HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն անխուսափելի է

Ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին նոր նախագահի` Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո: Այսօր բոլորը սպասում են դրան: Կոալիցիոն համաձայնագիր ստորագրած չորս կուսակցություններին իրականում երկրի ապագան չի հետաքրքրում:

Այդ ուժերից յուրաքանչյուրը նորաստեղծ կառավարության մեջ միայն իր պորտֆելների մասին է մտածում: Սերժ Սարգսյանի համար ներքաղաքական լարվածության թուլացման բանալին մի պահ, կարծես թե, Արթուր Բաղդասարյանն էր: Բայց դա մինչեւ մարտի 1-ն էր` մինչեւ «Օպերա» գործողությունը եւ դրան հաջորդած դեպքերը: Այնուհետեւ այդ բանալու թվացյալ շարունակությունը դարձավ կոալիցիոն համաձայնագիրը: Սրանք, բնականաբար, ներքաղաքական լարվածության թուլացման բաղադրատոմսեր չէին կարող լինել: Ճիշտ հակառակը` այս քայլերն ավելի խորացրին ներքին լարվածությունը: Զուգահեռաբար Արթուր Բաղդասարյանը եւ ՀՅԴ-ն զրկվեցին իրենց էլեկտորատից: Առանց այն էլ անդեմ խորհրդարանը վերածվեց անհեթեթ մի կառույցի: 

Սերժ Սարգսյանն այս պայմաններում չի կարող ղեկավարել: Որքան էլ իշխանությունները ճիգեր գործադրեն` ցույց տալու, որ ամեն ինչ կարգին է, միեւնույն է, դա նրանց չի հաջողվի, որովհետեւ ոչ մի բան իրականում կարգին չի կարող լինել: Ողջ պետական համակարգը կաթվածահար է եւ սպասման մեջ: Առաջին հանգրվանը լինելու է ապրիլի 9-ը, երբ նախագահ Քոչարյանն այլեւս չի կարող հրամաններ արձակել:

Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 4-ին ասաց, որ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկխոսության հասնելը ամենաաբսուրդ միտքն է»: Իրականում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ամենաարդյունավետ եւ կարծես թե վիճակից դուրս գալու միակ օրինական ելքն է: Քոչարյանը կտրականապես դեմ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանակցություններին: Ոչ ոք դեռ հստակ չի կարող ասել` կիսու՞մ էր Քոչարյանի այս կարծիքը Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Ի տարբերություն Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանն իր բնույթով կոնֆլիկտային անձ չէ: Քոչարյանը միշտ սիրել է կոնֆլիկտները: Նա արտակարգ իրավիճակներից լիցքեր է ստանում, արտակարգ իրավիճակներում շատ արագ կարողանում է որոշումներ կայացնել, ընդ որում` միանձնյա: Նա չի սիրում խորհրդակցել, կարծիքներ լսել կամ հարցեր քննարկել: Սերժ Սարգսյանը նույնիսկ ընտրություններից հետո չուզեց կոնֆլիկտի մեջ մտնել Քոչարյանի հետ` թողնելով, որ վերջինս մինչեւ վերջին օրը` ապրիլի 9-ը, միանձնյա կայացնի որոշումները: Սարգսյանին ճանաչողները պնդում են, որ նա նման վիճակում չի կարող երկար դիմանալ: Նա հանգիստ է սիրում: Նրա ղեկավարած կառույցներում երբեք կոնֆլիկտային իրավիճակներ չեն եղել, նա միշտ հարթել է դրանք, կարողացել համոզել մարդկանց: Եթե ներքաղաքական իրավիճակը շարունակվի լարված մնալ, ապա Սարգսյանը ստիպված է լինելու հոժարակամ հրաժարական տալ: Նա ֆիզիոլոգիապես չի կարող դիմադրել:

Ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո: Նա մի քանի անգամ խոսել է արմատական փոփոխությունների մասին: Նման փոփոխություններ արդեն իսկ չեն կարող լինել, որովհետեւ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը բացառեց դա: Անհնար է պայքարել օլիգարխիկ համակարգի, ստվերային տնտեսության դեմ, երբ այդ ստվերային տնտեսության կնքահայրերն իր շրջապատում են, իր իսկ կազմած կոալիցիայի մեջ, իր կաբինետում: Վեջին տասը տարիներին պատգամավորական մանդատներով զինելով օլիգարխներին` նրանց տրվել են բազում քվոտաներ, օլիգարխների շարքերը համալրել են մի շարք գործող եւ նախկին նախարարներ: Որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչո՞վ են օլիգարխներից տարբերվում նախկին նախարարներ, այսօր ԱԺ պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Հարությունյանը, Վարդան Այվազյանը, որոնք օգտագործելով իրենց նախարարական աթոռները` միլիոններ են դիզել, մասնակցել տարաբնույթ բիզնես-գործարքների: Ինչպես նրանք, այնպես էլ մնացած պատգամավորները չեն կարող հենարան դառնալ Սերժ Սարգսյանի համար` արմատական փոփոխություններ իրականացնելու գործում:

Ս. Սարգսյանն այսօր հաստատ գիտի, որ ժողովուրդը, մանավանդ միջին խավը, սպասում է արմատական փոփոխությունների, սակայն նա նաեւ գիտակցում է, որ չի կարող անել նման փոփոխություններ, որովհետեւ իր շրջապատից ոչ ոք իրեն չի սատարելու: Իսկ այդ շրջապատը մի սարդոստայն է, որտեղ բոլորը միմյանց հետ կապված են բազում թելերով: Սարգսյանը չի կարող այդ թելերը կտրտել: Վարչապետի ամենահավանական թեկնածուն` ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ում մասին խոսում են իշխանական շրջանակներում, հանրության շրջանում վստահություն չի վայելում: Իհարկե, վարչապետի անձը կարող էր էական նշանակություն ունենալ ներքաղաքական լարվածության թուլացման համար, եւ գոնե կային մեկ-երկու` Հայաստանից գուրս գտնվող թեկնածուներ, որոնց վարչապետ նշանակելու դեպքում դա կարող էր տեղի ունենալ, բայց այդ տարբերակները շատ արագ չեզոքացվեցին: Եւ կասկած չկա, որ չեզոքացնողները հենց իր` Ս. Սարգսյանի շրջապատի մարդիկ են:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Ս. Սարգսյանի համար երդման արարողությունից անմիջապես հետո քաղաքական հետապնդումները դադարեցնելն է: Հրամանագիրն այդպես էլ պետք է կոչվի` «Հրամանագիր քաղաքական հետապնդումները դադարեցնելու մասին»: Մարտի 1-ի դեպքերի պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Օպերայի գործողությունը պետք է հետաքննվի մանրամասնորեն: Ինչպե՞ս եղավ այդ գործողությունը, ու՞մ նախաձեռնությամբ, ինչպե՞ս զոհվեցին յոթ ցուցարարները եւ մեկ ոստիկանը: Առայսօր հանրությանը չի ներկայացվել իրականությունը, հայտնի չեն որեւէ մեկի, նույնիսկ ոստիկանության աշխատակցի զոհվելու հանգամանքները:
Բանտերից Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին ազատ արձակելուց հետո նախագահը պետք է հանդիպի նրա հետ եւ քննարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը: Ամենախելամիտը մեկ տարի հետո այն կազմակերպելն է, դա հնարավորություն կտա կողմերին պատրաստվելու ընտրություններին:

Սերժ Սարգսյանը բավական ժամանակ կունենա իր խոստացած արմատական փոփոխություններն իրականացնելու համար: Եւ եթե նա շահի հասարակության վստահությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը նորից զգալի ձայներ կստանա: Այդ պարագայում նա պետք է իրապես դառնա արդար ընտրությունների երաշխավորը: Լ. Տեր-Պետրոսյանը կկարողանա այդ մեկ տարվա ընթացքում ձեւավորել կառույցներ, ստեղծել միասնական ճակատ եւ ընտրություններում հասնել այնպիսի արդյունքների, որոնք հնարավորություն կտան խորհրդարանում ազդել որոշումների կայացման վրա: Եւ պատրաստվել հաջորդ նախագահական ընտրություններին:

Շատերը կարող են ասել, թե սա ռոմանտիկ տարբերակ է: Գուցե, չգիտեմ, բայց մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է նաեւ, որ Հայաստանը ո՛չ Սերժ Սարգսյանի, եւ ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեփականությունն է: Եվ եթե այս երկու գործիչներն իրապես մտածում են Հայաստանի մասին, ապա պետք է անեն ամեն ինչ` կասեցնելու Հայաստանի օր-օրի թուլացման այս գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter