HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հավատ ազատության ու արդարության հաղթանակի նկատմամբ»,- ասում էր Տիգրան Սարգսյանը հինգ ամիս առաջ

«Պատմական յուրաքանչյուր փորձություն մեր ենթագիտակցության եւ գենետիկ կոդի մեջ դրել է մեզ ապրել օգնող առնվազն երկու բանաձեւ. հավատ ազատության ու արդարության հաղթանակի նկատմամբ եւ այդ հավատն այլոց հաղորդելու ընտրյալություն եւ առաքելություն: Այսօրվա Հայաստանի համար հիմնական խնդիրն է գիտակցել այդ առաքելությունը եւ առաջարկել քաղաքակրթությունների գոյակցության բանաձեւ»:

Այս խոսքերով է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ավարտել իր «Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ» թեմայով դասախոսությունը 2007 թ. հոկտեմբերի 4-ին «Նորավանք» ԳԿՀ-ում (www.noravanq.am) կազմակերպված միջոցառմանը: 

Ապրիլի 9-ին այս խոսքերի հեղինակը նշանակվեց ՀՀ վարչապետ: Թե ի՞նչ է նշանակում Տ. Սարգսյանի «Հավատ ազատության ու արդարության հաղթանակի նկատմամբ» արտահայտությունը` այսօր դժվար է հասկանալ: Որովհետեւ չգիտենք, թե «ազատություն եւ արդարություն» ասելով` Տ. Սարգսյանն ինչ էր հասկանում ամիսներ առաջ եւ ինչ է հասկանում այսօր, երբ արդեն վարչապետ է:

Ազատության հրապարակում հավաքվածները շաբաթներ առաջ նաեւ վանկարկում էին` «Ազատություն», «Արդարություն»: Այս վանկարկումները կապ ունե՞ն Տ. Սարգսյանի նշած ազատության եւ արդարության հետ, թե՞ դրանք տարբեր կատեգորիաներ են:

Բայց Տ. Սարգսյանը նշանակումից ընդամենը երկու օր հետո, կարծես թե, կանխեց այս հարցերն իրեն ուղղելու գայթակղությունս:

Ապրիլի 11-ին ելույթ ունենալով բանկային եւ ֆինանսական ոլորտի առաջին աշխատանքի տոնավաճառի բացմանը` նա ասաց. «Հեղափոխական փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե փոխվի հասարակության մոտեցումը, եթե մենք հասկանանք, որ հարստացման միակ ճանապարհը գիտելիքն է»:

Գուցե հինգ ամսվա հեռավորությամբ ասված մտքերը միմյանց կապելը ճիշտ չէ, բայց մի բան պետք է արձանագրել, որ Ազատության հրապարակում հարյուր հազարավոր մարդիկ հենց Ազատության եւ Արդարության համար էին պայքարում, եւ նրանց մեջ քիչ չէին մարդիկ, ովքեր պայքարում էին, որպեսզի «հարստացման միակ ճանապարհը գիտելիքը» լինի: Բոլոր դեպքերում, արժե շեշտել, որ Տիգրան Սարգսյանն այն միակ պաշտոնյան է, որը պարբերաբար հանդես է գալիս հոդվածներով, դասախոսություններով:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը երդվեց եւ անմիջապես կատարեց իր առաջին քայլը` վարչապետ նշանակելով ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանին: Իհարկե, Տիգրան Սարգսյանին նախորդ կառավարական թիմի անդամ չի կարելի համարել: Նա ուներ հատուկ կարգավիճակ: ԿԲ-ն կառավարությունից անկախ ինքնուրույն քաղաքականություն էր իրականացնում: Եւ առանց երկմտելու կարելի է ասել, որ տարիներ շարունակ կառավարությունն իր քաղաքականությունը հարմարեցնում էր Տիգրան Սարգսյանի ղեկավարած ԿԲ-ին: ԿԲ-ն հզոր կառույց է: Խոսելով ԿԲ-ի գործունեության մասին` տնտեսագետները շատ հաճախ այն համարում են «պետություն պետության մեջ», եւ դա` շնորհիվ Տիգրան Սարգսյանի: Տ. Սարգսյանն առանց դժվարության կարողանում էր օրենքներ անցկացնել խորհրդարանում: Նա կարողացել է իր կառույցում կենտրոնացնել արեւմուտքում կրթություն ստացած երիտասարդ կադրերի: Վերջին տարիներին Հայաստանի բանկային համակարգին միջազգային զանազան կառույցներ բարձր գնահատականներ են տվել: Բանկային համակարգը համարվում է ամենակայացած կառույցը Հայաստանում: Կառավարության թիմի նկատմամբ ունեցած նրա առավելություններն ակնհայտ են, քանի որ նախարարները պարզապես չէին հասկանում դրամավարկային քաղաքականությունից եւ տնտեսությունից: Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը որեւէ լծակ չուներ ԿԲ-ի նախագահի վրա: Բայց դրա հիմնական պատճառն այն է, որ Վ. Խաչատրյանը մեզանից շատ չէր հասկանում իր ղեկավարած ոլորտից: Տ. Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ամենավստահելի պաշտոնյաների ցանկում առաջիններից էր: Տ. Սարգսյանի աքիլլեսյան գարշապարը դոլարի փոխարժեքի անկումն էր: Երեք տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը 580-ից իջել է 300 դրամի: Դրամի արժեւորման արդյունքում շեշտակի նվազեց արտահանումը: Այսպես կոչված դրամի արժեւորման գործընթացը շատ գործարարների ստիպեց դադարեցնել արտահանումը եւ որոշ դեպքերում` նաեւ փակել ձեռնարկությունները: Դա նաեւ մեծ հարված էր սովորական քաղաքացիներին, որոնց հարազատները, արտերկրում աշխատելով, փող են ուղարկում Հայաստան: ԿԲ-ն սա ներկայացնում էր որպես քայլ` գնաճը զսպելու: Սակայն իրականում գները դրանից հետո չեն նվազել, ճիշտ հակառակը:

Տ. Սարգսյանը նաեւ համարվում է «վտանգավոր» պաշտոնյա: Տասը տարի ԿԲ-ի նախագահ աշխատած Սարգսյանը տիրապետում է հսկայածավալ ինֆորմացիայի ֆինանսական հոսքերի, գործարքների մասին:

Ո՞վ է առաջադրել Տ. Սարգսյանի թեկնածությունը: Իհարկե, ո՛չ Հանրապետական կուսակցությունը: Տիգրան Սարգսյանի շուրջ համաձայնությունը կայացրել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության հետ նույնիսկ քննարկումներ չի անցկացրել, պարզապես ասել է, որ ինքն առաջարկում է Տ. Սարգսյանին: Իսկ հանրապետականները, ովքեր կուլիսներում բացառում էին ԿԲ-ի նախագահին վարչապետ նշանակելու հավանականությունը, միաձայն տվել են իրենց համաձայնությունը: Ի տարբերություն հանրապետականների, Տիգրան Սարգսյանի թեկնածությունը քննարկվել է կոալիցիայի մեջ մտած մյուս կուսակցությունների ղեկավարների հետ: Բոլորի համար նա համարվել է ընդունելի թեկնածու: Այժմ արդեն ընթանում են քննարկումներ նախարարական աթոռները բաժանելու շուրջ, ու պարզվում է, որ դրանք չափազանց քիչ են բոլորին գոհացնելու համար: Մի բան է արդեն ուրվագծվում, որ այստեղ ամենահավանական «զոհերը» լինելու են հանրապետականները, ամենաքիչ աթոռները նրանց է հասնելու: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է:

Սերժ Սարգսյանի առաջին քայլն ամենեւին կապ չունի ներքաղաքական լարվածությունը թուլացնելու հետ: Նրա թիմը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ էլ, շատ լավ տիրապետելով, ընտրել է Հայաստանը մեկուսացնելու ճանապարհը: Իսկ այդպես նորաստեղծ կառավարությունը երկար չի կարող դիմանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter