HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե համագործակցեիք, ամեն ինչ կունենայիք Գեղարքունքի մարզի զարգացման ծրագրի մասին»

2003 թ. Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության (ՄԶՆ-DFID) գրասենյակի միջոցով մեկնարկել եւ իրականացվում է «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագիրը» Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:

Ծրագիրն ավարտվելու է 2008 թ. դեկտեմբերին:

Ինչպես նշված է Հայաստանի բրիտանական դեսպանատան պաշտոնական կայք-էջում, «ծրագրի նպատակն է` Տավուշի եւ Գեղարքունիքի մարզային իշխանություններին աջակցել աղքատության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաեւ մարզային զարգացման հանրապետական քաղաքականության վրա ազդեցություն գործելու կարողություններն ամրապնդելու գործում»: Ինչպես նախատեսված էր, այս ծրագրի նախապատրաստական փուլի աշխատանքների արդյունքում ՀՀ կառավարությունը 2005 թ. մարտի 31-ին որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը հաստատելու եւ դրանք կենսագործելու համար անհրաժեշտ միջոցառումների մասին»:

Քանի որ ծրագիրը ներառում է համայնքային զարգացման եւ տարածքային կառավարման բաղադրիչը, ցանկացանք անդրադառնալ Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքներին հենց այդ ոլորտներում: ՄԶՆ «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի» Գեղարքունիքի մարզի գրասենյակի ղեկավար Կորյուն Դանիելյանին ներկայացրինք մեզ հետաքրքրող հարցերի շրջանակը, այն է` համայնքային զարգացում, տեղական ինքնակառավարման ոլորտում մարզային զարգացման ծրագրի նախատեսած ու կատարած աշխատանքներ, դիտարկումներ, ծրագրից առաջ եւ հետո Գեղարքունիքի մարզում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման մակարդակ եւ այլն:

Կ. Դանիելյանը նշեց, որ իրենք հիմնականում աշխատել են մարզպետարանի հետ, հետեւապես մեզ հետաքրքրող հարցերի մասին ինքը չի կարող տեղեկություններ հաղորդել: Նա մատնանշեց Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումներից միայն մեկը` «Միջհամայնքային միավորումներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն», որի համար ՄԶՆ (DFID)-ը 30 մլն դրամի հատկացում է նախատեսել է: Պրն Դանիելյանին առաջարկեցինք զրուցել այն միջոցառումների մասին, որոնք նախատեսել եւ իրականացրել են իրենք, սակայն առաջարկս ակնհայտորեն դուր չեկավ նրան, ուստի կտրուկ հրաժարվեց հարցազրույց տալ իրենց հետ «չհամագործակցածներին», հրաժարվեց տրամադրել նաեւ ծրագրի հաշվետվությունները` «եթե համագործակցեիք, ամեն ինչ կունենայիք» պատճառաբանությամբ: Առաջարկեցի զրուցել համագործակցել-չհամագործակցելու մասին, սակայն այդ առաջարկը նույնպես մերժվեց:

Գեղարքունիքի մարզի ցանկացած բնակիչ, անկախ իր ունեցած հասարակական դիրքից, պարտավորված չէ համագործակցել հիշյալ ծրագիրն իրականացնող գրասենյակի հետ, սակայն դա չի նշանակում, թե նա զրկված է իր մարզի զարգացման ծրագրի ընթացքի մասին իրազեկված լինելու իրավունքից: Առավել եւս, որ ծրագիրը հաստատել է ՀՀ կառավարությունը, եւ այն համահունչ է ԱՀՌԾ-ին: Չարժեր, անշուշտ, այս հոդվածի շրջանակներում քննարկել ՄԶՆ «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի» Գեղարքունիքի գրասենյակի ղեկավարի դրսեւորած դիրքորոշումը: Սակայն անհնար է նաեւ շրջանցել այդ հանգամանքը, քանի որ նման բնույթի ու մասշտաբի ծրագրի իրականացումը ենթադրում է հրապարակայնության ապահովում, ինչը կհանգեցնի հանրության վստահության ձեւավորմանը: Տեղին է այս առումով հիշատակել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի եւ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի թարմ տեղեկությունների տեղադրումն իրենց ինտերնետային կայքէջերում ու, հատկապես, կայանալիք յուրաքանչյուր միջոցառման մասին էլեկտրոնային փոստով տեղեկությունների տարածման մեթոդի կիրառումը:

Մինչդեռ չորսեւկես տարի աշխատող եւ մարզային նշանակության ծրագիր իրականացնող գրասենյակը գործունեության նշված ժամանակահատվածում աչքի չի ընկել հրապարակային ու թափանցիկ գործելակերպով: Ծրագիրը չունի ինտերնետային կայքէջ, առանց որի դժվար է պատկերացում կազմել նման մասշտաբի ծրագրի մասին: Դժվար թե դա պայմանավորված լինի համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությամբ: Իհարկե, գաղտնիք չէ, որ դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ծրագրերը մեզանում աչքի չեն ընկնում հրապարակայնությամբ ու թափանցիկությամբ, սակայն Գեղարքունիքի մարզի 92 համայնքների գոնե հասարակայնորեն ակտիվ հատվածին այդ հանգամանքը չի կարող սփոփել: Ծրագրի մեկնարկից ի վեր այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպե՞ս եւ ու՞մ որոշմամբ ձեւավորվեցին մարզային զարգացման ծրագրի մշակմանը մասնակից աշխատանքային խմբերը, ինչպե՞ս եւ ու՞մ որոշմամբ ձեւավորվեց մարզային զարգացման հանձնաժողովը, որի առաքելությունը մարզի զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանների եւ տարեկան բյուջեների նախագծերի քննարկումն է: Պարզ չէ նաեւ, թե ինչպե՞ս եւ ո՞վքեր են իրականացնում մարզային զարգացման ծրագրի ընդհանուր մոնիտորինգը: Դրանից բացի` «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի» մարզային գրասենյակներին հատկացվել են գումարներ ծրագրային աշխատանքների իրականացման համար, ինչի մասին նույնպես որեւէ տեղեկություն մեզ չհաջողվեց հայթայթել:

Ծրագրի իրականացման ընթացքի մասին, որքանով որ մեզ հաջողվեց պարզել, նյութեր են տեղադրվել ու ներկայացվել մարզի «Գեղամա աշխարհ» թերթում, Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնի «Հայացք տնտեսությանը» տեղեկագրում, «Հ2» եւ տեղական հեռուստաալիքներով, Հայաստանի բրիտանական դեսպանատան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ http://gegharkunik.region.am ինտերնետային կայքէջերում: Նյութերի հիմնական մասը, անկախ մատուցման ժանրից, կրում են շնորհանդեսային բնույթ եւ ունեն մարքեթինգային, PR ուղղվածություն: Ցանկացած հետաքրքրված կողմ ստիպված է գոհանալ վերոհիշյալ ծրագրի մասին սուղ տեղեկություններով, որոնք ստեպ-ստեպ շրջանառում են ծրագրի պատասխանատուները: Արված լուսաբանումները, բացի «Գեղամա աշխարհ» թերթում ներկայացված մարզային զարգացման ծրագրի տարեկան հատկացումների աղյուսակներից, չունեն հաշվետու բնույթ եւ պատրաստված են ծրագիրն իրականացնող կողմերի ու համագործակիցների գիտությամբ ու ճաշակով: Տարբեր աղբյուրներում տեղ գտած տեղեկությունները հանրությանը մատուցվում են ընտրողաբար. ընտրվում են թե՛ մատուցվելիք տեղեկությունները, թե՛ տեղեկություններ տրամադրող ԶԼՄ-ները:

Այդ մոտեցմանը, հավանաբար, հակասում էր «Հետքի» հետաքրքրությունը: Ինչպես պարզվեց, «Հետքը» «համագործակիցներից» չէր եւ առանց նման կարգավիճակի փորձ էր անում ի՛ր նախաձեռնությամբ անդրադառնալ ծրագրի աշխատանքներին:

Ցանկացած լրատվամիջոց կարող է եւ իրավունք ունի անդրադառնալու ցանկացած ծրագրի իրականացման ընթացքին` ուսումնասիրելով այդ ծրագրի հաշվետվությունները, սակայն մեր ուսումնասիրած որեւէ աղբյուրում դրանք չհայտնաբերվեցին:

Անդրադառնալով «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի» մոնիտորինգին եւ գնահատմանը` հղում կատարենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինտերնետային կայքէջին, որտեղ իրավացիորեն նշված է. «Ցանկացած ծրագրի հաջող իրականացման նախադրյալը արդյունավետ մոնիտորինգի ու գնահատման համակարգն է»: Ապա նույն տեղում ասվում է, որ «Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում ստեղծվել ու արդեն լիարժեք գործում են Մոնիտորինգի եւ գնահատման (ՄԳ) խմբերը, որոնց անդամները մարզպետարանների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներն են:

Զարմանալի է, սակայն դժվար է ակնկալել արդյունավետ եւ անաչառ մոնիտորինգ ու գնահատում մարզպետարանների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներից, քանի որ «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի» արդյունքներն ամենից առաջ նկատելի են հենց մարզպետարանի վերանորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքների միջոցով: Բացի այդ, որքանո՞վ են մատչելի ու բաց մոնիտորինգի եւ գնահատման կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր բնակչի համար, որտե՞ղ են դրանք հրապարակվում եւ, վերջապես, ու՞մ համար են պատրաստվում` դոնորի՞, թե՞ քաղաքացու, հանրության համար: Սակայն ՄԳ համակարգի երրորդ բաղադրիչը հենց հիշյալ հարցին է պատասխանում: «Գեղամա աշխարհ» թերթի 01.01.2008 թ. համարում նշվում է, որ մասնակցային մոնիտորինգը եւ գնահատումը 2006 եւ 2007 թթ. «իրականացվում է մարզում գործող հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց ընտրությունն այս անգամ կատարվել է մրցութային կարգով»: Սա թույլ է տալիս ենթադրել, որ 2006 թ. ՀԿ-ների ընտրությունը մրցութային կարգով չի կատարվել: Ինչու՞: Կամ` ինչպե՞ս է կատարվել 2007 թ. ընտրությունը, որի առթիվ տեղի ունեցած մրցույթի մասին կրկին հիշատակումներ չգտանք:

Հարկ է նշել, որ 2 մարզերի զարգացման ծրագրերը ՀՀ կառավարությունում հաստատվելուց հետո «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի» երկրորդ փուլի շրջանակներում Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 2 մլն ֆունտ ստեռլինգ (1 մլն յուրաքանչյուր մարզի համար)` որպես մարզային զարգացման ծրագրերի իրականացման համար սկզբնական ներդրումային գումար: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինտերնետային կայքէջի տեղեկությունների համաձայն` «2005 թ. սեպտեմբերին ՄԶՆ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվել է Բյուջետային աջակցության եւ ֆինանսական հոսքերի կառավարման մասին Փոխըմբռնման հուշագիր, որով սահմանվում են գումարը 5 մասնաբաժնով (տրանշով) հատկացնելու մեխանիզմները: Արդեն ՄԶԾ-ներով սահմանված միջոցառումների ֆինանսավորման համար պետական բյուջեի միջոցով փոխանցվել է դրամաշնորհի 2 մասնաբաժինը՝ 400 000 եւ 500 000 ֆունտ ստեռլինգ»:

Սակայն, անկախ հրապարակայնության պակասից, նշենք, որ «Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի» մշակած եւ իրավական ուժ ստացած «Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրն» արժեքավոր է: Մարզի զարգացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 40 մլրդ դրամ: «Հայացք տնտեսությանը» տեղեկագրի 2005 թ. նոյեմբերի թիվ 33 համարում տեղ գտած հարցազրույցում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ծրագրի համակարգող Արտուշ Ղուկասյանը պարզաբանում է, թե ինչպես է հայթայթվելու նախատեսվող 40 մլրդ դրամը. «Ներդրվող գումարների մեջ պետբյուջեի վրա հազիվ 10 % ծանրություն է ընկնելու, որը հիմնականում ծախսվելու է դպրոցաշինության եւ ճանապարհաշինության վրա: Իսկ մնացած 90 %-ը պետք է ներդնեն Հայաստանում գործող միջազգային դոնոր կազմակերպությունները` Գյուղատնտեսության ծառայության ծրագիրը, Սոցիալական ներդրումների հիմնադրամը, «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը», Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը, որն արդեն 1 մլն ֆունտ ստեռլինգ է ներդրել»:

Այս հրապարակման նպատակը ծրագրի` համայնքային զարգացման եւ տարածքային կառավարման բաղադրիչին անդրադառնալն էր` համայնքային զարգացման հիմնական ուղղություններին, ներկա իրավիճակի վերլուծությանն ու հիմնախնդիրներին, համայնքային զարգացման նպատակներին եւ ռազմավարությանը, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է արված տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների ու ունակությունների բարձրացմանը, ինչպես նաեւ սահմանված են միջոցառումներ: Ծրագրի հիմնական միջոցառումներն ի մի են բերված աղյուսակային տեսքով եւ նշված են դրանց իրականացման համար անհրաժեշտ գումարները: Դրանք արժանի են առանձին լուսաբանման, սակայն դժվար է անդրադառնալ այդ միջոցառումներին, երբ ծրագրի իրականացման պատասխանատուները չեն ցանկանում տեղեկատվություն տրամադրել: Մինչդեռ Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի իրագործման ընթացքում ակնկալվող հիմնական արդյունքներից մեկը «հանրային կառավարման համակարգում հրապարակայնության, թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների արմատավորումը, քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացի ակտիվացումը, բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացումն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter