HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ա1+»-ի ղեկավարը խոստանում է Ամալյանին պատժել

«Իրեն խուլիգանավարի պահելու համար»

Երկուշաբթի «Մելտեքս» ՍՊԸ-ն կդիմի վարչական դատարան` պահանջելով չեղյալ համարել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 96-Ա որոշումը, որով հեռարձակման լիցենզիա է ստացել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը` միեւնույն հաճախականության համար պայքարում հաղթելով «Ա1+»-ին:

«Պետք է ամեն ինչ արվի, որ այդ մրցույթը չեղյալ համարվի` որպես խուլիգանություն»,- ասաց «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Իսկ մինչ այդ նա մանրամասնել էր, որ ուսումնասիրելով մրցույթին ներկայացված փաթեթները` եզրակացրել է, որ անցկացվել է ոչ թե մրցույթ, այլ տղայական ռազբորկա` խուլիգանական մակարդակով, եւ ՀՌԱՀ որոշման մեջ տեղ են գտել տղայական հայտարարություններ:

Սա, ըստ Մովսեսյանի, ցույց է տալիս, որ ՀՌԱՀ անդամները պարզապես իրենց տեղում չեն եւ վաղուց տառապում են վրեժխնդրությամբ:

«Սա արդեն դարձել է անձնական… Դեկտեմբերին (Ամալյանը) ձեռնոց նետեց իմ դեմքին, այսօր ես ուզում եմ նրան պատասխանել. Պարոն Ամալյանը կանգնելու է դատարանի առջեւ` որպես հանձնաժողովի նախագահ` իր ամբողջ կազմի հետ միասին եւ պատասխան է տալու իր փնթի աշխատանքի համար: Ես դիմելու եմ Կառավարությանը ցրել այդ կազմը եւ մոռանալ նրանց ընդմիշտ այդ դաշտում»,- ասում է «Ա1+»-ի ղեկավար Մ. Մովսեսյանը:

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն էլ, անդրադառնալով մրցույթում հաղթած ընկերության` «Արմնյուզ» ՓԲԸ-ի ներկայացրած փաթեթին, տարակուսում է, թե ինչպես ՀՌԱՀ-ի չի նկատել դրանում տեղ գտած սխալները եւ հետեւողականություն չի ցուցաբերել այնպես, ինչպես «Մելտեքսի» պարագայում:

Օրինակ` «Արմնյուզի» փաթեթում նշված է, որ ընկերության աշխատակազմը բաղկացած է 72 հոգուց եւ նրանցից Գրիգոր Խաչատրյանը, որպես եթերային մսնագետ, ընկերությունում աշխատում է 2001թ.-ից: Սա այն դեպքում, երբ «Արմնյուզը» հիմնադրվել է դրանից 1 տարի անց: Բայց ՀՌԱՀ-ը, ինչպես նկատում է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, ոչինչ չի արել նշված 72 աշխատակիցների կարգավիճակը ստուգելու համար:

Ավելին` Մեսրոպ Մովսեսյանն հավելում է, որ «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների փաթեթներում աշխատակիցների ազգանունները կրկնվել են, իսկ «Արմենիան» Հայաստանում հայտնի «բոլոր դերասաններին վերագրել է որպես իր աշխատակից»:

«Սունդուկյանի թատրոնը` ամբողջ իր կազմով, Դրամիտակական թատրոնը` ամբողջ իր կազմով … Էս խեղկատակությունը չի նկատվել ՀՌԱՀ-ի կողմից»,- ասում է Մովսեսյանը:

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն ասում է, որ ՀՌԱՀ-ն «Արմնյուզին» հաղթող ճանաչելու որոշումը հիմնավորել է` հղում անելով այս հեռուստաընկերության ներկայացրած միակ ֆինանսական փաստաթղթին: «Մելտեսքսը» ներկայացրել է նմանատիպ 6 փաստաթուղթ, որոնցի մեկով «Ա1+»-ին ֆրանսիացի գործարար Անիտա Տանիելյանի խոստացած 280 հազար եվրոյն ուղղակի համարվել է առոչինչ, քանզի գործարարը հիշյալ փաստաթուղթը չի ստորագրել, չնայած` ներկայացված բլանկը պարունակել է Տանիելյանի բոլոր տվյալները, նույնիսկ հարկային կոդը:

Այս համատեքստում ՀՌԱՀ-ն անհետեւանք է թողել այն հանգամանքը, որ «Արմնյուզի» ֆինանսական փաստաթղթով «Ամերիա բանկը» պարտավորվել է 5 տարի ժամկետով 500 միլիոն դրամի վարկ տրամադրել «Արմնյուզ» ՍՊԸ-ին, մինչդեռ «Արմնյուզը» ոչ թե ՍՊ, այլ ՓԲ ընկերություն է: Այսինքն` ներկայացված փաստաթղթով բանկը պարտավորվել է վարկ տրամադրել մի ընկերության, որը փաստացի գոյություն չունի:

«Կես միլիարդ դրամ խաբեությունը չի նկատվում եւ 30 հազար քվեարկող ձայների մեջ երկու ձայն է նկատվում,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը եւ պարզաբանում,- 30 հազար քվեարկողներ ժողովրդական ալիքի օգտին գրանցվել են, ինչպես նաեւ այն ֆիրմաները, որոնք կասկածի տակ են առնվել: Եվ այդ 30 հազարի մեջ այս 2 հատը միանգամից գտնվեց. կասկածելի է ինձ համար: Սակայն դա իմ խնդիրը չէ, ես ոչ թե ընկնելու եմ պարզելու` 30 հազար ազգանուն եւ ֆիրմաներ իրականում գոյություն ունե՞ն, թե՞ ոչ, ես հաշվում եմ ձայները: Ինձ համար կարեւորը եղել է ոչ թե գումարը, այլ ձայների քանակը: Դրա համար էլ անընդհատ շեշտում եմ` 30 հազար ձայ հօգուտ ժողովրդական ալիքի: Մնացածն Ամալյանի մտածելու տեղն ա»:

Դեռ մրցույթից առաջ ՀՌԱՀ-ի կայքէջում «Արմնյուզը» ներկյացվել էր որպես ՍՊԸ, իսկ հետագայում հանձնաժողովը պարզապանել էր, որ տեղի ունեցածը տառասխալի արդյունք է: Գուցե հիմա էլ մեկնաբանությունը նույնը լինի` 500 միլիոն վարկի հետ կապված: Ամեն դեպքում, Տիգրան Տեր-Եսայանը չի բացառում, որ կատարվածը տպագրական սխալի հետեւանք է: Բայց նա հիշեցնում է, որ Աննա Տանիելյանը, տեղեկանալով իր ստորագրության հետ կապված թյուրիմացության մասին, 2 օրվա ընթացքում գրություն է ուղարկել ՀՌԱՀ նախագահին:

«Բայց պարոն Ամալյանը խնձորի պատմությունն էր գրել, առակով էր պատասխանել: Սա է նրանց գործելակերպը. շախմատ են խաղում` ձեռք ես տվել, պետք է խաղաս»,- ասում է փաստաբան Եսայանը եւ նշում, որ եթե խաղի կաննոններն այդպիսին են` Ամալյանի կողմից մշակված, ապա վերջինս հիմա (500 մլն վարկի դեպքում) էլ է «ձեռք տվել», ուստի ստիպված է «խաղալ»:

«Կարող եմ հստակ ասել` եղել է պատվեր, կատարվել է փնթի ձեւով, որի համար, ինձ թվում է, որ պատվիրողը կպատժի նույն պարոն Ամալյանին, որից հետո ես ինքս կպատժեմ պարոն Ամալյանին` իրան սենց խուլիգանավարի պահելու համար»,- եզրափակում է Մեսրոպ Մովսեսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter