պահել:

- Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված «փողերի լվացման» գործի մասին ԱԱԾ-ն արդեն մոռացե՞լ է:

- Ոչ, գումարել է այս գործին: Եթե գումարել են, հիմա կարող են նույն բանը շարունակել` թող «կեղտոտ» փող գտնեն... «Կեղտոտ» փող լվացողը կա, «կեղտոտ» փողը չկա: Դե թող գտնեն (ծիծաղում է)գ Չեն կարող, որովհետեւ եկած փողը մաքուր է, «լվացքի» կարիք չունի:

- Ըստ Ձեզ` հարուցված քրեական գործերը դատարաններում ի՞նչ ելք կունենան:

- Այս հոդվածներով որեւէ մեկի նկատմամբ դատական վախճան ես չեմ տեսնում: Այսինքն` չեմ պատկերացնում, որ այս հոդվածներով հարուցված գործերով կարող են դատարան մտնել:

- Փաստորեն, ըստ Ձեզ, հարուցված քրգործերը Եվրադատարան չեն հասնի:

- Ես ուզում եմ, որ մեր պայքարի արդյունքում իսկապես այդպես լինի:

- Իսկ եթե հասնե՞ն:

- Թող հասնենգ Չեմ ուզենա, որ հասնեն, կուզենամ, որ օրինականությունը վերականգնվի, օրենքը գերակայի, եւ մեկ կամ մի քանի անձանց ցանկությունը չպիտի ամբողջ պետական համակարգն այսպիսի վիճակի մեջ գցի:

- Ձեր փաստաբանական գործունեության հետ կապված որեւէ խոչընդոտներ չկա՞ն:

- Քավ լիցի: Առայժմ չկան (ժպտում է)...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter