HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեմոկրատիա` հայկական ձեւով, կամ գրոհում են հայ բլոգերները

Մեկ տարի առաջ հայկական ինտերնետ համացանցում խոսում էին բլոգինգի ձեւավորվող մշակույթի մասին եւ բացատրում, թե ինչ է նշանակում բլոգը:

Այսօր 1000-1500-ի հասնող բլոգերը եւ մոտ 200 ակտիվ բլոգերները հասարակական կարծիք են ձեւավորում ինտերնետում, ընդհուպ կառավարական մակարդակով հերքումների արժանացող աղմուկ բարձրացնում: Բլոգինգի ու լրագրության մրցակցության կամ համատեղման մասին քննարկումներն այսօր արդեն արդիական են, իսկ այս ամենը սկսվեց ընդամենը մեկ - երկու տարվա ընթացքում: 

«Բլոգերներն ազատ մարդիկ են, իրենց բլոգերում գրում են` ինչ ուզում են եւ ինչպես ուզում են, սա է հենց ողջ էությունը»,- ասում է բլոգեր, լրագրող reporter-arm-ը: «Համենայն դեպս, իմ ձայնը լսելի է այսպես: Ես տեսնում եմ, որ կարող եմ նպաստել փոփոխությունների»,- ասում է բլոգեր, բժիշկ Artmika-ն: «Սա իմ նոթատետրը կարծես լինի, ես ամեն օր ինչ-որ նյութեր եմ գրում ու որպեսզի չկորցնեմ այդ հղումներն ու նյութերը, գցում եմ դրանք բլոգումս: Բացի այդ, ընթերցողներիս արձագանքներն եմ տեսնում»,- ասում է մեկ այլ բլոգեր, տեսաբան Kornel-ը: «Հիմա Հայաստանում բլոգերների շատ ակտիվ համայնք կա, ու նրանք ակտիվ են նաեւ ինտերնետից դուրս: Ըստ երեւույթին, այս մարդիկ դիրքորոշում ունեցող ակտիվ քաղաքացիներ են»,-ասում է բլոգեր, հայկական բլոգոսֆերայում դիտարկումներ կատարող Observer-ը:

Բլոգերի նկատմամբ հետաքրքրությունը կրկնակի աճեց հատկապես 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ` թեկնածուների կայքերի ու բլոգերի բացման հետ: Հիմա արդեն օրինաչափ են տարբեր կազմակերպությունների, նախաձեռնությունների, խմբերի ու անհատների բլոգերը, ինչպես նաեւ որեւէ իրադարձության կամ հարցի բլոգը, օրինակ` Եվրատեսիլը բոյկոտելու, առաջիկա հանրահավաքին պատրաստվելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նախագահին հարցեր ուղղելու բլոգեր: Ինտերնետային համայնքների, խմբերի եւ բլոգերի միջոցով քարոզչությունն արդյունավետ աշխատում է նաեւ հայկական համացանցում:

«Հարցն այն է, որ քաղաքական շրջանակները, մարդիկ առհասարակ սկսել են լուրջ մտածել իրենց գործունեությունը վիրտուալ տարածք տեղափոխելու մասին»,-ասում է Գեղամ Վարդանյանը (http://reporter-arm.livejournal.com/) եւ ավելացնում, որ լսարան ձեռք բերելու առաջնային գործիքներից մեկն էլ հենց բլոգն է:

«Բլոգերը լրատվության աղբյուր են: Արդեն նախորդ ընտրություններից հետո դա սկսեց երեւալ, իսկ զարգացման պատճառներից մեկն էլ գուցե ինտերենտի ավելի մասսայականացումն է Հայաստանում»,- կարծում է Սամվել Մարտիրոսյանը (http://kornelij.livejournal.com/): Նա նաեւ կատակում է, որ բլոգինգի տարածումը «հայկական խասիաթի» հետ էլ է կապված. «Երբ ինչ-որ մեկը սկսում է զբաղվել ինչ-որ բանով, մյուսներն էլ են սկսում»:

«Unzipped» եւ «Unzipped: Gay Armenia» բլոգերի հեղինակ բրիտանաբնակ Միկա Արթայանը (http://gayarmenia.blogspot.com/ եւ http://unzipped.blogspot.com/) կարծում է, որ հայկական բլոգոսֆերան զարգացման փուլում է, բայց, ի տարբերություն հարավկովկասյան այլ երկրների, հայկականն ամենակայացածն ու բազմազանն է:

«Ինֆորմացիայի առումով բլոգերի դերը գնալով կմեծանա: Արեւմտյան երկրների օրինակով բլոգերների ազդեցությունը քաղաքական, հասարակական կամ մշակութային կյանքի վրա կբարձրանա, եւ այս հեռանկարը շատ իրատեսական է»,- կանխատեսում է Artmika-ն:

Արթուր Պապյանն (http://ditord.wordpress.com/) էլ բլոգերների դերի կարեւորության բարձրացման սեփական մոդելն է առաջարկում: Ըստ նրա` բլոգեր վարում են լրատվամիջոցների հետ կապ ունեցող մարդիկ եւ լրագրողները, ուստի բլոգերում քննարկվող թեմաներին անդրադառնում են լրատվամիջոցները, իսկ բլոգերում քննարկվում են լրատվամիջոցների այս կամ այն նյութերը:

«Իմ դիտարկմամբ` բլոգերները երիտասարդ, 30-40 տարեկանի սահմաններում, ինտերնետ կապ ունեցող, պայմանական ասենք` միջին խավի մարդիկ են, հետեւաբար իրենց կարծիքը որեւէ կերպ չի կարող ներկայացնել լայն հասարակության կարծիքը: Բայց այն բանի շնորհիվ, որ իրենք ակտիվ են, ու ոչ միայն ինտերենտում, այլեւ կյանքում, բլոգերների վրա սկսել են մեծ ուշադրություն դարձնել»,-ասում է Observer-ը:

Տարբեր երկրներում բլոգերների խնդիրները տարբեր են. մի երկրում բլոգերները պայքարում են լրատվամիջոցների հետ հավասար հավատարմագրում ստանալու համար, մյուս երկրներում կարեւոր է բլոգերների չբացահայտվելն ու անանուն մնալը, մեկ այլ երկրում տեխնիկական խնդիրներ են փորձում լուծել հեռախոսով բլոգ վարել կարողանալու համար, մեկ ուրիշ երկրում բլոգերները փորձում են հաղթահարել կառավարությունների կողմից սահմանված օրենսդրական արգելքները: Ընդհանուրն այն է, որ նրանք բոլորը տարբեր ձեւերով հաստատում են արտահայտվելու ազատության իրենց իրավունքը: Այս համատեքստում  Հայաստանում բլոգոսֆերան զարգացավ լրատվամիջոցներից եկող ուղղորդված լրատվությանն այլընտրանք լինելու համար, ինչը հատկապես ակնհայտ էր մարտին հայտարարված արտակարգ դրության օրերին:

Այսօր բլոգերը շարունակում են բազմանալ, բայց, ըստ Kornel-ի, այդ քանակը դեռ ձեւի չի հանգեցրել: Ըստ նրա` որոշ ժամանակ պայքար գնաց, ու բլոգոսֆերան բաժանվեց լիբերալների եւ ազգայնականների միջեւ, ապա սկսվեց քաղաքական անձնավորված բեւեռացումը` հիմնականում «լեւոնական» եւ «հակալեւոնական» ուղղվածությամբ, կամ էլ  դաշնակցակաների: Observer-ն էլ հավաստում է, որ բլոգինգը լուրջ աշխատանք է` հիշատակելով Global voices on-line-ի եւ TOL-ի բլոգերներին, որոնք վարձատրվում են բլոգինգի համար:

«Իմ տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը փորձում էր որոշակի մարդկանց գումար առաջարկել կամ ինչ-որ մարդկանց ասել, որ բլոգ սկսեն կոնկրետ նախընտրական թեմաներով կամ թեկնածուներից մեկին կամ մյուսին պախարակելու համար»,- ասում է reporter-arm-ը: Նրա կարծիքով` երբ բլոգերին առաջարկվում է «փողով քարոզչություն անել»,  սա նշանակում է, որ բլոգոսֆերայի ազդեցությունն արդեն բավականին մեծ է:

Կորպորատիվ բլոգերն աշխարհում արդեն լուրջ տարածում ունեն: Կան բլոգեր, որոնք գովազդ են ընդունում, մյուսներն, օրինակ, իրենց բլոգում գրում են ձեռք բերած նոր հեռախոսի կամ լուսանկարչական ապարատի մասին:

«Չգիտեմ` թաքնված գովազդով փող առնելն է լավ, թե հակառակը: Եղել է մի լուրջ տնտեսագետ, որը բլոգ է վարել, ռեյտինգ ստացել, հետո մի օր էլ մի ֆիրմայի դեմ մի երկու նյութ գրել, ինչի արդյունքում արժեթղթերի գինը կտրուկ ընկել է, ֆիրման սննկացել է ու փակվել: Հետո բլոգերին դատի են տվել, եւ դատական պրոցեսի ընթացքում նա խոստովանել է, որ մրցակից ֆիրմայից փող է վերցրել»,- պատմում է Kornel-ը:

Բլոգոսֆերայում պոպուլյարություն են ձեռք բերում նաեւ մեկնաբանությունների միջոցով` չունենալով սեփական բլոգը կամ սեփական բլոգում հաճախ գրառումներ չանելով: Իսկ բլոգի նյութը ամբողջական է դառնում հենց այս մեկնաբանությունների միջոցով:

«Պետք է հասկանանք, որ, օրինակ, livejournal-ի ժողովուրդը եկել է ֆորումներից, նույն անուններն են, նույն նկարները, ուղղակի մի ցանցից միգրացիա են արել մի ուրիշ` ավելի ժամանակակից ցանց»,- ասում է Observer-ը: Նա նշում է, որ բլոգային համայնքի գրավականն իր ազատությունն է, որ ի տարբերություն ֆորումների` մոդերատոր, ադմինիստրատոր չունի, եւ հեղինակն ու մեկնաբանողն ավելի հավասար են: 

«Լրատվամիջոցի բլոգը ստեղծում է հարազատության զգացում ընթերցողի հետ, մյուս կողմից` քննարկում են այնպիսի թեմաներ, որոնք չես քննարկի հիմնական էջում»,- ասում է Observer-ը` գտնելով, որ բոլոր լրատվամիջոցները ճիշտ կանեն բլոգ ունենան, «ֆորումները հնացել են»: Իսկ Kornel-ը հակադարձում է, թե լրատվամիջոցի բլոգն ինքը լրատվամիջոցն է, պետք է լրատվամիջոցի լրագրողի բլոգ լինի: «Երբ լրագրողը բլոգ է վարում, նախ` հայտնիություն է ձեռք բերում, հետո լրատվամիջոցն էլ է սոցիալականացվում»,- ասում է նա` շեշտելով, որ խմբագիրները պիտի խրախուսեն իրենց լրագրողներին բլոգ վարելու համար:

Artmika-ն ասում է, որ իր համար հիմնական ինֆորմացիայի աղբյուրները շարունակում են մնալ լրատվամիջոցները, սակայն բլոգերի դերը այս հարցում կրկնակի մեծացել է:

«Մեր բլոգոսֆերայի բազմազանությունը հենց իր առավելությունն է, բայց դեռ հաճախ են հանդիպում անձնական վիրավորանքները միմյանց նկատմամբ եւ ոչ քաղաքակիրթ լեզվի օգտագործումը»,- ասում է Unzipped-ը` Gay Armenia-ի հեղինակը: Նա այս բլոգը սկսել է վարել` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում եւ Սփյուռքում, ընդհանրապես Հարավային Կովկասում միասեռականների իրավունքների հարցերը` քննելով դա մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

«Gay Armenia»-ում ընդհանրապես միասեռականների կյանքին առնչվող տարբեր հարցեր ու խնդիրներ եմ բարձրացնում եւ գրում հոմոֆոբիայի դրսեւորումների մասին, որոնք լինում են նաեւ հայկական լրատվամիջոցներում, իսկ Unzipped-ը վարում եմ ընդհանուր Հայաստանին եւ ինձ հերաքրքրող հարցեր լուսաբանելու համար“,- պատմում է հեղինակը:

«Ես ինձ դասական առումով բլոգեր չեմ համարում, ես ավանդական մեդիայի կրողն եմ, բայց ինձ թվում է` պետք է համատեղվի այս ամենը, բոլոր լրագրողները պիտի տեսնեն` ինչ է կատարվում բլոգերում, որ նյութ ունենան»,- ասում է reporter-arm-ը:

«Շատ կարեւոր է ինձ համար բլոգերում մարդկայինը, սուբյեկտիվը, հենց սա է բլոգերի ու լրատվամիջոցների տարբերությունը: Բլոգոսֆերայում ինձ ամենից շատ օգնության ակցիաներն են դուր գալիս, երբ բլոգերները հավաքվում են, սկսում են գրել ու փող հավաքել վիրահատվող երեխայի համար»,- ասում է Արթուր Պապյանը:

«Ես համարում եմ, որ բլոգերն արդեն լրատվամիջոցների մրցակիցն են, ուղղակի դա դեռ չի գիտակցվում: Դա շատ պարզ կարելի է տեսնել բլոգերի ու լրատվամիջոցների ակտիվությունները համեմատելով: Շատ պրիմիտիվ մի օրինակ` մեր լրատվամիջոցներն արդեն ուրբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի կեսօր չեն աշխատում, եւ շատ բաներ, որ կատարվում են այդ ժամանակ, միայն բլոգերից կարելի է իմանալ: Գոնե միայն հանգստյան օրերին բլոգերը հայկական մամուլից լավ են աշխատում»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

«Մեկը քաղաքականություն է գրում, մեկը իր աղջկական խոհերն է գրում, մյուսը գրում է դանակների կամ ավտոների մասին. հետաքրքրությունները տարբեր են, մեկը գրում է, որովհետեւ իր մոտ իրական շփումը լավ չի ստացվում, ինչքան տարբեր է հասարակությունը, այնքան էլ տարբեր են բլոգերը, ինչքան գույները շատ, այնքան լավ»,-նշում է reporter-arm-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter